Դերասանուհի, հաղորդավարուհի Սաթենիկ Հազարյանը Կաննի 78-րդ միջազգային կինոփառատոնի ընթացքում ոչ միայն ներկայացրել է Հայաստանի կինոռեժիսորների եւ պրոդյուսերների գիլդիայի «Հայկական տուն» նախաձեռնությունը, այլ նաեւ հատուկ հյուրի կարգավիճակով ներկա եղել ֆիլմի պրեմիերայի:
Սաթենիկ Հազարյանը Կաննում արժանացել է միջազգային պրոդյուսերների ուշադրությանն ու հրավիրվել մասնակցելու շվեդ ռեժիսոր Լին Ռեմսիի «Մեռիր, իմ սեր» (գլխավոր դերերում՝ Ջենիֆեր Լոուրենս, Ռոբերտ Փեթինսոն) ֆիլմի պրեմիերային եւ որպես հատուկ հյուր մասնակցել կարմիր գորգի արարողությանը: Այդ առիթով Հազարյանն ընտրել է հայ դիզայներ Ֆաինա Հարությունյանի հեղինակած շքեղ կարմիր զգեստը, որով անկրկնելի տեսք է ունեցել:
Դերասանուհին BRAVO.am-ին պատմել է, որ ազդեցիկ դրամայի առաջին ցուցադրությանը ներկա են եղել համաշխարհային կինոյի նշանավոր դեմքեր, այդ թվում՝ ֆիլմի ստեղծագործական կազմն ու ճանաչված ռեժիսորներ:
Հազարյանը նշել է, որ իր ներկայությունը ֆիլմի պրեմիերային մի քիչ անսպասելի, բայց եւ շատ հաճելի է եղել. ««Հայկական տանը» մեր կինոն էինք ներկայացնում. գինու շուրջ հետաքրքիր զրույցներով ոչ պաշտոնական հանդիպում էինք կազմակերպել։ Շրջում էի տան այգում ու խոսում հյուրերի հետ, երբ մեզ մոտեցան արտասահմանցի կինոգործիչներ։ Պարզվեց՝ նրանցից մեկը փնտրում է նոր ու ոչ ստանդարտ դերասանուհիների՝ իր առաջիկա նախագծերի համար։ Նրանց հետ երկար խոսեցինք, սկզբում պարզապես սովորական շփում էր, հետո՝ մասնագիտական թեմաներով։
Պատմեցի իմ վերջին դերակատարումների, Հայաստանի կինոյի ներկա իրավիճակի, ֆիլմերում կնոջ կերպարի ընկալման մասին։ Ինձ համար անսպասելիորեն հաջորդ օրը նրանցից մեկից՝ «Մեռիր, իմ սեր» ֆիլմի համապրոդյուսերից, նամակ ստացա: Գրել էր, որ տպավորվել են ոչ միայն իմ աշխատանքներով, այլեւ էներգիայով ու մտածողությամբ։ Եվ հենց այդպես էլ ինձ հրավիրեցին ֆիլմի պաշտոնական պրեմիերային ու կարմիր գորգի արարողությանը»:
Հազարյանը կարմիր գորգին աննկարագրելի տպավորություններ է ստացել ու մեծ պատիվ համարել բազմաթիվ տեսախցիկների առաջ ոչ միայն իրեն, այլ նաեւ Հայաստանը ներկայացնել. «Ինձ թվում էր, որ նաեւ հայ մյուս արվեստագետների անունից եմ քայլում այդ գորգի վրայով։ Դա ինձ համար միայն անձնական հաջողություն չէր, այլ մի բան, որ կարող է ոգեշնչել մյուսներին»:
Պատրաստեց՝ Հասմիկ Բաբայանը
Լուսանկարները՝ Ասատուր Եսայանցի
Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում: