Հայաստանի ազգային հերոս, աշխարհահռչակ երաժիշտ Շառլ Ազնավուրի 101-ամյակի օրը «Կինոմոսկվա»-ում խորհրդանշական տեսահոլովակի շնորհանդես էր. ներկայացվել է շուրջ 55 տարվա պատմություն ունեցող «Ton Nom» («Անունդ») երգը՝ Արտակ Հերիքյանի հայերեն յուրահատուկ թարգմանությամբ:
Այն կատարում են Միքայել Սարգսյանն ու Լիլան, ովքեր ստեղծագործական զույգ լինելուց բացի, նաեւ ամուսիններ են։ «Ես Միքոյի անունը տալով եմ երգել, պարզվեց՝ ինքն էլ երգել է՝ տալով իմ անունը», - ասում է երգչուհի Լիլան:
Միքայել Սարգսյանն էլ հավելում է, որ մեկուկես տարի աշխատել են տեքստի եւ գործիքավորման վրա. «Հերիքյանը երգի գեղարվեստական թարգմանությունը կատարելիս փառահեղ է արել իր աշխատանքը։ Նրա հետ երկար ճանապարհ ենք անցել՝ ուշադրություն դարձնելով ամեն վանկին, ամեն բառին»։
Միքայել Սարգսյանն ու Լիլան
Թարգմանության հեղինակ Արտակ Հերիքյանը խոստովանում է՝ համարձակվել է Ռեմբո, Բոդլեր, Պաուլ Ցելան թարգմանել, բայց երբեք չի համարձակվել Ազնավուրի երգերի տեքստերին մոտենալ. «Ինձ համար առաջին լուրջ փորձությունն էր, նույնիսկ վախենում եմ ասել՝ ինչպես է ստացվել։ Ազնավուրը բառախաղի հրաշալի վարպետ էր։ Ասում են՝ որպեսզի թարգմանիչը թարգմանի, հեղինակն ու թարգմանիչը նույն երազը պետք է տեսած լինեն։ Իսկ ես մոտ 2 տասնամյակ Ազնավուրի հետ մտերիմ եմ եղել, հարցազրույցների մի ամբողջ շարք արել, բայց չեմ համարել, որ այդ տեսակ մեծ պոետի հետ կարող եմ նույն երազները տեսնել»։
Երիտասարդ կատարողների խոսքով՝ իրենք շատ են ոգեշնչվել թարգմանությունից, որովհետեւ Շառլ Ազնավուրի բոլոր երգերի հիմքում պոեզիան է: «Ցանկանում էինք ընտրել այնպիսի ստեղծագործություն, որն այդքան երգված չլիներ։ Նպատակներից մեկն էր նորովի ներկայացնել այն՝ պահպանելով Ազնավուրի գաղափարական մտածողությունը»,- պատմել է երգչուհին։
Արտակ Հերիքյանը
Երգի հայերեն թարգմանությունում «դժվար կատարվող» բառեր շատ կան: Հերիքյանն անկեղծանում է. «Սարսափով էի մտածում, թե ինչպես են հաղթահարելու այդ բառերը եւ ինչպես են երգելու։ Օրինակ՝ այսպիսի տողեր կան՝ «Անունդ ծփում է՝ որպես մարտակոչ ու դրոշ», «Անունդ ադամամութին փոխվում է ստվերի»»։
Կատարողները պահպանել են ազնավուրյան ոգին ժամանակակից ռիթմերի մեջ։ Երգում ռեփի հատված են ավելացրել: «Ազնավուրը ռեփ սիրում էր, ռեփերներին սիրում էր։ Ասում էր՝ նրանք տեքստ են գրում, խոսք են ասում։ Նա բառերին շատ տեղ էր տալիս։ Անգամ այն ժամանակ, երբ Ֆրանսիայում ընդունված չէին շատ բառերով երգեր, նա բառաշատ դարձրեց դրանք։ Դա էր նաեւ Ազնավուրի ֆենոմենը»,- ասում է Արտակ Հերիքյանը։
Նրա խոսքով՝ թեեւ Ազնավուրը ֆրանսիական մշակույթի հսկա է, բայց հայերս նրա արվեստը միշտ հայացրել ենք. «Այնքան ենք հայացրել, որ նույնիսկ թվացել է, թե հայերեն է երգում, թեեւ շատերը չեն էլ հասկանում՝ ինչ է երգում։ Իսկ նրա մահից հետո սկսել ենք Ազնավուրի ժառանգությունը հայերենացնել»:
Տեքստը՝ Արմինե Գեւորգյանի
Լուսանկարները՝ Էմին Արիստակեսյանի
BRAVO.am
Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում: