×


«Երկուսով ամեն ինչին ու բոլորին ապտակեցիք». Դավիթ Հակոբյանի եւ Գրետա Մեջլումյանի՝ հանդիսատեսին փշաքաղեցրած «Ջին խաղը»

Սոս Սարգսյանի անվան համազգային թատրոնում բեմադրված «Ջին խաղը» դերասանուհի Գրետա Մեջլումյանի համար հնարավորություն էր 13 տարի անց վերադառնալ բեմ, Դավիթ Հակոբյանի համար՝ եւս մեկ անգամ համոզվել իր վարպետության հարցում, իսկ Արման Նավասարդյանի՝ աշխատել սիրելի դասախոսների հետ։

Թատրոնի ուժը

Համազգայինում տեղի ունեցած պրեմիերայի երկու օրերին հանդիսատեսը հուզվում էր, արտասվում ու փշաքաղվում: Հիացմունքի եւ զարմանքի նման պահեր ունակ են փոխանցել միայն իսկական վարպետները։ Մոտ երկու ժամ շարունակ բեմում Հայաստանի վաստակավոր արտիստներ Դավիթ Հակոբյանն ու Գրետա Մեջլումյանն էին, որոնք կյանքի բերումով ծերանոցում հայտնված Վիլլի Մարտինի ու Ֆոնսիա Դորսի դերում եւս մեկ անգամ ցույց տվեցին, թե ինչում է իսկական արվեստի ու թատրոնի առաքելությունը՝ հիշեցնել կարեկցելու, ծիծաղելու, արտասվելու, մտածելու, զղջալու, սիրելու ու պարզապես մարդ լինելու մասին։ 

Անհնար է վերարտադրել ու փոխանցել այն էներգիան ու հմտությունը, դերասանական հմայքն ու վարպետությունը, որով Հակոբյանը եւ Մեջլումյանը խոսում էին, շարժվում, միմյանց հոգու հետ խաղում, տխրում, վերապրում երբեմնի երջանիկ օրերն ու ծերանոցում մաշեցնում կյանքի վերջին տարիները։ 


Հանդիսատեսը ներկայացման ավարտին շատ երկար ծափահարում էր ստեղծագործական կազմին, ու եթե վարագույրը հատուկ չիջեցվեր, դեռ երկար կշարունակեին։ 

Գրետա Մեջլումյանի վերադարձը

«Ջին խաղ»-ի ավարտից հետո էլ շնորհակալությունների ու շնորհավորանքների տեղատարափը շարունակվում էր: Ներկայացումն ամփոփելու համար Մեջլումյանի հետ առանձնացանք իր հանդերձասենյակում, բայց այնտեղ էլ երկար ժամանակ մարդկանց հոսքը չէր դադարում. գալիս էին նրա տարբեր տարիների ուսանողները, ծանոթներն ու գործընկերները։ 

Հիացմունքի ու գովասանքի խոսքերը վերջ չունեին։ Դերասանուհու ներկայիս ուսանողները բեմում նրան յասամանների մեծ փունջ էին նվիրել, իսկ որպես անակնկալ՝ իմանալով սերը շարֆերի նկատմամբ, նվեր էին բերել ու համոզում էին ընդունել։ «Վայ, ինչ տիպ եք դուք, բայց գիտեք, չէ՞, քննությանը մեկ է… »,- չի հասցնում իր խոսքն ավարտել Մեջլումյանը, երբ նոր խումբ է ներս մտնում։ 


Իրենց հիացմունքն են արտահայտում նաեւ դերասանուհի Անի Ղազարյանն ու ռեժիսոր Մհեր Մկրտչյանը. «Անկեղծ, փշաքաղված եմ: Այն քիչ պահերից է, որ բառեր չեմ գտնում։ Երկուսով ամեն ինչին ու բոլորին ապտակեցիք»,- նշում է ռեժիսորը։ 

«Փաստորեն, տեղ է հասել, կեցցեք։ Այդպես էլ ուզում էինք, որ լինի: Ամբողջը դերասանական խաղ է, եւ Արմանը մեզ այդպես թույլ տվեց անել»,- պատասխանում է Մեջլումյանը:

Ապա դերասանուհի Ալլա Սահակյանն է խոստովանում, որ Մեջլումյանին եւ Հակոբյանին միեւնույն բեմում տեսնելը մեծ երջանկություն է։ 


Հասկանում եմ, որ շնորհավորանքները դեռ երկար կարող են շարունակվել, իսկ Մեջլումյանն էլ բավական ծանր ներկայացումից հետո հոգնած է, անցնում եմ ինձ հետաքրքրող հարցերին եւ առաջին հերթին ուզում իմանալ, թե ինչպե՞ս կարողացան բոլորիս քարացնել ու տանել իրենց հետ։ 

«Բավական երկար ժամանակ՝ գրեթե 13 տարի, չեմ խաղացել, բայց շատ կուզեի։  Կարոտ էի այդ ամենին, մեջս կուտակվում էր եւ, իհարկե, մի օր պիտի դատարկվեր, չէ՞։  Երբ Արմանն առաջարկեց դերը, թվաց՝ նվեր արեց ինձ: Նա պարգեւ տվեց, որ կարող եմ այն աշխարհները գնալուց առաջ գոնե մեկ անգամ էլ խաղալ։ Ջահել չեմ. արդեն 72 տարեկան եմ ու մտածում էի եւս մեկ անգամ խաղալու մասին»,- խոստովանեց դերասանուհին։


Նավասարդյանի առաջարկին այսպես է պատասխանել. «Արման, ես վաղուց չեմ խաղացել, արդեն վախենում եմ բեմից»։ Նրա խոսքով՝ իսկապես այդքան մեծ դադարից հետո բեմում օտար ես զգում: Ու թեեւ դասախոսում է, ուսանողների հետ աշխատում եւ փոքր դերեր էլ ունեցել է, բայց դրանք չեն համեմատվի գլխավոր կերպարի հետ։

«Վահե Շահվերդյանի բեմադրությունները, որոնցում ներգրավված էի, խաղացանկից հանվեցին՝ «Բեռնարդա», «Հին աստվածներ», «Ես մի ծառ եմ ծիրանի»։ Դրա համար այս ներկայացումն ինձ համար տոն էր։ Կյանքով լցվեցի: Դասերի ու քննական այս շրջանի ընթացքում մեզ կենտրոնացում էր պետք, որ կարողանայինք Դավիթ Հակոբյանի հետ այդ ամենը հիշել։ Ողջ ներկայացումը երկու հոգու համար է գրված, եւ այդ երկու ժամվա ընթացքում պետք է ամենը հիշել, հետն էլ թղթախաղ խաղալ ու խոսել»,- պատմեց Մեջլումյանը: 


Դերասանուհին խոստովանեց, որ բեմում չի սիրում վազվզոց, ցատկեր, գլուխկոնծիներ ու տարատեսակ հնարքներ, որոնք հանդիսատեսին շեղում են, իսկ երբ գալիս է բուն խաղալու ընթացքը, դերասանները հիասթափեցնում են։ Նրա համար դերասանի խաղն առաջին հերթին ոգի ու մթնոլորտ առաջացնելու եւ հանդիսատեսի խղճին, սրտին ու մտքին ազդելու ունակության մեջ է. «Ու մեզ դա հաջողվեց: Դավիթը հրաշալի խաղընկեր է ու, ինչպես ֆուտբոլում են ասում, հիանալի փոխանցումներ է կատարում, տեսնեիք՝ կոստյումի օձիքն ամբողջությամբ թաց էր: Ապշած եմ նրա խաղով»։

Դավիթ Հակոբյանի երազանքի պիեսը

Դերասանը չի թաքցնում, որ «Ջին խաղը» ցանկացած դերասանի համար երազանքի պիես է, այնուհետեւ բացատրում է՝ եթե մեկն ուզում է ապացուցել, որ իսկական վարպետ է, ստանձնում է այդ գործը։


«Կամ ձախողում է, կամ հաղթում: Միջին վիճակ չկա, որովհետեւ դերասանության մեջ միջին վիճակն ամենազզվելին է։ Սա բենեֆիսային ներկայացում է, երկու լուրջ դերասանի խաղ, եթե մեկը թույլ եղավ, ներկայացումը չի ստացվի։ Ամեն ինչ հաճույքով արեցինք, ընթացքն էլ հեշտ էր։ Ամիսներ առաջ Արմանն ինձ մոտ էր խաղում «… իսկ դրսում ձյուն է գալիս» ներկայացման մեջ, իսկ հիմա ես եմ իրեն դպրոցականի պես լսել: Մի կարեւոր գաղտնիք կա՝ մեկ է՝ ամեն ինչ դերասանն է անում, բայց կողքից աչք է պետք, ու Արմանը շատ նուրբ բաներ էր անում, ինչն ինձ դուր էր գալիս։ Գերագույն հաճույքով եմ խաղացել, երկնքում էի բեմում»,- ընդգծել է նա։ 

Արման Նավասարդյանն ու իր դասախոսները

Դերասան Արման Նավասարդյանն իրեն բեմադրիչ չի համարում, ներկայացումն էլ արել է թատրոնի ղեկավարության առաջարկով։ Եվ որոշեց անդրադառնալ մի գործի, որն իր վրա դեռ ուսանողական տարիներից է ազդեցություն թողել ու սիրահարվել է Խորեն Աբրահամյանի դերակատարմանը, որին բեմում ընկերակցում էր կինը՝ Գոհար Գալստյանը։ 

«Բացի այդ էլ չէի ուզում մեծ գործ անել, որովհետեւ այսօր դերասանների խումբ հավաքելը բարդ բան է, բոլորը՝ ես էլ այդ թվում, շատ ենք զբաղված։ Ու ընտրեցի այս երկու հոգանոց գործը, մանավանդ, որ աչքիս տակ թեկնածուներ ունեի։ Դավիթ Հակոբյանն ու Գրետա Մեջլումյանն իմ վարպետներն են եղել, իրենց սանն եմ ու իբրեւ դերասան իմ ձեւավորման գործում երկուսն էլ մեծ ներդրում ունեն։ Սա մի ձեւով նաեւ իմ երախտիքի խոսքն է իրենց: Համենայն դեպս, այդ ցանկությունն եմ ունեցել, չգիտեմ՝ որքանով է ստացվել։ Ցանկացել եմ սրանով իրենց խոնարհումս բերել»,- անկեղծացել է Նավասարդյանը։


Պատմում է, որ աշխատել են ներդաշնակ ու ստեղծագործական լավ մթնոլորտում, ինչը թատրոնում ամենագլխավորն է, ու այդ դեպքերում ամեն ինչ ինքն իրեն է ստացվում։ Նա շատ է կարեւորում «Ջին խաղ»-ի ուղերձները. «Ներկայացումը ծերանոցում ապրող երկու ծերերի մասին է, որոնց լքել են ընտանիքները, ու նրանք հայտնվել են այս ավերակում՝ անշունչ մարմինների շտեմարանում։ Գործողությունները տեղի են ունենում հետնախորշ հիշեցնող պահեստում՝ ավելորդ իրերի մեջ, եւ այդ ավելորդ իրերից մեկն էլ իրենք են»։

Նավասարդյանը ներկայացումն իսկական վարպետության դաս է համարում եւ ցանկանում, որ այն դեռ երկար տարիների կյանք ունենա, քանի որ երկու հրաշալի դերակատարում ունեն, որը սերունդների համար իբր դասագիրք ու իրենց մասնագիտությունը տնտղող գործ կարող է հանդիսանալ։ Սա Նավասարդյանի լուրջ գործ բեմադրելու առաջին փորձն է, մինչ այդ ուսանողական տարիներին է արել:


«Այնքան բարդ է բեմի հակառակ կողմում լինել: Լրիվ ուրիշ զգացողություններ ես ունենում։ Սովորաբար, երբ ես եմ խաղում, գիտեմ իմ անելիքը, իսկ այս դեպքում անզոր եմ որեւէ բան փոխել. իզուր չէ, որ թատրոնի թագավորը դերասանն է: Այս ներկայացումը եւս մեկ անգամ փաստում է, որ գավազանը դերասանի ձեռքին է։ Շատ դերասանական ներկայացում է ստացվել, այդպես էլ ուզել եմ: Հնարքներ չունենք ու ոչ էլ հանդիսատեսին զարմացնելու ցանկություն, ինչով աշխարհի թատրոններն են զբաղված: Սա մարդու մասին է, իր հոգեբանության, էմոցիաների, ճակատագրի մասին, այն ամենի, ինչն թատրոնի էությունն է կազմում: Մեր մասնագիտությունը հենց մարդու մասին է»։ 

Պատրաստեց՝ Հասմիկ Բաբայանը
Լուսանկարները՝ Էմին Արիստակեսյանի
BRAVO.am

Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:

Կարդալ ավելին

Quality Sign BW