Սեպտեմբերի 4-ին Նազենի Հովհաննիսյանը Լոս Անջելեսում նորից հանդես կգա բանաստեղծական երեկոյով, ինչը մեր զրույցի գլխավոր առիթն էր, բայց զրուցեցինք նաեւ այլ թեմաների մասին:
- Աշնանը ելույթ կունենամ Լոս Անջելեսում՝ այս անգամ պրոդյուսեր Դավիթ Ադամյանի (Dimm media, Novus ) հրավերով՝ հիանալի երաժիշտ եւ կոմպոզիտոր Արթուր Զաքիյանի հետ: Այս բանաստեղծական երեկոներն ինձ համար շատ թանկ են ու առանձնահատուկ, հատկապես աշխարհով մեկ սփռված հայությանը ներկայանալիս՝ Եվրոպայից մինչեւ ԱՄՆ:
Բանաստեղծական ծրագրով իմ առաջին հյուրախաղը ԱՄՆ-ում տեղի ունեցավ պրոդյուսեր Գրիգոր Նազարյանի հրավերով՝ Բաբկեն Չոբանյանի հետ։ Մտավախություն կար, որ դահլիճը դժվար կլինի «լցնել»: Բայց երկու ներկայացում խաղացինք լեփ-լեցուն դահլիճում: Դրանից որոշ ժամանակ անց վերադարձա ԱՄՆ՝ արդեն միայնակ հանդես գալով՝ Արմեն Մարտիրոսյանի շքեղ նվագակցությամբ, ու ոչ հանդիաստեսի որակի, ոչ էլ դահլիճը լեցուն տեսնելու խնդիր չեղավ. մարդիկ կարոտ են խոսքի:
Նազենի Հովհաննիսյանը
Իմ բանաստեղծական երեկոներն ասմունքի երեկոներ չեն, այլ ամբողջական պոետիկ ներկայացումներ են, որոնց բովանդակության ընտրության հարցում ես չափազանց բծախնդիր եմ՝ լինի երաժշտության ընտրությունը, թե ստեղծագործությունների: Ոչ ինձ եմ խնայում, ոչ էլ՝ հանդիսատեսին (ժպտում է,-հեղ.):
Ինձ շատ է ուրախացնում, որ գալիս են տարբեր ճաշակի եւ տարիքի մարդիկ: Այս անգամ երեկոն այդպես էլ անվանել ենք՝ «Սիրո խաչմերուկներում»:
- Ի՞նչն է միավորում այդ մարդկանց:
- Կարոտը: Հային միավորում է կարոտը: Բոլոր ժամանակներում ու տարբեր սերնդների՝ կարոտը:
Միացյալ Նահանգներ տեղափոխված հայերը կարոտի տարբեր աստիճաններ ունեն ու տարբեր ցավեր, եւ դա շատ հետաքրքիր ու յուրահատուկ բան է։ Սփյուռքում հանդիսատեսը գալիս է՝ հստակ իմանալով, թե ինչ է ուզում: «Պատրաստ» է բացվելու իր սիրելի արտիստների առաջ ու վայելելու օրը՝ ինչ էլ որ լինի։ Հայաստանի հանդիսատեսը միշտ չէ, որ կարողանում է իր հոգսը թեկուզ մի պահ մի կողմ դնել:
Թեեւ Հայաստանում մեր պոեզիայի երեկոներին գալիս են շատ ջերմ, ուշադիր, միշտ ժամանակին: Ու այնքան մեծ սեր են հետները բերում, որ զարմանում ես, թե այդքան հոգսի մեջ այսքան սեր դեռ որտեղի՞ց են քամում:
Սփյուռքի հայությունը կարոտում է Հայաստանը դրսից: Հայաստանում հայությունը կարոտում է Հայաստանը ներսից:
Հանդիսատեսին կարոտն է բերում իմ բանաստեղծական երեկոներին, որտեղ կորչում են սահմանները «դրսի» կամ «ներսի» հայերի: Այնտեղ նույն կամրջի վրա ենք բոլորս, նույն կարոտի կամ կորստի՝ ճոճվող կամ հաստատուն կամրջի վրա:
Ինչո՞ւ ենք այդքան հաճախ մտովի տեղափոխվում անցյալ: Հաստատ ոչ այն պատճառով, որ նյութական առումով ավելի լավ էինք ապրում: Պատճառն այն է, որ յուրաքանչյուրը մի քաղցր, թանկ բան ունի հիշելու. ընկերական շփումներ, հաճելի մարդիկ, գեղեցիկ հուշեր, մանկություն, ծնողների ներկայություն, սիրելի համ կամ բույր, որոնք, թվում է՝ էլ երբեք չեն կրկնվի: Մենք փորձում ենք վերագտնել այդ ամենը, ու չի ստացվում: Արդյունքում մնում է կարոտը, որն արվեստի ու ստեղծագործելու վառելիք է դառնում, եթե, իհարկե, այն պաթոսով չեն խեղդում:
- Ծրագիրը կազմելիս ընթացիկ իրադարձությունները, մարդկանց հույզերը հաշվի առնո՞ւմ եք:
- Անպայման: Աշխարհի բոլոր հույզերը սիրո կամ դրա կորստի մասին են: Ես սեր եմ պատմում նրանց: Ծրագրի հիմքում, սկզբում եւ վերջում սերն է:
Իհարկե, ծրագրում ունեմ շատ արդի ու սուր մի քանի ստեղծագործություն՝ շատ կոնկրետ ասելիքով ու նյարդով: Օրինակ, հրաշալի երիտասարդ բանաստեղծ Երեմ Կարապետյանը գործ ունի այն մասին, թե ինչը քանի դրամով է վաճառվում: Շատ սուր է: Կարդում եմ ռեփի ոճով՝ չափով, հանգով, Բախի ներքո: Ո՛չ այդ գործն է ռեփ, ո՛չ էլ ես կապ ունեմ ռեփի հետ, բայց այս գործը բեմից հենց այդպես պետք է հնչեր:
Նազենի Հովհաննիսյանը
Մեծ առումով մարդու ասելիքը միշտ էլ նույնն է՝ անկախ ժամանակաշրջանից, վայրից, քաղաքական իրավիճակից կամ երկրից:
Խորենացին իր «Ողբը» գրել է իր ձեւով, Թումանյանն իր հոդվածները՝ իր, Չարենցը «Երկիր Նաիրի»-ն՝ իր, Ալիսիա Կիրակոսյանը «Նամակ առ Հայաստան»-ը՝ իր, ԵրԿարը կամ Ավետը՝ իրենց ձեւով:
Սիրո կամ կորստի ցավի մասին գրել են բոլորը, ես ընդամենը կամուրջն եմ, որով հանդիսատեսին տանում եմ իրենց աշխարհ: Ես համեստ մի միջնորդ եմ:
Սեպտեմբերին Միացյալ Նահանգներում կարդալու եմ գործեր, որոնք այնտեղ նախկինում չեմ կարդացել: Ինձ համար սկզբունքային է ամեն երեկոյին մի նոր ստեղծագործություն ներկայացնելն ու պարբերաբար երաժշտական ձեւավորումը փոփոխելը:
Ես նման եմ մի մշակի, որը քլունգը ձեռքին փորձում է տեղահան անել դարերով մեզ հետ եկած ու արդեն մի տեսակ ներաճած «կարոտի տապանաքարը», որ դնում ենք մեր ապրածի ու զգացածի վրա, որ գլուխ չբարձրացնեն հանկարծ: Չենք աշխատում մեր հույզերի կամ ցավերի հետ, խորը խեղդում ենք դրանք, ժամանակ չենք տալիս հաշտվելու մեզ հետ ու հաճախ խեղդվում ենք կարոտից: Փորձում եմ կոտրել այդ «տապանաքարը», որ տակից աճող կյանքի ծիլերին գոնե մի քիչ օգնեմ:
Բանաստեղծության ուժով իմ հանդիսատեսի՝ տարիներով իր մեջ շարած պատնեշները «քանդելով»՝ փորձում եմ հնարավորություն ստեղծել, որ կատարսիսի հասնեն, իրենց թանկ հուշերը նորից ապրեն, բայց առողջ ձեւով, առանց ողբերգական անբուժելիության, վերապրեն կարոտներն ու վերջապես անցնեն առաջ, ազատագրվեն: Արվեստն ամենազորեղ բժիշկն է աղոթքից հետո:
- Ինչպե՞ս որոշեցիք այդ «քլունգը» Ձեր ձեռքը վերցնել:
- Ուզում եմ իմաստ ունենալ։
- Միգուցե ցանկանո՞ւմ եք արժեք ստեղծել:
- Ես ուզում եմ մնայուն արժեք ստեղծել: Թե որքանով է ստացվում՝ միայն ժամանակը ցույց կտա: Կյանքի դատավորը նա է: Ուզում եմ հետագծիս մեջ իմաստ լինի, ժամանակի ու տարածության մեջ ինձ տրված հավերժությունն անմիտ ձեւով օգտագործած չլինեմ:
Բանաստեղծական աշխարհը տիեզերք է, ինչ-որ պահի հենց բացահայտում ես՝ էլ վերջ չկա: Այս նախագիծն իմ մասնագիտությունների երրորդությունն է. խոսք, դերասանի արվեստ, ռեժիսուրա: Դասական, ժամանակակից բանաստեղծների, սիմֆոնիկ կամ դաշնամուրային երաժշտության ու խոսքի համակցումով ես ստեղծում եմ սինկրետիկ արվեստ, որը կամրջում է բոլոր սերունդներին, բոլոր իզմերն ու բոլոր ճաշակները:
Բանաստեղծական արվեստը խոսքայիններից ամենաունիվերսալն է. սրտին հասնողը:
- Կարո՞ղ ենք ասել, որ Ձեր հայտնի լինելը լավ իմաստով «շահագործում» եք հանուն նրա, որ մարդիկ, որոնք միգուցե բանաստեղծություն երբեւէ չեն կարդացել, հաղորդակցվեն պոեզիայի հետ:
- Չկա մարդ, որը երբեւէ գոնե մեկ բանաստեղծություն կարդացած չլինի։ Ծնված օրվանից մինչեւ խոր ծերություն ամեն ինչն է բանաստեղծություն, տեքստ, երաժշտություն: Ամեն բանաստեղծության մեջ միշտ էլ գտնում ես քո տողը:
Էմինեմն ու Թուփակն էլ իրենց ռեփի մեջ բանաստեղծություն են, 3.33-ը կամ այլք էլի բանաստեղծություն են ստեղծում: Ֆուտուրիզմը միշտ էլ ազդեցիկ է: Այսօրվա ռեփի սիրահար երիտասարդը նույն սիրով կարդում ու Սեւակ է լսում, որն էլ իր ժամանակի մեջ էր տարբեր. մեկի համար «ռեփ» էր, մյուսի համար՝ փիլիսոփայական նոր ուղղություն, երրորդի համար իր կոկորդում պահված ճիչն էր:
Կարեւորն այն էքսպրեսիան է, որը հասնում է հոգուդ ամենախորքը: Սեւակի խոսքն ու ասելիքն այնքան խիտ է, որ կարդալիս երբեմն շունչդ կտրվում է, շատ տարածական է, ամեն անգամ նորովի ու գիտակցական մոտեցում է պահանջում:
Թումանյանից մինչեւ Սահյան, Իսահակյան, Չարենց, թե Արարատ Մկրտումյան՝ բոլորի տողերի արանքում միշտ եղել է իրենց վերաբերմունքն ու ցավը տվյալ ժամանակաշրջանում կատարվող գործընթացների նկատմամբ: Ասելիքը միշտ ունեցել է հասցեատեր, ինչպես հիմա ժամանակակիցներն են գրում՝ լինի ԵրԿարը (Երեմ Կարապետյանը), Ավետ Բարսեղյանը, Պետրոս Հոկտանյանը կամ Ադի Ալյենը: Ցավն ու կարոտը արվեստագետի շարժիչն են, բայց նրանք նաեւ հանդիսատեսին, հասարակությանը բուժողն են:
Նազենի Հովհաննիսյանը
Վիդեոտարբերակով կարճ բանաստեղծական էսքիզները սկսել եմ 2020 թվականից: Երբ կորոնավիրուսի համավարակի պատճառով բոլորս տներում փակված էինք, Instagram-ը գործարկեց IG TV-ն, որը նման էր այսօրվա reel-երին: Բանաստեղծություններ էի կարդում, ձայնագրում, ձեւավորում տեսանյութերն ու ներբեռնում։ Որոշ ժամանակ անց նկատեցի, որ դա դարձավ «թրենդ»: Ուրեմն կար անհրաժեշտություն. օդում կախված էր նոր, էմոցիոնալ ձեւաչափի պահանջը, որը չոր ասմունք չէ, այլ համակողմանի ու ավարտուն չափածո ներկայացում:
Ամենահուզիչն ինձ համար Հայաստանում՝ Կամերային երաժշտության տանը, Հայաստանի կամերային նվագախմբի հետ մեր երեկոներն են՝ բազմամարդ ու շատ յուրահատուկ: Երբ բանաստեղծությունն ինքն էլ դառնում է մի սիմֆոնիա՝ հույզերի ու ապրումների, խոսքի չափն ու հանգը դառնում են համաշխարհային հայ կամ այլազգի կոմպոզիտորների նոտաներին ընկեր՝ միասին հյուսելով սիրո այդ պատմությունները:
Իմ գերնպատակն է ներկայացնել երաժշտական դասական մեծ ժառանգությունը, որն ունենք՝ զուգորդելով բանաստեղծություններով, որոնք ասես իրար համար են ծնվել:
Ես չեմ ասմունքում, ոչ էլ կարդում եմ, ես ապրում եմ իմ բանաստեղծությունները: Դրանք մենախոսություններ են, որոնք մատուցելիս վերապրում եմ հանդիսատեսի հետ, ու նրանք հասկանում են, որ մենակ չեն իրենց խնդիրների կամ կարոտների հետ: Ես էլ եմ հասկանում, որ մենակ չեմ. նրանց ունեմ:
Ու չէ, չեմ օգտագործում «հայտնի լինելը» (ժպտում է,-հեղ.): Հայտնի լինելն «օգտագործել» կարելի է գովազդ անելիս, այն էլ ոչ միշտ է աշխատում: Մեր օրերում ամեն երկրորդը կարող է «հայտնի» դառնալ. դրանով էլ չես զարմացնի: Կարեւորը՝ ով ես դու եւ ինչ ես ներկայացնում քեզնից, որքանով ես ազնիվ քո խոսքի ու գործի կապի մեջ: Ու եթե հանրահայտ ես, ապա ինչո՞վ: Ո՞ր արածդ գործով կամ խոսքով: Հանրահայտ լինելը մի բան է, այն հիգիենիկ ու որակապես ճիշտ պահելը՝ այլ բան: Պահելը՝ երկարուձիգ տարիների կտրվածքում, երբ սերունդները գալիս են ու գնում: Ու թե դեռ տեղ ունես նրանց սրտում, ուրեմն մի բան ճիշտ ես անում:
Ես գործածում եմ իմ բուն մասնագիտությունը՝ խոսքը, որի նկատմամբ շատ ուշադիր եմ: Փորձում եմ երիտասարդներին ուղղորդել, որ բանաստեղծության մեջ հստակ ասելիքը կարեւորեն, զգայականը հասկանան, շեշտն ու միտքը հասցնեն, որ չվերածեն գռեհկաբանության կամ դատարկ պաթոսի՝ սուտ տնքոցներով համակցելով:
Հաճախ ամենակարեւոր, հուզիչ բանը պետք է ասել պարզ ու շշուկով։ Ո՛չ հանդիսատեսին է պետք խճճել, ո՛չ էլ ինքդ էլ խճճվես չմարսած զգացմունքների մեջ: Ամեն ինչի չափազանցված լինելը վատ արդյունք է տալիս։ Ցավոք, օրինակներ այնքան շատ ունենք:
- Խոսեցիք պաթոսի մասին, որը, իմ կարծիքով, մեր «տունը քանդող» հիմնական գործոններից է: Ո՞րն է մեր կյանքում այդքան մնայուն տեղ գրաված պաթոսի պատճառը: Միգուցե սիրո պակա՞սն է այդպես քողարկվում:
- Բարդ հարց է: Երեւի, ճշմարտությունն ինքներս մեզ խոստովանելու վախն է: Գուցե իմաստության կամ խիզախության պակասից է: Նաեւ սիրո պակասից: Քողարկվում ենք պաթոսով, որ գոնե այդպես իրականությունն իբր փոխենք: Բայց ծածկոցը, որ հանում ես, խնդիրները հո նո՞ւյնն են:
Հայերը կամ մերժում են արած սխալն ու իրականությունը՝ իբրեւ նիհիլիստ, կամ «ծածկվում» են պաթոսով: Ինչո՞ւ: Երբ որպես ազգ կամ անհատ անընդհատ հայտնվում ես անելանելի իրավիճակներում, հստակ խնդիր ունես: Պիտի փրկության արահետ փնտրես՝ քո գոյաբանական խնդիրները լուծելու համար, եւ ոչ թե ինքնախաբեությամբ քո սխալականությունն ավելի խորացնես: Ցավոք, կյանքը ցույց տվեց, որ հայերիս դեպքում ավելի լավ է ստացվում ինքնախաբեությամբ զբաղվելը։
Նազենի Հովհաննիսյանը
Ես մեր հավաքական սխալներից սովորում եմ. այլեւս բացառել եմ իմ կյանքում ինքնախաբեությունը: Հատկապես հանրության նկատմամբ խաբեությունը, մոլորեցնելն ու մանիպուլացնելն աններելի եմ համարում: Պոպուլիզով ու լայն զանգվածներին «դուր գալու» մոլուցքով առողջ չեն դառնում ու հաստատ առողջ հասարակություն չեն կերտում:
Անհատն է ինձ համար հանրություն ձեւավորողը: Ուրեմն ինքն իր հետ անկեղծ ու խիստ պիտի լինի, ոչ թե լղոզված, առանց արժեքային համակարգի՝ չգիտեմ ով:
Ես ո՛չ ինձ, ո՛չ էլ ուրիշներին սուտ լավատեսությամբ չեմ խաբի, որքան էլ ճշմարտությունը ցավոտ լինի: Լինելու բանը լինում է:
- Դա ֆատալի՞զմ չէ։ Անհատների գործոնն այդպես չե՞նք բացառում:
- Ոչ մի դեպքում: Հակառակը: Անհատն է հենց գործիչը, հանրությունն անհատների խումբն է, ոչ թե մոտավոր քանակ: Ուղղակի գաղափարական ու բարոյական նորմերն է պետք ճշգրտել. մեր օրերում դրանք մոտավոր են դարձել:
Ես իմ պայքարը մղում եմ՝ ինչ էլ լինի: Իմ ունեցած ու չունեցած ռեսուրսը ներդնում եմ, որ ինչ-որ իմաստով խթան լինեմ՝ թե՛ երիտասարդներին ոգեւորելու, թե՛ ավագ սերնդի հուսահատ որեւէ ներկայացուցչի մարած աչքերում էլի կրակ վառելու եւ իմ ազգային թանկագին հոգեւոր ու մշակութային ունեցվածքը միշտ բարձրաձայնելու համար:
Ափսոս, ես «դրսի» հայտնի արվեստագետ չեմ, որ մեծ մասշտաբ ունենայի եւ ասելիքս տեղ հասցնեի: Որ Հայաստան երկրի մասին պատմեի իմ ձեւով: Հայաստանի ներսում հաճախ չեն էլ նկատվում մեր ջանքերը: Ծանր հարց է:
Տպավորություն է, թե գազային խցիկում մեզ խեղդում են՝ համոզելով, որ ոչինչ չունենք՝ ո՛չ արվեստ, ո՛չ մշակույթ, ո՛չ արժեքներ ու ընտանիք, ո՛չ գրականություն կամ բժշկություն, ո՛չ ուժ ու ո՛չ հավատք, որ պետք է հանձնվենք իսպառ: Մեզ այդ ուղղությամբ են տանում։ Կամքն են մեր կոտրում՝ վերջնական: Չեմ կարող լուռ հետեւել այդ ամենին ու ոչինչ չանել:
Ես էլ փորձում եմ հետ բերել ուղեղի մեռած բջիջները՝ ասելով, որ կանք, բոլոր սխալներով հանդերձ կանք ու պիտի սթափ գործենք՝ բոլոր ոլորտներում ոտքի կանգնելու համար:
Աշխարհի բոլոր զենքերից մշակույթն է թիրախին արագ կպնում: Դրա համար էլ թշնամին հենց մեր մշակույթն է գրպանում՝ հոգեւորից մինչեւ պատմամշակութային:
- Մենք շատ հետաքրքիր զրույց ունեցանք իմ «Կարմիր թել» հաղորդաշարում մոտ 4 տարի առաջ՝ 2021 թվականի նոյեմբերին: Տպավորություն ունեմ, որ այսօր ավելի լավատես եք, քան այն ժամանակ:
- Ասում են՝ եթե քեզ դուր չի գալիս աշխարհը, փոխիր ինքդ քեզ: Իսկ ինչպե՞ս կարող ես ինքդ քեզ փոխել, եթե պատրաստ չես փոխելու հասարակությունը։ Չէ՞ որ դու էլ ես հասարակություն. այն քո նման մարդկանցից է ձեւավորվում։ Եվ այսօր քիչ չեն մարդիկ, որոնք պատրաստ են իրենց միջավայրում փոփոխություն բերել՝ առանց հոգնելու: Ես էլ հուսամ՝ նրանցից մեկն եմ: Ու չէ, չեմ հոգնում ամեն նոր սերնդի հետ նորից սկսել ապրել:
Մենք համբերատար ազգի համբավ ունենք, բայց իրականում այդպես չէ. հարմարվողականությունը՝ կոնֆորմիզմը1, համբերություն չէ: Կարճաժամկետ ենք նայում կյանքին՝ «այս պահի» դրությամբ, ու շատ քիչ բան ենք անում «հետոյի» համար: Ու եթե համբերատար ենք ուզում լինել մեր ապագայի նկատմամբ, ուրեմն այսօր խնդիրը լուծելով պետք է ապրենք, «հիմա»-ն ճիշտ օգտագործելով ու չկարծելով, թե օրվա արածը փոքր էր, աննշան կամ անօգուտ: Չկա համակարգված գործողություն, որ օգուտ չտա մի օր:
Այսօրվա չբուժված փոքր հիվանդությունը վաղվա քաղցկեղն է: Ներկայում չպիտի դանդաղկոտ ու սխալները հանդուրժող լինենք: Պիտի մեր անհամբերության ու դարավոր անհարկի համբերության (ես կասեի՝ հարմարվողականության) միջեւ հավասարակշռությունը գտնենք: Այսօրվա չարածդ վաղվա փակուղին է: «Հիմա»-ի սխալը գիտակցելն ու դրա բուժումը հաղթանակ է՝ թեկուզ փոքր: Հայի ուղին իր մտքում պիտի հստակ ձեւակերպվի վերջապես: Ամեն ինչ մեզնից է կախված: Ոչ ոք էլ մեր մասին հոգ չի տանի, եթե մենք չհոգանք:
Ես ուզում եմ Հայաստան ունենալ միշտ՝ լեռներում, բանաստեղծական տողում, նոր ծնված երեխայի ԴՆԹ-ում, ամեն օրվա գիտակցության ու ապրածիս մեջ. հստակ ու առողջ երկիր Հայաստան:
Մեծ բանաստեղծուհի Ալիսիա Կիրակոսյանից լավ հաստատ չեմ ասի.
«Ինձ հարց են տալիս,
– Հայաստանն ի՞նչ է...
Բայց միթե այդքան հեշտ է բացատրել
Ամբողջությունը,
Մի՞թե հավատը մեկնաբանել է,
Թե ի՞նչ է Աստված...»:
Նազենի Հովհաննիսյանի հետ զրուցել է Արա Թադեւոսյանը
1.Կոնֆորմիզմ՝ երեւույթ, երբ անհատները իրենց վերաբերմունքը, համոզմունքները եւ վարքագիծը համապատասխանեցնում են խմբի նորմերին։ Նորմերը թաքնված, յուրահատուկ կանոններ են, որոնք խումբը տարածում է անհատների վրա, եւ անհատներն էլ առաջնորդվում են այդ նորմերով ուրիշների հետ փոխհարաբերությունների ժամանակ։ Կոնֆորմիզմը հիմնականում դրսեւորվում է փոքր խմբերում եւ հասարակությունում ՝ որպես ամբողջություն, եւ այդ ազդեցությունը տեղի է ունենում աննկատ կամ բացահայտ հասարակական ճնշմամբ։
Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում: