Հեռուստամեկնաբան, լրագրող եւ թարգմանիչ Արտակ Հերիքյանը կիսվել է ուշագրավ ու հուզիչ դրվագներով՝ կապված ֆրանսահայ ճանաչված երգիչ Պատրիկ Ֆիորիի հետ:
Արտակ Հերիքյանը եւ Պատրիկ Ֆիորին
Ձեր ուշադրությանն ենք ներկայացնում Արտակ Հերիքյանի հոդվածը:
Պատրիկ Ֆիորիի մոռացված տունը՝ Շուշիում, եւ հայկական երկու երազանքը
Թուրքական բանակը քաղաքում է: Հայերին ջարդելով՝ առաջ են գնում թուրքերը Շուշիում: Բոլորին են հասնելու:
Հայերն իրենց տներում աղոթում են: Փրկությա՞ն աղոթք են անում, թե՞ երկրային
կյանքին հրաժեշտի...
Քաղաքի ամենավերջին տունը մոռանում են թուրքերը: Այդ տանը Շուշայաններն են աղոթում: «Երեւի մյուսներից ավելի զորավոր»,- ասում է Պատրիկ Շուշայանը՝ ֆրանսիացի երգիչ Պատրիկ Ֆիորին: (Պատրիկը դեռ դպրոցական տարիքում է հայկական ազգանունին կցել կորսիկացի մոր «Ֆիորի» ազգանունը, որ ֆրանսիացի ուսուցիչները ընտրության հնարավորություն ունենան. լեզուները կոտրելու փորձությանը չենթարկեն իրենց՝ «Շուշայան» կանչելիս):
Շուշին 105 տարի առաջ էր:
Պատրիկն իր ընտանիքի այս պատմությունն ուշ է լսել: Հորաքույրներն են մի քիչ բացվել: Հայրը միշտ լռում է: Խոստացել է մահից առաջ Պատրիկին թողնել մի տուփ, որի մեջ եղածը կբացահայտի «Մոռացված տան» ամբողջ ողբերգությունը:
Պատրիկը Շուշին հիշում է իր «Les montagnes d’Arménie»՝ «Հայաստանի սարերը», երգը երգելուց առաջ: Այս երգի երաժշտությունը Անրի Վերնոյի «Մայրիկ» ֆիլմի սաունդթրեքն է, որի համար ինքն է բառեր գրել.
«Ես իմ ձեւով եմ պատմում պապա
Կցկտուր պատումը քո ուղենիշի
Հողը որ մի օր քո ձեռքից առա
Դառնալու է մի աննման այգի
Սիրո անմահական պտուղների
Հայաստանի սարերի վրա
Ուր մանուկներն են խաղում ու պարում
Ուր կանաչի մեջ ծառերն են ծաղկում»:
Պատրիկ Ֆիորին այս երգը երգելուց հետո իր հայկական երկու երազանքի մասին է խոստովանում. համերգ տալ Երեւանի Հանրապետության հրապարակում ու, մի երիտասարդ հայ երգչի հետ զուգերգով, Հայաստանը ներկայացնել «Եվրատեսիլ-2027»-ին:
Լուսանկարները՝ Արտակ Հերիքյանի ֆեյսբուքյան էջից
Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում: