×


Հայտնիների օնլայն մեդիա վարկանիշը մայիսին

BRAVO.am-ը ներկայացնում է, թե հայկական շոու-բիզնեսի որ ներկայացուցիչներին են ամենաշատն անդրադառնում մեդիայում եւ ինչ թեմաների շուրջ:

Մեդիամաքս մեդիա ընկերության ԶԼՄ-ների մոնիտորինգի, վերլուծության եւ գնահատման MaxMonitor համակարգի օգնությամբ պարզեցինք այն հայտնիներին, ովքեր ամենաշատն են գտնվել լրատվամիջոցների ուշադրության կենտրոնում մայիս ամսվա ընթացքում: 

Մոտ 150 լրատվական կայքերի մայիս ամսվա դիտարկման արդյունքներով ամենից շատ հիշատակված հայտնիների եռյակն է՝

•    Նազենի Հովհաննիսյան՝  93 հիշատակում,

•    Սիրուշո՝ 93 հիշատակում,

•    Իվետա Մուկուչյան ՝ 55 հիշատակում:


Ներկայացնենք հիշատակումների հիմնական բովանդակությունը.

Մայիսին հայկական մեդիայում հիշատակումների թվով առաջատարներն են Նազենի Հովհաննիսյանն ու Սիրուշոն:

Մամուլի ազատության օրվա առթիվ Նազենի Հովհաննիսյանը շնորհակալություն է հայտնել խղճով ու վարպետ լրագրողներին՝ տարիներով իրենց գործն աննահանջ անելու եւ այդ կարեւոր ուղին անհոգնել հարթելու համար: «Ես լրագրող չեմ, բայց գիտեմ բեռան ծանրությունը՝ ԽՈՍՔԻ զինվորների»,- գրել էր նա:

Հովհաննիսյանը նախորդ ամիս Արթուր Բախտամյանի նոր՝ YԵՍ նախագծի հյուրն էր: «Ես ափսոսում եմ, որ հազար ու մի հարց չեմ տվել մայրիկիս, քանի դեռ նա կար, ու ես կարող էի իմ բոլոր հարցերի պատասխանները միայն նրանից ստանալ:

Շատ եմ ափսոսում, որովհետեւ, երեւի, այդքան հասուն չէի, կամ զբաղված էի իմ հարցերը լուծելով»,- ասել է նա:


Այդ զրույցից լրատվամիջոցները տարածել են նաեւ տղամարդկանց մասին Նազենիի հետեւյալ միտքը. «Ինձ համար տղամարդը հումորովն է, զրնգուն ծիծաղովը, ինձ համար տղամարդը լսող մեկն է, ենթարկվող չէ՝ լսող, ով ունի լսելու կարողություն: Ընդ որում՝ լսում է ոչ թե, երբ դու խոսում ես, այլ դու չես ասում, եւ նա գիտի»:

Մայիսի վերջին համացանցում մեծ աղմուկ էր բարձրացրել Վիգեն Բադալյանի եղբորորդու հարսանիքը, որը տեղի էր ունենում Մարզահամերգային համալիրում: Հրապարակումներում հիշատակվել է նաեւ Նազենի Հովհաննիսյանը. նա Գարիկ Մարտիրոսյանի հետ վարել է հարսանեկան երեկոն:

«Խազեր» մրցանակաբաշխությունից հետո շատ քննարկվեց Սիրուշոյի զգեստը: Երգչուհին երեկոյին ներկայացել էր արտահայտիչ կերպարով, իսկ ոգեշնչման աղբյուրը, ինչպես պատմել է, մայրն է՝ երգչուհի Սյուզան Մարգարյանը:

«Վարդերով զգեստն առաջին անգամ տեսել եմ մի երգչուհու հագին մի ելույթի ժամանակ ու մինչեւ հիմա հիշում եմ սև ու ոսկեգույն վարդերն ու բացվածքը գեղեցիկ ուսերին: Տեսել եմ մի երգչուհու հագին, ով ոչ միայն ձայնով ու աշխատանքով է ինձ ոգեշնչել, այլ նաեւ կանացիությամբ ու մարդկային տեսակով: Լավագույն երգչուհու մրցանակը հանձնելիս ուզում էի խորհրդանշել հենց այդ երգչուհուն, ով ինձ համար է եղել լավագույնի վառ օրինակը՝ մայրս՝ Սյուզան Մարգարյանը»,- նշել է երգչուհին:


Լրատվամիջոցների ուշադրությունը գրավել է նաեւ Սյուզան Մարգարյանի հրապարակումը թոռնիկի՝ Զաբելի հետ: Երգչուհին ցույց է տվել վարդերի իր վինտաժ ամանը եւ նշել է. «Այն մայրս տվել է ինձ, ես էլ կտամ Սիրուշոյին ու Զաբելին»:

Երրորդ հորիզոնականում Իվետա Մուկուչյանն է: Մայիսի սկզբին երգչուհին անդրադարձել է կեղծ լուրերին, թե իբր երեխայի է սպասում: Կազմվածքի փոփոխությունների վերաբերյալ մեկնաբանությունները, թերեւս, ամենաաննրբանկատ երեւույթներից են, ինչին էլ բախվել է Մուկուչյանը: Նա հորդորել է դադարեցնել կեղծ լուրեր տարածել: 

«Շնորհավորական զանգեր եմ ստանում բոլոր բարեկամներիցս: Իսկապես վերջ տվեք այդ ամենին: Բոլոր սահմաններն անցաք: Ես հղի չեմ»,- գրել է երգչուհին:

Մուկուչյանը նախորդ ամիս նաեւ նոր երգ է ներկայացրել: «Արի ու գնա»-ի խոսքերի հեղինակը Հարութ Թիզյանն է, երաժշտության հեղինակը՝ Վարդան Գալստյանը:



Եվրատեսիլյան օրերից հետո երգչուհին վերհիշել է իր ելույթը եւ այն պահը, երբ «Եվրատեսիլ 2016» երգի մրցույթի ժամանակ բարձրացրել է Արցախի դրոշը. «Եվրատեսիլի ժամանակ իմ կողմից Արցախի նկատմամբ հարգանքի անմոռանալի պահ էր։ Դա պարզապես դրոշ բարձրացնել չէր, այլ հայրենասիրական հպարտություն եւ իմ հայրենիքի հանդեպ համերաշխության զգացում»։



Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:

Կարդալ ավելին

Quality Sign BW