×


«Քայլելիս դերս էի կրկնում, երբ երկու «գթության քույր» օգնություն առաջարկեցին». բացահայտում ենք Լիդիա Գրիգորյանին

Հրաչյա Ղափլանյանի անվան դրամատիկական թատրոնի դերասանուհի Լիդիա Գրիգորյանը BRAVO.am-ի բացահայտումների շարքի նոր զրուցակին է:

- Հետաքրքիր փաստեր Ձեր մասին, որոնք քչերը գիտեն:  

- «Չեմ կարողանում» արտահայտությունը շատ քիչ եմ օգտագործում: Ներսս ավելի շատ բան կա, քան կարողանում եմ բառերով նկարագրել: Չափից ավելի ինքնաքննադատ եմ:

- Արվեստի 3 գործ, որոնք ամենաշատն են ազդել Ձեզ վրա:

- Դոստոեւսկու «Ապուշը» վեպը, որը 16 տարեկանում ձեւավորեց իմ աշխարհընկալումը: Շեքսպիրի ողբերգությունները, որոնք ինձ համար թաքնված գանձերի, գաղտնի կոդերի վերծանում են հանդիսանում: Երբ 17 տարեկանում բացեցի «Մակբեթ»-ը, «Կնոջից ծնված ոչ ոք չի կարող Մակբեթին վերք տալ» նախադասությունը շատ մեծ հետաքրքրություն առաջացրեց: Անհամբեր սպասում էի այս մտքի բացահայտմանը՝ «Ես իմ մոր արգանդից վաղաժամ հատված եւ դուրս եմ բերված»: Սկսվեց իմ մեծ սերը Շեքսպիրի հանճարի հանդեպ: Պուշկինի նկատմամբ թուլությունս մանկուց էր, իսկ «Եվգենի Օնեգին» վեպը կնոջ համարձակության, անձնազոհության ու բարոյական արժեքների գիտակցությունս ձեւավորեց:


- Զվարճալի կամ տարօրինակ բան Ձեր մասին, որ վերջերս եք իմացել։

- Ժամանակին փողոցում քայլելիս ներկայացումների տեքստերը մտքում էի կրկնում, իսկ հիմա բարձրաձայն, երբեմն էլ ժեստերով խաղում եմ: Ինձ թվում էր, թե ոչ ոք դա չի նկատում, մինչ այն օրը, երբ փողոցում ինձ մոտեցան 2 գեղեցկադեմ աղջիկ: Նրանք ներկայացան որպես «գթության քույրեր» եւ ինձ օգնություն առաջարկեցին (ծիծաղում է,- հեղ.):

- Ինչի՞ կամ ո՞ւմ մասին կարող եք ժամերով ու առանց հոգնելու խոսել:

- Ճիշտն ասած՝ ես ավելի շատ սիրում եմ լսել հետաքրքիր, ինտելեկտուալ ու անկանխատեսելի տեսանկյուն հայտնող մարդկանց: Հիմնականում կլսեմ արվեստի, մարդու եւ կյանքի մասին:

- 3 պատճառ, թե ինչու է թատրոնը հարազատ Ձեզ:

- Հետաքրքրասեր մարդ եմ, ձգտում եմ իմանալ ավելին, բացահայտել թաքնված հետաքրքիր իմաստներ, տողատակեր: Թատրոնը հնարավորություն է տալիս ուսումնասիրել տարբեր ոլորտներ, վերծանել մոռացված փաստեր, հանդիպել մարդու գիտակցության եւ անգիտակցականի հետ: Այն նաեւ հնարավորություն է տալիս ապրել բազում կյանքեր: Ամեն ներկայացման ընթացքում դերասանը բեմում նորովի ծնվում, ապրում, մահանում է: Թատրոնը թույլ չի տալիս մեծանալ:

«Գանգսթեր Մաքը» ներկայացումը


- Ինչո՞ւմ է դերասանի առաքելությունը, իսկ Ձե՞րը:

- Արտիստի առաքելությունն է ցույց տալ ժամանակի սթափ բնութագիրը, մոլորության պատկերը, ճշմարտության ճանապարհը: Մեջբերեմ նաեւ «Անվերջ վերադարձ» ներկայացումից Պարույր Սեւակի՝ ինձ համար հոգեհարազատ տողերը. «Արվեստագետի սրբազան պարտքն է ժողովրդին բարձրացնել դեպի արվեստի մակարդակը, եւ ոչ թե արվեստն իջեցնել մինչեւ ժողովրդի մակարդակը: Ծառայել, ոչ թե ծառա լինել»: Ստեղծագործելու արժեքն անձնվիրությունն է: Ես կյանքի հզոր ուժը զգում եմ այն ժամանակ, երբ այն օգտագործվում է ուրիշներին ծառայելու համար: Իմ առաքելությունը թատրոնին ազնիվ ծառայելն է:

- Իրավիճակ, որ կարող է պատահել հիմնականում դերասանի հետ:

- Հումորով պատասխանեմ այս հարցին. մերկ դուրս գալ բեմ այնպես, որ հանդիսատեսը չնկատի մերկությունդ: Այս արտահայտությունը շատ են օգտագործում թատերական ասպարեզում (ծիծաղում է,- հեղ.):

- Եթե Ձեր մասին ֆիլմ նկարենք, դերասանուհիներից ո՞վ կկարողանա լավագույնս մարմնավորել: 

- Էմմա Մանուկյանի եւ Վիլեն Սարգսյանի դուստրը՝ Սառա Սարգսյանը:

- Թատրոնի չերեւացող, բայց Ձեզ համար չափազանց սիրելի կողմը: 

- Աշխատասեր մարդ եմ, իսկ թատրոնը պահանջում է մեծ աշխատասիրություն: Թատրոնն ինձ համար փեթակ է, որտեղ գաղափարի շուրջ հավաքված ժրաջան մեղուների համախմբված աշխատանքի շնորհիվ ստեղծվում է մարդկության համար արժեքավոր մթերք՝ մեղրը (ներկայացումը): Երբեք չենք տեսնում նրանց անձնվեր աշխատանքը. մեզ համար մի գդալ մեղրն ընդամենը մի գդալ մեղր է, իսկ իրենց համար՝ մի մեղվի ամբողջական կյանք:


- Ինչպե՞ս եք խաղալու շնորհիվ ինքներդ Ձեր մասին նոր բաներ իմանում եւ ի՞նչ եք արդեն հասցրել պարզել:

- Յուրաքանչյուր կերպարի հետ հարստանում է հոգու ներկապնակը, լայնանում են ֆիզիկական հնարավորությունները, կոտրվում են կարծրատիպեր, առաջանում են աշխարհին նայելու նոր տեսանկյուններ: Ու ինչքան շատ ես ուսումնասիրում քեզ, այնքան ավելի շատ ես հասկանում, որ ոչինչ չգիտես քո մասին: Ու ինչքան ժամանակն անցնում է, այնքան ավելի շատ եմ դժվարանում նկարագիր տալ իմ մասին:

- Ո՞րն է մշակույթի շնորհիվ մարդկանց միջեւ տեղի ունեցող երկխոսության ամենակարեւոր ձեռքբերումը:

- Մշակույթի միջոցով է ձեւավորվում մադու արժեհամակարգը: Մշակույթը թույլ չի տալիս, որ մարդուն ի վերուստ շնորհված բանականությունն անգործությունից անպետք բորբոսնի: Սովորեցնում է մտածել, զգալ, ապրումակցել, մաքառել, ապրել...

Լիդիա Գրիգորյանը եւ ռեժիսոր Գրիգոր Խաչատրյանը


- Ձեր 3 ամենասիրելի թատրոններն ու ռեժիսորները:

- Երեւանի Հրաչյա Ղափլանյանի անվան դրամատիկական թատրոնի եւ իմ սերն այլ հարթության վրա է: Սիրելի այլ թատրոններ էլ կնշեմ որպես հանդիսատես՝ Վախթանգովի անվան թատրոնը, Ազգերի թատրոնը եւ Մեծ Բրիտանիայի ազգային թատրոնը: Գրիգոր Խաչատրյան ռեժիսորը նույնպես իր յուրահատուկ տեղն ունի իմ սրտում: Կնշեմ այնպիսի ռեժիսորների, որոնց բեմադրական աշխատանքները եւ մտածելակերպը հոգեհարազատ են ինձ՝ Ռիմաս Տումինաս, Լեւ Դոդին եւ Յուրի Բուտուսով:

- Դերասանի աշխատանքի կարեւոր սկզբունքները, որոնք Ձեզ համար երբեք չեն հնանա:

- Նշեմ այն, ինչը դերասանը չպետք է թույլ տա բեմում: Մեջբերեմ Շեքսպիրի տողերն իրենց առաքելությունից շեղված դերասանների վերաբերյալ, որը բարձրաձայնում է Համլետը. «Կան դերասաններ, որ դատարկամիտ հանդիսատեսի մի ստվար զանգված զվարճացնելու համար իրենք են սկսում ծիծաղել, այնինչ հենց այդ ժամանակ գաղափարական մի կարեւոր կետ ուշադրությունից դուրս է մնում: Դա գռեհիկ է եւ ապացուցում է այն հիմարի ողորմելի սնափառությունը, որն իրեն բեմի վրա նման կերպ է պահում»: Սա հանդիսատեսին հաճոյանալու նկարագիր է, որը բեմում անընդունելի վարքագիծ է: Չշեղվելը մասնագիտական բուն ճանապարհից եւ ազնիվ լինելը խղճի առաջ ինձ համար շատ կարեւոր սկզբունքներ են:

Լիդիա Գրիգորյանը՝ Համլետի կերպարում


- Իսկ ժամանակակից միտումների առաջացրած փոփոխություններն ինչպե՞ս են փոխել թատրոնը:

- Թատրոնը կենդանի օրգանիզմ է: Միշտ փոփոխվելով, նոր արտահայտչամիջոցներ փնտրելով, ժամանակակից հնարավորություններն օգտագործելով՝ քայլում է առաջ: Այսօր նախընտրությունը տալիս են արտաքին պատկերի գեղեցկությանը, քան բովանդակությանը: Քչացել են հեղինակային ներկայացումները, ավելացել են վաճառվողները: Կարելի է շոու անել, բայց չի կարելի դա թատրոն անվանել: Թատրոնը մարդու մասին պետք է լինի:

- Սիրելի դերասան, որի հետ կուզեք նույն բեմում հայտնվել կամ ֆիլմում նկարահանվել:

- Շատ են, բայց նշեմ մի քանիսին՝ Դանիել Դեյ-Լյուիս, Ալ Պաչինո, Լեոնարդո ԴիԿապրիո, Կոնստանտին Ռայկին, Ջուդի Դենչ, Թիլդա Սուինթոն:

- Հարց, որ երբեք չեն տվել, բայց շատ կուզեիք այդ մասին խոսել։

- Անկեղծ ասած՝ չեմ սիրում իմ մասին խոսել: Հիմա ինձ համար շատ դժվար է հարցերին պատասխանելը:

- Մայր լինելու ամենահաճելի կողմերը:

- Ամեն առավոտ արթնանալ ու հասկանալ, որ ավելի ես սիրում, քան երեկ:

- Իսկ մի քիչ հոգնեցնողնե՞րը:

- Կամակորությունից առաջացող անելանելիության զգացողությունը:

- Ի՞նչ եք սովորել Ձեր երեխաներից:

- Չմեծանալ:

Լիդիա Գրիգորյանը՝ որդիների հետ


- Առաջինն ի՞նչ կասեն Ձեզ ճանաչող մարդիկ, երբ հարցնենք Ձեր մասին:

- Երբեք չեմ հարցրել: Օրինակ՝ դուք ի՞նչ կասեիք:

- Ի՞նչ եք ինքներդ Ձեզ ասում հուսահատության պահերին:

- Թող Քո կամքը լինի:

- 5 իր, առանց որոնց Ձեր կյանքը չեք պատկերացնում: 

- Իրերի հանդեպ մեծ կապվածություն չունեմ: Իմ կապվածությունը մարդու հետ է: Համենայն դեպս, նշեմ մեկը՝ գիրքը:

- Ձեր ոճի մի քանի կանոն:

- Ձեւերի եւ գույների ներդաշնակություն:

- Հագուստ, որ երբեք չի լինի Ձեր զգեստապահարանում:

- Վուլգար:


- Երեւանում ամենասիրելի անկյունները:

- Դեպի Մատենադարան բարձրացող հատվածը: Աբովյան փողոցը:

- Բույրեր, որոնք Ձեզ տանում են մանկություն:

- Մայրիկիս բույրը, կիսաճերմակ մազերի բույրը, որը հայրիկիս է հիշեցնում:

- Մեր մեծերից ո՞ւմ հետ դեմ չէիք լինի զրուցել եւ ի՞նչ հարց կտայիք:

- Պարույր Սեւակի: Ինքը խոսեր, ես՝ լսեի:

- Վերջին մեկ տարվա լավագույն պահի կադրը:

- Քրոջս տասը տարի չէի տեսել...

Լիդիա Գրիգորյանը՝ քրոջ հետ


- Վերջին մեկ տարում ամենաշատը տպավորած երեք մարդիկ:

- Նեյրոկենսաբանության եւ հոգելեզվաբանության, գիտակցության տեսության գիտնական, պրոֆեսոր Տատյանա Չեռնիգովսկայան, բանասիրական գիտությունների թեկնածու, պրոֆեսոր Լիլիթ Մելիքսեթյանը, բանասեր, գրաքննադատ, բլոգեր Արմեն Զախարյանը:

- 2 ֆիլմ՝ տխրելու եւ ուրախանալու համար:

- Ֆեդերիկո Ֆելինիի «Ճանապարհը»՝ կատարսիսի համար, Պաոլո Սորենտինոյի «Պարտենոպա»-ն՝ ոգեշնչվելու:

- Կարեւոր բացահայտում, որ արել եք կյանքի մասին: 

- «Նախախնամություն կա նույնիսկ ճնճղուկի ընկնելու մեջ: Եթե հիմա պետք է լինի, հետո չի լինելու, եթե հետո չպետք է լինի, հիմա կլինի, եթե հիմա չլինի, մի օր լինելու է: Խոսքը պատրաստ լինելն է». Շեքսպիրն է խոսում Համլետի շուրթերով, իսկ Շեքսպիրն Ավետարան է մեջբերում:

- Մասնագիտական խորհուրդ, որ Ձեզ տվել են, բայց օգտակար կլինի իմանալ ոչ միայն արվեստի մարդկանց:

- Արմեն Խանդիկյանի կողմից հաճախ օգտագործվող կարգախոսներից մեկը՝ «Մեկս բոլորի, բոլորս՝ մեկի համար»:

- Մեկ բան, որ կուզեիք փոխել աշխարհում, եւ ի՞նչը հատկապես Ձեր սրտով չէ:

- Փողը մարդու կյանքի կենտրոնական առանցքն է գրավել: Կուզեի՝ աշխարհում առհասարակ փող չլիներ:

- Հայելու մեջ նայելով՝ ինչերի՞ համար կասեք, որ Ձեզ սիրում եք:

- Ուրիշին ավելի շատ եմ սիրում:

Լիդիա Գրիգորյանը եւ Գագիկ Մկրտչյանը


- Փոքրիկ ուրախություններ, որոնք Ձեր օրն անմոռանալի են դարձնում:

- Ամուսնուս ոգեւորվածությունը:

- Ի՞նչ է ապրելու արվեստը Ձեզ համար: 

- Ներկան զգալը եւ գնահատելը:

Զրույցը՝ Հասմիկ Բաբայանի
Լուսանկարները՝ BRAVO.am-ի եւ Լիդիա Գրիգորյանի անձնական արխիվից

Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:

Կարդալ ավելին

Quality Sign BW