Գյումրու Վարդան Աճեմյանի անվան դրամատիկական թատրոնի դերասանուհի Նառա Սանթոյանը BRAVO.am-ի բացահայտումների շարքի նոր զրուցակիցն է:
- Հետաքրքիր փաստեր Ձեր մասին, որոնք քչերը գիտեն:
- Տարբեր սպորտաձեւերի սիրահար էի, բայց երազում էի լեռնագնաց դառնալ ու կարծում էի՝ մասնագիտություն է: Դե, երեխա էի ու յուրաքանչյուր բարձրություն շատ արագ էի կարողանում բարձրանալ, եւ այդ ընթացքն ինձ աննկարագրելի հաճույք էր պարգեւում։ Հեչ չէի մտածում դերասանուհի դառնալու մասին՝ չնայած տարված էի թատրոնի ու կինոյի դերասանների խաղով:
Ցանկանում էի Հայաստանի ոստիկանության ակադեմիա ընդունվել, քանի որ ազգի համար պիտանի մասնագիտություն էի համարում: Նաեւ նրանից էր, որ դետեկտիվ գրականությունում բացահայտման ընթացքն անչափ դուր էր գալիս. գիրքը կողք էի դնում եւ ինքս փորձում գտնել հանցագործին, եւ հիմնականում ստացվում էր: Հետո ուզում էի Երգի թատրոն ընդունվել, բայց լսելով, թե ինչպես է երգում Վարդուհի Վարդանյանը, հասկացա, որ երգարվեստում անելիք չունեմ, իսկ իմ ունեցած տվյալները լրիվ բավարար են մասնագիտությանս համար։
Բեմ դուրս գալու բարդույթ ունեի, եւ Ալբերտ Մկրտչյանը մի անգամ դասից հետո ասաց. «Դու շնորհալի աղջիկ ես, բայց քո ամաչկոտությունը թույլ չի տա շարունակել այս մասնագիտությունը»: Ելքը գտա ու հսկայական եւ դժվարին աշխատանքի արդյունքում հաղթահարեցի ամաչկոտությունս։
28 տարի է՝ անդադար թատրոնում եմ, բայց ամեն անգամ բեմ դուրս գալուց առաջ ուզում եմ փախչել: Միակ փրկությունն արագ բեմ մտնելն է, իսկ մինչ այդ բավական ժամանակ կերպարի մեջ մտնելն ու մնալը:
- Արվեստի 3 գործ, որոնք ամենաշատն են ազդել Ձեզ վրա:
- Ռաֆայելի «Սիքստինյան Տիրամայրը», Անդերսենի «Անճոռնի ճուտիկը»: Ինձ համար զարմանալին հասարակությունը չէ, որը նրան չէր ընդունում, այլ, որ իմանալով «անճոռնի» է, տեսնելով գեղեցիկ կարապներին, գնահատեց, հիացավ եւ, ամենակարեւորը, չնախանձեց նրանց: Անգամ ուզեց գնալ նրանց մոտ, նույնիսկ եթե իրեն սպանեին: Շատ ծավալուն թեմա է ու խորքային սիրուն գործ: Արվեստի շատ գործերով եմ տպավորված, բոլորը չեմ թվարկի:
- Զվարճալի կամ տարօրինակ բան, որ Ձեր մասին վերջերս եք իմացել։
- Բարեկամուհուս փորձել էին համոզել, որ «Թղթե երազանք» սերիալում աղջկաս դերակատարն իրականում էլ դուստրս է: Անգամ ապացույցներ էին ներկայացրել, որ հավաստի աղբյուրից են ճշտել:
- Ինչի՞ կամ ո՞ւմ մասին կարող եք ժամերով ու առանց հոգնելու խոսել:
- «Աստվածաշնչի» ու Աստծո մասին, այնտեղ գրված ամեն խոսքի, դրվագի ու տեսարանի: Որովհետեւ այդ դեպքում է, որ խոսում եւ իմանում եմ իմ, ձեր, նրա, բոլորի մասին՝ առանց մի գրամ ստի առկայության: Այդ դեպքում է, որ էլ ավելի եմ սիրում կյանքը, բնությունը, մարդ արարածին, անգամ արժեւորվում ակնթարթն, ու թթվածինը շատանում է։
- 3 պատճառ, թե ինչո՞ւ է թատրոնը հարազատ Ձեզ:
- Երբ թատրոնում եմ, օրս հագեցած է: Այստեղ է, որ գրկում ես խաղացածդ տարբեր կերպարները, զգում իրենց սրտի աշխատանքը, բախվում բնավորություններին, հոգեվիճակներին: Սիրում եմ իրենց ներկայության մեջ եղածս այդ ժամերը: Եվ նրանք բոլորը մի վայրում են, որտեղ ներկա են նաեւ խաղընկերներիս կերտած կերպարները: Նրանք միասին են շնչում ու յուրաքանչյուրն իրական կյանքից վերցված ինչ-որ մեկի տեսակն է:
- Ինչո՞ւմ է դերասանի առաքելությունը, իսկ Ձե՞րը:
- Դերասանի առաքելությունն է չմոռանալ մասնագիտական հաճույքից զատ, հավաստի դերակատարումով լրացնել հանդիսատեսի ակնկալիքները, որոնք են կրթվելը, լցվելը, հագենալը, դաստիարակվելը։ Իմ դեպքում էլ նույնն է, ու նաեւ գիտակցումը, որ հենց մասնագիտությունդ կարող է հանդիսանալ քո սայթաքման պատճառը։ Ինձ համար անչափ կարեւոր է, թե ինչ գործի մեջ եմ զբաղվելու ու ինչպիսի տեսարաններ կարող են լինել։ Որքան հնարավոր է, փորձում եմ զգույշ լինել։
- Իրավիճակ, որ կարող է պատահել հիմնականում դերասանի հետ:
- Դերասանի խոսելաձեւը, շարժումները, դիմախաղը, կյանքին մոտենալու ձեւն ու շփումը մարդկային փոխհարաբերություններում երբեմն անհասկանալի եւ անընդունելի իրավիճակի մեջ են գցում նրան։ Երբեմն ստիպված ես գերլարված լինել այլ շրջապատում ու հարազատների շրջանակում, մինչդեռ թատրոնում կամ նկարահանման ժամանակ այդ խնդիրն ընդհանրապես չկա։
- Եթե Ձեր մասին ֆիլմ նկարենք, դերասաններից ո՞վ կկարողանա լավագույնս մարմնավորել։
- Պահ (ծիծաղում է,- հեղ.), լավ հարց եք տալիս, փորձեմ պատասխանել։ Ով էլ մարմնավորի ինձ, հաճույք է ստանալու իր խաղից, որովհետեւ ապրածս կյանքն ինձ համար գեղեցիկ է, լեցուն ու թունդ բոլոր զգացողություններով եւ պատահարներով՝ սկսած մանկությունից մինչ օրս։
- Թատրոնի չերեւացող, բայց Ձեզ համար չափազանց սիրելի կողմը:
- Մրջյունի նման տարվող աշխատանքը:
- Ինչպե՞ս եք խաղալու շնորհիվ ինքներդ Ձեր մասին նոր բաներ իմանում եւ ի՞նչ եք արդեն հասցրել պարզել:
- Ամեն մի կերպար քեզ կողքից նայելու հնարավորություն է տալիս, ստիպում է ձայնի նոր երանգ բերել, քայլել, մտածել, կատակել, հուզվել: Եվ երբ այս ամենը քեզնից հեռու է եւ արժանանում է գործընկերներիդ ուշադրությանը, հնչում են բուռն ու ոգեւորող խոսքեր, հանդիպում հանդիսատեսի հիացմունքին, աննկարագրելի զգացողություններ ես ունենում։
- Ո՞րն է մշակույթի շնորհիվ մարդկանց միջեւ տեղի ունեցող երկխոսության ամենակարեւոր ձեռքբերումը:
- Արժեհամակարգի եւ աշխարհընկալման ձեւավորումը, երբ սկսվում է վերագտնելու եւ վերափոխվելու գործընթացը։
- Ձեր 3 ամենասիրելի թատրոններն ու ռեժիսորները:
- Նիկոլայ Ծատուրյան եւ Վահե Շահվերդյան: Մյուսների գործերից շատ բան չեմ տեսել: Իսկ իմ սերնդակիցներից, միանշանակ, Նարինե Գրիգորյանը, որի բեմադրություններն ինձ համար մեծագույն արժեք են ներկայացնում։ Դե, իհարկե, Լյուդվիգ Հարությունյանը, քանի որ հիմնականում նրա հետ եմ աշխատում եւ տարիների ընթացքում տարբեր գործերի մեջ տեսել եմ ռեժիսորական հետաքրքիր մոտեցում: Երկար տարիներ նույն թատրոնի օդն եմ շնչել, դրա համար իր ձեռագրում ինձ ազատ եմ զգում, ստեղծագործական միտքս իր սահմաններից կարող է դուրս գալ։ Երրորդը երիտասարդ, բայց ապրված, տրամաբանությամբ օժտված Արտուշ Միքայելյանն է։ Նշված բոլոր ռեժիսորները յուրօրինակ են իրենց առանձնահատուկ ձեռագրով։
- Դերասանի աշխատանքի կարեւոր սկզբունքները, որոնք Ձեզ համար երբեք չեն հնանա:
- Ամեն ձեռքբերումից հետո մնալ համեստ, երբեք չկորցնել հարգանքն ավագ գործընկերոջ եւ աշխատակցի հանդեպ, ու ակնածանքը շնորհալի դերասանի նկատմամբ։
- Իսկ ժամանակակից միտումների առաջացրած փոփոխություններն ինչպե՞ս են փոխել թատրոնը:
- Եթե խելացի թիմ է աշխատում, միայն դրական ազդեցություն կունենա: Այս դեպքում մեր թատրոնը շահել է։
- Սիրելի դերասան, որի հետ կուզեք նույն բեմում հայտնվել կամ ֆիլմում նկարահանվել:
- Եթե ուսանողական տարիներին այս հարցը տայիք, կասեի՝ կատակերգության ժանրում՝ Անդրեյ Միրոնովի հետ: Հիմա ինձ համար կարեւոր է ոչ թե ով է խաղընկերս, այլ՝ ինչ ունակությունների եւ շնորհքի տեր է նա։
- Առաջինն ի՞նչ կասեն Ձեզ ճանաչող մարդիկ, երբ հարցնենք Ձեր մասին:
- Երեւի, կասեն՝ հումորով է, մարդամոտ, բարի:
- Ի՞նչ եք ինքներդ Ձեզ ասում հուսահատության պահերին:
- «Ես ամենակարող եմ ինձ զորացնող Տիրոջով»՝ աստվածաշնչյան խոսք է:
- 5 իր, առանց որի Ձեր կյանքը չեք պատկերացնում:
- Ինձ արգելել եմ իրերից կախում ունենալ: Այլ բան է, եթե այն անհրաժեշտ է եւ օգտագործում եմ:
- Ձեր կանքի մի քանի կանոն:
- Ունենալ պատասխանատվություն ու հումոր, նաեւ՝ ինքդ քո հանդեպ, լինել համբերատար, ջանք գործադրելու աստիճան լինել ներողամիտ։ Լինել բարի, բայց չլինել հանդուրժող։ Եվ ունենալ խաղաղ հոգեվիճակ, որի հաճախակի խախտման դեպքում ինձ համար միակ ելքը աղոթելն է ու զրույցն Աստծո հետ։
- Հագուստ, որ երբեք չի լինի Ձեր զգեստապահարանում:
- Չափից ավելի լանջաբացվածքով զգեստ եւ պատառոտված տաբատներ։
- Գյումրիում ամենասիրելի անկյունները:
- Միայն թատրոնում առաջ գրիմանոցի իմ անկյունն էր, հիմա՝ թատրոնի ամեն մի հատվածը։ Իսկ քաղաքում սիրում եմ կենտրոնական այն փողոցները, որոնցով քայլում եմ ամեն օր։ Նաեւ կենտրոնում գտնվող շատ սրճարաններ ու ռեստորաններ։
- Բույրեր, որոնք Ձեզ տանում են մանկություն:
- Դե, մանդարինի հոտը, յասամանի, ջեռոցում խորովվող կլեպով կարտոֆիլի, մայրիկիս թխած բիսկվիտի:
- Մեր մեծերից ո՞ւմ հետ դեմ չէիք լինի զրուցել եւ ի՞նչ հարց կտայիք:
- Հարց չէի տա, բայց կուզեի շատերին լսել, չէ՞ որ հենց նրանով են մեծ, որ չես հասցնում հարց տալ, իրենք գիտեն ինչի մասին խոսել:
- Վերջին մեկ տարվա լավագույն պահի կադրը:
- Դրանք շատ են լինում այն պատճառով, որ սիրում եմ ամեն պահն ու կարեւորում դրանք: Օրինակ՝ իմ ստուդիայի երեխաների երջանիկ դեմքերն առաջնախաղից հետո, երբ նրանց մանկական աչքերը մի քիչ շփոթված շողում են ծափերից եւ իրենց հարազատների ուրախությունից։
- Վերջին մեկ տարում ամենաշատը տպավորած 3 մարդիկ:
- Ես տպավորված եմ առհասարակ (ծիծաղում է,-հեղ.):
- 2 ֆիլմ՝ տխրելու եւ ուրախանալու համար:
- Վաղուց է, ինչ ֆիլմերի միջոցով ոչ ուրախանում եմ, ոչ տխրում։ Իսկ եղածներն էլ միայն փաստավավերագրական ֆիլմեր են։
- Կարեւոր բացահայտում, որ արել եք կյանքի մասին:
- Այն, որ մենք պատասխան ենք տալու Աստծուն՝ անգամ լավ ապրելու հնարավորությունը բաց թողնելու եւ չգնահատելու համար։
- Մասնագիտական խորհուրդ, որ Ձեզ տվել են, բայց օգտակար կլինի իմանալ ոչ միայն արվեստի մարդկանց:
- Ակադեմիայում նոր էինք սկսել դասերը, երբ մեր դերասանուհի Սուսաննա Բաղդասարյանի տանն Ալբերտ Մկրտչյանի հետ երեկոյան նույն սեղանի շուրջ նստելու հնարավորություն եղավ: Նա երիտասարդներին ասաց. «Հիմա ինձ այսպես նայում եք, բայց վաղը ձեզ համար կդառնամ սովորական մեկը»: Պնդեցինք, որ նման բան լինել չի կարող, բայց նա իր կարծիքին մնաց: Դա 1998 թվականն էր, ու մինչ օրս աշխատում եմ վաստակ ունեցող մարդկանց նկատմամբ ակնածանքս չկորցնել: Դա հիմնականում մեզ է հարկավոր, ոչ թե նրանց: Այն զգացողությունը, որ նայում էի մեկին, ով իրենից արժեք է ներկայացնում ինձ համար, այդ պահի զգացողության տերն ու վայելողը ես էի, ոչ թե նա:
- Մեկ բան, որ կուզեիք փոխել աշխարհում, եւ ի՞նչը հատկապես Ձեր սրտով չէ:
- Աշխարհում մի օր փոխվելու է այն, ինչը կուզեի՝ փոխվեր: Ի վերջո, դա մի օր լինելու է:
- Հայելու մեջ նայելով՝ ինչերի՞ համար կասեք, որ Ձեզ սիրում եք:
- Սիրում եմ ինձ նրա համար, որ ստեղծված եմ Աստծո պատկերով, ու նրա մտքով անցել է, որ ես ծնվեմ: Նշանակում է՝ անելիք ունեմ այս կյանքում։
- Փոքրիկ ուրախություններ, որոնք Ձեր օրն անմոռանալի են դարձնում:
- Ուրախությունը, մանավանդ Ձեր ասած փոքրիկները, պետք է տեսնել ու զգալ։ Փառք Աստծո, իմ աչքերը բաց են դրանք տեսնելու համար, եւ օրվա մեջ շատ են պատահում։
-Ի՞նչ է ապրելու արվեստը Ձեզ համար:
- Առաքելություն է:
Զրույցը՝ Հասմիկ Բաբայանի
Լուսանկարները՝ Գյումրու թատրոնի, Սանթոյանի անձնական արխիվից, BRAVO.am-ի
Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում: