Երեւանի Շառլ Ազնավուրի անվան հրապարակում այսօր բացվել է Հայաստանի ազգային հերոս, աշխարհահռչակ երգիչ Շառլ Ազնավուրի արձանը: Հեղինակը քանդակագործ Դավիթ Մինասյանն է։
«Լա Բոհեմ» անվանմամբ արձանի մտահղացման հիմքում Ազնավուրի բեմական կերպարն է համանուն երգի կատարման պահին՝ հանդիսատեսի ծափահարությունների ուղեկցությամբ:
«Ազնավուրի ձեռքում այն լեգենդար թաշկինակն է, որն արտիստը որպես պարտադիր ռեկվիզիտ օգտագործում էր այս երգի ամեն կատարման ժամանակ, իսկ երգի ավարտին՝ նետում հանդիսատեսին»,- նշված է «Ազնավուր» հիմնադրամի տարածած հաղորդագրությունում:
Արձանը պատրաստված է բրոնզից, օգտագործվել են նաեւ այլ նյութեր՝ մարմար, կարմիր էմալ: Քաշը 1850 կգ է:
«Ազնավուր» հիմնադրամի համահիմնադիր Նիկոլա Ազնավուրը արձանի բացման արարողությանը նշել է, որ հայրը շատ էր սիրում Հայաստանը. «Սիրում էր ոչ միայն խոսքով, այլեւ գործով։ Նա ամուր պահում էր Հայաստանն իր սրտում ու տանում այն իր հետ ամենուր։ Նա հավատում էր այս երկրի ուժին, մշակույթի հարստությանը, ապագային: Այս արձանը պատկանում է հայ ժողովրդին, ինչպես նաեւ աշխարհում բոլոր նրանց, ովքեր սիրել են եւ շարունակում են սիրել Շառլ Ազնավուրին»:
Լուսանկարները՝ «Ազնավուր» հիմնադրամի ֆեյսբուքյան էջից
Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում: