×


«Կարենը չէր ցանկանում, որ «Անորա»-ում հայերեն հայհոյանք հնչի». «Ոսկե ծիրան»-ային զրույց Թովմասյանի եւ Կարագուլյանի հետ

«Ոսկե ծիրանի»-ի շրջանակում տեղի ունեցավ երկար սպասված «Անորա» ֆիլմի ցուցադրությունն ու դերասաններ Կարեն Կարագուլյանի եւ Վաչե Թովմասյանի հետ քննարկումը։ Միացյալ Նահանգներից էլ միացել էր Կաննի «Ոսկե արմավենու ճյուղի» ու 5 «Օսկար»-ի արժանացած ֆիլմի ռեժիսոր Շոն Բեյքերը։

Ֆիլմի ավարտից հետո կազմակերպիչները նախ փորձեցին նրա հետ կապ հաստատել, բայց պատասխան չկար։ Վաչեն կատակեց, որ, հավանաբար, իր շանը՝ Բանսին, տարել է զբոսանքի, իսկ Կարենն ավելացրեց. «Գուցե դեռ քնած է»։

«Տեսեք, թե ընկերոջն ինչպես է արդարացնում։ Համարն ունի»,- ավելացրեց Թովմասյանը, բայց հավելեց, որ արդեն ինքն էլ ունի եւ գրանցել է որպես Կարեն-Շոն։

Մինչ նրանք կատակում էին, ճիշտ նշանակված ժամին Բեյքերը տեսակապով միացավ:


Բեյքերը կվերադառնա

Շոն. Թորոսի կերպարն առանց Կարենի չէր լինի, եւ նրա մասնակցությունն այս ֆիլմին եղել է հենց առաջին գաղափարներից մեկը։ Ուզում էինք անդրադառնալ ռուս-ամերիկյան համայնքին, բայց որ հայերն էլ մասնակցություն ունենան։ «Անորա»-ի իմաստը հենց մարդկանց հաղորդակցությունն ու դրա բացակայությունն է։

Ինձ համար բավական դժվար էր եռալեզու ֆիլմ նկարել, որում հերոսները խոսում են անգլերեն, ռուսերեն ու հայերեն, բայց Կարենն իմ կողքին էր: Նա բոլորին էլ տիրապետում է, եւ մասնակցել է նաեւ երկխոսությունների գրելուն։

Կարեւորն այն է, որ ես վստահում էի իմ դերասաններին ու նկարահանող խմբին, որոնք իմ շուրջն ամեն ինչ շատ հեշտ էին դարձնում։ Կարենի հետ շատ վաղուց ենք ծանոթացել: Ընդհանուր ընկեր ունեինք, ով նրա մասնակցությամբ կարճամետրաժ ֆիլմ էր նկարել, իսկ ես պրոդյուսերն էի։ Կարենի խաղը շատ տպավորիչ էր, ու հավանեցի նրան։


Վաչեն հիանալի կատակերգու է, բայց լսումներին նրա մեջ ավելին տեսա ու հավատացի, որ դրամատիկ դեր էլ կարող է խաղալ։ Զրույցի ընթացքում երկար անդրադարձա նրա մասնակցությամբ հեռուստաշոուին ու վստահությունս հայտնեցի նրան։

Ուզում էի ներկա լինել «Ոսկե ծիրան»-ին, բայց շատ զբաղված եմ ու չկարողացա ժամանել։ Կարենի հետ տարիներ առաջ՝ 2017-ին, մասնակցել ենք կինոփառատոնին ու հիանալի ժամանակ անցկացրել։ Կարենն ու Արսեն Գրիգորյանն ինձ համար անհավանական շրջայց էին կազմակերպել։ Անպայման կվերադառնամ Հայաստան։

Կարեն. Շոնն այնքան էր հավանել Հայաստանը, որ երեք օր անց արդեն ուզում էր այստեղ ապրել։

«Անորա»-ի պատճառով ունեցած նեւրոզը

Կարեն. «Օսկար»-ն ինձ հանարավորություն տվեց կինոառաջարկներին «ոչ» ասել: Որոշ առաջարկների արդեն այդպես էլ պատասխանել եմ ու ընտրում եմ միայն իմ հավանած ֆիլմերը։

«Անորան»-ն նկարահանելիս մտքովս չէր էլ կարող անցնել, թե ինչ մեծ հավակնություններ կարող է ունենալ։ 2009-2013 թթ. Շոնի հետ Բրայթոն Բիչում ապրող հայերի եւ ռուսների համայնքի մասին սցենար էինք գրում, որն ավելի շատ պատմելու էր տղամարդկանց մասին։ Տարիներ անց նույնիսկ մոռացա այդ նախագծի մասին, բայց փառք Աստծո՝ Շոնը չէր մոռացել։


Թորոսի կերպարն ինձ համար կարեւոր է, բայց այնքան էլ հեշտ չտրվեց։ Ֆիլմում խոսում եմ երեք լեզվով: Բենզալցակայանում մի տեսարան կա, որը Շոնը ցանկացավ՝ անգլերեն սկսեմ, ապա անցում կատարեմ ռուսերենի ու սահուն կերպով հայերեն ավարտեմ։

Երբ սցենարը կարդացի ու տեսա, որ 11 էջ տեքստ ունեմ, շատ լարվեցի ու անհանգստացա, նույնիսկ նեւրոզ ունեցա, սակայն հաջորդ օրն ամեն ինչ անցավ։

Լարված նկարահանումները

Վաչե. Երկրորդ տարին էր, որ ԱՄՆ-ում էի բնակվում, ու նկարահանումներին շատ լարված էի, հատկապես որ ամբողջ թիմն ամերիկացիներից էր բաղկացած, ու իմ առաջին գեղարվեստական ֆիլմն էր։ Բացի այդ, հայտնի դերասաններ էին մասնակցում. Յուրա Բորիսովն արդեն աստղ էր: Միայն Կարենին էի ճանաչում եւ նրա առաջ պատասխանատվություն էի զգում, քանի որ հենց նա էր ինձ խորհուրդ տվել Բեյքերին։

Մտածում էի՝ արդյոք մեր միջեւ քիմիան կառաջանա, թե՞ չէ։ Երբ նոր էինք ծանոթացել Կարենը խիստ նյույորքյան կերպարով «ձյաձյա» էր, հետո ճանաչեցի նրան, ու մտերմացանք։


Թեեւ բախտ եմ ունեցել շատերի հետ աշխատել, այդ թվում՝ փորձառուների, բայց Կարենն առանձնանում է. ամենաբնական ձեւով է խաղում, հիանալի է խոսում մանհեթենյան ակցենտով ու երեւանյան հայերենով: Անհասկանալի էր, թե ինչու է նաեւ ռուսերենին այդքան լավ տիրապետում։ Չէի հասկանում նաեւ, թե ինչու նրա մասին Հայաստանում ոչինչ չգիտենք։

Եթե ֆիլմը նկարահանելիս իմանայի, որ հաղթելու է Կաննում եւ 5 «Օսկար»-ի է արժանանալու, կլարվեի։ Թեեւ Շոնը բավական բծախնդիր է, բայց մեզ ազատություն էր տվել. յուրաքանչյուրը կարող էր առաջարկներ անել։ Անընդհատ հարցնում էր, թե հայերեն ի՞նչ խոսեցինք։ Հենց հավանում էր, միանգամից գոհունակությունն էր հայտնում։ Մոնտաժելու փուլում էլ նրանից նմանատիպ հարցերով անդադար ձայնային հաղորդագրություններ էի ստանում։

ԱՄՆ պատերազմից մեկ ամիս անց եմ մեկնել: Անընդհատ մտածում էի, որ ինչ կարող էի, արեցի, բայց միեւնույն է չօգնեցի, քանի որ այդքան ընկերներ կորցրինք։ Որոշեցի մեկնել մի այլ վայր, ուժեղանալ եւ այնտեղից օգտակար լինել հայրենիքին։ Սկզբում բիզնեսի մասին էի մտածում, մինչեւ մի օր Շոնից զանգ ստացա։ Բայց սկզբում չհավատացի, մտածեցի, որ ընկերներիս ձեռքի գործն է՝ կատակ են անում։ Հետո համացանցում կարդացի Կարենի մասին ու տեսա, որ արդեն 8 ֆիլմում է նկարվել։


Պարզվեց՝ նա դեռ 5 տարի առաջ էր ինձ նամակ գրել, որն այդպես էլ չէի բացել։ Լավ է, որ ինձնից չէր նեղացել: Զանգահարեցի ու ամեն ինչ բացատրեցի։ Հենց այս հրաշք մարդու շնորհիվ էլ մասնակցություն ունեցա «Անորա»-ում, ու ինքնավստահությունս ավելի ամրապնդվեց։ Մտերիմ ընկերներ ենք դարձել եւ անբաժան: Նա իմ թեւն ու թիկունքն է։

Հայերեն երկխոսություններն «Անորա»-ում

Կարեն. Ֆիլմում տեղ գտած հայերեն երկխոսությունները Վաչեի հետ ենք մտածել։ Ուզում էի, որ ֆիլմում հնչի իմ իմացած հայերենը։ Վաչեի հետ իմպրովիզներ անելը նման էր թենիս խաղալուն. իրար փոխանցումներ էինք անում ու միասին ստեղծագործում։

Վաչե. Կարենը չէր ցանկանում, որ հայերեն որեւէ հայհոյանք հնչի, բայց դա անհնար կլիներ։ Երկու հայ տղամարդու մասնակցությամբ նման խանաշփոթ առաջանա, կինն էլ մեկի քիթը ջարդի, ու նրանք չհայհոյե՞ն։ Նույնիսկ հաշվել են, որ ֆիլմում 149 անգամ հնչում է «ֆ»-ով անգլերեն հայհոյանքը, ռուսերեն էլ բավական կան, ու մենք՝ հայերս, միայն պիտի ասեինք՝ «գրողը տանի»: Ինչպե՞ս կլիներ։


Առաջիկա ծրագրերը

Կարեն. Ինձ հրավիրել են ամերիկյան ակադեմիայի անդամ դառնալ ու մասնակցել «Օսկար»-ի անվանակարգերի թեկնածուների ընտրությանը։ Ամբողջ աշխարհից 1400 դերասան է ընդգրկված այդ ցանկում, բայց Երեւանում ծնված ու մեծացած ոչ մեկը դեռ չի եղել։

Վաչե. Բացահայտեմ, որ Կարենը մի քանի օրից մեկնելու է ԱՄՆ ու այնպիսի մի հզոր ռեժիսորի ֆիլմում է նկարահանվելու, որի անունը, ցավոք, դեռ չեմ կարող նշել։

Ինչ վերաբերվում է ինձ, մտածում եմ ամերիկյան արտադրության նախագծերում աշխատել: Արդեն ֆիլմի գաղափար կա, մյուս նախագծի վրա էլ աշխատում ենք եւ սցենար գրում։ Նաեւ հղկում եմ վարպետությունս ու լեզուս, մասնագիտական գրքեր կարդում ու նախատեսում եմ սցենարական եւ դերասանական դասընթացների մասնակցել:

Պատրաստեց՝ Հասմիկ Բաբայանը
Լուսանկարները՝ Էմին Արիստակեսյանի
BRAVO.am

Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:

Կարդալ ավելին

Quality Sign BW