×


Եկեղեցում հուզված փեսան, պատռված կոշիկով հարսը. դրվագներ Դավիթ Աբրահամյանի եւ Ժաննա Քոչարյանի հարսանիքից

Կամերային թատրոնի ռեժիսոր, դերասան Դավիթ Աբրահամյանը եւ դերասանուհի Ժաննա Քոչարյանն ամուսնացել են: Նորապսակները հիմա մեղրամիսն են վայելում, որի ընթացքում ժամանակ են գտել ու պատասխանել են BRAVO.am-ի հարցերին։ 

- Շատ լավ եմ հիշում 2022-ի «Արտավազդ» մրցանակաբաշխության ժամանակ Դավիթի ամուսնության առաջարկությունը: Ի՞նչ եք դուք հիշում այդ օրվանից ու ձեր ապրումներից: 

Դավիթ.  Առաջադրված էի «Տարվա լավագույն երիտասարդ բեմադրիչ» եւ «Տարվա լավագույն երիտասարդական ներկայացում» անվանակարգերում, ինչպես նաեւ Էվա Խաչատրյանն իմ «Հինգ պատմություն սիրո մասին» գործով առաջադրված էր որպես «Տարվա լավագույն երիտասարդ դերասանուհի»։ Կարծում էի՝ ինչպես էլ չլինի, այդ երկու անվանակարգից գոնե մեկում մրցանակ կստանամ ու բեմում շնորհակալական խոսք ասելիս ամուսնության առաջարկությունը կանեմ։ Բայց որեւէ մրցանակի չարժանացա ու մտածում էի առաջարկությունը մեկ ուրիշ օր անել, թեեւ եղբայրս կնոջ հետ եկել էին ու ահռելի չափի ծաղիկներ բերել, որպեսզի փոխանցեն ինձ, իսկ ես Ժաննային նվիրեմ։ Էվան «Արտավազդ» ստացավ, ու որոշեցի ծաղիկները նրան նվիրել։ Բայց այնպես ստացվեց, որ Կամերայինի «Համլետ»-ը «Տարվա լավագույն ներկայացում» ճանաչվեց, եւ թատրոնի գեղարվեստական ղեկավար Արա Երնջակյանը բոլոր դերասաններին բեմ հրավիրեց։ 

Իմ հարսանիքի ազաբ Ավետը շնորհակալական խոսք ասաց, ու մտածեցի՝ ինչու հենց հիմա չանել առաջարկությունը։ Ամենահետաքրքիրն այն էր, որ հեռվից՝ 14-րդ շարքից, Էվան, հասկանալով, որ առաջարկություն եմ անելու, որոշեց ծաղիկները հասցնել ինձ։ Այդ օրը նա հետաքրքիր շոր էր հագել, որով դժվար էր տեղաշարժվում, մի ձեռքով այդ շորը, մյուսով՝ ահռելի ծաղկեփունջը բռնած, սկսեց 14-րդ շարքից իջնել, բայց մինչ հասավ մեզ, ամեն ինչ ավարտվել էր։   


Ժաննա. Եթե այդ օրվա տեսանյութերն ուշադիր նայեք, կզգաք, որ հենց Դավիթը հարցրեց. «Ժաննա, կամուսնանա՞ս ինձ հետ», շոկից երեք քայլ հետ գնացի, չգիտեմ՝ այդ պահին հետս ինչ կատարվեց։ Դավիթը ծնկի իջավ, ու միայն հիշում եմ, որ նրան ասացի. «Դավիթ, ամոթ է, կանգնիր» (ծիծաղում են,-հեղ.): Իմ ուշքն ու միտքն այն էր, որ մի ամբողջ մեծ դահլիճ մեզ է նայում։ Ինձ համար շատ հաճելի անակնկալ էր, թեեւ այդ պահին չհուզվեցի, բայց հենց դուրս եկա կուլիսներ, երջանկության արցունքները սկսեցին հոսել։

Դավիթ. Ես, Ժաննան ու Արա Երնջակյանը գրկել էինք իրար ու երեքով լացում էինք (ծիծաղում են,-հեղ.):

-Եվ ահա անցավ 3 տարի: Այս ընթացքում ինչպե՞ս նորովի ճանաչեցիք ու ի՞նչն ավելի սիրեցիք միմյանց մեջ:

Դավիթ. Այս երեք տարվա ընթացքում ինձ համար հետաքրքիր բան բացահայտեցի. Ժաննան, լինելով շատ նուրբ, քնքուշ, մեղմ ու հանդարտ մարդ, երբ հերթը հասնում է ինձ պաշտպանելուն, 180 աստիճանով փոխակերպվում է։ Դիմացինին կարող է հոշոտել, եթե նա ինձ հետ կապված որեւէ հարցում սխալ անի։ Իսկ Ժաննայի մեջ ի՞նչ փոխվեց. միգուցե հասկացավ, որ սխալ ընտրություն է կատարել։

Ժաննա. (Ծիծաղում է,-հեղ.), իհարկե, ոչ։ Դավիթը շատ թեթեւ անձնավորություն է, ու հենց դա է իր մեջ ինձ դուր գալիս։ Նույնիսկ հարցազրույցից առաջ խնդրեց, որ չփիլիսոփայեմ, շատ թեթեւ ու հանգիստ խոսեմ։ Իմ կուրսղեկ Սաթենիկ Մաթեւոսյանը մի անգամ շատ լավ խոսք է ասել. «Իմացեք, որ ամուսնանում եք ձեր ընտրած մարդու թերությունների հետ»։ Այս ընթացքում ճանաչեցի նաեւ իր թերություններն ու հասկացա, որ սիրահարված եմ նույնիսկ դրանց, ինչը նշանակում էր, որ ամուսնանալու ճիշտ պահն է։ Հաստատ սխալ ընտրություն չեմ կատարել, թեպետ թերություններն էլ շատ չեն։

Դավիթ. Կարելի է ասել՝ անթերի եմ (ծիծաղում են,-հեղ.)։

- Ինչո՞ւ որոշեցիք հենց այս ամռանն անել հարսանիքն ու ինչպիսի՞ն էր կազմակերպչական ընթացքը: 

Դավիթ. Հարսանիքը նախատեսել էինք 2023 նոյեմբերին, երբ լրանում էր ծնողներիս ամուսնության 30-ամյակը: Շատ խորհրդանշական կլիներ նույն օրն անել։ Բայց այնպես պատահեց, որ ամռանը զորակոչվեցի բանակ՝ իմ պարտքը տալու Հայաստանի Հանրապետությանը, դրա համար էլ հարսանիքը մի փոքր հետաձգվեց։

Ժաննա. Ես, իհարկե, չէի մտածում, որ այս տարիքում կլինեմ զինվորի սպասողի կարգավիճակում, բայց այդպես դասավորվեց։

Դավիթ. Ու վերադառնալուցս ուղիղ 11 օր հետո ամուսնացանք: Նույնիսկ չհասցրի հանգստանալ։ Իսկ նախապատրաստական աշխատանքները փետրվարից են սկսվել. Ժաննան՝ մամայիս ձեռքը բռնած, ամեն հարցում ինձ տանջել է (ծիծաղում են,-հեղ.)։ Թեեւ ասել եմ, որ ամեն ինչին համաձայն եմ, բայց այնպես էին անում, որ որոշումներից անմասն չմնամ։

Ժաննա. Հարսի շորից մինչեւ տորթի ընտրությունը՝ իր մասնակցությունն ունեցել է։

- Ինչպիսի՞ հարսանիք էիք պատկերացրել, որքանո՞վ հենց ձեր ուզածը ստացվեց եւ ովքե՞ր էին այդ կարեւոր օրը ձեր կողքին: 

Դավիթ. Ուզում էի, որ հարսանիքը լինի ավանդական, ժամանակակից եւ ամենակարեւորը՝ առանց պարտավորությունների եւ ձեւականությունների։ Հարսանիքին հրավիրել ենք այն մարդկանց, որոնք սրտանց սիրում են մեզ ու ուրախացան մեզ հետ։ Թեեւ որոշները չկարողացան գալ, ինչի համար ցավում ենք, բայց մեզ համար շատ-շատ մեծ ուրախություն էր, որ այդ օրը կիսեցինք Արա Երնջակյանի, Հրանտ Թոխատյանի, Պերճ Թյուրաբյանի, Արամ Սուքիասյանի, Լուսինե Երնջակյանի, Սաթենիկ Մաթեւոսյանի, Ռաֆայել Երանոսյանի, Լուիզա Ներսիսյանի եւ Կամերային թատրոնի գրեթե ողջ անձնակազմի հետ։ 

Ժաննա. Ու ներկա էին մեր շատ մտերիմ բարեկամները, հարազատներն ու ընկերները։ 

Դավիթ. Բոլորը, մի ընդհանուր օրգանիզմ դարձած, շատ ուրախ քեֆ արեցին։ Մենք էլ ամբողջ երեկոյի ընթացքում չկարողացանք մի կտոր բան ուտել, որովհետեւ մեր հյուրերի հետ պարել ենք, քեֆ արել եւ ուրախացել։


- Դավիթ, երբ առաջին անգամ տեսաք հարսին, այդ պահը առանձնահատուկ է փեսաների համար, ի՞նչն ամենաշատը հավանեցիք: 

Դավիթ. Կարող եմ լավ ներկայացումից հուզվել ու էմոցիոնալ տեքստից հոնգուր-հոնգուր լաց լինել, բայց կյանքում պրագմատիկ ու ռեալիստ եմ, երբեմն՝ նույնիսկ սառը թվացող մարդ։ Առաջին միտքը, որ Ժաննային հարսանիքի օրը տեսնելուց հետո ունեցա, սա էր. «Ինչ լավ է, որ դիմահարդարումը շատ չեն արել» (ծիծաղում են,-հեղ.), որովհետեւ սովորաբար հարսանիքներին այնպես են շպարն անում, որ մոտենալ չի լինում։  

Ժաննա. Ինձ նախօրոք ասել էր. «Հույս չունենաս, որ լացելու եմ»։ Գիտեի արդեն, որ  էմոցիոնալ պոռթկում չի լինելու։

Դավիթ. Այդ պահին չլացեցի, որովհետեւ առաջին անգամը չէի տեսնում գեղեցկուհի կոնջս, բայց եկեղեցում հուզվեցի. երբ մի փոքր ավելի ուշադիր լսեցի քահանայի խոսքերը, կոկորդս լցվեց։ Հասկացա, որ շատ լուրջ որոշում ենք կայացրել, շատ կարեւոր ճամփաբաժանի առաջ ենք ու գնում ենք մեր ուղղությամբ։ 

- Ժաննա, Դուք ի՞նչ զգացիք, երբ Դավիթը ներս մտավ: 

Ժաննա. Այս տարիների ընթացքում ես էլ եմ իրենից վարակվել ու այդքան էլ էմոցիոնալ չեմ, թեեւ մեկ-մեկ ռոմանտիկ պատկերացումներ եւս ունենում եմ։ Ես էլ այդ պահին չեմ հուզվել, բայց ողջ օրվա ընթացքում՝ առավոտյան, մեր հանդիպմանը, եկեղեցում, երեկոյի ավարտին, ինձ այս մտքերն են հետապնդել. «Ինչ ճիշտ մարդ եմ ընտրել ու ինչ ճիշտ որոշում էր»։ 

- Ինչո՞վ ամեն մեկիդ համար առանձնացավ հարսանիքն ու ինչպե՞ս կհիշվի:

Դավիթ. Հասկացա, որ ոչ մի կերպ չեմ կարողանում ազատվել ռեժիսորի պարտականությունները կատարելուց. հարսանիքի ողջ ընթացքում այնպես էի անում, որ հյուրերի համար հարմարավետ լինի ու ամեն ինչ պլանավորածի պես անցնի։ Սկզբում նույնիսկ մի պահ հիստերիայի մեջ էի, բայց ամեն ինչ տեղն ընկավ։ Շատ հիշվող ու տպավորիչ պահերից էր Ժաննայի ու Արա Երնջակյանի, իմ ու երկուսիս կուրսի ղեկավար Սաթենիկ Մաթեւոսյանի պարը։ Որոշել էինք մեր հարսանիքին անպայման խմել ուսուցիչների կենացը եւ անդրադարձել ենք բոլորին՝ սկսած Հրանտ Թոխատյանից, որի շնորհիվ եմ ընտրել այս մասնագիտությունը, մինչեւ Սաթենիկ Մաթեւոսյանն ու Արամ Սուքիասյանը։ Բոլորին շնորհակալություն ենք հայտնել՝ մեզ որպես մարդ ու արտիստ կայացնելու համար, իսկ  վերջում հետները հանպատրաստից պարել: Ամեն ինչ տպավորիչ ստացվեց։ Ինչպես նաեւ անմոռանալի էր մեր չորսով պարը Հրանտ Թոխատյանի եւ Լուիզա Ներսիսյանի հետ, երբ Ռաֆայել Երանոսյանն իր հայտնի «Ճոճանակ»-ն էր կատարում։ Բայց Ժաննայի համար ավելի հետաքրքիր պահ կա։

Ժաննա. (Ծիծաղում է,-հեղ.)։ Մեր պարը նույնպես Դավիթն էր բեմադրել՝ չորս երգ միքսելով։ Երբ սկսեցինք պարել, կոշիկս պոկվեց, բայց ինձ չկորցրի, միանգամից հեռացրի, ու շարունակեցինք պարել։ 


- Մի քիչ պատմեք նաեւ քավորի՝ Մխիթար Ավետիսյանի, հարսնաքրոջ՝ Արուսիկ Գրիգորյանի ու ազաբի՝ Ավետ Զոհրաբյանի ընտրության մասին: 

Դավիթ. Մխիթարը կանգնած է իմ ակունքներում. նրան ճանաչում եմ 15 տարեկանից, երբ առաջին անգամ ոտք եմ դրել Կամերային թատրոն ու բեմի բանվոր, ռեկվիզիտոր աշխատել։ Այդ ընթացքում Երնջակյանը շատ արագ ժամկետներում բեմադրում էր քառօրյա պատերազմին նվիրված «Ճերմակ արագիլներ» ներկայացումը։ Մխիթարը պետք է շատ արագ սովորեր իր տեքստերն, ու մենք նրա հետ օրերով սովորել ենք դրանք. մնում էի հետն ու օգնում։ Այդպես էլ սկսվել է մեր մտերմությունն, ու այնպես է ստացվել, որ Մխիթարյանն իմ կյանքի ու մասնագիտական թալիսմանն է։ Նա իմ առաջին պրոֆեսիոնալ բեմադրությունից սկսած՝ պարտադիր կա բոլոր ներկայացումներում՝ «Հինգ պատմություն սիրո մասին», «Կուլիսներում կամ թատրոնի անատոմիա»: Նույնիսկ եթե որոշներում անմիջական մասնակցություն չունի, իր ձայնն է հնչում կամ այլ կերպ է կապված դրանց հետ, ինչպես «Պինգվիններ»-ում, «Ազնավուր»-ում եւ սպասվող «Չկա տղամարդ, չկա պրոբլեմ» ներկայացան մեջ։ Մխիթարը միշտ ինձ հետ է ու քավորի ավելի լավ ընտրություն չէի կարող կատարել։ Հետո մենք նույնանման ենք մտածում, կյանքին շատ հետաքրքիր հայացքով նայում։ Նա ամեն ինչում ու ամեն պահի մեջ ուրախություն գտնելու, փոքր բանից ոգեւորվելու ու ամենաչնչին միջոցներով տոն ստեղծելու հատկություն ունի, ինչն ինձ համար մարդկային հարաբերություններում ամենակարեւորն է։ Իսկ Ժաննան այս հարցում չէր էլ կարող այլ բան ուզել։

Ժաննա. (Ծիծաղում է,-հեղ.)։ Երբ նոր էինք ընկերություն անում, միշտ ասում էր. «Եթե մենք ամուսնանանք, մեր քավորը Մխիթար Ավետիսյանն է լինելու»։ Ինձ այդ մտքով ոգեւորում էր։ 


Դավիթ. Ինչ վերաբերվում է ազաբ Ավետին, նա իմ երկար տարիների ընկերն է. ծանոթացել ենք Թատերական ինստիտուտում։ Ուսանողական խորհրդի նախագահն էի ու ես էի իրենց տանում ընդունելության քննություններին։ Ավետն իրենց խմբում ամենաբարձր գնահատական ստացած տղան էր, ինչով զարմացրել էր ինձ։ Այդ պահից սկսած՝ մեր շփումը շատ հետաքրքիր է անցնում։

Ժաննա. Դավիթը տաղանդավոր մարդկանց հանդեպ թուլություն ունի։ 

Դավիթ. Իսկ Ավետը շատ տաղանդավոր է, ամեն առիթով նշում եմ, երբ Կամերային թատրոնում «Համլետ»-ն էր բեմադրվում, եւ ուզում էին նրան փորձել, ես եմ իր հեռախոսահամարը փոխանցել (ծիծաղում են,-հեղ.)։ Ավետն այդ փորձությունը մեծ պատվով կատարեց, եւ չեմ սխալվի, եթե ասեմ՝ դարձել է Կամերայինի ամենասիրելի, նույնիսկ առաջատար դեմքերից մեկը։ 

Ժաննա. Մեր շատ լավ ընկերն է ու շատ կարեւոր մարդ է դարձել մեր կյանքում։

Դավիթ. Ուրախ է, թեթեւ, պոզիտիվ, նրա հետ շատ հեշտ է շփվել։ Նաեւ համոզելու յուրահատուկ հատկություն ունի. հարսանիքի ընթացքում ինձ այնքան բան է կարողացել համոզել։

Ժաննա. Ինչը ես երբեք չէի կարողանա համոզել։

Դավիթ. Սկսած հագուստի ընտրությունից՝ կարողացել է ինձ համոզել: Ուղղակի ձայնը գլուխն է գցել ու ասել, թե ինչպես պետք է լինի։ Ես էլ մտածել եմ՝ եթե ինչ-որ մեկն ինձնից ավելի բարձր է գոռում, պետք է ենթարկվել (ծիծաղում են,-հեղ.)։ Իսկ ես ու Արուսիկը՝ Թատերական ինստիտուտից սկսած, այնպիսի լավ ճանապարհ ենք անցել՝ ընկերական, մաքուր ու սրտացավ օրեր, խենթ իրադարձություններ, տարբեր փառատոններ։ Ասեք իմ մանկության ընկերը լինի։  

Ժաննա. Իրականում ընտրությունը ես եմ կատարել, որովհետեւ առաջին մարդն էր, ում հետ Դավիթն ինձ ծանոթացրել է, երբ դեռ ընկերություն էլ չէինք անում։ Ասել է. «Ինձ համար կարեւոր մարդ է ու շատ լավ ընկեր, մեր ընտանիքի հարազատը կդառնա», ու այդպես էլ եղել է։ Նրան մեր ընտանիքի անդամ ենք համարում ու շատ սիրում։ Հարսանաքույրը հենց նա պիտի լիներ, այլ կերպ չէր էլ կարող լինել։

Դավիթ. Եթե Արուսն ասեր. «Չէ, Ժաննան լավը չէ», այդտեղ ամեն ինչ կավարտվեր: Այդքան կարեւոր է նրա կարծիքը (ծիծաղում են,-հեղ.)։

Ժաննա. Ես էլ որպես շնորհակալություն որոշեցի հարսնաքույր կարգել, որ ժամանակին Դավիթին չի ասել՝ լավը չեմ (ծիծաղում են,-հեղ.)։


- Ի՞նչ կմաղթեք իրար հետագա կյանքի ընթացքում: 

Դավիթ. Ես մաղթում եմ Ժաննային...

Ժաննա. Որ համբերատար լինի։

Դավիթ. Որ սպասի խոսեմ, վերջացնեմ, նոր ասի. «Չէ»։ Երբեմն չի լսում ու վերջում ասում է. «Վա՜յ, դա նկատի ունեի՞ր»։ Բայց դա միայն իր խնդիրը չի: Սովորաբար, կանայք մինչեւ վերջ լսելու հատկությունը չունեն։ Մաղթում եմ, որ դիմանա ինձ, որովհետեւ այս մասնագիտության մեջ շատ բաների չես կարողանում ավելի մեծ ուշադրություն դարձնել, քան պիտի դարձնեիր, ու ըմբռնումով մոտենա ինձ։ Դե, ես էլ եմ շատ ըմբռնումով մոտենում, որովհետեւ ինքն էլ է այս ոլորտից։ 

Ժաննա. Ես էլ Դավիթին համբերություն եմ մաղթում, որովհետեւ հեշտ բնավորություն չունեմ։ Մեկ-մեկ զարմանում եմ, թե ոնց է ինձ դիմանում: Նրան պարզապես ծով համբերություն եմ մաղթում եւ, իհարկե, սեր (ծիծաղում են,-հեղ.)։

Դավիթ. Սեր, հարգանք, ախպերություն, ջանսաղություն (ծիծաղում են,-հեղ.)։


- Մասնագիտական ի՞նչ  ծրագրեր ու անելիքներ ունեք մեղրամսից վերադառնալուց հետո։

Դավիթ. Այնպես ստացվեց, որ մեղրամսից եւ թատրոնի արձակուրդից հետո վերադառնում ենք ու մեզ պրեմիերա է սպասվում։

Ժաննա. Թատերաշրջանը սկսում ենք «Չկա տղամարդ, չկա պրոբլեմ» ներկայացմամբ, որի հեղինակն Արա Երնջակյանն է, իսկ ռեժիսորը՝ Դավիթ Աբրահամյանը։

Դավիթ. Գովազդը սկսվեց (ծիծաղում են,-հեղ.), իսկ Ժաննան խաղում է։ Առաջին դեպքն է, որ համագործակցում ենք որպես ռեժիսոր ու դերասան։ Ինչքանով է հեշտ կամ բարդ տրվել, կդատի հանդիսատեսը։

Ժաննա։ Կարծում եմ՝ Դավիթին ինձ հետ շատ բարդ էր, բայց ինձ համար՝ շատ հեշտ։

Զրույցը՝ Հասմիկ Բաբայանի
Լուսանկարները՝ Հակոբ Քալաշյանի

Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:

Կարդալ ավելին

Quality Sign BW