«VO.X» երաժշտական նախագծի պրոդյուսեր Արամ Րիանը BRAVO.am-ի հետ զրույցում պատմել է, որ հայ առաջին երաժիշտն է, որը ձայնագրվել է լոնդոնյան «Էբբի Ռոուդ» ստուդիայում: Զրուցել ենք այդ կարեւոր երաժշտական իրադարձության, հնչյունային ռեժիսոր Մայլզ Շոուելի հետ աշխատելու, «Տաղավար 2»-ում «Բիթլզ»-ի շունչը զգալու ու նրանց դաշնամուրը նվագելու մասին:
- Արամ, պատմեք, թե Ձեր երաժշտությունն ինչպե՞ս է հասել «Էբբի Ռոուդ» ստուդիա։
- «Էբբի Ռոուդ»-ն աշխարհի ամենահայտնի հնչյունային եւ ձայնագրման ստուդիաներից է, եթե ոչ ամենահայտնին՝ «Բիթլզ»-ի լեգենդար նույնանուն ալբոմի եւ կուլտային դարձած հետիոտնային անցումի շնորհիվ: «Էբբի Ռոուդ»-ի տաղավարներից մեկում հայտնվելն ու աշխատելը բազում երաժիշտների ու կոմպոզիտորների երազանքներից է միշտ եղել, հատկապես՝ բիթլասերների, այդ թվում՝ նաեւ իմ: 2025 թվականն ինձ հնարավորություն ընձեռեց դառնալ հայաստանյան երաժշտական իրականության առաջին ներկայացուցիչը, ով գործի բերումով ոտք դրեց «Էբբի Ռոուդ» ստուդիա:
- Ինչպիսի՞ն էր Ձեր երազանքն իրականություն դարձնելու ճանապարհն ու ովքե՞ր են Ձեզ դրանում օգնել։
- Երազանքն իրականացնելու պահը հասունացավ այս տարվա մայիսին: Մինչ այդ՝ ապրիլին, ամերիկյան Sony Music-ի միջոցով լույս էր տեսել իմ «Lyricless» («Անխոսք») ալբոմը՝ երբեւէ խոսքեր չգտած հեղինակային մեղեդիներիս սիմֆոգործիքային մշակումների առաջին հավաքածուն: Բայց երկու տասնամյակից ավելի հայտնի լինելով որպես գոսպել-փոփ-ռոք երգահան եւ «VØ.X» («Վոքս») երաժշտական նախագծի պրոդյուսեր՝ մայիսին կրկին վերադարձա այդ ամպլուայիս ու գրեցի մի քանի նոր, ամբողջական երգ:
Արդեն ունենալով երկու հազարից ավելի հեղինակային ստեղծագործություն, ճիշտն ասած, վերջերս հազվադեպ եմ երգ գրում. զգուշորեն եմ վերաբերվում երգահանությանը, որ սեփական երաժշտական աղբը չկուտակեմ: Եվ երբ այս շրջանում վերջապես ծնվում է նոր երգ, նշանակում է, որ հասունացել է ինչ-որ հույզ, վերապրում, ասելիք, եւ հավանականություն կա, որ գուցե արժեքավոր բան ստացվի:
Իմ ստեղծագործությունները ճանաչողները գիտեն, որ մեծ մասամբ իմաստավոր երգեր եմ գրում: Վաղուց լինելով կայացած երգահան-կատարող եւ միջազգային մակարդակի բազում նվաճումներ տեսած երաժշտական պրոդյուսեր՝ չեմ սիրում հանդես գալ բեմերում կամ էկրաններին: Փոխարենը նախընտրում եմ ստեղծագործական կյանքս լցնել իմաստ պարունակող գործերով կամ իրադարձություններով, որոնցով կհպարտանամ որպես իմ կենսագրության տարր կամ որպես երաժշտական ժառանգություն ինձնից հետո: Այս նոր երգերն այդպիսինների շարքից են: Ավելին՝ զգացում ունեի, որ իմ գրած լավագույն երգերից են, այդ իսկ պատճառով միտքս հուշեց, որ դրանց արժե հատուկ վերաբերմունք ցուցաբերել: Վերջնական մշակման համար Լոնդոնի Abbey Road ստուդիա այդ երգերը տանելն այս պարագայում հատուկ վերաբերմունքի լավագույն դրսեւորումն էր:
- Ինչպե՞ս էր աշխատել հնչյունային ռեժիսոր Մայլզ Շոուելի հետ, ու մի քիչ պատմեք ձեր համագործակցության մասին։
- Երբ ծավալած նամակագրությանս արդյունքում «Էբբի Ռոուդ»-ի ղեկավարությունը հաստատեց հայտս եւ աշխատանքային այցով ստուդիան այցելելու հրավեր ուղարկեց, ես արդեն գիտեի, որ առաջնահերթ նախընտրությունս է լինելու լեգենդար հնչունային մասնագետ Մայլզ Շոուելի հետ աշխատելը: Մայլզը վերջնական արդյունքի է հասցրել մեծանուն եւ հայտնի բազում արտիստների ստեղծագործություններ («Բիթլզ», «Քուին», Փոլ ՄաքՔարթնի, «ԱԲԲԱ», «Ռոլինգ Սթոունզ», Էմի Ուայնհաուս, Լանա դել Ռեյ, Էրիկ Կլեպտոն, Էդ Շիրան, Դուա Լիպա եւ ուրիշներ), բնական էր նրա հետ աշխատելու մեծ ցանկությունս: Սկզբից ինձ ասացին, որ խիստ զբաղված է եւ տեղ չունի իր գրաֆիկում, բայց վերջին պահին, երբ արդեն ծանոթացել էր նյութիս ու տեղեկացել, որ հեռու հեռվից հասնելու եմ Լոնդոն, համաձայնեց մայիսի 27-ին ժամանակ տրամադրել նոր երգերիցս երկուսի մշակմանը:
Մայիսի վերջին շաբաթն էր, երբ մեկնեցի Մեծ Բրիտանիա: Ուսանողական տարիներիս ընթացքում, երբ այնտեղ էի ապրում, շատ էի եղել Էբբի Ռոուդ փողոցում եւ քայլել բիթլզյան հետիոտնային անցումով: Բայց հենց «Էբբի Ռոուդ» ստուդիա այս տարի ոտք դրեցի առաջին անգամ: Նմանատիպ փորձ ունեցել էի 2006-ին, երբ երաժշտական ալբոմներիցս մեկը տարել էի մշակման համար «Փինք Ֆլոյդ»-ի լոնդոնյան «Britannia Row» ստուդիա: Սակայն «Էբբի Ռոուդ»-ը գագաթնակետային երազանքներիցս էր:
Երբ վերջապես եկավ մայիսի 27-ը, ինձ համար ամենամեծ անակնկալն էր, որ լեգենդար մասնագետ Մայլզ Շոուելը, որի անձնական տաղավարում շարված էին իր մշակած բոլոր բիթլզյան ալբոմները, եւ որի կողքի աթոռին, որում այդ պահին ես էի նստած, գուցե դրանից մի քանի օր առաջ եղել էր Փոլ ՄաքՔարթնին, ոչ միայն իմ աչքերի առաջ աշխատում էր արդեն իմ երգերի վրա, այլեւ ի զարմանս ինձ՝ գովում երգերս ու գործիքավորումներիս որակը: Ապշել էր, որ երգերիս ձեւավորման բոլոր փուլերի (գործիքավորում, օրկեստրավորում, ձայնագրություն, բոլոր գործիքների ու վոկալների կատարում) հետեւում միայն ես եմ: Աննկարագրելի պատիվ էր ինձ համար նրա այդքան դրական արձագանքը:
Իր անգլիական զսպվածությամբ հանդերձ՝ Մայլզն այնքան էր հավանել երգերս, որ ոչ միայն ուրախությամբ համաձայնեց՝ իր անունը պաշտոնապես նշվի երգերիս լույս տեսնելիս, այլեւ բացառություն կարգով, ցույց տվեց «Էբբի Ռոուդ»-ի ամենահայտնի տաղավարները: «Տաղավար 1»-ում ձայնագրվել են ամենահայտնի ֆիլմերի օրկեստրային սաունդթրեքերը, այդ թվում՝ «Աստղային պատերազմներ»-ի, իսկ «Տաղավար 2»-ում անցել է «Բիթլզ» խմբի ձայնագրման կյանքը:
- Ի՞նչ զգացիք «Բիթլզ»-ի «Տաղավար 2»-ում: Արդյո՞ք զգացվում էր նրանց էներգիան ու ազդեցությունը։
- Այն եղել է խմբի երաժշտական, ստեղծագործական եւ ձայնագրման տունը: Մինչեւ հիմա ներսում գրեթե ոչինչ չեն փոխել, որպեսզի 1960-ականների շունչը մնա: Իր ընձեռած բացառիկ հնարավորության դիմաց Մայլզ Շոուելը խնդրեց չլուսանկարել եւ չտեսագրել այդ լեգենդար տաղավարները եւ փորձել հիշել ամեն ինչ աչքերով ու մտքով: Առանց հատուկ լիազորագրի նկարելն արգելված է: Վերապրումներս տիեզերական էին. գրքերից ու լուսանկարներից անգիր իմանալով «Բիթլզ»-ի տաղավարային տարիները՝ ամեն ինչ վայրկենապես ճանաչեցի. նույն հատակն էր, նույն վինտաժային սարքավորումները, դեպի հնչունային մոնտաժի խցիկ տանող աստիճանները: Վերապրելու առումով գագաթնակետ դարձավ այն, որ ինձ թույլ տվեցին նվագել «Բիթլզ»-ի օրիգինալ դաշնամուրը`«տիկին Միլզ» մականունով Steinway Vertegrand-ը: Փոլ ՄաքՔարթնին բազում երգեր է դրանով ձայնագրել, այդ թվում՝ «Lady Madonna» հիթը:
- Ե՞րբ են լինելու այդ ձայնագրության արդյունքներն ու ի՞նչ աշխատանքներ են դրանք։
- Մայլզ Շոուելի «Էբբի Ռոուդ»-ում մշակած երգերը լույս կտեսնեն մեկական ձեւաչափով որպես սինգլներ՝ երկուսն էլ գաղափարով միաբանված ընդհանուր ենթավերնագրի ներքո` «Tuesday Morning on Abbey Road» («Երեքշաբթի առավոտ Էբբի Ռոուդում»). մայիսի 27-ը երեքշաբթի էր: Եթե հետագայում շարունակեմ համագործակցությունս Մայլզի հետ, հաջորդող երգերիս ենթավերնագրերը գուցե լինեն իմ այցելած օրերին համապատասխան, օրինակ` «Ուրբաթ ցերեկ Էբբի Ռոուդում», «Չորեքշաբթի երեկո Էբբի Ռոուդում» եւ այլն:
- Ինչպե՞ս են դրանք ստեղծվել ու ի՞նչն է Ձեզ ոգեշնչել։
- Առաջինը լույս կտեսնի վերջերս գրած եւ ձայնագրած «Star-Crossed» («Դժբախտ աստղի տակ») երգս: Այն իմ դաշնամուրային երգերի շարքից է, պարունակում է մեղմ, մեղեդային տարրեր, ինչպես նաեւ էմոցիոնալ, ռոքային կտորներ, իսկ ամենաուշագրավն այն է, որ կյանքումս առաջին անգամ երգիս մեջ կա ռեփ հատված: Չնայած՝ սխալվեցի. ռեփային բեկորներ կային նաեւ իմ 1998-ի «Կայենի կրքերը» ռոք-օպերայում: Սովորաբար, ռեփից հեռու եմ, պարզապես երգի այդ հատվածում ասելիքը շատ էր, եւ չուզեցի հարմարեցնել որեւէ մեղեդու, որոշեցի արտասանել: Որպեսզի ճշմարիտ ռեփերները չվրդովվեն, անվանենք երգիս այդ կտորը ոչ թե ռեփ, այլ ռեչիտատիվ: Եվս մի հետաքրքիր փաստ է, որ երգում հնչող հզոր բասի համար օգտագործել եմ ոչ թե սովորական էլեկտրական բաս-կիթառ, այլ պստիկ, ակուստիկ ուկուլելե-բաս: Երգը լսելիս, սակայն, ընդհանրապես չես ասի, որ այդպես է:
«Star-Crossed»-ը, ինչպես մնացած բոլոր հրատարակած ստեղծագործություններս, հասանելի կլինի բոլոր թվային հարթակներում, բացի ռուսաստանյաններից, քանի որ ներկա ռազմաքաղաքական իրավիճակի համատեքստում Sony-ն դադարել է աշխատել Ռուսաստանի հետ:
- Այս տարի էլ ի՞նչ ծրագրեր ու նոր ձայնագրություններ են սպասվում։
- 2018 թվականից ի վեր 3 ամբողջական ալբոմի նյութ ունեմ ձայնագրած, որն ամփոփելու ու հրատարակելու ժամանակ չեմ ունենում: Եթե Աստված կամենա, հուսով եմ` այս տարի դրանցից գոնե լույս կտեսնի «VØ.X» նախագծիս հայալեզու «Unmade in Երեւան» (Ապաստեղծված է Երեւանում») ալբոմս, որը 2010-ի «Made in Երեւան» («Ստեղծված է Երեւանում») բավական սիրված ալբոմիս շարունակությունն է: Նաեւ պատրաստվում եմ թողարկել «#Made_in_Երեւան» անվանումով առաջին գիրքս՝ մոտ 200 դրվագ իմ տեսած, լսած ու իմացած երեւանյան իրականությունից: Այս դրվագներին շատերը ծանոթ են ֆեյսբուքյան գրառումներիս շնորհիվ, օրինակ՝ «Տղան ու գեներալը» բավական սիրվեց ու տարածվեց, հուսամ` գրքի ձեւաչափով էլ կընդունվեն:
Եթե ժամանակ մնա, այս տարի կվերաթողարկեմ նոր որակով եւ վերամշակմամբ այն երկու երգս, որոնք 20 տարի առաջ կրկնակի հաղթանակ բերեցին VØ.X նախագծիս Մեծ Բրիտանիայի ազգային երաժշտական մրցանակաբաշխության շրջանակում` «Լավագույն բրիտանական գոսպել-նախագիծ» անվանակարգում:
Զրույցը՝ Հասմիկ Բաբայանի
Լուսանկարները՝ Արամ Րիանի անձնական արխիվից
Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում: