«Վերջին մեկ տարվա ընթացքում կյանքս իսկապես շատ է փոխվել: Ավելի զբաղված եմ դարձել. հիմա ներգրավված եմ ռեստորանային բիզնեսում եւ, անկեղծ ասած, չեմ էլ հասցնում կարոտել հեռուստատեսային աշխատանքը»,- պատմել է Յանա Դանիելյանը՝ Ամալյա Հովհաննիսյանի «Look&Face» հաղորդման շրջանակում։ Հաղորդավարուհին անկեղծ խոսել է անձնական կյանքում փոփոխությունների, դստեր եւ նախկին ամուսնու հարաբերությունների, հաղթահարած դժվարությունների ու գտած երջանկության մասին։
«Նախագծի հիմնադիրը ես չեմ, բայց ինձ վստահվել է դրա ղեկավարումը։ Եվ դա մեծ պատասխանատվություն է, որովհետեւ խոսքն իսկապես մասշտաբային աշխատանքի մասին է, որն ի սկզբանե մեծ նորություն էր թե՛ ինձ համար, թե՛ ընդհանրապես հայկական շուկայում»,- մանրամասնել է Յանան։
Նա անկեղծացել է, որ փոփոխություններ կան նաեւ իր անձնական կյանքում․ «Իրականում զբաղված է իմ սրտիկը (ժպտում է,- հեղ)։ Մնացածը՝ Աստված առաջ»։
Յանան կիսվել է նաեւ իր փորձառությամբ ու մտքերով՝ որպես խորհուրդ․ «Մի փնտրեք երջանկությունը ուրիշի մեջ։ Այն պետք է նախ ինքդ քո մեջ գտնես, հետո այդ սերն ու երջանկությունը կտեսնես ամեն ինչում։ Ինձ թվում է՝ շատ պարզ է ամեն ինչ, ուղղակի մի՛ վազեք ոչ մի բանի ու ոչ մեկի հետեւից։ Ինչը ձերն է, միանշանակ ձերը կլինի: Ինչին արժանի եք, միանշանակ լինելու է։ Ու ամենակարեւորը՝ չվախենալ ոչնչից»։
Հաղորդավարուհին նաեւ անդրադարձել է հարցին՝ արդյո՞ք շփում կա դստեր՝ Ադելի, եւ նախկին ամուսնու՝ Սուրեն Փահլեւանյանի միջեւ։ Վերջինս իր հարցազրույցներից մեկում ասել էր, որ չեն հանդիպում դստեր հետ: «Կարելի է ասել՝ Սուրենն ու Ադելը շփում չունեն, հազվադե՜պ։ Ընդհանրապես որեւէ որոշում չկա նրանց չհանդիպելու, չխոսելու վերաբերյալ: Յուրաքանչյուրս ապրում ենք մեր կյանքը։ Լավ հարաբերություններ ունենք, ոչ մի խնդիր չկա։ Պարզապես իրականությունն է այսպիսին: Միգուցե զբաղվածությունն է պատճառը: Սուրենն էլ արդեն իր ընտանիքն ունի։ Երբ էլ հանդիպում են, շատ լավ շփվում են: Հայրիկից նեղանալու խնդիր չկա»:
Զրույցն ամբողջությամբ կարող եք դիտել այստեղ՝
Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում: