Լույս է տեսել երգչուհի Անուշիկ Ալավերդյանի երկար սպասված առաջին ձայնասկավառակը՝ «Մանրատերեւ»-ը: Այն ներառում է 7 օրորոցային երգ, որոնք երգչուհին նվիրում է աշխարհի բոլոր մայրիկներին եւ նրանց փոքրիկներին:
BRAVO.am-ի հետ զրույցում նա պատմել է, թե ինչպես է ծնվել օրորոցային երգեր թողարկելու գաղափարը, ինչու է ընթացքն այդքան երկար տեւել, եւ ովքեր են օգնել մտահղացումը կյանքի կոչելու ճանապարհին:
Դստեր ծնունդը
Ձայնասկավառակի միտքն առաջացել է 10 տարի առաջ, երբ ծնվեց աղջիկս: Նրան քնեցնելիս չէի ուզում որեւէ երգ միացնել. պարտադիր ինքս էի երգում: Ընթացքում զգացի, թե որքան եմ հոգով զգում այդ երգերն ու ինչքան կուզեմ, որ իմը դառնան ու նոր գործիքավորմամբ մատուցվեն:
Ձայնասկավառակի համար նոր երգ չի գրվել, բոլորն էլ տարածաշրջանային հին օրորներ են: Ընթացքը երկարեց, որովհետեւ ձայնագրությունները սկսելուց որոշ ժամանակ անց որոշեցինք ամբողջն այլ կերպ անել: Անընդհատ փոփոխություններ ենք կատարել, մինչեւ հասել ենք այս տարբերակին: Գործիքավորումն արել է ամուսինս՝ Կարեն Մամիկոնյանը: Ամբողջը կենդանի հնչողություն է:
Որդուս՝ Արենին, ծնված օրվանից քնեցնելու համար իմ ձայնասկավառակն եմ միացնում: Նույնիսկ հետաքրքիր է, որ ուրիշ երգերի ներքո չի քնում: Երբեմն ինքս էլ մտածում եմ՝ տեսնես ո՞ր երգի տակ է ավելի լավ քնում, ո՞րն է ավելի շատ սիրել: Բայց ինձ համար բոլոր երգերն էլ նույնքան կարեւոր են. որեւէ մեկը չեմ կարող առանձնացնել:
7-ը
Ամեն մի աշխատանքը համագործակցություն է որեւէ երաժշտի հետ, եւ գործիքավորման ընթացքում օգտագործվել է միայն մեկ գործիք: «Րուրի» երգի դեպքում համագործակցել եմ Գրիգոր Քարտաշյանի հետ. նա բլուլ եւ շվի է նվագել: Իսկ երգել եմ Աննա Երիցյանի, Սեդա Թեւանյանի ու Նաիրա Մելիքյանի հետ:
Երկրորդ երգի՝ «Օրորոցային»-ի համար Նորայր Գաբոյանը դուդուկ է նվագել: «Մանրատերեւը», որի անունով էլ ձայնասկավառակն է կոչվում, աշխատել ենք թավջութակահար Նարեկ Գասպարյանի հետ:
Մյուս օրորոցայինն Արտո Թունջբոյաջյանի հետ է: Ինքն է գործիքավորումը տեղում արել, բուլար է նվագել ու նաեւ որոշ հատված երգել:
«Ծիտիկի օրորը» հայրիկիս՝ Սարգիս Ալավերդյանի հետ զուգերգ է: Սոնա Ենգիբարյանն էլ տավիղ է նվագել: Այդ աշխատանքը պետք է առանձնացնեմ, քանի որ հայրիկիս հետ երգելն իմ ամենամեծ երազանքներից է եղել, եւ անչափ սիրուն գործ ենք ստացել, ինչի համար շատ երջանիկ եմ:
«Նազեի օրորը» «Գաթա» բենդի Գարեգին Առաքելյանի հետ ենք ստացել: Նա հանգ դրամ է օգտագործել: «Օրոր, բալաս»-ի դեպքում էլ աշխատել եմ Սայաթ-Նովայի անվան երաժշտական դպրոցի Զանգակների երգչախմբի հետ:
Երգերի ընտրությունն ու մատուցումը
7 կատարման դեպքում էլ երգեցողությունը բացարձակ չի փոխվել: Երբ խոսքն ազգագրական երգերի մասին է, երբեք փոփոխություններ չեմ անում: Նորովի եմ մատուցում միայն գործիքավորման շնորհիվ:
Օրորոցայինները շատ տարբեր վայրերից են՝ Թալիշից, Տավուշից, Գեղարքունիքից: Ընտրելիս էլ մանրակրկիտ եմ աշխատել: Գնացել եմ Կոմիտասի անվան պետական կոնսերվատորիա, հանել այնտեղի բոլոր օրորոցայիններն ու երկար ժամեր անցկացրել՝ դրանք ուսումնասիրելով: Փորձել եմ երգելով մտովի պատկերացնել ու հասկանալ՝ արդյոք կուզեմ դրանք ընդգրկել ձայնասկավառակում: Այդ ամբողջ օրվանից միայն մեկ երգ եմ ընտրել՝ Գեղարքունիքի «Օրորը»:
Ձայնասկավառակի շապիկի նկարն արել է Անի Հովակը: Շատ շնորհակալ եմ այդքան սիրուն ու հեքիաթային աշխատանքի համար, որը որեւէ մեկին անտարբեր չի թողել: Ձայնասկավառակիս վրա աշխատել է նաեւ եղբայրս՝ Հովակ Ալավերդյանը, որը երգերի միքս տարբերակն է արել:
Զգացողությունները
Շատ հպարտ եմ, որ ունեմ այս ձայնասկավառակը: Դրանում շատ արժեքավոր աշխատանքներ են ընդգրկված, որոնք փոխանցվելու են մեր ու հաջորդ սերունդներին: Դրանք մեր հին օրորներ են, որոնք նոր կյանք են ստացել ու մնայուն են դառնալու:
Այս ձայնասկավառակն ամուսնուս շնորհիվ է կյանքի կոչվել: Թեեւ միտքն իմն է, երգերի ընտրությունն էլ ես եմ կատարել, բայց իրականացնել ու այս գործիքավորմամբ մատուցել առանց Կարենի հաստատ չէի կարող:
Ծրագրերը
Մեր «Անուշիկ» ֆոլք խումբը նոր նախագիծ է: Դեռ տեսահոլովակ չունենք եւ այս ամիս փորձելու ենք անպայման նկարահանել: Դա էլ մի ուրիշ արժեքավոր նախագիծ է, որովհետեւ մեր ազգագրական երգերին նոր կյանք ենք տալիս՝ էլի առանց որեւէ բան փոփոխելու: Այդ երգերն էլ կարեւոր են հետագա սերունդներին փոխանցելու առումով: Որակյալ աշխատանք ենք անում, քանի որ աշխատում եմ Հայաստանի լավագույն երաժիշտների հետ:
Պատրաստեց՝ Հասմիկ Բաբայանը
Լուսանկարները՝ Անուշիկ Ալավերդյանի անձնական արխիվից
Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում: