Այս անգամ գրքեր ենք կարդացել, Արցախում ճամբար ու բանջարանոց գնացել, անմարդաբնակ կղզում հայտնվել ու տակո պատրաստել դերասանուհի Սրբուհի Բալայանի հետ:
- Ինչո՞ւ եք սիրում կամ հակառակը՝ այդքան էլ չեք հավանում տարվա այս եղանակը:
- Շատ եմ սիրում ամառը, ու սիրելուս ամենամեծ պատճառն արեւն է: Կարող եմ փողոցում ուղղակի կանգնել արեւի տակ ու տաքանալ: Երբեք չեմ շոգում: Չնայած՝ այս տարի տոթը մի քիչ ազդում է: Ամառն իսկական տաք էմոցիաների, սիրո, վառ գույների, էկզոտիկ մրգերի շրջան է:
- Ամառային ի՞նչ սովորություն կամ արարողակարգ ունեք։
- Ամառային արձակուրդների գեղեցիկ սովորությունները դեռ կան: Ամենասիրելի շրջանն է գրքեր գնելու եւ կարդալու, վինտաժային հագուստ գտնելու եւ հագնելու համար։ Ամենասիրելի ժամանակն է՝ դիտելու աշխարհի ամենաանհասկանալի սերիալները, ինչպես նաեւ այն ֆիլմերը, որոնք վաղուց պլանավորել էի ու չէի հասցնում։ Այս պահին նայում եմ «11»-ն ու բոլոր այն ֆիլմերը, որոնք կարոտում եմ:
- Ինչպե՞ս է ամառն ազդում Ձեր ստեղծագործական էներգիայի վրա:
- Էներգիայով լցված եմ լինում: Թվում է՝ այս երեք ամիսը վճռորոշ են, եւ հանգստի ու մնացածի հաշվին պիտի նոր ու հստակ որոշումներ կայացնես՝ սեպտեմբերը ճիշտ սկսելու համար (ծիծաղում է,-հեղ.), որպեսզի արձակուրդից հետո դպրոցում պատմելու բան ունենաս, աննպատակ չլինի:
- Ամենաանմոռանալի ու թեժ ամառը:
- Վաչեի հետ Եվրոպայում անմոռանալի ժամանակ ենք անցկացրել: Պատերազմից հետո Արցախ գնալս եւ իմ ամենասիրելի ճամբարին մասնակցելն անսահման էմոցիոնալ էր ու ջերմագին։
- Արդյոք ունեցե՞լ եք ամառային սիրավեպ, որը մինչ օրս հիշում եք:
- Կուզեի փոքր տարիքում ճամբարային սիրավեպ լիներ, բայց այդպես էլ չստացվեց (ծիծաղում է,-հեղ.):
- Ամռանն ամուսնանալու ամենալավ կողմերը:
- Կարծում եմ՝ չկան (ծիծաղում է,-հեղ.): Մենք պսակադրվել ենք մայիսին: Եթե շատ տոթ լինի, ու այդ հարսանեկան շորի մեջ տանջվեմ, չեմ ամուսնանա (ծիծաղում է,-հեղ.): Միակ դրական կողմը լողավազանը կլինի, որում կհայտնվեմ վերջում:
- Եթե միասին հայտնվեք անմարդաբնակ կղզում, ի՞նչ կտանեք Ձեզ հետ:
- Մեր տան բարձրախոսը՝ Ինգա եւ Անուշ Արշակյաններին, դասական գործեր լսելու համար, որոնք Վաչեն է սիրում, ու իմ սիրելի Զեմֆիրային:
- Ձեր ամուսնու հետ ի՞նչ հետաքրքիր ամառային արկած կցանկանաք ունենալ:
- Կուզեի, որ ողջ ամառն անցկացնեինք Բալիում: Մնում է՝ Վաչեն սիրի այն:
- Ո՞րն է կատարյալ ամառային ժամադրությունը:
- Բոլոր եղանակներին անակնկալ ծաղիկներ նվեր ստանալը՝ յուրահատուկ ծաղիկ: Նախապես ուտելու վայրն ընտրելը՝ սիրելի ուտելիքով, կամ էլ տանը հանգիստ նստելն ու միասին պատրաստելը:
- Ինչպե՞ս է ամառն ազդում սիրելու կամ սիրահարվելու վրա:
- Իմ պարագայում՝ ընտիր (ծիծաղում է,-հեղ.):
- Ո՞րն է եղել ամառային անմոռանալի համբույրը եւ որտե՞ղ:
- Կյանքիս մեջ չեմ հիշի (ծիծաղում է,-հեղ.):
- Որո՞նք են ամռանը սիրելիի հետ նախընտրած հետաքրքրիր զբաղմունքները:
- Ճանապարհորդելը: Վաչեի հետ՝ թեկուզ աշխարհի ծայրը:
- Ինչպե՞ս էիք փոքր տարիքում սիրում անցկացնել ամառը:
- Գյուղում՝ Նարեկիս, ընկերներիս հետ... Արեւի հետեւից վազելով, անդադար խաղալով, բանաստեղծություններ գրելով (ծիծաղում է,-հեղ.): Մինչեւ գիշերվա հազարը մամայիս հետ խոսելով ու թեյ խմելով: Ֆանտաստիկ էր:
- Ո՞րն է մանկությունից մնացած ամառային ամենալավ հիշողությունը:
- Բոլոր օրերն ու ժամերը: Մեր սրահում՝ տան ներքեւի հարկում, նստելը: Տատիկիս, մամայիս հետ մեր բակում ծաղիկներին նայելը, մեր բանջարանոցից բանջար հավաքելն ու գետի մեջ լվանալը, կծելով ուտելը։ Ու երեկոյան ժամը 7-8-ի կողմերը մամայիս եւ պապայիս սպասելը, որ ծանր բեռով գան բանջարանոցից (ծիծաղում է,-հեղ.):
- Ամառային սիրելի ուտելիքները:
- Լոլիկ, վարունգ, ֆետա պանիր. երբեք չեմ հրաժարվի:
- Ուտեստներ, որ կարողանում եք պատրաստել:
- Տապակած կարտոֆիլ, պաստա կարբոնարա, շատ համեղ տակո, ժուլիեն, պիցցա ու այն ամենն, ինչը կապված է ջեռոցի հետ:
- Զովանալու տարբերակներ:
- Սառույցով ջուր:
- Ամռանը դիտելու ֆիլմ կամ սերիալ:
- Թեթեւագույն «Ամառ, համադասարանցիներ, սեր» ֆիլմն ու «Էմիլին Փարիզում» սերիալը, թեեւ սովորաբար նախընտրում հոգեբանական դրամաները:
- Լավագույն գրքերն առման մասին:
- Խալեդ Հոսեյնի «Օդապարուկ թռցնողը» եւ «Հազար չքնաղ արեւներ»-ը, որոնք ծանր հոգեբանական գործեր են: Այս պահին կարդում եմ Նարինե Աբգարյանի «Ապրել»-ը: Խորհուրդ եմ տալիս կարդալ Վիլյամ Սարոյանի «Մայրիկ, ես սիրում եմ քեզ»-ը, Աբգարյանի «Մանյունյա»-ն: Ամռան համար լավագույնն է նաեւ Դաթո Տուրաշվիլիի «Ջինսի սերունդ»-ը:
- Հայաստանում ամռանն այցելելու 3 վայր:
- Գյումրի՝ քաղաքային էքսկուրսիայի, Լոռի՝ Դսեղ, Հանքավան, որտեղ անցկացվում է ճամբարային ABCAMP նախագիծը:
- Ինչպե՞ս եք պահում մարզավիճակն ու ի՞նչ առողջ սովորություններ ունեք:
- Այս պահին՝ ոչ մի կերպ, բայց ինքս ինձ խոստացել եմ վերանայել կյանքս (ծիծաղում է,-հեղ):
- Ի՞նչն է տարվա այս եղանակին Ձեզ ամենաշատը ոգեշնչում:
- Գույները, որոնք բերում է ամառը:
- Ո՞րն է կատարյալ ամառը Ձեզ համար:
- Իսկապես հանգիստը՝ ակտիվ եւ պասիվ:
- Արդյո՞ք դերասանի աշխատանքն ու արձակուրդը համատեղելի են:
- Միայն oգոստոսին՝ թատերաշրջանի ավարտին, է հնարավոր հանգստանալ: Դա էլ այնքան արագ է անցում, որ ասելու չէ։ Այնպես որ, անհամատեղելի են։
- Որտե՞ղ ու ինչպե՞ս եք պլանավորում հանգստանալ:
- Ծով կմեկնենք, ինչի համար անսահման երջանիկ եմ:
- Ի՞նչ է պետք անպայման հասցնել անել այս ընթացքում:
- Հանգստանալ ու գոնե վայելել ամռան բոլոր մայրամուտները:
- Ինչի՞ բույրն առնել:
- Ծաղիկների ու մրգերի:
- Ի՞նչ շոշափել:
- Սառույցով ջրի բաժակը:
- Ի՞նչ դիտել:
- «11»-ը:
- Որտե՞ղ լինել:
- Հայաստանի գոնե մի քանի կետում:
- Ո՞ւմ գրկել պարտադիր:
- Սիրելիի՜ն:
- Ի՞նչ սովորել:
- Նոր մասնագիտություն կամ մի նոր բան պատրաստել:
- Կարդալ:
- Հայկական ժամանակակից գրականություն՝ Կոստանդյան, Սեւադա, Աֆյան:
- Լսել:
- Զեմֆիրա, BoomBox:
- Ի՞նչ չթաքցնել:
- Զգացմունքները:
Զրույցը՝ Հասմիկ Բաբայանի
Լուսանկարները՝ Սրբուհի Բալայանի անձնական արխիվի
Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում: