×


«Գութանը» ազգային երգ ու պարով կտոնի Հայրիկ Մուրադյանի 120-ամյակը

«Գութան» ավանդական երգի-պարի փառատոնն այս տարի նվիրված է ազգագրական երգերի բանահավաք Հայրիկ Մուրադյանի ծննդյան 120-ամյակին։ Համերգը տեղի կունենա օգոստոսի 30-ին՝ Գաֆէսճեան քանդակների պարտեզում (Կասկադ)։

Փառատոնը կազմակերպում է «Մրրո» ազգային արվեստի կենտրոնը՝  ՀՀ վաստակավոր արտիստ Արսեն Գրիգորյանի նախաձեռնությամբ եւ ղեկավարությամբ։

Ամեն տարի «Գութան»-ի բեմում հանդես է գալիս ազգային-ավանդական երգ ու պարի ավելի քան 20 խումբ՝ ներգրավելով շուրջ 500 արտիստ։ Այս տարի հատուկ փառատոնին մասնակցելու համար Հայաստան է ժամանելու Ռոստովի «Զարկ» հայկական ավանդական երգի-պարի խումբը։

«Գութան 2025»-ին մասնակցում են «Ակունք», «Վան», «Սասնա ծռեր», «Նուբար», «Մասունք», «Վերադարձ», «Մարաթուկցիներ», «Արեգ», «Արդվին», «Սեբաստացիներ», «Ծովակ», «Մենք ենք, մեր սարերը» (Արցախ), «Տարոնցիներ», «Գորանի», «Տավրոս», «Ծիլք», «Մենք», «Հրայրք», «Նաիրի» եւ «Դարե» խմբերը։

Փառատոնի շրջանակում կներկայացվի Հայրիկ Մուրադյանի՝ մեզ փոխանցած մշակութային ժառանգությանը: «Գութան»-ի հիմնական նպատակն է պահպանել ու տարածել հայկական ազգային երգերն ու պարերը, դրանք ճանաչելի դարձնել հատկապես երիտասարդությանը եւ փոխանցել ապագա սերունդներին։ Փառատոնը նաեւ յուրահատուկ հնարավորություն է ստեղծում Հայաստան այցելած զբոսաշրջիկների համար՝ ծանոթանալու մեր մշակութային ժառանգությանը։

Փառատոնի շրջանակում երգերն ու պարերը ներկայացվում են բնօրինակ տարբերակով՝ առանց ժամանակակից մշակման: Հատուկ տեղ են զբաղեցնում նաեւ «ՆախաԳութան» ինտերակտիվ համերգները, որոնք փառատոնից առաջ տեղի են ունենում Երեւանի վարչական շրջաններում եւ տարբեր համայնքներում։

Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:

Կարդալ ավելին

Quality Sign BW