×


«Չարենցը»՝ այսօրվա մարտահրավերներով. Դավիթ Հարությունյանի ներկայացումը Վանաձորի թատրոնում

Վանաձորի Հովհաննես Աբելյանի անվան պետական դրամատիկական թատրոնն իր 94-րդ թատերաշրջանը բացել է Դավիթ Հարությունյանի «Չարենց» ներկայացմամբ։ BRAVO.am-ի հետ զրույցում աշխատանքի մասին հետաքրքիր մանրամասներ են պատմել բեմադրիչն ու Չարենցի դերակատար Համլետ Ղազարյանը։ 

Դավիթ Հարությունյան. «Չարենցին Մասիս սարի չափ եմ ընկալում»

2023-ի աշնանը Վանաձորի դրամատիկական թատրոնից բեմադրություն անելու առաջարկ ստացա եւ շատ ուրախացա, քանի որ կապված եմ այս թատրոնի հետ։ Հայրս՝ Վրույր Հարությունյանը, երկար տարիներ այնտեղ է աշխատել։ Սիրով ընդունեցի հրավերն ու սկսեցի մտածել, թե ինչ լավ ներկայացում բեմադրեմ ու նվիրեմ թատրոնին:

Դավիթ Հարությունյանը


Ընտրեցի Չարենցին, որովհետեւ նա շատ խոր, բազմաշերտ, հետաքրքիր ու միեւնույն ժամանակ՝ բարդ եւ ողբերգական կերպար է: Մեր ամենամեծ պոետն է, այնքան մեծ, որ մեկ-մեկ Մասիս սարի չափ եմ նրան ընկալում: Չնայած կարճ կյանք է ապրել, բայց զարմանալիորեն կարողացել է այդքան ոգեղենություն ու մեծ ասելիքներով ժառանգություն թողնել իր ժողովրդին։ 

Վերջին տարիներին ուսումնասիրելով հանճարների ու մեծերի կյանքը՝ հասկացա, որ գրեթե բոլորին անտերության են մատնել: Բոլշեւիկյան կարգերի արյունալի եւ սարսափելի հետապնդումների, մահապատիժների ու աքսորների ժամանակ հայ ժողովուրդը կորցրել է մեծամեծ անուններ, առաջնորդներ եւ ժողովրդի դարդով եւ ուրախությամբ ապրող մարդկանց։ Հենց դա է ինձ ստիպել անդրադառնալ Չարենցին, որին երկար ժամանակ ուսումնասիրել եմ, բայց ամբողջը մեկ ներկայացման մեջ տեղավորել հնարավոր չէր: Ինչքան լավ է նա իմացել հայոց պատմությունը, մեր թույլ տված սխալները եւ դրանք խոր վերլուծության ենթարկել. ամեն գործը մի մարգարիտ է: 

Չարենցը խորհրդանշում է մի շատ կարեւոր, բայց նաեւ վտանգավոր, հակասական ու սարսափելի ժամանակաշրջան։ Տեսել է Ցեղասպանությունը, Կարսի կորուստը, Հայաստանի առաջին ու երկրորդ հանրապետությունները, Արցախի նվիրատվությունը Ադրբեջանին, բոլշեւիկյան բռնությունները։ Ցույց ենք տալիս Չարենցի պոռթկումն անարդարության ու հայ ժողովրդին այդ օրը հասցրած ահռելի ուժի դեմ, որ տրորում ու իր շղթաների տակ ջարդուփշուր է անում ցանկացած ազգային միտք եւ ազատություն:


Բանասիրական գիտությունների թեկնածու Վալերի Փիլոյանի պիեսը կոչվում է «Չարենցի վերջին գիշերը», որը փոխեցի ու ներկայացումն անվանեցի «Չարենց. դրամատիկական քրոնիկներ»: Պատմական շատ դեպքերի ու իրական հերոսների ենք անդրադարձել՝ Ալեքսանդր Մյասնիկյանին, Աղասի Խանջյանին, Ակսել Բակունցին, Գուրգեն Մահարուն, Վահան Թոթովենցին, անգամ «Երկիր Նաիրի»-ից Մազութի Համոյին, Ներքին գործերի նախարար, «Հայկական Թալեաթ» մականունով Խաչիկ Մուղդուսիին, որը հարցաքննում է Չարենցին: Պատկերված են Չարենցի սերերը՝ Աստղիկ Ղոնդախչյանը, Արփենիկ Չարենցը, Իզաբելլա Կոդաբաշխյանը։  

Բազում տեսարաններով շատ իրադարձային բեմադրություն ենք ստացել, հրաշալի նկարչական ձեւավորումը Գարեգին Եվանգուլյանինն է, երաժշտականը՝ Սեդրակ Զարգարյանինը, զգեստների հեղինակը թատրոնի գլխավոր ռեժիսոր եւ նկարիչ Սարգիս Մանուկյանն է: 



Շուրջ 20 դերասան մեծ ոգեւորությամբ եւ պատասխանատվությամբ են աշխատել։ Տեւական ժամանակ Չարենցի դերակատար էի փնտրում, շատերն էին ուզում նրան մարմնավորել, բայց ընտրեցի Համլետ Ղազարյանին, որը Չարենցի մեծ սիրահար է: Նույնիսկ շփոթվեց, երբ նրան զանգեցի ու առաջարկեցի: Խոր, վերլուծական եւ հուզական աշխատանքով մոտեցավ կերպարին՝ միանգամից ձուլվելով դերասանական խմբին։ 

Այնքան արդիական խնդիրներ կան ներկայացման մեջ: Ցավոք, մեր այսօրվա իրականության մեջ էլ ենք հանդիպում նույնատեսակ քաղաքական ու անձնական հարաբերություններ, հետապնդումների եւ ատելություն։ Մենք հայրենիքում մարգարե ունենք, մինչդեռ նրան անընդհատ ուրիշ տեղ ենք փնտրել: Չարենցի պես լուսավոր գլուխներին կորցնելու իրավունք չունեինք, բայց նրանց չենք փայփայում ու անընդհատ կորցնում ենք:


Ռիսկային գործ է: Ինքս վախենում եւ անհանգստանում էի, բայց մեծ ոգեւորությամբ ու պատասխանատվությամբ եմ աշխատել: Ուզում եմ, որ ներկայացումը երկար կյանք ունենա եւ հատկապես երիտասարդները դիտեն այն, ինչից հետո կարդան եւ ուսումնասիրեն Չարենցին, որովհետեւ նրա գործերում անթիվ, անհամար գանձեր կան՝ կապված մեր ինքնության, պատմության, երկրի, հայ մարդու, առհասարակ ամեն ինչի հետ:  

Ներկայացման մեջ մի քանի անգամ հնչում է Չարենցի կարգախոսը, որը բանտի պատին էր գրել. «Ո՞վ ենք մենք, ի՞նչ ենք մենք, որտեղի՞ց ենք գալիս եւ ո՞ւր ենք գնում»: Այդ հարցերն ինձ էլ են հետապնդում, եւ որպես բեմադրիչ՝ երջանիկ եմ, որ կարողացել եմ դրանք բարձրաձայնել: 

Մեկ-մեկ մտածում եմ, որ իր Նաիրիի պես մեր երկիրն էլ ֆանտոմային պետություն է դարձել. այնքան խոցելի, թուլացած, վախեցած ու կուչ եկած, եւ ես չեմ վախենում այդ մասին ասել: Եթե անընդհատ խաբենք ինքներս մեզ ու բավարարվենք այս ամենով, մեզ շատ վատ ապագա է սպասվում: 


Այդ ամենը չենք հասկանում: Ուրախանում ենք, ջրում իրար, խմում, պարում, միմյանց գովելով ու հրճվելով ապրում, բայց մեր առաջ գոյաբանական լուրջ խնդիր է դրված, ինչի մասին չենք մտածում: Թշնամին ամեն կերպ ծեծում է մեր դուռը եւ ուզում ներս մտնել, արդեն առանց պատերազմի է փորձում մեզ գրավել՝ կուլ տալով տնտեսապես: Բայց դեռ շատ վաղուց է Չարենցն իր խոսքերով ու պայքարով մեզ այդ ամենի մասին զգուշացրել: 

Ներկայացման ավարտն էլ խորհրդանշական է՝ հանդիպում են երկու Չարենց՝ իրականն ու մահամերձը։ Մեզ պատգամ են թողնում ու հնչում է շատ ազդեցիկ «Խոհ» բանաստեղծությունը։ 

Համլետ Ղազարյան. «Չարենցը սեփական անձի հանդեպ ճիշտ լինելու մասին է»

Չարենց իմ ամենասիրելի գրողը, հասարակական ու նաեւ քաղաքական կերպարն է, եւ երազանք ունեի նրան անդրադառնալ: Նախկինում նման փորձեր արել էի, բայց իրականացնել ստացվեց Վանաձորում:

Չարենցին առավել մանրամասն ու խորապես սկսեցի սիրել, երբ ինքս էլ ինստիտուտում սովորելու տարիներին սկսեցի բանաստեղծություններ գրել, եւ նա ինձ համար ուղեցույց դարձավ: Երբ այդ գործերը վերընթերցում եմ, իր ազդեցությունն ակնհայտ է: Հիմա էլ եմ ստեղծագործում, բայց արդեն իմ ուրույն ձեռագիրն եմ ձեռք բերել: 


Չարենցին մշտապես իմ մտքում ունեցել եմ, բայց չեմ անդրադարձել: Կարծում եմ՝ Չարենցն ինձ ընտրեց. մի քիչ գլուխ գովեմ: Անընդհատ հարցնում էի. «Դավ, հաստա՞տ Չարենցի մասին է»: Պարզապես այդ շրջանում նրան մարմնավորելու առաջարկ ստանալն անսպասելի էր: Պիեսը կարդալուց հետո միանգամից համաձայնել եմ: Դավիթի ու նոր կոլեկտիվի հետ աշխատելը մարտահրավեր էր, որը սիրով ընդունեցի: 

Ռեժիսորն ընտրություն կատարելիս, երեւի, հաշվի է առել իմ եւ Չարենցի արտաքին նմանությունն ու Չարենցի հանդեպ ունեցած իմ մեծ սերը: Եթե չեմ սխալվում, 7-րդ Չարենցն եմ, որին փորձարկել են: Սեղանի շուրջ աշխատանքների փուլում Չարենցի մասին ու նրա գրած ողջ հնարավոր գրականությանը ծանոթացել եմ: Ռեժիսորի հետ անընդհատ նոր բաներ էինք գտնում եւ ուղարկում իրար: Մի քանի անգամ Չարենցի տուն-թանգարան գնացի։

Սկզբնական շրջանում կերպարի շուրջ աշխատանքն ավելի շատ անձի ուսումնասիրությունն էր: Շատ օգնեցին նաեւ Դավիթ Գասպարյանի հրատարակած գրքերը: Բացահայտումները, որոնք ներառել ենք ներկայացման մեջ, Չարենցին շատ չճանաչող մարդկանց կօգնեն նրա մասին ամբողջական պատկերացում կազմել: 

Համլետ Ղազարյան՝ Չարենցի կերպարում


Մեծությունների յուրահատկությունը նկարագրել հնարավոր չէ, բայց ամեն դեպքում Չարենցի համար մեկ հատկանիշն ինձ համար սեփական անձի հանդեպ ճիշտ լինել է. երբեւէ հետեւանքներից չվախեցավ։ Սկզբնական շրջանում հավատում էր հեղափոխությանն ու գովերգում Ստալինին, բայց հասկացավ նրա իրական էությունն ու գրեց «Թիֆլիսցի կինտոն»: Չարենցը սխալներից չվախենալու եւ դրանք խոստովանելու մասին է:  

Ինձ թվում է՝ այսօր չունենք հասարակության առաջ պատասխանատու լինելու գիտակցում, մեզ հեռու ենք պահում նրանից: Մինչդեռ նման մարդկանց անցած ճանապարհին նայելիս հասկանում ես, որ իրենց մասին մտածելուց առաջ մտահոգվում էին երկրի, պետության, ժողովրդի մասին:

Ներկայացման մեջ այնքան մերօրյա հարցեր կան: Մի կողմից ուրախալի է, որ դրանք  բարձրացնող մարդիկ, ձեւ եւ տեղ կա, մյուս կողմից էլ տխրում եմ, որ 100 տարի անց էլ ոչինչ չի փոխվել: Այսօրվա, Չարենցի ու մարդու մասին ներկայացում ենք ստացել։ Կարծում եմ, որ ամեն հայ այս ներկայացումը պետք է նայի: Ինձ համար շատ ծանր աշխատանք էր, բայց նաեւ ամենահաճելին:

Պատրաստեց՝ Հասմիկ Բաբայանը
Լուսանկարները՝ Հ. Աբելյանի անվան թատրոնի

Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:

Կարդալ ավելին

Quality Sign BW