×


Լուսանկարը՝ Tashir Arena

Tashir Arena-ն կբացվի հոկտեմբերի 25-ին՝ «Էթերնիա» ոգեշնչող եւ հեքիաթային մեծ շոուով

«Էթերնիա» թատերակրկեսային շոուի պրեմիերայով հոկտեմբերի 25-ին կբացվի ժամանակակից, բազմաֆունկցիոնալ մշակութային եւ ժամանցային «Tashir Arena» կենտրոնը։ Երեւանի կրկեսի շենքը ոչ թե վերակառուցվել է, այլ հիմքից լիարժեք նոր համալիր է ստեղծվել, որը միավորում է առաջատար ճարտարագիտական եւ տեխնիկական լուծումները։ Նախագծի եւ շոուի հեղինակները լրագրողների հետ հանդիպմանը պատմել են, թե ներդրումների ինչ ծավալով եւ տեխնիկական ինչ հագեցվածությամբ է կառուցվել կենտրոնը, եւ թե ինչ միջոցառումներ են այնտեղ անցկացվելու:

Tashir Arena-ում ստեղծված հնարավորություններն ու պայմանները

Հարթակի կառուցման եւ ETERNIA շոուի ստեղծման ներդրումների ընդհանուր ծավալը կազմել է 55 միլիոն դոլար, որը «Տաշիր Արենա»-ն դարձնում է տարածաշրջանի ամենախոշոր մշակութային եւ ժամանցային օբյեկտներից մեկը։ Նախագծի մշակման ու գործարկման ամբողջական ցիկլն իրականացրել է «Տաշիր» ընկերությունների խումբը՝ Meduse պրոդյուսերական խմբի մասնակցությամբ։


Կենտրոնը հնարավորություն կունենա հյուրընկալել ամենատարբեր ձեւաչափերի ներկայացումներ՝ կրկեսային, համերգային, թատերական, ինչպես նաեւ սպորտային եւ գործարար միջոցառումներ կազմակերպել։ Շենքի ընդհանուր մակերեսն ավելացել է՝ 6000-ից դառնալով 21 000  քառակուսի մետր, իսկ հարկերի քանակը հինգից դարձել է ինը, ինչը զգալիորեն ընդլայնել է համալիրի օգտագործման տարածքը եւ ֆունկցիոնալ հնարավորությունները։ 

Tashir Arena-ի եզակի առանձնահատկությունն է վերափոխվող բեմ-մանեժը, որը հնարավորություն է տալիս բեմական ճկուն լուծումներ իրականացնել։ Հատուկ ուշադրություն է դարձվել գմբեթի ճարտարապետությանը, որի բարձրության ավելացման շնորհիվ հնարավոր է դարձել ցանկացած բարդության ներկայացում կազմակերպել։ Ընդլայնվել է նաեւ հանդիսատեսի համար նախատեսված հատվածը. այժմ համալիրը կարող է ընդունել մինչեւ 2000 մարդու՝ ներառյալ սահմանափակ հնարավորություններ ունեցող անձանց։ 


Tashir Arena-ի գլխավոր պրոդյուսեր Վյաչեսլավ Կոլցովն իր խոսքում ընդգծեց, որ համալիրում հատուկ ուշադրություն է դարձված անվտանգության համակարգերին։ Տեղադրված է ավտոմատ հրդեհաշիջման համակարգ՝ ժամանակակից վերահսկողության եւ ազդարարման միջոցներով, որոնք ապահովում են արագ արձագանք եւ բարձր մակարդակի անվտանգություն հանդիսատեսի, արտիստների եւ անձնակազմի համար։

Ինչու հետաձգվեց Tashir Arena-ի կառուցումը եւ բացումը

Tashir Arena-ի գլխավոր տնօրեն Հրաչյա Արշակյանը լրագրողների հետ զրույցում պատմեց, որ երբ «Տաշիր» ընկերությունների խումբը ձեռք բերեց երեւանյան կրկեսի շենքը, այն այդ պահին գտնվում էր վթարային վիճակում եւ անվտանգ չէր շահագործման համար։ Հետեւաբար, ուսումնասիրություններ կատարելուց հետո որոշում է կայացվել, որ ավելի անվտանգ է շենքը քանդել եւ կառուցել նորը։


«Շենքը բավական կարճ ժամանակում կառուցվեց, բայց հետո կար խնդիր՝ այն տեխնիկապես համալրելու։ Մեր թիմը լծվեց այդ գործին, սկսվեց նախագծման փուլը, ձեռքբերման, հետո էլ՝ մոնտաժային եւ փորձարկումների։ Բնականաբար, կորոնավիրուսը, Արցախյան դեպքերը եւ այլ իրադարձություններ ժամկետները երկարաձգեցին: Բայց կարծում եմ՝ բոլոր սպասումներն արդարացված են, քանի որ մենք հասանք մեր նպատակին՝ ստանալով ոչ միայն Հայաստանի, այլեւ ամբողջ տարածաշրջանի համար շատ բարձր մակարդակի, անվտանգ, ամենանոր տեխնոլոգիաներով հագեցած հարթակ, որտեղ կարող ենք անցկացնել տարբեր տիպի միջոցառումներ»,- նկատեց Հրաչյա Արշակյանը։

ETERNIA շոուն՝ սիրո եւ վերափոխման ճանապարհով

Կրկեսային շոուների հանրահայտ բեմադրող ռեժիսոր, խորեոգրաֆ Պավել Բրյունն է «Էթերնիա» շոուի ռեժիսոր-բեմադրիչը: Նա անկեղծացավ՝ բազմաթիվ խոշոր ծրագրերի մասնակից է եղել, եւ իրեն դժվար է զարմացնել կամ վախեցնել մեծ նախագծերով, բայց այստեղ հանդիպել է մարդկանց, որոնց երազանքին հավատացել է․ «Այդ դեպքում արդեն պայմանագիր, ստորագրություն, թղթաբանություն եւ նմանատիպ այլ հարցեր չեն կարեւորվում։ Երբ ես նրանց լսում էի, պատկերացնում էի այն, ինչ նրանք երեւակայում էին եւ ինչի մասին երազում էին։ Ինձ համար հետաքրքիր դարձավ օգնել իրականություն դարձնել այդ պատկերացումները»։


Պատմելով շոուի մասին՝ Բրյունն ասաց, որ հանդիսատեսին սպասվում է պատմություն՝ վերափոխման, սիրո եւ ինքնաբացահայտման մասին՝ երաժշտության, լույսի եւ անհավատալի հնարքների լեզվով․ «Գաղտնիքներով լի ETERNIA աշխարհում հայտնված մի պատանի հանդիպում է հմայիչ Նիմֆային, որը գրավում է նրա սիրտը։ Իր սիրո համար նա պատրաստ է ամեն ինչի՝ նույնիսկ մեկնելու վտանգավոր ճանապարհորդության անհայտ աշխարհներով։ Իր ուղեկցի՝ իմաստուն Պապի՝ ETERNIA-ի գաղտնիքների պահապանի հետ հերոսը կանցնի չորս տարրերի՝ կրակի, ջրի, օդի եւ հողի փորձություններով, կհանդիպի ֆանտաստիկ արարածների եւ կհաղթահարի անհավատալի փորձություններ»։

Շոուի ստեղծման վրա մոտ երկու տարի աշխատել է ավելի քան երեք հարյուր մասնագետից կազմված միջազգային թիմը։ Ներկայացման մեջ ներգրավված է ավելի քան 100 արտիստ՝ Հայաստանից, ԱՊՀ երկրներից, Եվրոպայից եւ Ասիայից։


Շոուն նախատեսված է բոլոր տարիքային խմբերի համար՝ առանց սահմանափակման։ 

«ETERNIA-ում յուրաքանչյուր հանդիսատես կգտնի իրենը՝ ոգեշնչում, հույզեր, գեղեցկություն եւ ներգրավվածության զգացում։ Սա պատմություն է, որը միաժամանակ հետաքրքիր եւ հասկանալի է բոլորին։ Երեխաների համար այն կդառնա իսկական մոգական աշխարհ մուտք գործելու հնարավորություն, ընտանիքների համար՝ սերունդները միավորող հեքիաթային ճամփորդություն, երիտասարդության համար՝ դինամիկ տեսարան՝ ժամանակակից էֆեկտներով եւ կենդանի երաժշտությամբ, իսկ հյուրերի համար՝ Երեւան այցելելու եւ Հայաստանը նոր հարթության մեջ բացահայտելու լավ առիթ։ Սա իրադարձություն է, որը ապացուցում է՝ Հայաստանը կարող է ընդունել համաշխարհային մակարդակի նախագծեր»,- իր տեսաուղերձում ասաց «Տաշիր» ընկերությունների խմբի առաջին փոխնախագահ Տաթևիկ Կարապետյանը։

Tashir Arena-ի տեխնիկական առանձնահատկությունները

Tashir Arena-ն հագեցած է առաջադեմ մուլտիմեդիա, ձայնային եւ լուսավորության սարքավորումներով՝ համաշխարհային առաջատար արտադրողներից, որոնք ապահովում են անմոռանալի տպավորություններ յուրաքանչյուր շոուից։ Չեխական GardiorTech բազմաֆունկցիոնալ մանեժը լրացնում է հզոր մուլտիմեդիա համակարգը, տալիս է անսահման հնարավորություններ ցանկացած բեմական լուծման իրականացման համար։


Tashir Arena-ն՝ կրթական հարթակ

ETERNIA շոուն ակտիվ համագործակցում է Հայաստանի կրկեսային եւ կրթական հաստատությունների հետ, որոնք եզակի հնարավորություն են ստանում զարգացնելու իրենց հմտությունները եւ փորձ ձեռք բերելու միջազգային մասնագետներից։ Այսպիսով, Tashir Arena-ն ոչ միայն նոր ստեղծագործական տարածք է, այլեւ կրթական հարթակ՝ փորձի փոխանակման, համագործակցության եւ տեղական տաղանդների աջակցման համար։

ETERNIA-ի պրեմիերայի տոմսերի վաճառքը մեկնարկել է սեպտեմբերի 29-ին։ Ներկայացումներն անցկացվելու են հոկտեմբերի 25-ից, իսկ տոմսերը հնարավոր կլինի ձեռք բերել tashirarena.am պաշտոնական կայքից։

Տեքստը՝ Աստղիկ Իսկանդարյանի /Bravo.am/
Լուսանկարները՝ Էմին Արիստակեսյանի /Bravo.am/

Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:

Կարդալ ավելին

Quality Sign BW