×


Հայկ Անանյանը դարձել է Rien-à-Porter-ի գործադիր տնօրեն

Ճանաչված ու սիրված ANANYAN բրենդի հիմնադիր, դիզայներ Հայկ Անանյանը դարձել է Rien-à-Porter-ի գործադիր տնօրեն։ Rien-à-Porter-ն համաշխարհային լայֆսթայլ կոնցեպտ է, որտեղ միավորվում են նորաձեւությունը, մշակույթն ու ամենօրյա ծեսերը: Ծնված լինելով Հայաստանում, բայց ունենալով փարիզյան ոգի՝ այն ներկայացնում է գլոբալ ոճն ու տեղական ժառանգությունը: Լայֆսթայլ կոնցեպտի առաքելությունն է կապել մարդկանց տեղական շքեղության հետ՝ պահպանելով գլոբալ ոգին, անկախ նրանից՝ որտեղ են նրանք գտնվում։ 

Rien-à-Porter-ն Հայաստանում ներկայացված է ֆիզիկական տարածքով։ Այս յուրահատուկ կենսակերպի կենտրոնը այցելուներին ընկղմում է տաք, նրբագեղ մթնոլորտում, որը ե՛ւ մտերմիկ է, ե՛ւ ոգեշնչող։ Միջազգային եւ տեղի դիզայներների կողմից ընտրված հավաքածուներից մինչեւ հատուկ սուրճ, նրբաճաշակ աղանդեր եւ գեղեցկության ծառայություններ՝ յուրաքանչյուր անկյուն արտացոլում է ընկերության նվիրվածությունն արհեստավարժությանը, մտածված դիզայնին եւ զգայական փորձառություններին: Պուշկին 35-ը կենսունակ վայր է լավ ապրելու արվեստի բացահայտման, կապերի եւ կյանքը վայելելու համար։ Բացի այդ, այն ունի իր օնլայն հարթակը։ Այն առաջարկում է միջազգային եւ տեղական դիզայներների կողմից ընտրված նորաձեւության, գեղեցկության եւ կենսակերպի անհրաժեշտ պարագաների լայն տեսականի: Այն նպատակ ունի դառնալ տեղական շքեղության հզոր հարթակ ամբողջ աշխարհից՝ ԱՄՆ-ից մինչեւ Ուզբեկստան:

Rien-à-Porter-ն աշխատելու է ոչ միայն միջազգային հեղինակավոր անունների հետ, այլեւ տարբեր երկրների լավագույն դիզայներների։ Բրենդի կարգախոսն է՝ «Local is the new luxury»։ Եվ այս կարգախոսով այն ամբողջությամբ վերափոխելու է իրականությունը։ 

Այս կոնցեպտը լիովին համընկնում է Հայկ Անանյանի հետաքրքրությունների հետ, իսկ բրենդի առաքելությունը մոտ է դիզայների ներքին արժեքներին։ Անանյանը փաստում է՝ հաշվի առնելով իր տեսլականի եւ Rien-à-Porter-ի առաքելության նմանությունը՝ միանգամից է համաձայնել միանալ թիմին։ 

- Հայկ, բոլորը Ձեզ գիտեն որպես դիզայներ եւ ANANYAN բրենդի ստեղծող։ Ինչպե՞ս ստացվեց, որ որոշեցիք միանալ Rien-à-Porter-ի թիմին որպես գործադիր տնօրեն։

- Ինձ համար սա շատ բնական ընթացք էր։ Տարիներ շարունակ ես կուտակել եմ բազմաթիվ գաղափարներ, որոնք տարբեր պատճառներով կյանքի չեն կոչվել։ Որոշները չեն իրականացվել ռեսուրսների պակասի պատճառով, մյուսները՝ մարդկանց ու միջավայրի բացակայության։ Այդ ամենի հետեւանքով տարիների ընթացքում ձեւավորել էի մի մեծ «գաղափարների գերեզմանոց», որտեղ պահվում էին չիրականացած երազանքներն ու մտքերը։

Rien-à-Porter-ն ինձ համար հենց այն հարթակն է, որտեղ այդ գաղափարները կարող են կենդանանալ, շունչ ստանալ եւ վերածվել կոնկրետ ծրագրերի։ Սա մի կոնցեպտ է, որն իր մեջ համադրում է գլոբալ մտածողությունը եւ տեղական ինքնությունը։ Այն ստեղծվել է որպես lifestyle կոնցեպտ, որտեղ նորաձեւությունը, մշակույթը եւ ամենօրյա ծեսերը միաձուլվում են։ Rien-à-Porter-ի փիլիսոփայությունը  միաժամանակ համադրում է տեղական ժառանգությունն ու գլոբալ ոճը։ Այստեղ ամեն բան՝ սկսած դիզայներների աշխատանքներից մինչեւ սուրճի համն ու տարածքի բույրը, ընտրված է այնպես, որ էլ ավելի զարդարի առօրյան՝ մարդկանց պարգեւելով նրբագեղություն, վարպետություն եւ մի փոքրիկ պոետիկ հմայք։

Այս ամենն ինձ շատ մոտ է, որովհետեւ իմ բոլոր գաղափարները միշտ էլ եղել են գլոբալ՝ հիմնված ոչ միայն Հայաստանի, այլեւ միջազգային դաշտի վրա։ Այդտեղ էլ տեղի ունեցավ ճիշտ համադրումը. իմ տեսլականն ու Rien-à-Porter-ի առաքելությունը միավորվեցին մեկ ուղղության մեջ։

- Rien-à-Porter-ը միայն lifestyle վայր չէ։ Ո՞րն է այս տարածքի յուրահատկությունը Ձեզ համար։ 

- Ինձ համար ամենամեծ տարբերությունը հենց բովանդակայինն է։ Rien-à-Porter-ը կոմերցիոն տարածք չէ, որտեղ պարզապես ապրանք է վաճառվում։ Այստեղ ներկայացված են բրենդներ, որոնք ունեն պատմություն, գաղափար եւ էսթետիկա։ Սա հարթակ է, որտեղ ամեն ինչ կառուցված է դիզայների շուրջ․ նրա աշխարհայացքի, նրա ասելիքի, նրա ստեղծագործական էներգիայի։ Բացի ֆիզիկական տարածքից, մենք ունենք նաեւ մեր օնլայն հարթակը։ Այն ստեղծված է այնպես, որ նույն ջերմությունը, նրբագեղությունն ու ուշադրությունը նաեւ առցանց տարբերակով ներկայացվեն մարդկանց։ Մենք աշխատելու ենք ոչ միայն միջազգային հեղինակավոր անունների հետ, այլեւ տարբեր երկրների լավագույն տեղական դիզայներների։ Բրենդի կարգախոսն է՝ «Local is the new luxury», բայց ես համաձայն չեմ, որ new luxury ձեւակերպումը ճիշտ է։ Ինձ համար լոկալ բրենդները միշտ լյուքս են եղել։ Իսկ, առհասարակ, կարծում եմ, որ իսկական շքեղությունը տեղականն է, այն, ինչ ստեղծվում է սեփական մշակույթի, ավանդույթի ու միջավայրի հիման վրա։ Դա է ժամանակակից արժեքը։

- Ի՞նչ խնդիրներ է լուծելու Rien-à-Porter-ը Ձեր ղեկավարությամբ։ 

- Հայաստանում ֆեշնի ոլորտում դեռ շատ խնդիրներ կան։ Հասարակության իրազեկվածությունն այս ուղղությամբ, կարելի է ասել, դեռ ամբողջական չէ: Սա արտահայտվում է ամեն ինչում՝ մոտեցումներից մինչեւ արտադրական պրոցեսներ։ Բայց ես երբեք չեմ հավատացել, որ մարդկանց պետք է ուղղակի դաս տալ կամ ստիպել սովորել։ 

Rien-à-Porter-ը կրթում է անուղղակի ձեւով։ Հիմա բացատրեմ՝ ինչպես։ Rien-à-Porter-ն լայֆսթայլ գլոբալ կառույց է, որի նպատակը միայն ապրանք ներկայացնելը չէ, այլեւ ճաշակի ձեւավորումն ու նոր արժեքների տարածումը։ Այն ցույց է տալիս, որ իսկական շքեղությունը կարող է ծնվել տեղական մշակույթից՝ անկախ նրանից՝ խոսքը Հայաստանի, Իսպանիայի, Ուզբեկստանի թե Ֆրանսիայի մասին է։ Տեղական ժառանգությունը, երբ ներկայացվում է համաշխարհային մտածողությամբ, ստանում է նոր որակ եւ դառնում է համընդհանուր։ Rien-à-Porter-ը հենց այս գաղափարի կրողն է․ այն միավորում է տարբեր երկրների դիզայներների ու ստեղծագործողների աշխատանքները՝ իր վրա վերցնելով մշակույթների միջոցով կրթելու յուրատեսակ գործառույթը։

Մարդիկ այստեղ գալիս են հաճույքի համար՝ տեսնելու նորույթներ, շփվելու մշակույթի հետ, լսելու երաժշտություն կամ պարզապես վայելելու սուրճ։ Բայց այդ ընթացքում նրանք ստանում են նոր գիտելիք, նոր ընկալում։ Սա կրթություն է, որը չի ճնշում, այլ՝ բացում։ Այս երեւույթը քայլ առ քայլ փոխելու է Երեւանի մշակութային միջավայրը, ձեւավորելու է նոր պահանջարկ, նոր մտածողություն։

– Ձեր դիզայներական գործունեությանն այս նոր պատասխանատվությունը չի՞ խանգարի։

- Իհարկե, ժամանակի առումով բարդ կլինի, քանի որ երկու ոլորտում էլ «գլխի աշխատանքը» գերակա է։ Բայց ես այն մարդկանցից եմ, որ երբ ներգրավվում եմ որեւէ նախագծում, միշտ փորձում եմ դրանից ուժ քաղել։ Rien-à-Porter-ում իմ ներգրավվածությունն ինձ տալիս է նոր էներգիա, նոր ոգեշնչում։ Այստեղից ես ստանում եմ զգացմունքային մեծ պաշարներ, որոնք հետագայում բերում եմ իմ դիզայներական գործունեություն։

Այո, երբեմն կարող է ժամանակը չբավարարել, բայց եթե ուզում ես՝ ինչ-որ բան ստեղծվի, պետք է պարզապես աշխատես ու անես։ Սա այն պատասխանատվությունն է, որ ես գիտակցված վերցրել եմ։

- Ո՞վ է Ձեզ համար դիզայները։

- Իմ պատկերացմամբ՝ դիզայները պարզապես հագուստ կամ աքսեսուար ստեղծող չէ։ Նա մշակույթի կրող է եւ մշակութային գործիչ։ Մենք մարդկանց կյանք ենք բերում մշակույթ՝ ոչ թե միայն թանգարաններում ցուցադրվող արվեստի տեսքով, այլ ամենօրյա կյանքի մեջ կիրառվող գեղեցկության եւ արժեքների տեսքով։

Rien-à-Porter-ը հենց այդ միջավայրն է, որտեղ դիզայները կարող է լիարժեք ներկայացնել իր գաղափարը, իր ասելիքը։ Այստեղ ամեն դիզայներ դառնում է պատմող, ստեղծող ու ձեւավորող։ Եվ դա է մեր հիմնական նպատակը՝ մշակույթը դարձնել կյանքի մաս։

Հայկ Անանյանը հայ դիզայներ է եւ 2013 թվականին ստեղծված ANANYAN բրենդի հիմնադիրը։ Ունենալով ավելի քան երկու տասնամյակի փորձ դիզայնի ոլորտում՝ նա հայտնի է դարձել կանանց բարձրորակ կոշիկների ստեղծմամբ, որոնք միավորում են ավանդույթն ու արդիականությունը։ Հայկ Անանյանի աշխատանքները ներկայացվել են միջազգային հեղինակավոր հարթակներում, այդ թվում՝ Թբիլիսիի Mercedes-Benz Fashion Week-ին, Միլանում կայացած White Milano-ին, Festival of Russian Fashion-ին եւ Fashion Forum Yerevan-ին, ինչպես նաեւ տպագրվել են միջազգային հայտնի հանդեսներում, ինչպիսիք են Grazia-ն,  KALTBLUT-ը եւ Elléments Magazine-ը։

Բրենդը ղեկավարելուց բացի, Հայկը մասնակցել է ցուցահանդեսների եւ մրցույթների Հայաստանի, Ռուսաստանի, Վրաստանի եւ Իտալիայի տարբեր քաղաքներում։ Նրա կարիերան նորարարական մոտեցման եւ դիզայնի հանդեպ նվիրվածության յուրատեսակ համադրություն է, համադրություն, որը միաժամանակ հավատարիմ է մշակութային արմատներին։

Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:

Կարդալ ավելին

Quality Sign BW