Անջատեք կապի բոլոր միջոցները, հանկարծ չլուսանկարեք ու չտեսագրեք, հազալու անհագուրդ ցանկության դեպքում դա արեք մինչեւ ներկայացման սկսվելը, հետո կամ էլ ընդմիջմանը: Գրող, երգիծաբան Արամայիս Սահակյանի հիշատակին նվիրված «Ֆարս Մաժոր» ներկայացման ստեղծագործական թիմի խիստ պահանջն է:
7 դերասան (Գեւորգ Մինասյան, Իրինա Դանիելյան, Արման Ղազարյան, Ավո Խալաթյան, Էդգար Անդրեասյան, Սերգեյ Գրիգորյան, Արման Մաթեւոսյան) 2 ժամից մի քիչ ավելի կամ պակաս հանդիսատեսի համար իսկական պատմական շրջայց է կատարում՝ Նոյան տապանի կառուցումից, քրիստոնեության ընդունումից, Արտավազդ Բ թագավորից, «Սասնա ծռերից» մինչեւ լայքախտից տառապող մերօրյա տիկտոկյան «հայտնի» դեմքերն ու հայի անփոփոխ պաթոսը:
Այդքան էլ հեշտ չէ կողքից հայացքով նայել քո երկրի կորուստներին, պարտություններին ու հերոսական նահատակություններին, որոնք կարող էին չլինել: Ինչպես գործող կերպարներն են ասում, որոնք շատ բազմազան ու տարբեր են (Տրդատ Գ, Սասունցի Դավիթ, Նոյ, Օդաբաշխ, Ցրրան Վերգո, տիկին Բակտերիա, Սալյուտ խփող, ՅԱԽՔ, Պաթոս), սա ոչ թե թատրոն, այլ պատրոն, կատարսիս, ֆարս է, ու հենց այդ դիտանկյունից էլ ներկայացված են բոլոր գործողություններն ու հերոսները՝ լինի դա հորինված Թարս մոլորակում, թե մերօրյա Հայաստանում:
Գրող, թատերագիր եւ դերասան Վահրամ Սահակյանն ու բեմադրող ռեժիսոր Արթուր Սահակյանը տրագիկոմեդիա են ստեղծել, որի հերոսները համառորեն փնտրում են մեր կորսված «Ճանաչել զիմաստութիւն, զխրատ եւ իմանալ զբանս հանճարոյ»-ն:
Նրանց ստեղծագործական միությունը սկսվել է դեռ 1990-ականների կեսերին ու հանդիսատեսին տպավորիչ եւ արդեն կուլտային դարձած ներկայացումներ նվիրել՝ «Խաթաբալադա», «Իմ մեղքը» (Mea Culpa), «Ժանգոտ բանալի», «Երկու ընկեր՝ չհաշված կյանքը» եւ այլն:
Bravo.am-ի հետ զրույցում Վահրամ Սահակյանը պատմել է, որ ինչպես իր նախորդ ներկայացումների դեպքում, այս անգամ էլ պատրաստի տեքստ չի տվել բեմադրիչին. դերասանների հետ համատեղ աշխատանքի արդյունքում է ամեն ինչ վերջնական տեսք ստացել:
Վահրամ Սահակյանը
«Արդեն երկու տարի է՝ այս գործով եմ զբաղվում: Մեկ տարի գրական աշխատանքը տեւեց, ապա փորձասրահ վերցրինք, որտեղ էլ ծնվեց ներկայացումը. Արթուր Սահակյանը ստեղծեց այն: Պիեսը ոչ թե կրճատվել կամ ավելացել է, այլ Արթուրի շնորհիվ շատ բան է փոխվել: Անընդհատ նոր տեքստեր էի բերում, տպում էինք ու կարդում: Գարնանից մինչեւ աշուն դրանով ենք զբաղված եղել»,- ասել է նա:
Պրեմիերայից հետո էլ են փոփոխություններ լինելու. թատրոնը կենդանի օրգանիզմ է, ու ամեն անգամ բեմում տեղաշարժեր ու նորամուծություններ են լինում: Որպես օրինակ՝ Սահակյանն առաջնախաղերի տեւողություններն է նշում, որոնք տարբեր են. մեկը մոտ երկու ժամ է տեւել, մյուսը՝ մի քանի րոպեով ավելի կարճ, թեեւ ոչ մի հատված չեն պակասեցրել:
««Ֆարս մաժորը» նոր է ձեւավորվում ու ռիթմ ձեռք բերում: Հաջորդ ներկայացումները Պարոնյանի անվան թատրոնում տեղի կունենան նոյեմբերի 24-ին եւ 25-ին, ու կարծում եմ, որ հանդիսատեսն ավելի հետաքրքիր հատվածներ կտեսնի: Ներկայացումն ավելի կազմակերպված, արագ ու դինամիկ կլինի: Գիտեմ՝ մարդիկ կան, որոնք այսօր դիտել են եւ հետո էլ են գալու. նախորդ ներկայացումներիս փորձն է ցույց տալիս: Անպայման ասելու են. «Այս կտորն այն ժամանակ կար, հիմա չկա» կամ «Այս բանն ավելացել է»: Հանդիսատես գիտեմ, որը 23 անգամ եկել է «Մեա կուլպա»-ն դիտելու: Սա էլ այն շատ ծիծաղելի ու հուզիչ հատվածներով տրագիկոմեդիաներից է, որ պետք է անպայման դիտել: Կողքից նայում էի մարդկանց ու նկատում, թե ինչպես է ընթացքում նրանց տրամադրությունը փոխվում», - ասել է Վահրամ Սահակյանը:
Խոստովանել է, որ ներկայացման ասելիքն ամբողջացել է ստեղծագործելու ընթացքում. ամեն անգամ մի նոր հատված է գրել, որում արտահայտված են եղել տարբեր խնդիրներ, մի դեպքում դա հայի պարտվողականությունն էր, մյուսում՝ հարմարվողականությունը, ու այդպես տեքստն աճել է եւ նոր հիմնախնդիրներ ներառել, բայց հենց փորձերն են այն վերջնական դարձրել:
Սահակյանը նշել է, որ մտքերի ու գաղափարների պակաս երբեք չի ունենում. «Մանկուց իմ տեսածի եւ լսածի հետ չեմ համակերպվել: Բոլոր ժամանակներում եղած կարծրատիպերը ծաղրել եմ, քանի որ ինձ վրա շատ են ազդել: Աշխարհով պտտվել եմ, շատ ուրիշ մարդկանց եւ ազգերի հանդիպել, հասկացել եմ, որ մեր մեջ հիվանդագին մի բան կա, որը թեեւ վերացնել հնարավոր չէ, բայց կարելի է ծաղրել, քանի որ դա ամենաուժեղ դեղամիջոցն է»:
Դերասանուհի Իրինա Դանիելյանը մի քանի կերպար է մարմնավորում. մեկ նա Սիրիուշն է, հետո՝ Մորտադելա խոզը (այո, ճիշտ եք կարդացել՝ խոզը), ապա կույս Հռիփսիմեն, Խոսրովդուխտը, Քուռկիկ Ջալալիի բարեկամ Քույրիկ Ջալալին ու այլն:
«Սցենարիստը, բեմադրիչն ու դերասանները միասին են ստեղծել ներկայացումը: Փորձերի եւ ստեղծագործական ընթացքը շատ հաճելի էր: Մեզ նաեւ երիտասարդ դերասաններ են միացել, ու բոլորիս միջեւ նոր ընկերություն է ձեւավորվել»,- պատմել է նա:
Իրինա Դանիելյանն անկեղծորեն նշել է, որ այս ներկայացման շնորհիվ նորովի է ընկալել շատ երեւույթներ. «Իմ կերպարներից մեկի ուսերին է դրված ասել պատճառներից մեկը, որը մեզ այս վիճակին է հասցրել»:
Պատրաստեց՝ Հասմիկ Բաբայանը
Լուսանկարները՝ Դավիթ Ղահրամանյանի
BRAVO.am


×
170







Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում: