×


Կապանում 6-րդ անգամ անցկացվել է Կուրկուտի փառատոնը

Կապանի համայնքապետարանը 6-րդ տարին անընդմեջ իրականացնում է Հայաստանի ոչ նյութական մշակութային ժառանգության ցանկում ներառված կապանյան ավանդական ճաշատեսակի՝ Կուրկուտի փառատոնը։ Միջոցառումն ամեն տարի անցկացվում է Կապանի տարբեր բնակավայրերում. այս անգամ փառատոնի վայր էր ընտրվել Նորաշենիկը։ Կապանը ներկայացնող 20 վարպետ-խոհարարները նախորդ օրվանից սկսել էին կուրկուտի պատրաստումը, որի համար հարկավոր է ծեծած կամ թեփը հանած ցորեն՝ կուրկուտ, տավարի միս, կարագ, ջուր եւ աղ։ Ուտեստի պատրաստման համար մի ամբողջ գիշեր է հարկավոր։ 

Կապան համայնքի ղեկավար Գեւորգ Փարսյանը մասնակիցներին ուղղված ողջույնի խոսքում նշել է, որ փառատոնի նպատակն է ոչ միայն ավանդական կերակրատեսակի ճանաչելիության բարձրացումն ու ոչ նյութական մշակութային արժեքների պահպանությունը, այլեւ գյուղական կյանքի ակտիվացումն ու զբոսաշրջության զարգացումը։


«Փառատոնի առանձնահատկությունը նրանում է, որ ամեն անգամ այն անցկացնում ենք գյուղերում: Հատկապես պատերազմից հետո ընտրում ենք սահմանամերձ համայնքները։ Դա ուղղված է մեր գյուղացիներին առօրյա հոգսերից թեթեւացնելուն, ուրախ տրամադրություն պարգեւելուն, ինչպես նաեւ ոչ նյութական մշակութային արժեքների կարեւորմանն ու պահպանությանը»,- ասել է Գեւորգ Փարսյանը։

Համայնքի բոլոր նախադպրոցական հաստատությունները, համայնքի ղեկավարին կից երիտասարդական խորհրդի անդամները ջանք չէին խնայել հանդես գալու հետաքրքիր տաղավարներով, որտեղ հյուրերը կարող էին համտեսել տեղում թխվող լավաշ, տարածաշրջանին բնորոշ այլ ուտեստներ ու քաղցրավենիք՝ տնական գաթա, փախլավա, չրեր, մուրաբաներ, ջեմեր, ինչպես նաեւ գյուղական արտադրատեսակներ ու անուշահամ թեյեր։ 


Փառատոնն այս տարի բարեգործական բնույթ էր կրում։ Կուրկուտի եւ տոնավաճառին ներկայացված արտադրատեսակների ամբողջ հասույթն ուղղվելու է երիտասարդներ Դավիթի եւ իր քույր Դիաննայի երազանքի իրագործմանը, ովքեր տարիներ առաջ զրկվել են ծնողներից: Այս պահին նրանք բնակվում են Կապանի թիվ 3 հատուկ դպրոցի հանրակացարանում եւ ունեն բնակարանի խնդիր: 

«Նրանք մշտապես գտնվում են մեր ուշադրության կենտրոնում։ Եվ երբ օրեր առաջ նրանց հրավիրեցի ու հարցրի, թե ինչի մասին են երազում, նրանք միանշանակ ասացին, որ երազում են տուն ունենալ։ Մենք հենց այդ օրը որոշեցինք, որ պետք է նրանց երազանքն իրագործենք»,- նշել է Կապանի ղեկավարը՝ հույս հայտնելով, որ այլ բարեգործներ եւս կմիանան այս նպատակի իրագործմանը։ Փառատոնի հասույթը կազմել է ավելի քան 3 միլիոն 200 հազար դրամ:


Միջոցառմանը մասնակցել է նաեւ Կապանում Իրանի գլխավոր հյուպատոս Մորթեզա Աբեդին Վարամինը, ով հատկապես կարեւորեց փառատոնն ընտանեկան ավանդույթների պահպանման առումով: «Երկրորդ անգամ եմ մասնակցում այս փառատոնին: Շատ լավ է, որ համայանքապետարանը նման միջոցառումներ է իրականացնում, ինչն օգնում է մարդկանց մոտ լինել սեփական արմատներին ու ընտանիքի ներսում ջերմ հարաբերությունների ամրապնդմանը»,- ասել է գլխավոր հյուպատոսը։ 

Փառատոնի ընթացքում ժյուրին, նախապես չիմանալով ուտեստների հեղինակներին, ընտրել է տարվա ամենահամեղ ու ախորժելի կուրկուտը։ Լավագույն կուրկուտի հեղինակ է ճանաչվել Կառլեն Մարտիրոսյանը: Այս տարի փառատոնի ընթացքում սպառվել է 2 տոննա կուրկուտ։


Փառատոնը հյուրընկալել էր հյուրեր ինչպես Սյունիքից, այնպես էլ Հայաստանի տարբեր հատվածներից եւ արտերկրից: Կապանից Նելլի Ավետիսյանը միջոցառմանը եկել էր իր մեծ ընտանիքի հետ։ «Նման միջոցառումները շատ կարեւոր են, քանի որ պահպանում են մեր մշակույթն ու ավանդույթները։ Մենք հնարավորություն ենք ստանում սերունդներին փոխանցել մեր ազգային կերակրատեսակները, դրանց պատրաստման ու մատուցման յուրահատուկ ծեսը»։

Կուրկուտի փառատոնն ուղեկցվել է երաժշտական ծրագրով․ կատարումներով հանդես են եկել Շուշան Պետրոսյանը, Barbar Band-ը, Արսեն եւ Արթուր Սաֆարյանները, Արսեն Գրիգորյանը (Մրո)՝ ապահովելով տոնական մթնոլորտ։


Անցկացվել են նաեւ մարզական մրցաշարեր՝ բազկամարտ եւ պարանի ձգում։ Հաղթողները պարգեւատրվել են հավաստագրերով, մեդալներով եւ նվերներով։

«Կուրկուտի փառատոնը շարունակելու է միավորել մարդկանց ազգային ավանդույթների շուրջ, զարգացնել համայնքային կյանքն ու զբոսաշրջությունը` ամրապնդելով իր դերը՝ որպես Կապանի այցեքարտերից մեկը։ 2021 թվականին ՀՀ կառավարության որոշմամբ՝ Կուրկուտ ծիսական ուտեստի ավանդույթը Կապանում ընդգրկվել է Հայաստանի ոչ նյութական մշակութային ժառանգության արժեքների ցանկում»,- նշվում է հաղորդագրությունում:

Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:

Կարդալ ավելին

Quality Sign BW