×


«Մեր հարաբերություններում մենք երկուսով չէինք»․ Էմմա Մկրտչյան

«Ես ունեցել եմ չստացված հարաբերություններ, որոնք շատ կարճ են տեւել։ Մենք ուղղակի երկու հասուն մարդու պես որոշեցինք, որ չպիտի իրար հետ լինենք, եւ վերջ։ Որովհետեւ հարաբերություններում պետք է լինեն կինն ու տղամարդը. երրորդ անձնավորություն չպիտի լինի։ Մեր հարաբերություններում մենք երկուսով չէինք»,- Ամալյա Հովհաննիսյանի «LIFEROOM» հաղորդման շրջանակում խոսելով իր ամուսնալուծության մասին՝ պատմել է դերասանուհի Էմմա Մկրտչյանը։

«Շատ վտանգավոր բան է հույսը, եթե վերջում կոտրելու ես այն»

Նա պարզաբանել է, որ խոսքը նախկին ամուսնու ծնողների հետ ունեցած բարդ հարաբերությունների մասին է. «Երբ տղամարդն ասում է. «Ես չեմ կարող թողնել իմ ծնողին, նա է այս պահին որոշում իմ փոխարեն», դու արդեն չպիտի մտնես նրանց փոխհարաբերությունների մեջ։ Եթե մայրը խառնվում է մեր երկուսի կյանքին, որոշում է՝ ես դերասանուհի պիտի լինեմ, թե ոչ, դա շատ մեծ սխալ է: Ես չեմ ուզում այդ սխալն անել։ Թող մայր ու տղա իրար հետ լինեն։ Բաժանվելիս ես նրան հարցրել եմ. «Ես ու դո՞ւ ենք խնդիրը», ասել է՝ չէ, եւ ինձ էլ պետք չէր ոչինչ ավելին»։

Էմման անկեղծացել է, որ դա մեծ հետք է թողել իր կյանքում, առանց տրավմաների ու կոտրված երազանքների չի անցել ոչինչ, թեեւ այդ ժամանակ էլ շարունակել է խաղալ թատրոնում ու ստեղծագործել․ «Չի կարելի մարդուն հույս տալ։ Շատ վտանգավոր բան է հույսը, եթե դու վերջում կոտրելու ես այն։ Իրականում մենք շատ երկար ընկերություն էինք անում, բայց ամուսնությունը կարճ տեւեց՝ մոտ 8 ամիս։ Երազանքներով ամուսնանալն իմ մասին չէր, որովհետեւ արդեն կեսից հասկացել էի, որ սխալ որոշում եմ կայացնում։ Բայց ես այդ պահին հասարակությանը զոհ գնացի. «Բա ի՞նչ կասեն մարդիկ», «Գիտեն, որ ընկերություն ես արել այսքան տարի, գիտեն, որ հիմա նշանված ես» եւ այլն։ Ու ես ուզում էի հնարավորություն տալ այդ հարաբերություններին, բայց սխալվեցի»։

«Հիմա սիրում եմ ե՛ւ ուղեղով, ե՛ւ սրտով»

Էմմա Մկրտչյանը պատմել է, որ այժմ ունի նոր ու գեղեցիկ հարաբերություն, իրեն սիրված, գնահատված ու հասկացված է զգում․ «Իմ կողքին ունեմ ինձնով հպարտացող մարդ, որին ես իսկապես սիրում եմ ե՛ւ ուղեղով, ե՛ւ սրտով։ Վեց ամիս է, ինչ միասին ենք։ Ա՜յ հիմա այն աղջկական Էմման վերադարձել է իմ կյանք. այդ թրթիռներն էլի զգում եմ, որ էլ չեմ ուզում լինել միայն բեմում, ուզում եմ լինել նաեւ կին, մայր։ Հիմա վերեւից ինձ գալիս են ազդակները, որ ես իմ կյանքի սիրուն փուլում եմ եւ ճիշտ ընտրության առաջ եմ կանգնած»։

«Դա չսպիացող վերք է»

Դերասանուհին նաեւ անկեղծ խոսել է ծնողների մահվան, ինքնամեղադրանքի զգացումը հաղթահարելու եւ իր քաղած դասերի մասին․ «Ծնողի կորուստը հաղթահարելու ցավ չէ։ Դե՜, ես հաջորդ օրվանից շարունակել եմ ապրել, ներկայացում եմ խաղացել, կատակերգություն եմ խաղացել։ Կարող է՝ ինչ-որ մեկը կողքից նայեր, ասեր. «Ինչ հեշտ մոռացավ»։ Բայց դա չսպիացող վերք է։ Ես ամբողջ գիշեր իմ բարձի հետ եմ շփվում եւ առավոտյան արթնանում՝ թաց բարձը գրկած»։

Նա պատմել է, որ մայրիկի մահից մեկ ամիս անց հիվանդացել է նաեւ հայրը, եւ ինքը հասկացել է, որ իր սերը սխալ է բաշխել․ «Ես պիտի հավասարապես երկուսի հանդեպ էլ ուշադիր լինեի, բայց երբ մայրս հիվանդ էր, այդ ժամանակ չէի գիտակցում, որ պապաս էլ իմ կարիքն ունի։ Ես էլի ամեն ինչ արել եմ, պապայիս էլ պահել եմ առավոտից գիշեր, մեղավորության զգացում չունեմ, ուղղակի կուզեի՝ ավելի շատ շփվեինք։ Շատ անկապ բաներից եմ նեղացել, որ հիմա հասկանում եմ՝ այնքան անիմաստ էր։ Երբ պապաս իմացավ, որ մամաս հիվանդ է, սկսեց խմել․ փորձում էր ուրախ տրամադրություն ստեղծել, որ իր ցավը չտեսնենք։ Ես, իհարկե, հասկանում էի՝ ինչ էր կատարվում նրա ներսում, բայց ախր նրան խմել չէր կարելի, ես էլ նեղվում էի։ Ու վերջում պապաս գարեջուր ուզեց, ես նրան ոչ ալկոհոլային տվեցի։ Բայց հիմա մտածում եմ՝ կյանքն այնքան կարճ է, թող աներ այն, ինչ ուզում էր»։

Զրույցն ամբողջությամբ կարող եք դիտել այստեղ՝

Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:

Կարդալ ավելին

Quality Sign BW