×


Անպատկառները սիրո հարցում դուրս են ցանկացած սահմանից. Դրամատիկականի բեմում «Քին»-ն է

«Ես շեքսպիրյան չորրորդ պատն եմ, որ գոյություն չունի: Պատգամ կա, որ ինձ են փոխանցել երեկ, եւ որը բոլորիս է ուղված: Ես՝ մեղսունակ հավատացյալս, կրկնում եմ բառերը Քինի, ով՝ իբրեւ երբեմնի առաքինի, գոռում էր բեմից՝ մի՛ դատեք, սիրեցե՛ք, մարդի՜կ»:

Երեւանի Հրաչյա Ղափլանյանի անվան դրամատիկական թատրոնի բեմում Էդմունդ Քինն է: «Նա հրեշ է, լոնդոնյան կազանովա, չնայած՝ կազանովան ուռճացված է. նա դոն ժուան է»,- նրան նկարագրող գեղեցկադեմ Էմի Գոսուիլլի խոսքերն են, որ սիրում էր բամբասանքների կենտրոնում լինել եւ հաճոյանալ Ուելսի արքայազնին։ 


Սերը տարբեր է, ինդիվիդուալ, տարբեր դիմակներ ունի։ Ամենքին մի կերպ է ներկայանում ու ամեն մեկի մոտ տարբեր դեր խաղում։ Մեկի դեպքում առաքինի է, մյուսին դարձնում է քաղաքի անբարոյականը։

Ներկայացման գլխավոր դերերում են Հրաչյա Հարությունյանը, Լեւոն Հախվերդյանը, Լիդիա Գրիգորյանը, Նարինե Պետրոսյանը, Վլադիմիր Մսրյանը, Մարիամ Ադամյանը, Գրիգոր Գաբրիելյանը, Էդուարդ Գասպարյանը։


Երկար էի մտածում՝ ինչ գրել ու ինչպես ներկայացնել ներկայացումը։ Բայց ամեն միտք, որը առաջացավ այն դիտելիս, եւ թե արդեն իսկ դրա ազդեցության ներքո, տարբեր է։

Բեմադրիչը Հայաստանի վաստակավոր արտիստ Հրաչյա Հարությունյանն էր, ով չխոսեց ներկայացման մասին, իսկ հարցերը, որոնք պետք էր նրան տալ, զրոյացան ներկայացման ազդեցիկության շնորհիվ։


Ներկայացման սկիզբը եւ ընթացքը Սողոմոնինն էր՝ Վլադիմիր Մսրյանի կատարմամբ։ Սովորաբար Սողոմոնի կերպարում լինում են ավագ սերնդի մարդիկ, եւ այս անգամ դերը վստահված էր իրեն։ Սողոմոնը ե՛ւ ներկայացման մեջ էր, ե՛ւ դրանից դուրս. նա հենց այդ չորրորդ պատը քանդողն էր, որի առաքելությունն էր գլորել ներկայացման ընթացքը, կառավարել այն։ 

Մսրյանն ասում է, որ Սողոմոնն ամենամտերմ մարդն էր, ով մինչեւ վերջ մնում է Քինի կողքին: Նա ոչ թե փորձում էր Քինին ինչ-որ բան սովորեցնել, այլ այն մարդն էր, ով կարող էր ճշմարտությունն ասել նրա դեմքին եւ մնալ հարազատը։ Սողոմոնը գիտի՝ ինչ է լինելու, եւ ապրում է դրանով։ 


«Քին»-ը 19-րդ դարի անգլիացի դերասանի մասին է. նրա պատմական կերպարի փառքի եւ անկման։ Աղմկահարույց անձնական կյանքի պատճառով բացահայտ հալածանքների է ենթարկվել, բայց, չնայած դրան, դարեր շարունակ բեմադրում ու կերպավորում են աշխարհի տարբեր թատրոններում։ 


Քինը կնամոլ էր. երեւի ավելի ճիշտ կլինի կնապաշտ բառը գործածել։ Թերեւս նա գիտեր, թե կինն ինչն է գնահատում. մի ամբողջ տուն նոր կահույքով է լցնում, որ Ելենան զգա իրեն առաջինը եւ միակը իր սիրեցյալի կյանքում։ Նրանց հրապուրանքը գուցե եւ հասներ որեւէ կետի, եթե մի օր չհայտնվեր Աննա Դեմբին ու իր գեղեցկությամբ չշեղեր Քինին։ Աննան փախել էր իր իսկ հարսանիքից եւ ապաստան գտել թատրոնի սենյակներից մեկում։ 

Ներկայացումը թաքնված շատ դրվագներ ունի. պետք է ուշադիր լինել ու մի քիչ պատրաստված գնալ՝ ենթատեքստը բռնելու համար։


Նարինե Պետրոսյանի կարծիքով՝ Հրաչյա Հարությունյանն այլ հնչեղություն է հաղորդել բեմադրությանը՝ նրանում ներառելով կարեւոր մենախոսություններ, օրինակ՝ «Հիսուս Նազովրեցին» ներկայացումից։

«Դրանք բարոյակրթական եւ մարդասիրական ուղերձ ունեն: Մարդիկ պետք է ճիշտ ուղու վրա կանգնեն եւ կարողանան չկորցնել իրենց մարդկային կերպարը»,- նշել է դերասանուհին:


Հիմարի գլխից էլ չես քշի քամին, իսկ անձրեւը թող թափվի ու թափվի, թափվի ու թափվի…

Ուելսի արքայազնը, որի կերպարում Լեւոն Հախվերդյանն է, իսկական խելագար է, ով սիրում է Քինին, լուռ ու չգրված օրենքով կիսում իր սիրելի կանանց ընկերոջ հետ։ Այ բայց Ելենա՜ն…


Լեւոնն ասում է, որ իրական կյանքի եւ այս ներկայացման մեջ մի ընդհանրություն կա. ինքը կախված է իր ավագ ընկերոջից. Հրաչյան իր կյանքում մեծ ազդեցություն ունի. «Մենք ունենք մեր պիեսների եռերգությունը. ամեն ինչ սկսվել է «Վերջին ծաղրածուն» ներկայացումից, որտեղ հայր ու որդի ենք խաղում, երկրորդը «Օրնիֆլ»-ն է, որում էլի հայր ու որդի ենք, եւ երրորդն այս ներկայացումն է, որում տեղերով փոխված ենք. այս անգամ իշխանական դիրքը փոխվել է։ Ե՛վ ըստ պիեսի, ե՛ւ իրական կյանքում Հրաչյա Հարությունյանը մեծ ազդեցություն ունի: Եռերգությունում եւս դա շատ լավ նկատելի է։ Այստեղ թագավորը թելադրողի դերում չէ: Այստեղ թելադրողը դերասանն է»։ 


Թերեւս սիրել է պետք: Սիրեցե՛ք, ներե՛ք իրար, խնդրեք, եւ ձեզ կտրվի... Սա էր ուղերձը «Քին»-ի՝ Հրաչյա Հարությունյանի շուրթերով եւ ըստ Աստվածաշնչի, որ ես՝ շեքսպիրյան գոյություն չունեցող չորրորդ պատս, եկա փոխանցելու ձեզ։

Տեքստը՝ Անահիտ Ամիրխանյանի
Լուսանկարները՝ Դավիթ Ղահրամանյանի
BRAVO.am

Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:

Կարդալ ավելին

Quality Sign BW