Վերջապես Ջենիֆեր Էնիսթոնի անձնական կյանքում ամեն ինչ հիանալի է։ 55-ամյա դերասանուհու սիրելին Հոլիվուդի համար մի քիչ անսովոր մասնագիտություն ունի՝ 50-ամյա Ջիմ Քերթիսը հիպնոթերապեւտ ու «փոխակերպող» մասնագետ է։
Էնիսթոնի մտերիմների խոսքով՝ Քերթիսը նրա մեջ ոչ թե կուռքի է տեսնում, այլ կնոջ, կարողանում է լսել ու էմոցիոնալ անվտանգության զգացում է փոխանցում, ինչի պակասը դերասանուհին ունեցել է իր նախորդ հարաբերություններում։
Օրերս Քերթիսն իր 50-ամյակի առիթով սեւ ու սպիտակ լուսանկարների շարք է հրապարակել, որոնցում Ջենիֆեր Էնիսթոնի հետ է։ Նրանք նման են զույգի, որը պարզապես երջանիկ է միասին։ Լուսանկարներին կից Քերթիսը գրել է. «Եթե սա երազ է, ապա չեմ ուզում արթնանալ»։
Դերասանուհին նրան զուսպ, բայց եւ գեղեցիկ է պատասխանել. «Բարի տարեդարձ, սեր իմ։ Գնահատում եմ քեզ»։
Նրանց սիրավեպի մասին առաջին լուրերը հայտնվել են դեռ այս տարվա հուլիսին, երբ Քերթիսը ներկա է եղել Էնիսթոնի մասնակցությամբ «Առավոտյան շոու» հեռուստասերիալի 4-րդ եթերաշրջանի պրեմիերային։
Վերջերս ELLE-ին տված հարցազրույցում դերասանուհին պատմել է իր սիրելիի մասին. «Հիպնոսը բազմաթիվ գործերից մեկն է, ինչով նա զբաղվում է։ Նա լրիվ բացառիկ մարդ է ու շատերին է օգնում։ Շատ հատուկ է, սովորական ու բարի, ուզում է օգնել մարդկանց բուժվել, հաղթահարել սեփական վերքերն ու հստակություն ձեռք բերել։ Հիանալի աշխատանք է, որին պետք է նվիրել ողջ կյանքը»։
Ու ինչպես սովորաբար հայտնիների դեպքում է լինում, երկրպագուների բանակը երկու խմբի է բաժանվել։ Էնիսթոնի դեպքում էլ մի մասը երջանիկ է նրա համար, իսկ մյուսը կարծում է, որ Քերթիսի մասնագիտությունը շատ մոդայիկ է, իսկ «հիպնոթերապեւտ» բառը մի քիչ կասկածելի է հնչում։ Մինչդեռ Էնիսթոնի մտերիմները նշում են, որ նա վաղուց է ուսումնասիրում ինքնազարգացման մեթոդները, իսկ նրա նոր հարաբերությունները հիմնված են երկու հասուն մարդկանց ընտրության վրա, որոնք հաղթահարել են սեփական սպիները։
Բրեդ Փիթի ու Ջասթին Տերուի հետ ամուսնալուծությունից հետո Էնիսթոնը բազմից է նշել, որ միայնակ մնալը խնդիր չի համարում։ Բայց ամեն դեպքում դերասանուհու վերջին նկարներից դատելով՝ սիրելիի կողքին գտնվելը նրան ավելի շատ է սազում։
Հոլիվուդյան պարբերականներում արդեն գրում են, որ Էնիսթոնի համար դա ոչ թե սովորական սիրավեպ է, այլ կյանքի նոր փուլ։


×
139







Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում: