Այս տարի Երեւանի Շեքսպիրյան 17-րդ միջազգային փառատոնը կրում է «Շեքսպիր եւ ռուս դասականներ» խորագիրը: Այն մայրաքաղաքից բացի հյուրընկալում են նաեւ Գյումրին ու Աշտարակը:
Փառատոնի համար ընտրվել են ոչ միայն Շեքսպիրի, այլեւ ռուս դասականների գործերի հիման վրա արված ներկայացումներ։ Բացումը կայացել է Պարոնյանի անվան երաժշտական կոﬔդիայի պետական թատրոնում Արկադի Ռայկինի անվան ռուսական պետական «Սատիրիկոն»-ի «Ճայը» լեգենդար ներկայացմամբ: Նրա հեղինակը հայտնի ռեժիսոր Յուրի Բուտուսովն է, որն այս տարվա օգոստոսի 9-ին Բուլղարիայում հանգստի ժամանակ խեղդվել է։
Շեքսպիրյան միջազգային փառատոնի տնօրեն Կարո Բալյանն ասուլիսի ժամանակ պատմել է, որ դեռ տարիներ առաջ են Բուտուսովի հետ որոշել «Ճայը» վերականգնել ու ներկայացնել Հայաստանում։ Չնայած ռեժիսորի մահվանը՝ կարողացել են այդ մտահաղացումը կյանքի կոչել, ներկայացումը վերաբեմադրել է Կոնստանտին Ռայկինը՝ պահպանելով Բուտուսովի ձեռագիրը:
«Վերջին տարիներին չեմ հիշում նման մի ներկայացում, որը ստացել է հնարավոր բոլոր մրցանակներն ու մեծ հեղինակություն է վայելում։ Այն դիտելու համար արտերկրից 200-ից ավելի հանդիսատես է, ինչը մեծ հաղթանակ է»,- ասել է Բալյանը։
Նա ցանկանում է ընդլայնել փառատոնի աշխարհագրությունն ու անցկացնել նաեւ «Շեքսպիրը եւ դասականները», «Շեքսպիրը եւ հայ դասականներն» ու այլ խորագրերով։
Փառատոնի ծրագրում ընդգրկված են նաեւ ներկայացումներ Մոլդովայից, Ղազախստանից, Հունգարիայից, Ռուﬕնիայից եւ Լեհաստանից։ Անցկացվում են վարպետության դասեր, մասնագիտական քննարկուﬓեր ու հատուկ հանդիպում ԽՍՀՄ ժողովրդական արտիստ, դերասան, ռեժիսոր ու «Սատիրիկոն» թատրոնի գեղարվեստական ղեկավար Կոնստանտին Ռայկինի հետ։ Գալյա Նովենց թատերական դպրոցի հետ համատեղ էլ նախատեսված է թատերական լաբորատորիա՝ բեմադրիչ Դորիան Ռոսսելի (Շվեյցարիա) ղեկավարությամբ կբեմադրվի Շեքսպիրի «Փոթորիկը»:
Այսօր Գյումրիի Վարդան Աճեմյանի անվան պետական դրամատիկական թատրոնում կկայանա Բրյանցեւի անվան պատանի հանդիսատեսի թատրոնի (Սանկտ Պետերբուրգ) «Քիթը» ներկայացումը:
Լուսանկարները՝ Շեքսպիրյան 17-րդ միջազգային փառատոնի եւ «Սատիրիկոն»-ի


×
133







Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում: