×


«Ոսկե դուբլ». 140 ժամ զրույցներ, 2,5 մլն դոլար բյուջե ու նորովի ներկայացված «Արարատ-73»

Օրեր առաջ ավարտվել են «Ոսկե դուբլ» ֆիլմի երեւանյան նկարահանումները, որը կպատմի Խորհրդային Միության չեմպիոն ու գավաթակիր «Արարատ-73»-ի ֆուտբոլիստների ու գլխավոր մարզիչ Նիկիտա Սիմոնյանի մասին։ BRAVO.am-ը ներկա է եղել վերջին նկարահանումներից մեկին ու զրուցել է ֆիլմի ստեղծողների հետ։

Վալերի Սահարյան (գլխավոր պրոդյուսեր, սցենարի համահեղինակ)

1972 թվականի Մյունխենի Օլիմպիական խաղերում ԱՄՆ-ի նկատմամբ ԽՍՀՄ-ի բասկետբոլի հավաքականի անհավանական հաղթանակի մասին պատմող «Դեպի վերեւ»-ը դիտելուց հետո է Վալերի Սահարյանը մտահղացել ֆիլմ նկարահանել «Արարատ-73»-ի մասին՝ անդրադառնալով Նիկիտա Սիմոնյանի ու իր տղաների կերտած փառահեղ նվաճմանը.

««Արարատ» ֆուտբոլային ակումբի շնորհիվ հայերը կարողացել են համախմբվել ու սահմաններ չդնել միմյանց միջեւ։ Կապ չուներ, որ Զանազանյանը Հունաստանից էր, Իշտոյանը՝ Գյումրիից, մյուսներն՝ այլ վայրերից. տղաներն իրոք միասնական էին։ Այն տարիներին անգամ կատակ կար, որ «Արարատ»-ում երկու երեւանցի կա՝ Կովալենկոն ու Բոնդարենկոն։ Ես էլ բնիկ հայաստանցի չեմ՝ ծնվել ու մեծացել եմ Մագադանում։ 1973-ին ֆուտբոլիստներն արեցին այն, ինչով մինչ օրս ապրում ենք: Ցավոք, եզրափակչի տեսագրությունը չկա. 3 տարի փնտրել ենք, բայց այն ոչ մի տեղ չի պահպանվել։ Եվ քանի որ այդ հաղթանակները գեղարվեստական ֆիլմի տեսքով էլ նախադեպը չունեն, որոշեցինք նկարել, որ գոնե այդպես շարունակեն մնալ մեր հիշողություններում»։


Ստեղծելու ընթացքում օգտվել են արխիվային նյութերից ու սիրողական տեսագրություններից, որոնք ստադիոնում շատ են արվել։ Մանրակրկիտ ուսումնասիրել են խաղային կարեւոր դրվագներն ու 3D մոդելավորմամբ փորձելու են վերականգնել ճշգրտությամբ։ Այդ ամենը վերհիշելու ու վերականգնելու հարցում շատ են օգնել «Արարատ-73»-ի ֆուտբոլիստները, որոնց հետ 2019 թվականից երեք տարի շարունակ զրուցել են եւ 180 ժամ ձայնագրություններ արել։ Ամենաերկար հանդիպումներից մեկը եղել է Սերգեյ Բոնդարենկոյի հետ՝ խոսել են 14 ժամ անդադար:

«Շատերի հետ հասցրինք ընկերանալ: Ջերմ ու լավ հարաբերություներ հաստատեցինք Արկադի Անդրեասյանի ու Նիկոլայ Ղազարյանի հետ, ցավոք, երկուսն էլ ողջ չեն։ Իրենք էլ անհամբերությամբ էին սպասում ֆիլմին, բայց հավատանք, որ կտեսնեն այն։ Թեեւ իրական դեպքերի հիման վրա ենք նկարել, բայց հորինած կերպարներ էլ ունենք, որպեսզի ֆիլմն ավելի դիտարժան ու գրավիչ ստացվի։ Սցենարի հեղինակ Էդուարդ Այանյանի կյանքում «Արարատ-73»-ն առանձնահատուկ տեղ ունի։ Պարզվում է՝ նրա հայրը թիմի խաղի պատճառով անգամ սեփական հարսանիքից է ուշացել։ Այս պատմությունը գրել է նաեւ՝ որպես հարգանքի տուրք հայրիկին»,- պատմել է Սահարյանը:


Պրոդյուսերը խոստովանում է, որ ֆիլմի մասշտաբներն աննախադեպ են՝ բյուջեն կազմում է 2,5 մլն դոլար, թեեւ գլխավոր դերակատարները Նիկիտա Սիմոնյանին մարմնավորող Եգոր Բերոեւը, ակումբի ֆուտբոլիստներն ու պահեստայիններն են, ինչպես նաեւ մրցակից Կիեւի «Դինամո»-ի խաղացողները, ընդհանուր առմամբ երկխոսություններ ունեն 207 կերպար։ Նկարահանվողների մի մասը դերասաններ են, որոնք ֆուտբոլ խաղալ են սովորել, մյուսները՝ ֆուտբոլիստներ, ովքեր յուրացրել են դերասանի վարպետությունը։ Դերասանները երեք ամսվա ընթացքում շաբաթական երեք օր մարզվել են «Հրազդան» մարզադաշտում, որպեսզի ե՛ւ յուրացնեն անհրաժեշտ հմտությունները, ե՛ւ կարողանան իսկապես զգալ թիմային ոգին ու մթնոլորտը.

«Երբ առաջին նկարահանման համար եկանք Ձորաղբյուր՝ դեռ այն տարիներից «Արարատ»-ի մարզաբազա, մարզիչները զարմացած նկատեցին, որ լուրջ թիմ ենք ստացել, որոնք կարող են հիանալի խաղ ցույց տալ։ Երբ «Հրազդան»-ում եզրափակիչն էինք նկարում, տղաներն իսկապես տեղափոխվել էին 1973 թվական ու «Դինամո»-ի դարպասը գրավելիս նույն հաղթական ապրումներն էին զգում: Միանշանակ, շատ կարեւոր է նաեւ 12-րդ խաղացողը՝ երկրպագուն, առանց որոնց ֆուտբոլն այն չէ, ու նրանց ապրումներն էլ շատ գունեղ ենք ցույց տվել։ Նկարահանման օրերից մեկի ժամանակ ստադիոնում 400 երկրպագու ենք ունեցել, եւ բոլորի համար էլ հագուստ է կարվել: Ամբողջ Հայաստանը՝ մեծից փոքր, ապրում էր ֆուտբոլով, ու այդ ամենը մեր տղաների շնորհիվ էր»։


Սահարյանը կարծում է՝ պետք է պատմել մեծ հաղթանակների ու այն ժամանակաշրջանի մասին, երբ մարդիկ ավելի բարի էին միմյանց նկատմամբ, ապրում էին այլ արժեքներով ու կարեւորում այլ սկզբունքներ։

Ֆիլմի նկարահանումները Երեւանում սկսվել են օգոստոսի 29-ին ու ավարտվել հոկտեմբերի 24-ին, եւս հինգ օր էլ կշարունակվեն Մոսկվայում։ Նախատեսում են այն հանդիսատեսին հանձնել 2025-ի գարնանը կամ էլ աշնանը:

«Այս ֆիլմն ինձ համար իսկապես շատ կարեւոր է: Այն պետք է համալրի «Մենք ենք, մեր սարերը», «Հարսնացուն հյուսիսից»,  «Տղամարդիկ» ֆիլմերի շարքը: Մեր առջեւ այդպիսի նշաձող ենք դրել, գուցե համարեն՝ մեծ-մեծ խոսում ենք, բայց դրանով ընդգծում ենք, թե ուր ենք ձգտում»,- ասել է պրոդյուսերը:


Նրա խոսքով՝ ամեն ինչ փորձել են վերականգնել ամենայն ճշգրտությամբ։ Բաղրամյան փողոցում նկարահանումներից մեկի ժամանակ այնքան ռետրո մեքենաներ են ներգրավել, որ նույնիսկ խցանում են առաջացրել։ «Արարատ»-ի ֆուտբոլիստների համար կարված հագուստի համար խորհրդային տարիների թել ու գործվածք են օգտագործել, գուլպաները Գյումրիում այնպիսի ֆաբրիկայում են պատվիրել, որտեղ այդ գործվածքի նրբություններին տիրապետող մասնագետ են գտել։ Սահարյանն ընդգծում է՝ տիկին Թամարան նույնիսկ գործվածքների քառակուսիների չափերը գիտի։ Նկարահանումների համար մարզադաշտում տեղադրված պաստառների վրա էլ նկարել են պապիկները, որոնք տարիներ առաջ դեռ երիտասարդ տարիքում հատուկ տառաչափով դրանք ստեղծել են եզրափակչի համար։ Այնքան ոգեւորված են աշխատել, որ 3 շաբաթվա փոխարեն մեկում են ամեն ինչ հասցրել։

Մհեր Մկրտչյան (ռեժիսոր)

Մհեր Մկրտչյանի համար «Արարատ-73»-ի մասին ֆիլմ նկարահանելը մեծ պատասխանատվություն է, քանի որ լեգենդներին անդրադառնալը որքան հաճելի, նույնքան էլ վախենալու է. «Դա երբեք էլ չեմ թաքցրել, քանի որ չստացվելու դեպքում նրանց անվան հետ ես խաղում։ Իմ տեսակով այն ռեժիսորներից եմ, որոնք մինչեւ պրեմիերան համոզված չեն լինում, որ ֆիլմը ստացվել է։ Պետք է նկարահանումների ժամանակ առավելագույնն անես, իսկ լավ կամ վատ լինելը միայն հանդիսատեսը կորոշի։ Նրանց հետ դիտելու ընթացքում էլ հասկանում եմ՝ որքանով է գործը հաջող»։


Չի ժխտում՝ նախագիծը մեծ ու մասշտաբային է, բայց իր համար աշխատանքի առումով արտառոց ոչինչ չկա, քանի որ անհրաժեշտ փորձն ունի։ Միակ նորությունը եղել է ֆուտբոլի դինամիկան ու գործողությունները նկարելը։ Այդ նպատակով Միացյալ Նահանգներից հրավիրել են օպերատոր Ֆյոդոր Լյասին, որը սպորտային դրամաներ նկարելու մեծ փորձ ունի. «Խաղային դրվագները նկարելու համար 6-7 տեսախցիկ ենք օգտագործել, բեմադրել է հենց Լյասը։ Ֆուտբոլ առաջին անգամ էի նկարահանում, ինչը հետաքրքիր դպրոց ու նոր մտածելակերպ է»։


Ռեժիսորը խոստովանում է՝ ինքն էլ մեծացել է անվանի խաղացողների նվաճումների մասին լսելով: Հույս ունի, որ ֆիլմը կօգնի 1973 թվականի հաղթական պատմությունը կերտած ֆուտբոլիստների ու նրանց լեգենդար մարզիչ Նիկիտա Սիմոնյանի մասին լավ հիշողություն թողնել հետագա սերունդների համար ինչպես Հայաստանում, այնպես էլ նրա սահմաններից դուրս. «Ֆիլմը ոչ միայն ֆուտբոլի, այլեւ մարդկային հետաքրքիր փոխհարաբերությունների եւ սիրո մասին է։ Այն ժամանակ ամեն ինչ ավելի անմիջական ու մաքուր էր։ Կադրերը նայելիս էլ միանգամից երեւում է, թե խփած գոլից հետո ինչպես էին ուրախանում առաջ ու հիմա. հույզերը շատ տարբեր են»։

Եգոր Բերոեւ (Նիկիտա Սիմոնյան)

Նիկիտա Սիմոնյանին մարմնավորող Եգոր Բերոեւն անձամբ ծանոթ է նրա հետ, նշում է՝ ֆուտբոլային լեգենդը գեղեցիկ եւ անկեղծ է խոսում, հետաքրքիր պատմություններ ու կատակներ անում՝ միաժամանակ մնալով թեթեւ եւ անմիջական։ Նկատել է, որ խորհրդային տարիների ֆուտբոլիստներն էլ խելացի, բացառիկ, ինտելեկտուալ ու վառ անհատականություններ էին. «Ինձ դուրս է գալիս այն ժամանակաշրջանը, մարդիկ համաձայնության ու սիրո պայմաններում են ապրել ու միմյանցից ուժ ստացել, ազգերն էլ համերաշխ են եղել։ Այս ֆիլմն այն մասին է, որ մեր հաղթանակներն ու ուժը միասնականության մեջ են, հենց դա է օգնում առաջ շարժվել եւ զարգանալ»։


Բերոեւն առաջին անգամ է Հայաստանում ու խոստովանում է, որ անհավանական տպավորություններ է ստացել՝ ծանոթացել է գեղեցիկ եւ բարի մարդկանց հետ։ Հավանում է, որ ի տարբերություն Ռուսաստանի, փողոցներում անվտանգ բազմաթիվ շների է կարելի հանդիպել։ Մեկուկես ամսվա ընթացքում նրանից շատերին է հասցրել ճանաչել:

«Մեզ հետ աշխատող երիտասարները բարոյապես բարձր ու խելամիտ են, նախ՝ ոչ մեկը չի հայհոյում, ուշադիր ու հարգանքով են վերաբերվում մեծերին ու կանանց։ Ուզում եմ՝ մեր երիտասարդությունը շփվի ու տեսնի ձեր այդ դրսեւորումները։ Սիրում եք ձեր պատմությունը եւ մեծերին, լսում նրանց կարծիքները, ինչն ազգի ապագայի համար շատ կարեւոր է։ Հասցրի ծանոթանալ ձեր բազմադարյա եւ բացառիկ մշակույթին։ Եղա շատ հին վանքերում ու եկեղեցիներում Երեւանում, Հաղպատում, Գառնիում, որոնց շնորհիվ մենք՝ ուղղափառներս, նոր գիտելիքներ ենք ձեռք բերում քրիստոնեության մասին։ Շատ ուրախ եմ, որ Աստված ինձ այս նկարահանումները նվիրեց», - ասել է ռուս դերասանը:


Ըստ Բերոեւի՝ ֆիլմը կպատմի անկեղծ հարաբերությունների եւ լուսավոր գաղափարների մասին, ու թե ինչպես է հնարավոր առանց նյութական շահ հետապնդելու պայքարել հաղթանակի համար։ Կարծում է՝ ֆուտբոլի առաջնությունն ու գավաթի խաղարկությունը ԽՍՀՄ-ում ամենավառ եւ մեծ իրադարձությունն էր, որի հետ կարող է համեմատվել միայն 1980-ի Մոսկվայի Օլիմպիադան։

«Անընդհատ վերադառնում ենք հին ժամանակներ ու այնտեղից հույս եւ ոգեւորություն քաղում ապագայի համար։ Բարեկամ ժողովուրդներ ենք, փոքր տարիքից միշտ իմ կողքին հայ ընկերներ են եղել. Պապյանները մեր ընտանիքի բարեկամն էին, ու այդ ընկերությունը շատ էինք գնահատում։ Հետաքրքիր է, որ 1958 թվականին տատիկս Երեւանում նկարահանվել է «Սթափ գինի» ֆիլմում ու մայրս էլ հետն է եղել, օրեր առաջ այստեղ արված նկար ուղարկեց, որում 8 ամսական է: Ինչպես եւ նրանք, ես էլ սեպտեմբերին եմ եկել Հայաստան, նկարահանումները կավարտենք հոկտեմբերին, ամսի 10-ին թիմը գավաթակիր է դարձել: Օրեր առաջ Նիկիտա Սիմոնյանի 98-րդ տարեդարձն էր, իսկ 9-ին՝ իմ 47-ամյակը, նույնքան եմ, որքան 1973-ին մարզիչն էր»,- նշել է Եգոր Բերոեւը:

Արծրուն Չոբանյան (Արկադի Անդրեասյան)

Արծրուն Չոբանյանը չի թաքցնում, որ «Արարատ»-ի առաջատար խաղացողներից Արկադի Անդրեասյանի կերպարը ստանալու ընթացքը բարդ է եղել։ Երբեք ֆուտբոլ չի խաղացել, իսկ Անդրեասյանն այն տարիների լավագույն խաղացողներից մեկն էր, եւ արտաքին նմանությունից բացի, շատ կարեւոր էր հասնել խաղային վարպետության որոշակի աստիճանի։


«Դերը պարտավորեցնող է, թիմային պարապմունքներից բացի, նաեւ անհատական էի մարզվում, որ հնարավորինս համապատասխանեմ կերպարիս, ու տարբերությունը շատ չզգացվի։ Անդրեասյանին ճանաչելու համար իր հարցազրույցներն եմ դիտել եւ խոսել նրա ծանոթների հետ. ամեն մեկից ինչ-որ բան եմ վերցրել։ Նա «Արարատ»-ի ողջ խաղի դիրիժորն էր, ու հուսամ՝ կկարողանամ դա ցույց տալ։ Իսկապես մեծագույններից մեկն էր ու արժանի է լավագույնս ներկայացված լինելու»,- ասել է դերասանը:

Ցավում է, որ ֆուտբոլիստը ողջ չէ ու չի տեսնելու իրենց մասին ֆիլմը։ Բայց անկախ ամեն ինչից, փորձելու են ցույց տալ մեծ հաղթանակների հասնելու կարեւորությունն ու մարդկանց դրական ապրումներ փոխանցել։

Դավիթ Մանոյան (Ալեքսանդր Կովալենկո)

Դավիթ Մանոյանը ինքն էլ ֆուտբոլիստ է ու խաղային դրվագներում Կովալենկոյին մարմնավորելիս որեւէ դժվարություն չի ունեցել։ Որոշակի հարվածներ ու հնարքներ որպես կրկնօրինակող մյուսների փոխարեն է կատարել։

«Շատ մեծ դեր ունեմ՝ Կովալենկոյի տեսարանները ֆիլմում գերակշռում են։ Կարծում եմ՝ դերասաններից վարպետությամբ հետ չեմ մնում։ Մի քանի անգամ տղաների մարզմանը եղել եմ ու երբ արդեն նկարահանումներին տեսա նրանց, տարբերությունը մեծ էր։ Եթե առողջական խնդիրներ չունենայի, ֆիլմում լինել չէի կարող, քանի որ գրաֆիկը պրոֆեսիոնալ ֆուտբոլիստի համար չէ։ Թեեւ մի դուռը փակվեց, բայց նման հնարավորություն ստացա։ Ուշք ու միտքս հաջորդ տարի ֆուտբոլ վերադառնալն է, հենց նկարահանումները վերջացնենք, բուժման նպատակով մեկնելու եմ Գերմանիա ու վերադառնամ արդեն որպես դերասան-ֆուտբոլիստ»,- ասել է Մանոյանը:


Համոզվել է՝ 70-ականներին ֆուտբոլը լրիվ այլ էր. նախ ատրիբուտներն էին էականորեն տարբերվում, բացի այդ էլ թիմերը հավասար պայմաններում էին խաղում. «Հայաստանը երբեք տաղանդների պակաս չի ունեցել: Ֆիլմը դիտողները կտեսնեն՝ ինչպիսի մարդիկ ու ֆուտբոլիստներ են եղել, ինչերի միջով անցել նման հաղթանակներ գրանցելու համար։ Կիմանան նաեւ մարզիչ Նիկիտա Սիմոնյանի կարեւոր դերի ու աշխատանքի մասին։ Բազում ֆիլմեր են օգնել պատմությանը նորովի ծանոթանալ, շատերը Տրոյայի մասին իմացան հենց համանուն ֆիլմի շնորհիվ»։


Անդրանիկ Միքայելյան (Էդուարդ Մարկարով)

Անդրանիկ Միքայելյանը ֆուտբոլ փոքր տարիքից է սիրել ու նույնիսկ երազել է խաղացող դառնալու մասին, սակայն չի ստացվել։ Հիմա իր երկու սիրելի մասնագիտությունները համատեղում է ու մարմնավորում թիմի մեկ այլ լեգենդի՝ Էդուարդ Մարկարովին։ Իրենց արտաքին նմանության մասին անգամ Մարկարովն է ասել, երբ ներկա է եղել նկարահանումներին.

««Արարատ»-ի հաղթանակների մասին պապիկիցս եմ լսել ու մեր բակի տարեցներից։ Գիտեի, որ Մարկարովը մեծ դերակատարում է ունեցել. իմ հիշողություններում նա իսկական լեգենդ է տպավորվել։ Իսկ դերը ստանալուց հետո ուսումնասիրել եմ նրա կարիերան. արագ ֆուտբոլիստ էր ու թիմի լավագույն ռմբարկուներից մեկը։ Կարծում եմ՝ հիանալի ստեղծագործական, օպերատորական ու տեխնիկական թիմի շնորհիվ այդ ամենը կարողացել ենք ցույց տալ։ Փորձել ենք ինձնից լավ Մարկարով ստանալ»։


Չի թաքցնում, որ շատ է հավանում այդ ժամանակաշրջանն իր կոլորիտի, գեղեցիկ հագուկապի ու սանրվածքների շնորհիվ, երբ կանայք իսկապես կանացի էին, իսկ տղամարդիկ իրենց պահում էին ջենթլմենների պես։ Համարում է, որ «Ոսկե դուբլը» կօգնի բարձրացնել ազգի ոգին ու մեր պառակտված հասարակությանը ցույց տալ, թե ինչպիսի վեհ արժեքներ են եղել 1970-ականներին։ Հանուն «Արարատ»-ի փողոցներ դուրս եկած բազմաթիվ մարդկանց միասնականությունը կօգնի վերհիշել անցյալի վառ էջերն ու հույսով լցվել։

«Նրանք հաղթանակի են հասել իրենց աշխատասիրության, նվիրումի, նպատակասլացության եւ պրոֆեսիոնալիզմի շնորհիվ։ Ափսոսում եմ, որ հիմա ֆուտբոլում նման մեծ նվաճումներ չունենք։ Ինքս էլ Մարկարովին մարմնավորելիս շատ դասեր եմ քաղել ու օրինակ վերցրել նրանից: Կապ չունի, որ դերասան եմ, ես էլ պիտի մինչեւ վերջ գնամ ու նվաճեմ այդ տիտղոսները։ Պիտի բոլորս «Արարատ»-ի խորհրդանիշը գտնենք մեզ համար ու նորովի ճանաչենք մեր մեծերին»,- ասել է Միքայելյանը:

Պատրաստեց՝ Հասմիկ Բաբայանը/Bravo.am/
Լուսանկարները՝ Էդուարդ Գրիգորյանի, Սվետլանա Սարգսյանի, Օքսանա Մելքոնյանի

Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:

Կարդալ ավելին

Quality Sign BW