×


Կիրիլ Կարաբից․ «Նախկինում էլ եմ առիթներ փնտրել աշխարհով մեկ կատարել Տերտերյանի սիմֆոնիաները»

Նոյեմբերի 21-ին «Արամ Խաչատրյան» համերգասրահում Հայաստանի ազգային ֆիլհարմոնիկ նվագախմբի կատարմամբ հնչեց Ավետ Տերտերյանի թիվ 3 սիմֆոնիան՝ Ուկրաինան և Գերմանիան ներկայացնող նշանավոր դիրիժոր Կիրիլ Կարաբիցի ղեկավարությամբ:

Նվագախմբի և դիրիժորի բարձր վարպետության շնորհիվ  սիմֆոնիան հնչեց իր ողջ վիթխարիությամբ՝ ունկնդրին կլանելով hարվածայինների առաջին իսկ հնչյուններից: Տպավորություն էր, թե ստեղծագործությունը սկսվեց և ավարտվեց մեկ շնչով։ Սիմֆոնիան լիովին փոխանցում էր տերտերյանական միստիկ էներգիան, այն հնչում էր  ասես անտեսանելի հարց ու պատասխանի տեսքով, որը ծավալվում էր առավելապես հարվածայինների և փողայինների, դուդուկի և գալարափողերի միջև՝ իրենց բնույթով խորապես խորհրդանշական կերպով: Դուդուկի և զուռնայի տպավորիչ մենանվագներով հանդես եկան Հարություն Չքոլյանը և Կարեն Սիրականյանը: 


Չվերլուծելով ստեղծագործությունը՝ կարող ենք նշել, որ նվագախմբին հաջողվեց ունկնդրին կտրել առօրյա իրականությունից, տպավորություն էր, կարծես տեղափոխվում ես մեկ այլ տիրույթ, մի ուրիշ՝ արտասովոր և տարօրինակ աշխարհ: Անբացատրելի մի ուժ կար այդ երեկո, որտեղ անգամ լռությունն էր դառնում երաժշտություն․․.


Տերտերյանն ասում էր. «Մարտական թմբուկի ձայնը նախապատրաստում է լռության «մուտքը»: Միգուցե հենց այդ պատճառով՝ մենակատար հարվածայիններից հետո հայտնվող բուդդայական զանգակներն անմիջապես ստեղծում են այն ձայնային մթնոլորտը, որտեղ տեղի է ունենում տրոմբոնների «զրույցը»: Հաջորդիվ մուտք է գործում զուռնան՝ ներքաշելով մեզ կյանքի իրադարձությունների հորձանուտ: Հետո դու հայտնվում ես մի տարօրինակ աշխարհում, ուր ներխուժում են տրոմբոնները՝ «հիսթերիկ» աղաղակով»: Սիմֆոնիան մարդկային կյանքի ունայնության շուրջ մտորումների ամբողջություն է: Այն գրվել է Տերտերյանի համար բեկումնային  շրջանում․ 1974թ․-ին սրտի կաթվածից Ավետի ձեռքերի մեջ հանկարծամահ է լինում նրա եղբայրը՝ դիրիժոր Հերման Տերտերյանը (ում նվիրված է այս սիմֆոնիան), իսկ դրանից մեկ տարի առաջ արդեն կորցրել էր մորը։ «Ես հիշում եմ, Հերմանն ուներ  լարվող ճապոնական մի խաղալիք, որն ուներ «հոմերական քրքիջ»։ Երբ տեղի ունեցավ ողբերգությունը, այդ անբնական, սարսափելի ծիծաղը, որը խորապես դրոշմվել էր իմ հիշողության մեջ, ինչ որ պահի դարձավ կյանքի ունայնության վրա ծիծաղի խորհրդանիշը, որը հիշեցում է մեր շատ քայլերի անհեթեթության մասին և դառնում մարդու մահվան ողբերգության ուղեկիցը»,- պատմում էր կոմպոզիտորը՝ բացատրելով երրորդ սիմֆոնիայում «ծիծաղացող» վալտորնաների կերպարը (Մարգարիտա Ռուխկյան, «Ավետ Տերտերյան», Երևան, «Նաիրի», 2002, էջ՝ 103):


Սիմֆոնիայի առաջին կատարումը տեղի է ունեցել 1975թ.-ին` Հայաստանի ազգային ֆիլհարմոնիկ նվագախմբի (այն ժամանակ՝ Հայաստանի պետական սիմֆոնիկ) կատարմամբ՝ Դավիթ Խանջյանի ղեկավարությամբ: 

Նոյեմբերի 21-ին «Արամ Խաչատրյան» համերգասրահում Տերտերյանի 3-րդ սիմֆոնիայի կատարումը դիրիժոր Կիրիլ Կարաբիցի նախաձեռնությունն էր. նա Տերտերյանի արվեստի մեծ երկրպագու է: Կարաբիցը կատարել է այն տարբեր նվագախմբերի հետ Լեհաստանում, Գերմանիայում, Անգլիայում և այլուր: Նա նաև ձայնագրել է Տերտերյանի 3-րդ և 4-րդ սիմֆոնիաները՝ թողարկված «Ձայներ արևելքից» ձայնասկավառակում (“Voices from the East”, Chandos lable), որը մեծ դրական արձագանքի է արժանացել երաժշտաքննադատների կողմից: 


Հայաստանյան համերգի մասին Կարաբիցը նշում է. «Այս սիմֆոնիան ես ղեկավարել եմ շատ անգամներ, այս երաժշտության հանդեպ ինձ մոտ զգայական մակարդակի վրա ձևավորվել է իմ մոտեցումն ու  զգացողությունը: Ինձ համար շատ պատվաբեր և հուզիչ էր, որ հնարավորություն ընձեռվեց այս սիմֆոնիայից բխած իմ էմոցիաներով ու մեկնաբանությամբ կիսվել հենց հայ երաժիշտների և ունկնդրի հետ։ Առավել հաճելի էր, որ մեր կատարումը շատ ջերմ ընդունվեց ունկնդրի կողմից: Ես անսահման երջանիկ եմ։ Ես նախկինում էլ եմ առիթներ փնտրել աշխարհով մեկ կատարել Տերտերյանի սիմֆոնիաները, իսկ այժմ առավել ևս ոգևորված և կլանված եմ այդ գաղափարով: Հայաստանի ազգային ֆիլհարմոնիկի հետ սա իմ երկրորդ համագործակցությունն էր, երաժիշտները բավական «արձագանքող» են, պատրաստակամ, նրանք մեծ հետաքրքությամբ էին ընդունում իմ ցանկացած գաղափար՝ հատկապես Տերտերյանի սիմֆոնիայի հետ կապված: Ես կարծում եմ, որ բոլորս պետք է հավուր պատշաճ պատրաստվեք 2029թ.-ին Տերտերյանի 100-ամյակին հնարավորինս հզոր հնչողություն հաղորդելու համար հայ մեծն կոպոզիտորի հոբելյանին թե՛ Հայաստանում, թե՛ աշխարհի ցանկացած անկյունում»։ 


Համերգին հնչեց նաև սյուիտ Թոմաս դե Հարթմանի «Ալվան ծաղիկը» բալետից,  Մոցարտի Դաշնամուրի կոնցերտ թիվ 13-ը մեր ժամանակների մոցարտյան լավագույն մեկնաբաններից մեկի` դաշնակահար Անդրեաս Ֆրյոլիխի կատարմամբ: Երեկոյի ավարտին հնչեց բիս, որտեղ մաեստրո Կարաբիցն իր ձեռքը վերցրեց դուդուկը, միանալով մյուս դուդակահարներին, ներկայացնելու համար Գյուրջիևի հայկական մեղեդին, որը հաճելի անակնկալ էր բոլորի համար և ունկնդիրների կողմից ընդունվեց ջերմ ու  հոտնկայս ծափահարություններով:

Կարաբիցը 2009-ից հանդիսանում է Բորնմութի սիմֆոնիկ նվագախմբի գլխավոր դիրիժորը: Իր ղեկավարած տարիներին նվագախումբը զգալի կերպով ընդարձակել է երկացանկը, կանոնավոր հանդես է գալիս հեղինակավոր BBC Proms փառատոնում, Լոնդոնի Բարբիքեն և Southbank արվեստի կենտրոններում: 2014թ.-ին նվագախմբին շնորհվեց «Աշխարհի ամենասիրելի նվագախումբ» տիտղոսը: 2025-26 համերգաշրջանի գլխավոր իրադարձություններն են Կարաբիցի համագործակցությունը Լոնդոնի ֆիլհարմոնիկ, Շոտլանդիայի Թագավորական ազգային, Տոկիոյի Մետրոպոլիտեն սիմֆոնիկ, BBC սիմֆոնիկ, Ստրասբուրգի ֆիլհարմոնիկ նվագախմբերի և Լեհաստանի ռադիոյի ազգային սիմֆոնիկի հետ: Մեծ շրջագայություն ունի Չինաստանում, որը կեզրափակվի Մակաոյի միջազգային երաժշտական փառատոնով, այնուհետ ելույթ կունենա Սեուլի Արվեստների կենտրոնում, համերգաշրջանը կեզրափակի Վիեննայի սիմֆոնիկ նվագախմբի հետ՝ ղեկավարելով «Տրավիատա» օպերան Բրեգենցի փառատոնում: 2024թ.-ին Կարաբիցը պարգևատրվել է Բրիտանական կայսրության շքանշանով (The Order of British Empire) Մեծ Բրիտանիայում դասական երաժշտության զարգացման գործում մատուցած ծառայությունների համար։


Վերադառնալով Տերտերյանին՝ նշենք, որ նա 20-րդ դարի կոմպոզիտորական արվեստի ակնառու ներկայացուցիչներից է, նոր սիմֆոնիկ ոճի հիմնադիր, ով իր նորարարություններով հող նախապատրաստեց հայ դասական երաժշտության հետագա զարգացման համար։ Նրա սիմֆոնիաները նոր խոսք էին ոչ միայն հայ կոմպոզիտորական արվեստում այլև համաշխարհային դասական երաժշտության մեջ, որտեղ զուգորդված են Եվրոպական ավանգարդիզմը և հայկական ազգային երաժշտությունը՝ առավելապես մոնոդիկ արվեստը։ Կոմպոզիտորը կիրառել է ժամանակակից գրելաոճեր՝ ալեոտորիկա, սոնորայնություն, դոդեկաֆոնիա, ատոնալություն, ձայնագրման մեխանիկական միջոցների օգտագործում։

Հեղինակ լինելով մի շարք ստեղծագործությունների՝ այդ թվում երաժշտա-բեմական (օպերա, բալետ), սիմֆոնիկ, գործիքային, վոկալ, վոկալ-գործիքային, (այդ թվում երգեր, ռոմանսներ, վոկալ շարեր) ինչպես նաև երաժշտություն ֆիլմերի համար, առավել հանրաճանաչություն են ձեռք  բերել նրա սիմֆոնիաները։ Կոմպոզիտորը ստեղծել է ութ սիմֆոնիա (9-րդը՝ անավարտ), որոնք աչքի են ընկնում իրենց մասշտաբայնությամբ, գործիքային կազմերի հետաքրքիր ընտրությամբ, հայկական տարրերով, արտասովոր հնչյունային համադրություններով։ 

Տեքստը՝ Անժելիկա Հակոբյանի
Լուսանկարները՝ Մարիա Վարդանյանի

Կարդալ ավելին

Quality Sign BW