×


«Օծանելիք՝ անտեսանելիի քանդակ». Փարիզում կայացավ Ֆրանսիս Քուրքջյանի գործունեության 30-ամյակին նվիրված ցուցահանդես

Արվեստով լցված սրվակները

Բալետի մենապարողից՝ օծանելիքագործ․ թվում է, թե տարբեր բնագավառներ են, բայց Քուրքջյանի դեպքում ամենուր արվեստ է, ցանկացած սրվակ ոգեշնչված է արվեստի որեւէ ոլորտից։ 

Քուրքջյանի մատների տակ նոտաները բույր են ստանում, պարելով հալվում ու ծորում են անուշաբույր սրվակների մեջ, կաթիլները՝ դառնում գեղարվեստական լուսանկար։

Երբ լսում ես՝ օծանելիքագործին նվիրված ցուցահանդես է լինելու, մի քիչ տարակուսում ես՝ ի՞նչ ենք տեսնելու, բայց, ինչպես հուշում է ցուցադրության խորագիրը, անտեսանելի բույրերը քանդակներ էին դարձել, սրվակներից արվեստը լցվել էր սրահները եւ պարուրել այցելուներին։


Փարիզի հայտնի թանգարաններից մեկում՝ Տոկիոյի պալատում՝ հոկտեմբերի 29-ից նոյեմբերի 23-ն անցկացվեց ֆրանսահայ օծանելիքագործի գործունեության 30 տարիներին նվիրված ցուցադրությունը, որը մեծապես գրավել էր փարիզեցիներին եւ քաղաքի հյուրերին։ 

Ցուցահանդեսը բազմազգայական ճանապարհորդության միջոցով բացահայտում էր բազմաթիվ աշխատանքներ, բուրավետ ինստալացիաներ եւ օծանելիքով առարկաներ, որոնք վերանայվել կամ հորինվել են Ֆրանսիս Քուրքջյանի կողմից՝ համագործակցելով տարբեր ոլորտների ստեղծագործողների հետ, ինչպիսիք են՝ նկարիչներ Սոֆի Քալլը եւ Յան Տոման, թատրոնի ռեժիսոր Սիրիլ Տեստեն, լուսանկարիչ Քրիստել Բուլեն եւ դիրիժոր ու թավջութակահար Կլաուս Մակելան:


Ցուցահանդեսի սկզբում այցելուները բարձրանում են բուրավետ ճենապակյա վարդի թերթիկներից պատրաստված միջանցքով, տեսնում են իրենց արտացոլանքը օծանելիքով լցված հսկայական հայելու մեջ և կորչում Վերսալի պալատի պուրակներից ոգեշնչված բուրավետ միջավայրում:

Այցելուները հրավիրվում են լիովին ընկղմվելու օծանելիքի աշխարհում՝ բուրավետ շատրվաններ, օդում լողացող հոտառական պղպջակներ, լուսային ինստալացիաներ և տեսանյութեր, որոնք փաստագրում են նրա ստեղծագործությունները աշխարհի հեղինակավոր վայրերում: Այցելուները կարող են հոտոտել, տուն տանել եւ նույնիսկ լսել օծանելիքները։

Երաժշտության բույրը

Երաժշտությունը թափանցում է Ֆրանսիս Քուրքջյանի ստեղծագործության մեջ, ով դաշնամուր է նվագում յոթ տարեկանից: Երաժշտական սրահը միավորում է նրա երեք ստեղծագործությունները, որոնցից յուրաքանչյուրը ոգեշնչված է տարբեր երաժշտական աշխարհներով: Փարիզի նվագախմբի երաժշտական ղեկավար և թավջութակահար Կլաուս Մակելայի հետ երկխոսության մեջ Քուրքջյանը մտահղացել է Բախի թավջութակի համար նախատեսված սյուիտ N2-ի հոտառական մեկնաբանությունը, որը ներկայացվել է Փարիզի ֆիլհարմոնիայում կայացած համերգի ժամանակ: «Այս բոլոր ակորդները հիշեցնում են Ռե մինոր՝ այս սյուիտի տոնայնությունը, որն ունի շատ յուրահատուկ հնչողություն», - նշել է Մակելան: 


Օծանելիքի կաթիլները՝ լուսանկարներում

«Լայնացված կաթիլներ» շարքը բնօրինակ լուսանկարչական տպագրությունների ընտրանի է, որոնք բոլորը ստեղծվել են Maison Francis Kurkdjian օծանելիքների միջոցով: Օծանելիքը քսվում է գունավոր արծաթապատ թղթի վրա, այնուհետև չորացվում, ենթարկվում լույսի և ընկղմվում լուսանկարչական լուծույթների մեջ՝ պատկերը բացահայտելու համար: Այս լուսանկարչական աշխատանքները ներկայացվել են Միացյալ Նահանգներում՝ մի շարք ցուցահանդեսներում։


«Շատ հուզիչ է կարողանալ ինչ-որ անտեսանելի բան ֆիքսել պատկերով։ Իմ գաղափարն էր օծանելիքի մի քանի կաթիլներ տեղադրել արծաթապատ թղթի վրա. հայտնվեց պատկեր: Ես կարողացա ստեղծել օծանելիքի հետքը: Ես սիրում եմ ընկղմվել օծանելիքի պատմության մեջ»,- գրել է շվեյցարա-կանադացի լուսանկարիչ Քրիստել Բուլեն:


Ֆրանսիս Քուրքջյանը ֆրանսիական հանրահայտ Christian Dior Parfums-ի ստեղծագործական տնօրենն է, 2009թ-ին նա հիմնել է նաեւ իր անունը կրող ապրանքանիշը։

Քուրքջյանը համագործակցել է հայտնի բազմաթիվ օծանելիքագործների հետ եւ բուրմունքներ ստեղծել այնպիսի հանրաճանաչ ապրանքանիշերի համար, ինչպիսիք են Elie Saab-ը, Burberry-ն, Lancôme-ը, Giorgio Armani-ն եւ Nina Ricci-ն:

Տեքստը՝ Էլլադա Ղուկասյան-Բարսեղյանի/BRAVO.am-ի սեփական թղթակիցը Փարիզում/

Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:

Կարդալ ավելին

Quality Sign BW