Փորձել կյանքում գույն տալ ամեն դետալի եւ երանգներ տեսնել նույնիսկ ամենամութ թվացող պահերին, տեսնել «Գույնն անգույնում»։ Գեղանկարչուհի, հագուստի դիզայներ Էլինե Պողոսյանը ներկայացել է իր երկրորդ անհատական ցուցահանդես-վաճառքով: Նրա ստեղծած կտավներն ու հագուստներն այցելուներին գրավում էին իրենց լուսավոր էներգիայով ու վերածնունդ խորհրդանշող գարնանային թեմատիկայով։
«Հաճախ մենք, նույնիսկ մեր կամքից անկախ, հայտնվում ենք այնպիսի իրավիճակներում, երբ ամեն ինչ անգույն է թվում: Եվ փորձում ենք ամեն կերպ գույն բերել մեր կյանք, փնտրել, պեղել կամ գտնել մարդկանց, որոնք մեզ կտան այդ գույները, բույրերը։ Բայց արի ու տես, որ այդ գույները մեր մեջ պիտի փնտրենք՝ մեր բնավորության ու հոգեկերտվածքի տարբեր երանգներում։ Եվ պատահական չէ, որ հենց գարնան մեկնարկին էլ որոշեցի բացել ցուցահանդեսը. գարունը միշտ էլ նոր կյանքի ու նոր սկզբի խորհրդանիշ է»,- BRAVO.am-ի հետ զրույցում ասել է նկարչուհին։
Էլինե Պողոսյանը
Էլինե Պողոսյանը «Փյունիկ» ցուցասրահում ներկայացրել է մոտ 30 կտավ եւ 20 հագուստ։ Ունի իր փոքրիկ բիզնեսը, որտեղ իրեն հատկապես գրավում է հագուստի վրա նկարելը։ Առանձնահատուկ ձեւով չի ընտրել այն նմուշները, որոնք պիտի ցուցադրեր, պարզապես հավաքել է նախորդ ցուցահանդեսից հետո ստեղծված իր աշխատանքները՝ դրանց մասին պատմելու, այցելուների հետ զրուցելու, մտքեր փոխանակելու եւ միասին նոր գույներ բացահայտելու։
«Յուրաքանչյուր նկարիչ ստեղծում է այն ամենի հիման վրա, ինչ իր ներսում է: Անգամ գույները, որ կան նրա կտավներում, պատահական չեն։ Եվ ստացվում է՝ իմ պատկերած ծաղիկները, բնության դետալները հենց այն են, ինչ ես փնտրում կամ տեսնում եմ մարդկանց հետ շփվելիս։ Ես փորձում եմ նրանց դրականացնել։ Չեմ կարողանում տեսնել, թե ինչպես են մարդիկ ապրում տխուր կամ սթրեսային վիճակում: Ուզում եմ ամեն ինչ անել, որ հանեմ նրան այդ վիճակից։ Դրա համար էլ այս գույներն ապրում են իմ ներսում»,- անկեղծացել է նա։
Տեքստը՝ Աստղիկ Իսկանդարյանի /Bravo.am/
Լուսանկարները՝ Էմին Արիստակեսյանի /Bravo.am/


×
116





