×


Ծառուկյանն ու Գաբրիելյանը՝ «Մարդամեկ»-ի մասին, որը միայն սկեսուրը չէ

Ընտանեկան սիթքոմ, որում մեկ հարկի տակ ապրում են երեք որդիները, հարսը, աղջիկը, սկեսուրն ու սկեսրայրը: Այս ընտանիքում, ինչպես եւ շատ ընտանիքներում, հարսն ու սկեսուրը վիճում են, մրցակցում: Տղաներից մեկն ուզում է կնոջ հետ առանձին ապրել, ինչն այդպես էլ չի ստացվում։ Մյուս որդին միշտ զբաղված է, բայց թե որտեղ է աշխատում, ոչ ոք չգիտի: Տան փոքրն էլ, ինչպես ասում են, «ամենաջրիկն» է: Ու այս ամենը համեմվում է հումորով, երբեմն՝ գրոտեսկի հասնող: Բայց այս ընտանիքում, անկախ վեճերից, խաղաղությունը միշտ վեր է մնում ամեն ինչից: BRAVO.am-ը զրուցել է դերասան-ամուսիններ Միհրան Ծառուկյանի եւ Արփի Գաբրիելյանի հետ: Ծառուկյանն առաջին անգամ հանդես է գալիս նաեւ որպես նախագծի պրոդյուսեր:

- Միհրան, ինչո՞ւ որոշեցիք նկարահանել ընտանեկան սիթքոմ:

- Մենք տեւական ժամանակ հրաժարվում էինք նկարահանումներից, քանի որ նոր բան էինք ուզում: Իսկ սա նաեւ լավ առիթ էր մեզ փորձել պրոդյուսերական աշխատանքում եւս: Սցենարի հեղինակը Հայկ Ալեքյանն է, որը սոցցանցերում ընտանեկան հարաբերությունների մասին բլոգ է վարում եւ մեծ լսարան ունի: Ալեքյանին միացան Մոսո Կարապետյանը եւ Սարգիս Կալպակյանը, որոնք լավ տիրապետում են սիթքոմի լեզվին ու գիտեն՝ ինչպես այն մատուցել, որ գռեհիկ չլինի, սակայն լինի զվարճալի ու ամենակարեւորը՝ եթերային:


- Այսօր սիթքոմներ շատ են նկարահանվում, ու ձեր զույգն էլ հայտնի դարձավ հենց սիթքոմից: Մտավախություն չունեի՞ք, որ դժվար կլինի ստեղծել տարբերվող նախագիծ:

- Սցենարիստներից երկուսը նոր են ու ստեղծագործական լճացում ասվածը չունեն: Փաստ է, չէ՞, որ եթե նույն բանը շատ ես գրում, ինչ-որ պահի միտքդ կանգ է առնում: Իսկ իրենք, ինչպես ասում են, նոր-նոր սկսում են բացվել: Ռիսկային էր, իհարկե, բայց արձագանքներից կարելի է եզրակացնել, որ սիթքոմը սիրվել է. շնորհակալ ենք մեր հանդիսատեսին:

- Իսկ ո՞վ է «մարդամեկը»:

- «Մարդամեկը», ըստ սցենարի, սկզբում ընտանիքի սկեսուրն էր, բայց դերասանական կազմի ու նրանց կերպարային զարգացումների շնորհիվ այդ ընտանիքում բոլորը դարձան «մարդամեկ»:

- Արփի, ինչպե՞ս եք ընտրել սիթքոմի դերասանական կազմը: Նկատել եմ մարդկանց, որոնք առաջին անգամ են նկարահանման հրապարակում:

- Մի քանի սկզբունքով ենք առաջնորդվել՝ ներգրավել այն դերասաններին, որոնց հանդիսատեսը կարոտել էր, քանի որ վաղուց էկրաններին չեն երեւացել, ինչպես նաեւ նոր անուններ եւ սիրված դեմքեր:

Դիանա Զաքարյանի առաջին մեծ նախագիծն է: Նա «Միհրան-Արփի» ստուդիոյում դերասանի վարպետություն է դասավանդում: Երեք զավակների հոր՝ Սամվելի կերպարում միանգամից պատկերացրել ենք Լեւոն Հարությունյանին:


Սկեսուրի կերպարում շատ դերասանուհիների ենք փորձել. ուզում էինք, որ շատ կենցաղային չլիներ, ժամանակակիցի եւ ավանդականի միաձուլում լիներ: Իրինա Դանիելյանին առաջարկեցինք: Նա վաղուց չէր նկարահանվել սերիալներում եւ զբաղված է միայն ներկայացումներում։ Եվ չսխալվեցինք. հեռուստադիտողը Իրինային շատ էր կարոտել:

Շենքերի բակերում կան խանութներ, որտեղ աշխատող վաճառողուհիներն ամեն ինչից տեղյակ են. նման կերպար է մարմնավորում Ջուլիետա Բաբայանը: Իսկ ես, կարելի է ասել, հարսների խոսափողն եմ: Հարսները երբեմն լռում են, երբեմն՝ վիճում, երբեմն էլ չեն կարողանում հույզերը զսպել: Իմ կարծիքով՝ այս կերպարում ամեն հարս կգտնի իրեն:


- Սիթքոմում մի շարք հայտնիներ էլ հյուրի կարգավիճակում են:

- Այո, ընտանեկան «Մարդամեկը» հյուրեր է ընդունում: Առաջին սերիայում նրանց այցելել էին ճանաչված երգիչներ Արսեն Սաֆարյանը, Նառան, Սոնա Ռուբենյանը: Դեռ շատ հյուրեր կընդունենք, բայց արդեն երկրորդ եթերաշրջանում:

- Միհրան, սիթքոմի պրոդյուսերն ես եւ առաջին անգամ միաժամանակ աշխատում ես տեսախցիկի երկու կողմում: Դժվար չէ՞:

- Որոշել էի, որ օրերից մի օր սիթքոմ եմ նկարելու. պահը հասունացել էր: Երկար տարիներ հեռուստատեսությունում եմ ու իսկապես տիրապետում եմ գործիքներին: Իհարկե, ընթացքում ի հայտ են գալիս դժվարություններ, բայց հաղթահարելի են: Սա ինձ համար մեծ փորձ է: Սցենարը գրելիս, անկեղծ ասեմ, փոքր խոսակցություն ունեցանք եթերային լեզվի հետ կապված: Ես չէի ուզում, որ լինեն գռեհիկ արտահայտություններ, որոնք այդ պահին պարզապես ծիծաղ կառաջացնեն, բայց չէի էլ ցանկանում, որ լեզուն լինի շատ գրական. պիտի լիներ խոսակցական, բայց ոչ կենցաղային:


- Խոսենք սիթքոմի զարգացումների մասին:

- Չեմ ուզում շատ փակագծեր բացել, բայց վերջին սերիայում անսպասելի իրավիճակներ են լինելու: Տարեվերջին մեզ դիտող ընտանիքներին նվեր կանենք ծիծաղի տեսքով, իսկ հետո արդեն կցուցադրենք երկրորդ եթերաշրջանը:

Զրուցեց Արմինե Գեւորգյանը/Bravo.am/
Լուսանկարները՝ «Մարդամեկ»-ի արխիվից

Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:

Կարդալ ավելին

Quality Sign BW