Դերասան Սամվել Թոփալյանի դուստրը՝ Արփենը, նկարահանվում է «Լուսե» հեռուստասերիալում, որի պրոդյուսերը Աշոտ Տեր-Մաթեւոսյանն է: Իր առաջին դերասանական աշխատանքի ու գլխավոր կերպար մարմնավորելու մասին Արփեն Թոփալյանն ու մայրը՝ Սոնա Դավթյանը, պատմել են BRAVO.am-ին:
9-ամյա Արփենը ծնվել է դերասանի ընտանիքում ու մեծացել թատրոնի կուլիսներում: Նա փոքր տարիքից է ծանոթ դերասանի աշխատանքի նրբություններին, իսկ մասնագիտության նկատմամբ հետաքրքրությունը հատկապես մեծացել է, երբ ավագ եղբայրը՝ Արմենը, սկսել է խաղալ ներկայացումներում:
«Արփենը հետեւում էր եղբորն ու շատ ոգեւորվում: Նրա հետ տեքստերն էր սովորում ու փորձում խաղալ: Որոշ շրջան գնացել է թատերական խմբակ ու շատ էր ուզում թատրոնում կամ ֆիլմերում դերեր ունենալ։ Վերջերս Աշոտը հայտնեց, որ նախագիծ են սկսում, ու Արփենին պատկերացնում է գլխավոր դերում: Տեքստերն ուղարկեց, Արփենը հայրիկի հետ փորձեր արեց: Նա էլ, մյուս երեխաների նման, մասնակցել է քասթինգին ու ընտրվել գլխավոր դերի համար»,- նշել է Սոնա Դավթյանը:
Արփենը խոստովանում է՝ միշտ հավանել է, թե ինչպես է Սամվել Թոփալյանի ներկայացումներին հանդիսատեսը նրան ընդունում, հետը ծիծաղում եւ ծափահարում: Հետո եղբորն է հետեւել ու էլ ավելի շատ հավանել դերասանի աշխատանքը. «Քասթինգին շատ երեխաներ էին մասնակցում, ու չհասկացա, թե ոնց ինձ ընտրեցին: Այդ պահին զարմացա եւ ուրախացա։ Հիմա դասերից հետո գնում եմ պարապմունքների, հետո տուն եմ վերադառնում, դասերս անում, ու մամայի կամ պապայի հետ սերիալի տեքստերն ենք սովորում: Իմ կերպարը Լուսեն է. սերիալում մամա ու պապա չեմ ունենալու, իսկ եղբայրս զոհվել է: Մանկատանն եմ հայտնվելու, որտեղից փախչելու եմ, ու ինձ ստիպելու են փող մուրալ: Բայց մահանալուց առաջ եղբորս ընկերը նրան խոստացել է, որ ինձ գտնելու ու իր մոտ է տանելու: Մաման ինձ հետ շատ է խոսել ու բացատրել, որ դա ընդամենը դեր է ու իմ կյանքը չէ»:
Սոնա Դավթյանն անկեղծանում է, որ սերիալը բավական կարեւոր հարցեր է վեր հանելու՝ պետական դավաճանություն, երեխաների հանդեպ բռնություն ու շահագործում: Այդ առումով նրա համար ոգեւորիչ է, որ Արփենն էլ իր մասնակցությունն է ունենալու, բայց որպես ծնող մտահոգված է դերի բարդությամբ:
«Երբ սցենարը կարդացի, հասկացա՝ որքան դժվար ու էմոցիոնալ կերպար է: Այսօր էլ միասին տեքստը սովորել ենք, ընթացքում հուզվել ու նեղվել եմ: Անընդհատ փորձում եմ խոսել Արփենի հետ ու բացատրել ամեն ինչ: Նա զգացմունքային երեխա է, բայց դրա հետ մեկտեղ նաեւ իրատես է: Ամեն ինչ ընկալում է ու գիտի, որ կերպարն իր հետ կապ չունի. օգնում է այն, որ փոքր տարիքից Սամվելի դերերին ու կերպարներին ծանոթ է: Աշոտին վաղուց գիտի ու վստահում է, դա եւս կարեւոր հանգամանք է: Նա նույնպես հետը խոսել է ու ամեն ինչ բացատրել: Այն կերպարները, որոնք սերիալում Արփենի հետ վատ են վերաբերվում, կադրից դուրս ամեն կերպ իրենց սերը ցույց են տալիս: Սերիալում նրանց մասնակցությամբ դաժան տեսարաններ կան, դրա համար ամեն ինչ անում են, որ Արփենն իրականում նրանց այլ կերպ տեսնի»,- նշել է Արփենի մայրը:
«Լուսե»-ն նախատեսվում է ցուցադրել 2 ամսից: Մեր զրույցի պահին Արփենը պատրաստվում էր իր առաջին լիարժեք նկարահանման օրվան, որից առաջ Սոնան ավելի էր հուզվում ու անհանգստանում:
«Ամենաշատը սիրում եմ պարել ու դրանից չեմ հոգնում: Ուզում եմ դերասանուհի եւ պարուհի դառնալ: 3,5 տարեկանից պարի եմ գնում ու շատ բեմերում եմ հանդես եկել: Նաեւ «Փոքրիկ երգիչներ» երգչախմբում եմ ելույթ ունենում»,- պատմել է Արփենը:
Մայրիկն էլ ավելացրել է, որ դուստրն ամեն ինչ հասցնում է, քանի որ ոչինչ ստիպված չի անում ու հիմնականում իր սիրելի գործերով է զբաղվում. «Դեռ փոքր տարիքից բնավորության գիծ ունի, որը շատ եմ հավանում՝ եթե անգամ որեւէ բան իր սրտով չէ, բայց իր պարտականությունների սահմաններում է, տրամադրվում է ու անում: Նաեւ այնպես է կարողանում անել, որ այդ ամենից հաճույք ստանա»:
Սոնա Դավթյանն էլ հեռու չէ արվեստից՝ պարուհի է, հիմա էլ երեխաներին է սովորեցնում ու դերասանական ընտանիքի մենեջերությամբ եւ կազմակերպչական հարցերով է զբաղվում: Նշում է, որ Արմենը մասնագիտության ընտրության հարցում արդեն կողմնորոշվել է ու չի ցանկանում դերասան դառնալ, փոխարենն Արփենն է իրեն տեսնում այդ ասպարեզում:
Պատրաստեց՝ Հասմիկ Բաբայանը
Լուսանկարները՝ անձնական արխիվից


×
543








Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում: