«Բոհեմ» թատրոնի բեմում ծանոթ իրավիճակ էր՝ հայր եւ որդի Թոփալյանների կյանք էր ներխուժել համացանցը: Շատ ընտանիքներ ու ծնողներ «Չար GPT»-ում կգտնեն իրենց ու սեփական փոխհարաբերությունները:
Սամվելն ու Արմենը ժամանակից հայր եւ որդի են, ունեն նախասիրություններ՝ միասին շախմատ են խաղում, զրուցում, պարում, ֆիլմեր դիտում: Աստիճանաբար Արմենը ծանոթանում է համացանցին ու նրա բոլոր բացասական հետեւանքներին, որոնք մարմնավորում է Կիբերմենը: Վաչե Երիցյանի մարմնավորած տպավորիչ կերպարն ամեն ինչ անում է տղային իրականությունից կտրելու ու վիրտուալ կյանքը գունագեղ ներկայացնելու համար: Ու հենց այդտեղ է, որ պետք է իր խոսքն ասի եւ Արմենին ճիշտ ճանապարհին վերադարձնի հայրը:
Սամվել Թոփալյան. «Մարդկային շփումը վերանում է»
Ներկայացման գաղափարը ծագել է, երբ դերասանը նկատել է, թե համացանցն իրենց առօրյայից որքան ժամանակ է խլում ու խանգարում իրական շփմանը։ Ցանկացել է այդ խնդիրը նաեւ բեմ բարձրացնել ու իր ընտանիքի օրինակով խոսել այդ մասին:
«Ներկայացումը միայն երեխաների համար չէ. ծնողներին էլ շատ մեծ ասելիք ունենք։ Հաճախ չենք կենտրոնանում համացանցի բացասական կողմերի վրա՝ մտածելով, որ երեխաները պարզապես խաղում են հեռախոսով կամ որեւէ բանով զբաղվում: Բայց այն լուրջ հետեւանքներ կարող է ունենալ՝ սկսած ուշադրության կենտրոնացման դժվարություններից մինչեւ մարդկային շփման վերացումը: Իսկ ժամանակը շատ արագ է ընթանում, ու չենք էլ հասցնում վայելել իրար։ Ծնողներն իրենց գործերով են, երեխաները՝ դասերով ու հեռախոսների մեջ, եւ ամենակարեւոր ու թանկ պահերը բաց ենք թողնում։
Չենք ասում, որ համացանցը վատն է ու դրանից պետք չէ օգտվել, պարզապես ճիշտ չափաբաժին է պետք գտնել ու այնպես անել, որ մարդկային շփմանը չխանգարի, եւ արդյունքում իրար չկորցնենք»,- նշել է Թոփալյանը:
Թոփալյանը դիմել է Նարեկ Ավագյանին, որն էլ պիեսի է վերածել իր գաղափարը: Իսկ բեմադրությունը վստահել է երիտասարդ ռեժիսոր Էդգար Մեհրաբյանին, որի գործերն ու մարդկային որակները շատ է հավանում։ Դերասանը համախոհներին միավորել է մեկ ներկայացման շուրջ եւ ուսուցողական աշխատանք ստեղծել:
Թոփալյանը որդու հետ խաղում է նաեւ «Ալպիական մանուշակ» ներկայացման մեջ, սակայն այս դեպքում Արմենի պատասխանատվությունն ավելի մեծ է. «Թեեւ առաջին անգամ չէ, որ միասին նույն բեմում ենք, բայց այս անգամ Արմենի համար ավելի շատ էի լարվել, որովհետեւ նաեւ հայր ու տղա հարաբերություններն ենք ցույց տալիս: Կարծում եմ՝ նա ամեն բան հաղթահարեց»։
Պրեմիերային հոտնկայս ծափահարություններ ընդունելուց հետո Թոփալյանն ընդգծեց, որ հիանալի հիշում են, թե սեպտեմբերի 27-ն ինչ օր է, նաեւ իր սիրելի «Եռանկյունի» ֆիլմի հատվածներից մեկից՝ «Գասպարավարի լողից» մեջբերում արեց. «Ուզում էինք մի քիչ ուրախություն լիներ ողջ տառապանքի ու ծանր պատմության մեջ։ Ուղղակի ուզում ենք, որ մեր մանուկները ժպտան: Այսօր ներկայացմանը նաեւ Արցախից բալիկներ ունենք, եկեք ծափահարենք նրանց»։
Արմեն Թոփալյան. «Ուզում եմ խաղալ Հայաստանի հավաքականում ու «Ռեալ»-ում»
Օրվա իսկական հերոսն Արմեն Թոփալյանն էր, որը բազմաթիվ ծաղիկներ ու նվերներ ստացավ, բուռն ծափահարությունների եւ գովասանքների արժանացավ, իսկ բեմից իջնելուց հետո նրան մեծ ոգեւորությամբ շրջապատեցին ընկերներն ու չէին ուզում բաց թողնել:
Արմենը գոհ էր իր կատարած աշխատանքից ու խոստովանեց, որ չի էլ զգացել, թե որքան արագ է ավարտվել ներկայացումը. միանգամից մտել է ռիթմի մեջ ու տարվել իր կերպարով։
«Համացանցից քիչ օգտվելու զրույցներ ավելի շատ մայրիկի հետ եմ ունենում։ Բայց ես ու իմ ծանոթ երեխաներն այնքան էլ շատ տարված չենք հեռախոսներով, իսկ ովքեր նման խնդիր ունեն, կարծում եմ՝ ներկայացումը դիտելուց հետո ավելի շփվող կդառնան։
Ներկայացմանն ընկերներս ու դասընկերներս են եկել: Որոշել էի, որ չեմ անհանգստանալու, ամեն ինչ մոռանալու եմ ու անելիքիս վրա կենտրոնանամ։ Միայն սկզբում էի լարված, բայց հետո սկսեցի ինձ հանգիստ զգալ։ Իմ տարիքի երեխաներին կասեմ, որ ամենակարեւորն իրար հետ շփվելն է, միասին դրսում խաղալն ու ժամանակ անցկացնելը։ Ծնողներս իմ դաստիարակության հարցում առաջին պլանում են դրել ընկերությունն ու ընկերասիրությունը»,- նշեց Սամվել Թոփալյանի որդին:
Արմենը չի ցանկանում հայրիկի պես դերասան դառնալ, թեեւ հաճույքով է նրան բեմում ընկերակցում։ Նա «Փյունիկ» ֆուտբոլային ակումբում է մարզվում եւ ցանկանում է մի օր ներկայացնել Հայաստանի ազգային հավաքականն ու Մադրիդի «Ռեալը». «Իմ կուռքն ու ոգեշնչման աղբյուրը Քրիշտիանու Ռոնալդուն է, Հայաստան -Պորտուգալիա խաղին գնացել էի ու շատ տպավորվեցի»։
Վաչե Երիցյան. «Համացանցն իմ օրվա 20 տոկոսն է զբաղեցնում»
Վաչե Երիցյանի համար գաղտնիք չի եղել, որ համացանցից կախվածության թեման Թոփալյանին շատ է հուզում: Ընկերներ են, ու երբ ամեն ինչ որոշված է եղել, Թոփալյանը դիմել է նրան:
«Մի օր ինձ ասաց. «Անջատած ինտերնետի դեր կխաղա՞ս»։ Ես էլ քանի որ ոչինչ չհասկացա, համաձայնեցի ու խաղացի։ Կարծում եմ՝ հետաքրքիր բան ստացվեց։
Եթե չլինեին ռեժիսորն ու խաղընկերներս, բնականաբար, կերպարն այսպիսին չէր լինի, թեեւ դեռ նրան մինչեւ վերջ չեմ գտել. մի քանի ներկայացում կխաղանք, ու ամեն ինչ տեղը կընկնի»,- նշել է Վաչե Երիցյանը:
Նա էլ է «Ալպիական մանուշակ»-ում խաղում եւ ուրախ է, որ այս անգամ նոր տեմպով ու ձեւաչափով հայտնվեցին նույն բեմում։ Համարում է, որ ներկայացման թեման բոլորին է վերաբերում, պարզապես ամեն մեկն ինքն է որոշում՝ ինչ չափաքանակով ու ինչպես օգտվել համացանցից:
«10 բալային սանդղակով ինձ 9 եմ գնահատում, համացանցը քիչ օգտագործող եւ օգուտ քաղող տեսակ եմ։ Այն իմ օրվա 20 տոկոսն է զբաղեցնում։ Ես էլ եմ ռիլերի մեջ ընկնում՝ օնլայն թզբեհի գաղափարից օգտվում ու թերթում, բայց ինֆորմացիա քաղելիս միայն ընտրում եմ այն, ինչը սիրում եմ։ Եթե հիմա իմ լրահոսը նայենք, միայն իմ նախասիրությունների մասին տեղեկություններ կգտնենք՝ երաժշտության, ինքնաթիռների, բեմի, թատրոնի, ֆիլմերի, նկարահանումների ու կենդանիների»,- նշել է դերասանը:
Էդգար Մեհրաբյան. «Սերը, բարությունը, լույսը հեռանում են մեզնից»
Թոփալյանի առաջարկությունը Էդգար Մեհրաբյանին շատ է հետաքրքրել, մինչեւ հիմա էլ չի հասկացել՝ ներկայացումն ավելի շատ տարիքային որ խմբի համար է նախատեսված. ամեն մեկն էլ իր համար կարեւոր դասեր կքաղի։
«Միանգամից ոգեւորվեցինք գաղափարով: Արմենի հետ բավական հետաքրքիր էր աշխատել. շատ բաների միջով ենք միասին անցնել, աչքերից երեւում էր, որ մտքով հասկանում էր մեր ուզածը, բայց մեկ էլ անջատվում էր ու չէր անում։ Բայց ներքին համոզվածություն կար, որ հենց վարագույրը բացվի, լողալու է իր դերում, ու այդպես էլ եղավ։ Պրեմիերան տեխնիկական տեսանկյունից լավ անցավ, իսկ էմոցիոնալ առումով հանդիսատեսը կասի: Որքանով հասցրի շփվել մարդկանց հետ, ասելիքը տեղ է հասել»,- նշել է ռեժիսորը:
Ներկայացման ընթացքում էկրանին տարբեր տեսանյութեր են ցուցադրվում ինչպես Արմենի մանկությունից, այնպես էլ հին ու բարի ժամանակներից՝ չապլինյան սեւ ու սպիտակ ֆիլմերից։
«Միտքն առաջացավ նրանից, որ ժամանակները շատ արագ են փոխվում, մարդկանց մտածողությունը եւ կենցաղավարությունն են փոխվում։ Ոչ այդքան լավ միտում եմ նկատել՝ չապլինյան այդ սերը, բարությունը, լույսը հեռանում են մեզնից։
Այդ ամենը պիտի փորձենք պահել, որովհետեւ առանց դրա ի՞նչ կդառնանք, պարզապես սպառո՞ղ ու բիոզանգվա՞ծ, անհասկանալի է»,- ասել է Էդգար Մեհրաբյանը:
Տեքստը՝ Հասմիկ Բաբայանի
Լուսանկարները՝ Էմին Արիստակեսյանի
BRAVO.am
Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում: