×


Բրուքլին Բեքհեմն ավելի է սրել ծնողների հետ հակամարտությունը. «Չեմ ցանկանում հաշտվել ընտանիքիս հետ»


Դեւիդ եւ Վիկտորիա Բեքհեմների ավագ որդին՝ 26-ամյա Բրուքլինը, որը երկար ժամանակ չի շփվում ծնողների հետ, առաջին անգամ հանրայնորեն անդրադարձել է իրենց միջեւ առաջացած տարաձայնությունների պատճառներին:

Նա ծնողներին մեղադրել է ամբողջ կյանքի ընթացքում իրեն չափազանց վերահսկելու համար ու հայտարարել, որ նրանք մանիպուլացնում են հասարակական կարծիքը՝ ստեղծելով կեղծ «ամուր ընտանիքի» կերպար:

«Տարիներ շարունակ լռել եմ՝ փորձելով այս ամենը գաղտնի պահել: Մինչդեռ ծնողներս ու նրանց թիմը շարունակում էին դիմել մամուլին՝ ինձ այլընտրանք չթողնելով ու ստիպելով ճշմարտությունն ասել: Չեմ ցանկանում հաշտվել ընտանիքիս հետ: Նրանք ինձ այլեւս չեն վերահսկում, ու առաջին անգամ պաշտպանում եմ իմ իրավունքները», - գրել է Բրուքլին Բեքհեմը:


Նրա խոսքով՝ ծնողները բազմիցս փորձել են փչացնել իր ու կնոջ՝ Նիկոլա Պելցի հարաբերությունները: Օրինակ՝ հարսանիքին նախապատրաստվելու ընթացքում իբր Վիկտորիա Բեքհեմը վերջին պահին չեղարկել է Նիկոլայի համար նախատեսված զգեստի ստեղծման աշխատանքները՝ ստիպելով նրան նորը փնտրել: Այնուհետեւ, մայրը սրել է հակամարտությունն ու հայտնել, որ Նիկոլան է հրաժարվել զգեստի հարցում իր օգնությունից:

Բրուքլինը հարսանիքից մի դրվագ էլ է պատմել. «Մայրս միջամտել է իմ ու կնոջս առաջին պարին, որը պետք է երեկոյի զարդը լիներ։ Երբ Մարկ Էնթոնին 500-ից ավելի հյուրերի ներկայությամբ ինձ բեմ հրավիրեց՝ Նիկոլայի հետ պարելու համար, մայրս ինձ հետ պարահրապարակ դուրս եկավ ու բոլորի աչքի առաջ անպարկեշտ կերպով պարեց հետս: Կյանքումս երբեք ինձ այդքան անհարմար ու նվաստացած չէի զգացել»։

Բրուքլինի վկայությամբ՝ Նիկոյան մշտապես անհարգալից վերաբերմունքի է արժանացել իր ընտանիքի կողմից. «Մայրս իմ անցյալից կանանց էր հրավիրում մեր կյանք՝ ակնհայտորեն անհարմար վիճակի մեջ գցելու մտադրությամբ»։

Նա նաեւ մեկնաբանել է Դեւիդ Բեքհեմի տարեդարձը բաց թողնելու պատճառը: Բրուքլինի խոսքով՝ հայրը նույնպես վատ է վերաբերվել Նիկոլային. «Հորս տարեդարձին մեկնեցինք Լոնդոն: Մնում էինք հյուրանոցի համարում ու փորձում ընտանիքիս հետ ժամանակ անցկացնել, բայց մի ամբողջ շաբաթ մեզ մերժում էին: Հայրս համաձայնեց միայն, որ ներկա լինենք 100 հյուրի ներկայությամբ խնջույքին, որի ժամանակ ամեն անկյունում տեսախցիկներ կային: Նա համաձայնեց ինձ հետ հանդիպել մի պայմանով, որ Նիկոլան ներկա չլինի: Դա նման էր ապտակի»։


Բրուքլինը կարծում է, որ Բեքհեմներն իրենց հանրային կերպարը գերադասում են իրական ընտանեկան հարաբերություններից. «Մեր ընտանիքում սերը չափվում է սոցիալական ցանցերում կատարած գրառումների քանակով կամ այն արագությամբ, որ թողնում ենք մեր գործերը միասին լուսանկարվելու համար։ Տարիներ շարունակ մասնակցել ենք հանրային միջոցառումների, որպեսզի «կատարյալ ընտանիք» երեւանք, բայց երբ կինս մայրիկիս խնդրեց օգնել Լոս Անջելեսի հրդեհների ժամանակ փրկել շներին, նա հրաժարվեց»։:

Նա նշում է, որ այն պնդումը, թե կինն իրեն վերահսկում է, բացարձակապես սխալ է. «Կյանքիս մեծ մասը գտնվել եմ ծնողներիս վերահսկողության ներքո։ Ընտանիքիցս հեռանալուց հետո կյանքումս առաջին անգամ իմ տագնապներն անհետացել են: Ամեն առավոտ արթնանում եմ ու երախտապարտ եմ այն կյանքի համար, որն ընտրել եմ, խաղաղություն եւ թեթեւություն գտել: Կինս եւ ես չենք ուզում մամուլի կամ մանիպուլյացիաների շնորհիվ ձեւավորված կերպարներ դառնալ»։

Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:

Կարդալ ավելին

Quality Sign BW