Սոս Սարգսյանի անվան համազգային թատրոնի շենքի կառուցմանն այնքան երկար տարիներ են սպասել, որ այն կյանքի կոչելը հրաշքի էր նման։ Պատահական չէ, որ նոր մասնաշենքի բացման համար թատրոնի գեղարվեստական ղեկավար Նարինե Գրիգորյանն ընտրել է բելգիացի դրամատուրգ Մորիս Մատերլինկի «Սուրբ Անտոնիոսի հրաշքը» պիեսը։ Փիլիսոփայական ներկայացումը կյանքի իմաստի, հրաշքների ու դրանց հավատալու կամ չհավատալու մասին է։
Մոտ կես տարի Համազգայինի դերասաններին իրենց թատրոնում չտեսնելուց հետո մի պահ ցանկանում ես աչքերդ տրորել ու համոզվել, որ ամեն ինչ ճիշտ ես ընկալում, ու կերպարները աչքիդ երկուական չեն երեւում: Պարզապես Գրիգորյանն է անսովոր հնարք գտել՝ ներկայացումը բեմադրել է խամաճիկների թատրոնի սկզբունքով: Նա դերասաններին տիկնիկներ է դարձրել, որոնց շարժվելու կամ էլ խոսելու համար տիկնիկավարների օգնությունն է պետք։ Բացառություն է Վարշամ Գեւորգյանի կատարմամբ Սուրբ Անտոնիսոսը, քանի որ սրբերին օգնություն պետք չէ. իրենք են երկրի վրա հրաշքներ կատարում: Ներկայացման շնորհիվ նորովի ենք բացահայտում ու ճանաչում Համազգայինի դերասաններին ու նրանց հմտությունները:
Նարինե Գրիգորյանը BRAVO.am-ի հետ զրույցում նշել է, որ մինչ սպասում էին թատրոնի շենքի հանձմանը, մի քանի անգամ փոխել են բացումն ազդարարող ներկայացումների ցանկը։ Նախ ցանկանում էին դա անել Սոս Սարգսյանի բեմադրած «Տոները սինյոր Կուպելլոյի տանը» ներկայացմամբ, ապա «Փափլիկ»-ին տվեցին նախապատվությունը, իսկ հետո՝ Սոս Սարգսյանի ստեղծագործության հիման վրա ստեղծված «Լակոտ»-ին։ Դիտարկել են նաեւ Սիմոն Աբգարյանի բեմադրած «Պենելոպե, օ՜, Պենելոպե»-ն, սակայն ռեժիսորը հիմա Երեւան ժամանել չէր կարող։
«Բեմից հնչող ձայնագրություն ունենք. «Հուսանք՝ հաջորդ թատերաշրջանը կբացենք նոր շենքում», ու այդպես անցավ 5 տարի։ «Սուրբ Անտոնիոսի հրաշք»-ի լավ կողմն այն է, որ այն թատրոնի հրաշագործ կողմը ցույց տվող ներկայացում է՝ իր խոր ասելիքով։ Այն թատրոն է թատրոնի մեջ։ Մեր դերասանների մեծ մասը ներգրավված է ներկայացման մեջ։ Ինչպես Տաթեւ Ղազարյանն է կատակում. «35 տարի երազել ենք այս շենքի մասին, որ այսօր այսպիսի՞ դեմքով դիմավորենք» (ցույց է տալիս ներկայացման ժամանակ տիկնիկի դերում հանդես եկող Ղազարյանի միմիկաները)»,- պատմել է Գրիգորյանը։
Բեմադրիչը լավ ծանոթ է Վսեւոլոդ Մեյերխոլդի, Եվգենի Վախթանգովի, Պյոտր Ֆամենկոյի բեմադրություններին, փորձել է պիեսին մոտենալ Մետերլինկի փիլիսոփայության շրջանակում։ Բելգիացին հավատում էր, որ մարդկանց կառավարում են վերին ուժերը, ու դրա համար էլ Գրիգորյանը ներկայացման համար նման ձեւ է ընտրել։
Նոր թատրոնի շունչը միանգամից զգալ ու այն հարազատ համարելն այնքան էլ հեշտ չի եղել Համազգայինի անձնակազմի համար. բեմական տարածքին, կուլիսներին ու հանդերձասենյակներին հարմարվելու ժամանակ է պետք եղել: Նարինե Գրիգորյանի խոսքով՝ թատրոնի հետ ծանոթությունը սկսել են դեռ կես տարի առաջ։ Շինարարական աշխատանքների աղմուկի ու անհարմարության պայմաններում փորձեր էին անում ու փորձում իրենց ենթարկել նոր տարածքը:
«Փորձերը չեմ դադարեցրել, քանի որ վախենում էի, որ մեզ մոտ դեպրեսիա կսկսվի։ Ոտքի տակ հող չունեինք, ու շատ դժվար էր մեզ համար։ Դադարից շատ էի վախենում, բայց Դավիթ Հակոբյանն ասում էր, որ այն եւս պետք է, որպեսզի հանդիսատեսը կարոտի թատրոնը։ Գիտե՞ք՝ որքան էին գրում ու ամեն օր գալիս մեզ մոտ մի հարցով. «Ե՞րբ է թատրոնը բացվելու»։ Մտածում էի, որ ամեն օր էլ պետք է դերասաններին փորձի կանչել։ Մի պահ կար, որ ներսում շատ ցուրտ էր, ոչինչ չկար, նաեւ ակուստիկան էր սարսափելի, դահլիճն առանց նստարանների էր, ու կես ժամ անց արդեն չէինք կարողանում փորձ անել։ Բայց արդեն կարող եմ ասել, որ շենքը թատրոն է դարձել. այդ հարազատությունը զգում եմ։ Ինքս այստեղի բեմում դեռ չեմ խաղացել ու այն չեմ զգացել»,- ասել է թատրոնի գեղարվեստական ղեկավարը:
Փետրվարին եւս 2 առաջնախաղ ունեն՝ Անդրանիկ Միքայելյանը Երվանդ Քոչարի ստեղծագործությունների հիման վրա բեմադրել է «Քարը», ու վերջապես կներկայացվի Աբգարյանի «Պենելոպե, օ՜, Պենելոպե»-ն, որի պրեմիերան ամռանը տեղի է ունեցել Մոսկվայի Չեխովյան փառատոնի շրջանակում։ Այս տարի նաեւ Համազգայինի 35-ամյակն է, որին թատրոնում լուրջ են պատրաստվում։
Դավիթ Հակոբյանը
Հայաստանի վաստակավոր արտիստ Դավիթ Հակոբյանի խոսքով՝ երկար թափառելուց հետո վերջապես հասել են իրենց տուն։ «Հրաշալի զգացողություններ ունեմ, բայց նաեւ անկեղծ կլինեմ՝ ամեն ինչ չէ, որ դուրս գալիս է. հատկապես բեմական տարածքը տեխնիկապես վատ է կառուցված: Բայց մեկ է՝ այդ ամենը հաշվի չեմ առնում ու թատրոնի բացումն արտակարգ իրադարձություն եմ համարում: Թատրոնը դեռ լիարժեք մերը չէ, անհրաժեշտ հոտը չկա, բայց ժամանակի ընթացքում կլինի: Զարմանալի մի բան էլ ասեմ՝ մտնում եմ Թատերական ինստիտուտ, որի շենքում 1998-ից թատրոնը գործել է, ու մի տեսակ օտարություն զգում։ Այդքան տարի, բառիս բուն իմաստով, այնտեղ ապրել եմ, բայց սառն ու օտար է դարձել: Այդ մտքից մի քիչ էլ տխրել եմ»,- պատմել է դերասանը:
Հակոբյանը հատկապես երիտասարդ սերնդի համար է ուրախ, որ նոր պայմաններում ստեղծագործելու հնարավորություն են ստացել: Դերասանը կարեւորում է նաեւ այն փաստը, որ անկախ Հայաստանի պատմության ընթացքում վերջապես առաջին ագամ թատրոն է կառուցվել. «Առաջինն է, որը չի նորոգվել կամ հինը չի վերանորոգվել, այլ հիմքից կառուցվել է: Այդ առիթով շնորհավորում եմ ոչ միայն մեր թատերախմբին, այլեւ բոլորին, քանի որ հասարակական ու պետական նշանակություն ունեցող երեւույթ է: Թող Սոս Սարգսյանի հոգին էլ լուսավորվի ու ականջը կանչի»:
Դավիթ Հակոբյանը նոր բեմում խաղալու հնարավորություն դեռ չի ունեցել: Նրա նորամուտը տեղի կունենա փետրվարի 8-ին՝ «Ջին խաղ»-ով:
Պատրաստեց՝ Հասմիկ Բաբայանը
Լուսանկարները՝ Դավիթ Ղահրամանյանի
BRAVO.am


×
292







Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում: