×


Իշտոյանը՝ Սուքիասյանին. «Այ տղա, Սաշ, դերս լավ կխաղաս»

Ֆուտբոլիստ Դավիթ Մանոյանն ու դերասան Սաշ Սուքիասյանը «Արարատ-73» ֆիլմում լեգենդար ֆուտբոլիստներ Ալեքսանդր Կովալենկոյի եւ Լեւոն Իշտոյանի դերերում են:

BRAVO.am-ի հետ զրույցում նրանք ֆիլմը ստացված են որակել եւ կարծում են, որ հանդիսատեսը մեծ հաճույք կստանա, իսկ ովքեր ներկա են եղել «Արարատ-73»-ի խաղերին, կվերապրեն հաղթական հույզերը:

«Թեեւ շատ լավ գիտեինք, թե ֆիլմն ինչպես է ավարտվում, միեւնույն է՝ մինչեւ վերջ լարված ու հուզված սպասում էինք որոշիչ գոլին: Ամեն դրվագը մանրամասն հիշում էինք ու նորից ենք վերապրել, բայց կային նաեւ այնպիսի կադրեր, որոնք ֆիլմում տեղ չեն գտել»,- նշել է Սաշ Սուքիասյանը:


Դավիթ Մանոյանն էլ է ֆիլմում չհայտնված որոշ տեսարանների համար ափսոսում. «Ես ու Սաշը միասին շատ զվարճալի ու լավ հատվածներ ունեինք, որոնք կարող էին ֆիլմում լինել: Կարծում եմ ՝ ֆիլմը սիրուն է ստացվել, ու հատկապես պետք է նրա համար է, որ «Արարատ-73»-ի պատմությունը չմոռացվի: Թիմի մասին ավելի շատ խոսելու կարիք կա: Մեր սերունդը դեռ գիտի, իսկ երեխաները կարող են եւ տեղյակ չլինել «Արարատ-73»- նվաճումների մասին: Նրանց ուշքն ու միտքը Մեսսին եւ Ռոնալդուն են, մինչդեռ պետք է Սերգեյ Բոնդարենկոյի, Նորայր Մեսրոպյանի, Էդուարդ Մարկարովի եւ մյուսների մասին էլ իմանան: Նաեւ պիտի չբավարարվենք այս հաղթանկներով ու ձգտենք հասնել նորերին»:

Սուքիասյանն ավելացրել է, որ դերը ստանալու ընթացքում ԱՄՆ-ում բնակվող Լեւոն Իշտոյանի հետ շատ են խոսել: ԽՍՀՄ գավաթի հերոսը, ով հեղինակել է 2 գոլն էլ, դերասանին շատ խորհուրդներ է տվել:

«Իշտոյանն արտակարգ մարդ է ու ինձ շատ է օգնել, զրույցներից մեկի վերջում ասաց.  «Այ տղա, Սաշ, դերս լավ կխաղաս»: Պատասխանեցի. «Խնդիր չկա, պարոն Իշտոյան»: ԱՄՆ-ում դեռ ֆիլմը չեն դիտել, որ իր կարծքին էլ իմանամ»,- նշել է նա: 

Սուքիասյանն ընդգծել է, որ Դավիթ Մանոյանն իրեն ու մյուս տղաներին ֆուտբոլային շատ խորհուրդներ է տվել: «Վերջապես կարողացա հասկանալ, թե խաղից դուրս դրությունը որն է»,- կատակով ավելացրել է նա:

Տեքստը՝ Հասմիկ Բաբայանի

Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:

Կարդալ ավելին

Quality Sign BW