×


«Աղոթքս փորձ է ինձ հաշտեցնել ինձ հետ». Վախթանգ Հարությունյանը նոր ալբոմ է ներկայացրել իր 54-ամյակին

Ո՞վ ենք մենք։ Որոշներն ունեն այս հարցի պատասխանը, ոմանք չեն էլ գուշակում անգամ ամենաուղիղ պատասխանը։ Եվ կան նաեւ նրանք, ովքեր, չստանալով պատասխանը, նոր աշխարհներ են մտնում՝ փորձելով բացահայտել իրենց։ 

Երգիչ, երգահան, կիթառահար Վախթանգ Հարությունյանն իր 54-ամյակին հանդես եկավ հոբելյանական 10-րդ ալբոմով։ Առաջին սկավառակը լույս էր տեսել սրանից դեռ 28 տարի առաջ՝ 1998 թվականին՝ «Ցնորք» անունով։ Գաֆէսճեան արվեստի կենտրոնի ամենավերին հարթակում՝ «Հատուկ միջոցառումների սրահում», 11 նոր երգ չէր, որ պետք է հնչեր, այլ 12 ամսվա խմորումների, ներքին կռիվների, բացահայտումների ու կանգառների արդյունքը։


«Հիմա արդեն դժվար է սկավառակ ասելը, որովհետեւ տեխնոլոգիաները մեզ բերել են թվայնացված եւ համացանցային տարածք։ Ալբոմը հասանելի է տարբեր հարթակներում, այդ թվում՝ Spotify-ում եւ YouTube-ում։ Եթե ինչ-որ մեկը պարզապես հավաքի ալբոմի անունը՝ «Ասա՛, ո՞վ ես դու» (Tell Me Who You Are), կգտնի այն՝ իր 11 երգերով»։

Վախթանգի խոսքով՝ սա փոքրիկ ճամփորդություն է, որը սկսվում է մեկ հարցից՝ «Ո՞վ ես դու»:

«Եթե այդ հարցը տալիս ես քեզ, ներսումդ քանիսի՞ն ես տեսնում քեզ նման։ Արդյո՞ք դու ես քեզ պատասխանում, թե՞ քո ներսում ուրիշ մեկն է խոսում»։ Նրա համոզմամբ՝ մարդը միատարր չէ, եւ հենց այդ ներքին բազմաշերտությունն են ձեւավորում թե՛ հարցերը, թե՛ կռիվները, թե՛ բացահայտումները։


Այս որոնումների ընթացքում նա հասել է մինչեւ Պյութագորասը. «Շատերս գիտենք նրան որպես մաթեմատիկոս, բայց նա նաեւ փիլիսոփա էր, աստվածաբան, երաժիշտ։ Դա ինձ համար բացահայտում էր»։ Միջնադարյան հեղինակներից մեկը, որին երաժիշտը պատահական էր գտել, հաճախ է հղումներ արել պյութագորասական դպրոցին, եւ այդ հղումները դարձել են նոր ուսումնասիրությունների մեկնակետ։

Ալբոմի 11 երգերը նա անվանում է «11 աստիճան»:

«Եթե ընդունենք, որ դրանք 11 հարթակ են, 11 ընկալում, 11 գույն, ապա դրանք իմ անցած ճանապարհի հանգրվաններն են։ Ուղիղ 12 ամսվա խմորումներն են: Եթե ունկնդրի համար հետաքրքիր լինի, այդ հարցադրումներն իրենց ներսում ծագած լինեն, միգուցե գտնեն պատասխաններ»։ 


Յուրաքանչյուր երգ ծնվել է որեւէ հանգուցալուծումից հետո. «Երբ էջը փակվում էր, երբ հարցի ինչ-որ պատասխան էի ստանում, դառնում էր երգ»։

Ալբոմի ավարտն աղոթք է՝ վերցված մեր թվարկության առաջին դարի բնօրինակից։ 

«Փորձեցի գնալ սկզբնաղբյուրին, վերծանել եւ նորից ապրեցնել այն, քանի որ բնօրինակը ժամանակի ընթացքում տարբեր ազդեցությունների հետեւանքով որոշակի փոփոխություններ է կրել»։

Եթե ամբողջ ալբոմը հարց է, ապա աղոթքը՝ հաշտության փորձ. «Եթե աղոթքս փորձ է անում ինձ հաշտեցնել ինձ հետ, դա էլ կարող ենք համարել հանգրվան։ Պետք է ինքդ քեզ համար ազնիվ վկա լինես. 2600 տարվա ընթացքում մարդու մեջ շատ բան չի փոխվել։ Մենք դեռ պետք է սովորենք չչարախոսել, չվատաբանել, նախ մեզ ուղղել»։


Երաժշտի խոսքով՝ խաղաղությունն ու պատերազմը նախ ներքին երեւույթներ են. «Շարժում ունենալու համար ոտքիդ տակ պետք է լինի դիմադրություն։ Եթե կա ուժ, կա նաեւ հակաուժ։ Այդ պայքարը բնական է»։ Կարեւորն այն է, թե ինչ ես դուրս բերում այդ պայքարից. «Լավ է, երբ մարդն իր ներքին խռովություններից հետո դուրս է բերում մաքուրը՝ այն, ինչը կարող է ուրիշների համար հարստություն դառնալ»։

Վախթանգը չի գտել վերջնական պատասխաններ եւ ասում է, որ բնական է որոշ հարցերի պատասխաններ չստանալը։ Հենց դա է, որ քեզ համար կարող է մեկնակետ դառնալ՝ նոր դռներ բացելու, գնալու, կամքը լարելու եւ վերջապես պատասխաններ ստանալու։


«Ես ավելի քան համոզված եմ, որ ցանկացած մարդու կյանքում, երբ հարցադրումներ են հայտնվում եւ այդ հարցադրումները լինում են ճիշտ, ապա անպայման հայտնվում են դրանց պատասխանողները»։

Հանգրվանները ժամանակավոր են, իսկ ճամփորդությունը՝ շարունակական։

Տեքստը՝ Անահիտ Ամիրխանյանի
Լուսանկարները՝ Դավիթ Ղահրամանյանի
BRAVO.am

Կարդալ ավելին

Quality Sign BW