Երեկ երեկոյան Հրաչյա Ղափլանյանի անվան դրամատիկական թատրոնում Հայաստանի վաստակավոր արտիստ Խորեն Լեւոնյանի «Կինո ու մի քիչ ավելին» երաժշտական ներկայացման պրեմիերան էր։
Իր եւ պապիկի՝ Հայաստանի ժողովրդական արտիստ Խորեն Աբրահամյանի ֆիլմերի ու դրանցում հնչող երգերի միջոցով դերասանը յուրահատուկ ինքնակենսագրական ճանապարհորդություն կատարեց, կիսվեց մտահոգություններով ու խոհերով, վեհացրեց ու բարձրացրեց մեր հայրենիքը եւ մտածելու տեղիք տվեց։
Համերգի մի հատված նվիրված էր Լեւոնյանի կյանքի կարեւոր մարդկանց՝ կնոջն ու երեխաներին։
«Իմ կյանքում եղել են շատ սերեր ու պատմություններ, կա ընտանիք, ունեմ զավակներ։ Մեծ տղաս՝ Արմենը, իր անունը ստացել է պապի պատվին։ Արամը՝ որդիս, որի անունը պապիս հոր ու իր եղբոր՝ իգդիրցիների պատմությունից է սերում։ Եվ, իհարկե, դուստրս՝ լույսը, հույսը, որի անունն Արեւ ենք դրել։
Ինչպես նկատում եք, բոլորը հենց «Ար»-ով են սկսվում, ինչը հատուկ եմ արել։ Մի ժամանակ «մոդա» կար կարծելու, թե հայի անունները հին են, չեն սազում, լավ չեն հնչում... Ես, ընդհակառակը, որքան մեծանում եմ, այնքան սիրում եմ հայկական անունները, որովհետեւ դրանք ցույց են տալիս պատկանելիությունդ՝ թե որտեղից ես»,- խոստովանել է դերասանը։
Նա պատմել է, որ կինը՝ Էմմա Լեւոնյանը, իրենց նորածին դստեր համար հաճախ է օրորոցայիններ երգում, որոնցից մեկը բոլորին հայտնի «Արի, իմ սոխակ»-ն է։ Այն հնչում է նաեւ դերասանի մասնակցությամբ «Եղնիկների կածանը» ֆիլմում ու նրա սիրելիներից է. «Այդ երգը խրոխտ է ու ոգեղեն: Ոչ միայն օրորոցային է, այլեւ պատգամ ուժեղ լինելու եւ ապրելու։ Գուցե հենց այսպիսի երգեր պիտի կատարենք մեր զավակների համար»։
Ապա Լեւոնյանը կնոջը խնդրել է «Արի, իմ սոխակ»-ը կատարել նաեւ ներկաների համար, ինքն էլ միացել է նրան: Ելույթը հուզիչ ու գեղեցիկ է ստացվել։
Պատրաստեց՝ Հասմիկ Բաբայանը
Լուսանկարները՝ Դավիթ Ղահրամանյանի
BRAVO.am


×
24,771






