×


«Արտավազդ 2026». «Յամա»-ի հաղթարշավը, չեղարկված անվանակարգն ու բարձր ճնշմամբ փոխքաղաքապետը

Մարտի 27-ն ամբողջ աշխարհում նշվում է որպես Թատրոնի միջազգային օր, եւ արդեն 25 տարի է՝ այդ օրը Հայաստանում ավանդաբար անցկացվում է «Արտավազդ» մրցանակաբաշխությունը, որն այս տարի նվիրված էր Մետաքսյա Սիմոնյանի 100-ամյակին։ 

Երեկոյան տարբեր թատրոնների ներկայացուցիչները հավաքվել էին Կ. Ստանիսլավսկու անվան ռուսական դրամատիկական թատրոնում՝ տոնի առթիվ միմյանց մաղթանքներ հղելու եւ մրցանակներ ստանալու համար։ Թատերարվեստի ներկայացուցիչները, ովքեր ամբողջ տարվա ընթացքում մարդկանց տարբեր հույզեր են պարգեւում, բեմադրում ներկայացումներ ու ստանում ամենատարբերվող բեմերը, ամեն տարի, սովորաբար, արժանանում են շատ սովորական ու մի քիչ էլ ձանձրալի միջոցառման։ Տարեցտարի «Արտավազդ»-ի մատուցումն ու անցկացումն ավելի ու ավելի անհետաքրքիր է դառնում, մինչդեռ հենց այդ օրը գեղեցիկ միջոցառմամբ պետք է ազդարարվի թատերական տարվա մեկնարկը։


Երեկոյի հաղորդավարներ Մարիամ Ղազանչյանն ու Կարեն Քոչարյանը ողջունեցին հյուրերին, ապա էկրանից ներկաներին Թատրոնի օրվա առիթով շնորհավորեց աշխարհահռչակ դերասան Ուիլեմ Դեֆոն։ Թատերական գործիչների միության նախագահ Հակոբ Ղազանչյանը հիշեցրեց, որ մրցանակաբաշխությունը հոբելյանական է, ու հերթական անգամ այն կազմակերպելը հեշտ չի եղել, բայց այս անգամ բախտները բերել է, որ բոլոր ծախսերը Երեւանի քաղաքապետարանն է հոգացել։ Փոխքաղաքապետ Լեւոն Հովհաննիսյանը երկար ելույթ ունեցավ՝ թատրոնն անվանելով մարդու ստեղծարար մտքի ու երեւակայության վառ դրսեւորումներից մեկը։ Բայց մի քանի անգամ չկարողացավ ճիշտ արտաբերել թատերարվեստ ու մրցանակաբաշխություն բառերը, իսկ վերջում խոստովանեց, որ տեքստի ընթերուցմն իրեն դժվար տրվեց բարձր ճնշման պատճառով։ 

Բայց վերադառնանք մեր երեկոյին, ու քանի որ մրցանակաբաշխությունը Մետաքսյա Սիմոնյանին էր նվիրված, նրա ավագ որդի Ռուբեն Արզումանյանը բեմ բարձրացավ՝ դերասանուհու անվան հատուկ «Արտավազդը» համար։ Անհրաժեշտ ծրարը ոչ մի կերպ չէր գտնվում, եւ հաղթողի անունը հայտնի դարձավ երկար րոպեներ անց։ Մրցանակը բաժին հասավ Մհեր Մկրտչյանի անվան արտիստական թատրոնի գեղարվեստական ղեկավար եւ դերասանուհի Տաթեւիկ Մելքոնյանին («Ֆիլումենա Մարտուրանո»), որի համար այն ստանալը մեծ անակնկալ էր։ 

Թատերարվեստին անբասիր ծառայելու համար էլ հատուկ մրցանակներ ստացան «Ջին խաղը» ներկայացման մեջ խաղընկերներ, Հայաստանի վաստակավոր արտիստներ Գրետա Մեջլումյանն ու Դավիթ Հակոբյանը։ Դերասանուհին իր խոսքում ընդգծեց, որ թատրոնը հարատեւ է, քանի դեռ երկրագնդի վրա կա մարդը. «Բարեբախտաբար, մեր մոլոակը դեռ պտտվում է»,- ավելացրեց նա։ 

Դավիթ Հակոբյանի ելույթը երեկոյի ամենաստացված պահերից էր։ Դերասանը խոստովանեց, որ իր բախտը բարձրախոսների հարցնում երբեք էլ չի բերել. «Ես 5 կգ եմ ծնվել, 51 սմ հասակով։ Ցավոք, այդքան էլ մնացել եմ։ Շատ ուրախ եմ, բայց նաեւ տխուր, որովհետեւ այս մրցանակը տալիս են, երբ մոտ ես հեռանալուն։ Շնորհավորում եմ հատկապես երիտասարդ սերնդին, որը վերջին շրջանում ուրախացնում է եւ զարմացնում։ Նրանք ներկայացումներ են բեմադրում տանիքում, տանիքի կողքին, նկուղում։ Դրա արդյունքում շատ շուտով արժեքավոր արվեստագետներ ենք ունենալու։ Բոլորին անբասիր աշխատանք եմ մաղթում»։ 


Ինչպես եւ մրցանակաբաշխության ընթացքում, նույն հաջորդականությամբ էլ ներկայացնենք անվանակարգերի հաղթողներին։ «Լավագույն մանկական ներկայացումն» Ավետիք Իսահակյանի տուն-թանգարանի նախագիծն է՝ «Լույսի ծածկագիրը»: 

«Լավագույն երիտասարդ դերասանուհին» Ստանիսլավկսու անվան թատրոնի «Յամա» ներկայացման Ժենկայի դերակատար Հռիփսիմե Նահապետյանն է, իսկ «Լավագույն երիտասարդ դերասանը» Աշտարակի դրամատիկական թատրոնից Միշա Հակոբյանն է՝ «42-24»-ում բարոն Ֆոնբերգի դերի համար։ Իսկ Գոռ Մարգարյանի բեմադրած այդ աշխատանքը «Լավագույն երիտասարդական ներկայացումն» է։


Գյումրու Վ. Աճեմյանի անվան դրամատիկական թատրոնի «Կոստյումով տղամարդիկ» ներկայացման համար Մերի Մարգարյանը «Լավագույն երիտասարդ բեմադրիչ» ճանաչվեց։ 

Լուսինե Խաչատրյանը «Լավագույն զգեստների նկարիչն» («Կատվի տունը», «Երկարագուլպա Պեպպին») է, Անի Ռաշոյանը՝ «Լավագույն բեմանկարիչը» («Երեք անունով մի աղջիկ», «Երկարագուլպա Պեպպին»), Հայկ Աղաբեկյանը՝ «Լավագույն լուսային նկարիչը» («Յամա»), «Վանական» ռոք խումբը՝ լավագույն երաժշտության հեղինակը («Պենելոպե, օ՜, Պենելոպե»), Գոռ Վանյանը՝ լավագույն թատերախոսականի հեղինակը («Ջին խաղը Համազգային թատրոնում»): 


«Յամա»-ում Աննա Մարկովնայի դերակատարման համար Ելենա Վարդանյանը «Երկրորդ պլանի լավագույն դերասանուհի» ճանաչվեց: Նա, ինչպես իր կերպարը, երկար պատմուճանով զգեստով էր, բայց ի տարբերություն Մարկովնայի՝ նախապատվությունը կարմիրին էր տվել։ Վարդանյանն այնքան ոգեւորված ու հուզված էր, որ իր հերոսուհու պես էլ հեռացավ բեմից՝ մոռանալով անգամ ստանալ իր «Արտավազդը»։ «Երկրորդ պլանի լավագույն դերասանն» էլ Սաշա Սուքիասյանն է՝ Պատանի հանդիսատեսի թատրոնի «Մեղրի համը» ներկայացման Պիտեր Սմիթի կերպարի համար: 

Մհեր Մկրտչյան թատրոնի «Եթե դու մեռնեիր»-ը «Լավագույն կամերային ներկայացում»-ն է, պլաստիկ աշխատանքը՝ «Մետրո» թատրոնի «Մկների ժողովը», երաժշտական ներկայացումը՝ Հակոբ Պարոնյանի անվան թատրոնի «Փրայմ թայմը»։ 


Թատերական բնագավառում հայրենասիրությամբ աչքի ընկնելու համար երեք հատուկ «Արտավազդ» էր սահմանվել, որոնցից առաջինը շնորհվեց ֆրանսահայ բեմադրիչ Սիմոն Աբգարյանին՝ Համազգային թատրոնում «Պենելոպե, օ՜, Պենելոպե»-ի բեմադրության համար։ Նա Հայաստանում չէ, ու մրցանակը ստացավ Վարշամ Գեւորգյանը։ Մյուսը բաժին ընկավ ամերիկահայ դերասանուհի Նորա Արմանին։ «Այս մրցանակն ինձ համար անակնկալ է։ Շնորհակալ եմ, որ պատվում եք Սփյուռքը։ «Բանալիներ հավաքողը» ներկայացման մեջ ինձ հետ նաեւ արցախցի դերասաններ են խաղում։ Այս ամենը կարեւոր է մեզ համար, քանի որ Հայաստանը, Արցախն ու Սփյուռքը միշտ պետք է միասին մնան»,- խոստովանեց նա։

Եվ մյուս հատուկ մրցանակը ստացավ «Դիալոգ» կազմակերպության նախագահ Յուրի Նավոյանը՝ Ստեփանակերտի Վահրամ Փափազյանի անվան պետական դրամատիկական թատրոնի վերաբացմանը նպաստելու համար։ 

«Ինչո՞ւ ենք թատրոնի կողքին, որովհետեւ այն փարոս է, հենարան, վստահության եւ արժանապատվության առանցք Արցախից տեղահանված մարդկանց համար»,- շեշտեց նա ու խոստացավ, որ թատրոնին նոր ներկայացում եւ միջազգային փառատոն է սպասվում։

«Լավագույն դերասանուհին» Տաթեւ Հովակիմյանն ( Աննա, «Եթե դու մեռնեիր») է: Նա շատ հուզված էր եւ առիթն օգտագործեց իր խաղընկերներին ու ներկայացման ստեղծագործական կազմին շնորհակալություն ասելու համար. «Շնորհակալ եմ իմ վարպետներից՝ Դավիթ Հակոբյանից եւ Արման Նավասարդյանից, եւ բոլոր այն մարդկանցից, ում հետ ճանապարհ եմ անցել»։ 


Նարեկ Բաղդասարյանն էլ Սիմոն Աբգարյանի բեմադրած «Պենելոպե, օ՜, Պենելոպե»-ում Անթեյի դերի համար «Լավագույն դերասան» ճանաչվեց։ Նա բավական երկար ելույթում եւս մեկ անգամ խոստովանեց, որ իր համար աշխարհի լավագույն թատրոնը Համազգայինն է. «Այնտեղ աշխատում են մարդիկ, ովքեր ինքնամոռաց նվիրված են իրենց գործին եւ այն սիրում են մինչեւ վերջ»։ 

Երեկոյի ընթացքում բեմ բարձրացրածների մեծ մասը շնորհավորում էր Երեւանի մնջախաղի պետական թատրոնի գեղարվեստական ղեկավար Ժիրայր Դադասյանի ծննդյան օրը։ Վերջինս եւս բեմից միացավ շնորհավորանքներին ու կատակով բարի տարեդարձ մաղթեց ինքն իրեն։ Իսկ Դադասյանի իրական ցանկությունն այն է, որ 54 տարի գործող, որից 46-ը պետական կարգավիճակով, ու երբեք սեփական շենքը չունեցող թատրոնը վերջապես իր մշտական հասցեն գրանցի։ 


Դադասյանը նաեւ հայտնեց, որ «Արտավազդ»-ի հինգ ժյուրին որոշել են հատուկ մրցանակ հանձնել մարզերում բեմադրություններ անող ռեժիսորներին։ Առաջին «Արտավազդը» ստացավ Դավիթ Հարությունյանը՝ Վանաձորի Հ. Աբելյանի անվան թատրոնում «Չարենց» եւ Գորիսի Վ. Վաղարշյանի անվան դրամատիկական թատրոնում «Աբու Լալա Մահարի» ներկայացումների համար։

«Ուզում եմ բոլորին ամենաբարին ու լուսավորը մաղթել։ Սյունիքը պիտի ամուր լինի, ապրի, արարի, լավ թատրոն ունենա, իսկ մենք էլ պիտի նրա մեջքին կանգնած լինենք ոչ թե խոսքով, այլ՝ գործով։ Վաղուց «Արտավազդ» չունեի»,- նշեց նա։


«Լավագույն բեմադրիչը» Գոռ Մարգարյանն է, որը երեկոյի ընթացքում մի քանի անգամ բեմ բարձրացավ եւ շնորհակալություն հայտնեց բոլոր այն մարդկանց, որոնք աշխատում են իր հետ եւ օգնում ստեղծել գեղեցիկ ներկայացումներ։ Իսկ նրա «Յամա»-ն՝ «Լավագույն ներկայացումն» է։ «Նման բուռն ծափեր նաեւ «Յամա»-ի ավարտից հետո են հնչում, իհարկե, մի քիչ ավելի երկար։ Ուրախ եմ, որ հանդիսատեսի եւ ժյուրիի կարծիքները համընկել են»,- անկեղծացավ նա։


Իսկ ահա «Տարվա լավագույն պիես» անվանակարգը հանվել էր ցանկից: Առաջադրվածներն այդ մասին իմացել են մրցանակաբաշխության ավարտին մոտ.  «Սա անհարգալից վերաբերմունք է նախ մարդու հանդեպ, չէ՞ որ հենց ժյուրին էր ընտրել չորս առաջադրվածներին։ Հրավիրել, նստեցնել դահլիճում, սպասեցնել ու անգամ հարկ չհամարել տեղեկացնել, որ անվանակարգը դուրս է եկել, նման ձեւով հիասթափեցնե՞լ։ Իրավունք չունեք։ Ես պահանջում եմ Հայաստանի թատերական գործիչների միությունից հարգալից վերաբերմունք ունենալ յուրաքանչյուր թատերական գործչի հանդեպ, չփորձել նման վարվելակերպով ստորադասել որեւէ մեկին կամ անվանակարգ։ Ու երբ ամեն պատեհ-անպատեհ առիթով բեմից ասում եք երջանկահիշատակ Երվանդ Ղազանչյանի «Չկա հայկական թատրոն՝ առանց հայկական դրամատուրգիայի» ճշմարտացի խոսքը, հիշեք, որ հերթական անգամ չորս դրամատուրգի ստիպեցիք չհավատալ ձեր ոչ մի ասածին ու հիասթափվել»,- սոցցանցերում գրել է Նարեկ Մանուչարյանը։

Նշենք, որ այս անվանակարգում ներկայացված են եղել Նարեկ Մանուչարյանի «Ազատություն Թեոդոր Մալբերգին», Անի Առաքելյանի «Օ՜դ», Սարգիս Շողունցի «Նոր Սանտա Կլաուսը» եւ Սոնա Քանքանյանի «Խլվլիկ Փուշն» աշխատանքները։

Պատրաստեց՝ Հասմիկ Բաբայանը
Լուսանկարները՝ Դավիթ Ղահրամանյանի 
BRAVO.am

Կարդալ ավելին

Quality Sign BW