ԽՍՀՄ ժողովրդական արտիստ Մետաքսյա Սիմոնյանի 100-ամյակին նվիրված «Արտավազդ» մրցանակաբաշխությունն այս տարի տեղի ունեցավ Երեւանի Կ. Ստանիսլավսկու անվան ռուսական դրամատիկական թատրոնում։
Թեեւ մրցանակաբաշխությունը կարմիր գորգ չունի, բայց դա չի խանգարում դերասաններին ներկայանալ իրենց ողջ հմայքով։ Զգացվում էր, որ շատերը բավական շուտ էին սկսել նախապատրաստվել արարողությանն ու փայլեցին իրենց ընտրած հագուստներով։ Տարվա գույնը հաստատապես կարելի է սեւը համարել: Կային նաեւ կարմիր, սպիտակ ու վարդագույն զգեստներ։
«Արտավազդ»-ում «Լավագույն զգեստների նկարիչ» մրցանակ կա, որը «Երկարագուլպա Պեպպին» ներկայացման համար ստացավ Լուսինե Խաչատրյանը: Մենք էլ փորձենք առանձնացնել ամենագեղեցիկ հագնվածներին:
Շատ տարբերվող էր Հայաստանի վաստակավոր արտիստ Աննա Էլբալյանը, որի հմայքը տարիների հետ միայն ավելանում է: Նրա զգեստը բեմի վրա բացված զանգակների պես էր, ու, կարծես, թռվռում էր մանկական խանդավառությամբ։ Դերասանուհին խոստովանեց, որ արդեն բարձրակրունկներ հագնել չի կարողանում, հատկապես, որ նախորդ օրը բավական բարդ ներկայացում է խաղացել, եւ ցույց տվեց իր տափակ, արծաթագույն կոշիկները։
Արդեն քանի տարի է՝ հետաքրքիր զգեստով է «Արտավազդ»-ին ներկայանում Սոս Սարգսյանի անվան համազգային թատրոնի զգեստների նկարիչ Վիկտորիա Ռիեդո-Հովհաննիսյանը։ Միմյանց հետ համահունչ ու ներդաշնակ էին զգեստավորվել մրցանակներ հանձնող ամուսիններ Արթուր Կարապետյանն ու Սաթիկ Հախնազարյանը, Սերգեյ Թովմասյանն ու Նարինե Գրիգորյանը:
Հնարավոր չէ չառանձնացնել կարմիր զգեստներով Ելենա Վարդանյանին, Մերի Մարգարյանին եւ Մարիա Հունանյանին։ Ստանիսլավսկու անվան թատրոնի դերասանուհին մինչ մրցանակաբաշխությունը յուրահատուկ կերպով քողարկում էր իր զգեստի երկար շարունակությունը, որպեսզի այն բացի հենց բեմ բարձրանալիս։ «Երկրորդ պլանի լավագույն դերասանուհի» անվանակարգում հաղթելուց հետո միայն Վարդանյանը բացահայտեց իր զգեստի հանելուկային մասը՝ ցուցադրելով «Յամա» ներկայացման մեջ իր հերոսուհի Աննա Մարկովնայի ազդեցիկ հանդերձանքի հետ նմանությունը։
Մերի Մարգարյանն իր կարմիր զգեստով հիանալի տեսք ուներ «Լավագույն երիտասարդ բեմադրիչ» անվանակարգում մրցանակը ստանալիս։ Իսկ Պատանի հանդիսատեսի թատրոնի դերասանուհի Մարիա Հունանյանը թեեւ ավագույն երիտասարդ դերասանուհի չճանաչվեց, բայց հմայեց իր նուրբ ու ճաշակով ընտրված կերպարով։
Գեղեցիկ ու տարբերվող էր նաեւ մրցանակաբաշխությունը վարող Մարիամ Ղազանչյանը։ Տղամարդիկ էլ շատ նրբաճաշակ տեսք ունեին իրենց կոստյումներով ու գլխարկներով։ Մյուսների հանդերձանքը կարող եք ինքներդ տեսնել եւ գնահատել BRAVO.am-ի լուսանկարիչ Դավիթ Ղահրամանյանի հեղինակած ֆոտոշարքում։
Պատրաստեց՝ Հասմիկ Բաբայանը
Լուսանկարները՝ Դավիթ Ղահրամանյանի
BRAVO.am


×
2,527






