×


Նախկին ամուսիններ Ալեքսանդր Խաչատրյանը եւ Ալիս Կապլանջյանը

«Մեկը մյուսի հետ կապ չուներ»․ Ալեքսանդր Խաչատրյանը` ամուսնալուծվելու եւ նոր սիրելիի մասին

«Մենք երկար եկանք այդ որոշմանը: Դա մեզ շատ ծանր տրվեց։ Գրեթե 50 տարի միասին ապրեցինք, եւ պարզվեց՝ ինչ-որ բաներ կան չասված, կիսատ մնացած։ Հասկացանք՝ երեւի, ճիշտ կլինի, որ առանձին ապրենք»,- «LIFEROOM» հաղորդման շրջանակում խոսելով իր եւ դերասանուհի Ալիս Կապլանջյանի բաժանման մասին՝ ասել է դերասան Ալեքսանդր Խաչատրյանը։ Ամալյա Հովհաննիսյանի հետ զրույցում նա անկեղծորեն պատմել է կյանքի նոր փուլի, երիտասարդ կողակցի հետ հարաբերությունների եւ Հայաստանի հանդեպ սերը նորովի բացահայտելու մասին։

«Կարծում եմ՝ ճիշտ որոշում ենք կայացրել»

Բաժանումից հետո մոտ մեկ տարի ես մենակ էի ապրում։ Իհարկե, մի քիչ ծանր է մենակ լինելը։ Չգիտեմ՝ կնոջ համար ինչպես է, բայց հատկապես տղամարդու համար շատ դժվար է։ Բայց կարծում եմ՝ մենք ճիշտ որոշում ենք կայացրել, որովհետեւ անընդհատ վիճելն էլ մի կյանք չէ, էլի։

Նախկին ամուսիններ Ալեքսանդր Խաչատրյանը եւ Ալիս Կապլանջյանը


Երիտասարդ կողակցի հետ հարաբերությունները՝ բաժանման ֆոնին

Չէ, մեկը մյուսի հետ կապ չուներ։ Մեր հարաբերությունները շատ հետո սկսվեցին։ Կարծում եմ՝ գոնե առայժմ մենք լրացնում ենք իրար։ Երկուսս էլ ազատ մարդիկ ենք. այնպես չէ, որ պարտավորություններով ծանրաբեռնված ենք։ Ինքն իր երեխաներին է նվիրված, ես՝ իմ երեխաներին, եւ մենք բավական համերաշխ ենք։ Եվ հա, մենք իրար հետ ենք (ժպտում է,- հեղ․)։ Շատ կարեւոր է կողքիդ ունենալ մի մարդու, որը քեզ հասկանում է, եւ որին դու ես հասկանում։ Մենք լրացնում ենք իրար։
«Ամուսնություն չենք պլանավորում»

Տարիքային տարբերությունը մեզ վրա չի ազդում, որեւէ կերպ չի խանգարում։ Չգիտեմ՝ հետագայում ինչպես կլինի, բայց առայժմ մենք լավ ենք։ Երկուսս էլ ամուսնություն չենք պլանավորում։ Մենք որոշել ենք, որ ամեն մարդ պիտի ազատ լինի իր մտքերով եւ ընտրություններով։ Ճիշտ է՝ միմյանց նկատմամբ ունենք որոշակի պարտավորություններ՝ փոխադարձ հարաբերությունների հետ կապված, բայց դա ամուսնություն չէ։

Կյանքն ԱՄՆ-ում զրոյից սկսելը

Դժվար է, մանավանդ երբ դու մենակ չես, երբ ընտանիքիդ հետ ես, եւ երեխաների հանդեպ մեծ պատասխանատվություն կա։ Իմ մեծ աղջիկը երկար ժամանակ ինձ մեղադրում էր, թե ինչու իրեն բերեցի Ամերիկա։ Իհարկե, երբ լսում էի դա, ինքս էլ էի ինձ մեղադրում։ Դրանից մի քանի տարի անց՝ համալսարանն ավարտելուց հետո, երկու քույրերով եկան Հայաստան, եւ երբ նրանց հարցրի. «Դե, ո՞նց էր Հայաստանում», ասաց՝ «Պապ, ես իմ ընկերներին չէի հասկանում, նրանց մտածելակերպը չէի ընկալում։ Ես, երեւի, ճիշտ տեղում եմ»։ Իսկ փոքր աղջիկս ուսանող ժամանակ ասաց. «Պապ, կրթությունս այստեղ կստանամ, բայց Ամերիկայում չեմ ապրի, կգնամ Հայաստան»։ Իհարկե, ասացի. «Աղջիկս, քո կյանքն է, քո ընտրությունը, ինչպես կուզես»։ Այդպես էլ արեց, եւ արդեն տասը տարուց ավելի է՝ Հայաստանում է ապրում, շատ գոհ է ու երջանիկ։ 

«Մարդն արժեւորում է իր ունեցածն այն ժամանակ, երբ կորցնում է»

Երբ հնարավորություն եղավ կրկին Հայաստան գալու, հասկացա, թե ինչքան եմ կապված իմ երկրի հետ, ինչքան են իմ արմատները հզոր ու ամուր այստեղ։ Գիտեք, մարդն արժեւորում է իր ունեցածն այն ժամանակ, երբ կորցնում է: Չէի պատկերացնում, որ այսքան կապված եմ իմ երկրին: Ինձ համար Հայաստանն ամեն ինչ է։

Դժվարությունների առաջ չպարտվել եւ մնալ կենսուրախ

Գիտեք, ամեն պարագայում պիտի ապրես, եւ ինչքան արդյունավետ ապրես, ինչքան կեսունակ լինես, այնքան լավ առաջին հերթին հենց քեզ համար: Իհարկե, Անին (իր կյանքի նոր կնոջը նկատի ունի,- հեղ․) իր դերն է ունեցել այդ ամեն ինչում, բայց կարծում եմ՝ իմ բնավորությունն էլ է, որ բերել է ինձ այս հոգեվիճակին, որից ես դժգոհ չեմ առայժմ։ Կարծում եմ՝ պետք է ապրել եւ առավելագույնը տալ կյանքին այն, ինչ կարող ես։

Զրույցն ամբողջությամբ կարող եք դիտել այստեղ՝


Կարդալ ավելին

Quality Sign BW