Հրաչյա Ղափլանյանի անվան դրամատիկական թատրոնում բեմադրված «Սիրո վեց կանգառ»-ը դասական ներկայացում չես անվանի. այն միավորում է մյուզիքլի, սթենդ-ափի եւ, ինչ-որ առումով, կաբարեի տարրերը: Դերասանուհիները խոստովանության միջոցով հանդիսատեսի առաջ բացում են իրենց հոգիները:
Համերգ-ներկայացման մասնակից 6 կանայք՝ Լիդիա Գրիգորյանը, Լուսինե Վարդանյանը, Լիդա Լեւոնյանը, Արմենուհի Հակոբյանը, Դիանա Մալենկոն եւ Էմմա Մկրտչյանը, կիսվում են իրենց կյանքից շատ անձնական, երբեմն էլ մի քիչ արվեստի շնորհիվ պատկերավոր դարձած պատմություններով: Շատ դեպքերում ասելիքն ուղիղ չի հնչում. այն քողարկված է գեղարվեստական լուծումներով ու տեքստերով, բայց խորքում, միեւնույն է, մնում է կինը՝ իր ապրումներով, ցավով, սիրով ու ցանկություններով:
Յուրաքանչյուրի կյանքում եղել են իրադարձություններ, հաղթահարումներ ու ափսոսանքներ, որոնք բեմում բաց են թողնում: Դա անում են շատ էսթետիկ՝ գեղեցիկ հագուստներով ու պլաստիկ լուծումներով, երաժշտական համարներով ու անսահման կրքով:
Դերասանուհիներից ոմանք իրենց համեմատում են Էլիզաբեթ Թեյլորի ու Սոֆի Լորենի հետ, կամ իրենց կյանքում զգում Էդիթ Պիաֆի ներկայությունը: Լիդիա Գրիգորյանի պատմությունը բացում է ներկայացումը: Այն իր դերասանական ուղու ընտրության մասին է: Լուսինե Վարդանյանի ու Էմմա Մկրտչյանի մենախոսությունները շատ անձնական են, Դիանա Մալենկոյինը՝ նույնպես, բայց համեմված է քաղաքական թեմաների շուրջ ժամանակակից հասարակության պառակտվածության խնդրով:
Արմինե Հակոբյանն իտալական կինեմատոգրաֆն է ընտրել իր հույզերն արտահայտելու համար, իսկ Լիդա Լեւոնյանը՝ Ֆրանսիայի խորհրդանիշ Էդիթ Պիաֆին:
Ավելի մանրամասն նրանց ասելիքը չենք բացահայտի, բայց բանալի հուշումներ կտանք՝ «Երգիր, գիտեմ՝ քեզ համար որքան կարեւոր է», «Սերը բարդ աշխատանք է, չի կարելի թուլանալ», «Եթե ձեզ հաջողվել է պահպանել ձեր ներսի մանկան հոգին, ուրեմն՝ ամենաերջանիկն այս կյանքում դեռ առջեւում է», «Վախենալն ամոթ չէ, վախն էլ է մարդու համար. վհատվել չի կարելի», «Վախեցիր, բայց արա, այդ ժամանակ վախդ կդառնա բնավորություն, ոչ թե թերություն»:
Լիդիա Գրիգորյանը Bravo.am-ի հետ զրույցում պատմել է, որ ներկայացման գաղափարն առաջացել է բեմադրիչ Գուրգեն Ծատուրյանի հետ խոսակցության ժամանակ: Իսկ ծանոթացել ենք նրանք շատ թատերային հանգամանքներում. դերասանուհին տարիներ առաջ Մոսկվա էր մեկնել՝ Եվգենի Միրոնովի ներկայացումները դիտելու, եւ հենց նա էլ ծանոթացրել է իրենց, ու այդ օրվանից մտերմացել են:
«Գուրգենն առաջարկեց երաժշտական համարներով ներկայացում ստեղծել, եւ ես պետք է վոկալ պարապեի: Հետագայում ցանկացավ ծանոթանալ թատրոնի ողջ անձնակազմի հետ, որպեսզի պարզի երաժշտական ունակությունները: Սկզբում սցենար էլ չենք ունեցել. հետագայում է ծնվել: Գուրգենը մեկ շաբաթով եկավ Երեւան, ու քասթինգ կազմակերպեցինք: Հավաքվեցին թատրոնի այն դերասանները, որոնք ուզում էին երգել: Ամբողջ խմբից ընտրվեցինք վեցս, եւ ընդամենը մեկ ամիս ունեինք ներկայացումը ստանալու համար»,- խոստովանել է Գրիգորյանը:
Ծատուրյանը որոշել է ամեն մեկի համար նրանց կյանքի որոշակի դրվագների հիման վրա մենախոսություններ գրել: Ռուսերենից դրանք հայերեն է թարգմանել դերասանուհի Էմմա Մկրտչյանը: Անկեղծանում է, որ սկզբում իրենց համար էլ է բավական բարդ եղել կիսվել անձնական պատմություններով. «Սկզբում շատերիս համար անչափ վախենալու էր, թե հանդիսատեսն ինչպես կընդունի: Կարելի է ասել, որ ներկայացումը վախը հաղթահարելու ճանապարհի մասին է, ինչի արդյունքում յուրաքանչյուրը կարողանում է իր վիրավորված ու վրդովված հոգու խորքից կիսվել անձնական կյանքով։ Շատերս հարցազրույցների ժամանակ մեր կյանքից չենք խոսում, իսկ բեմում կարողացանք շատ անձնական գաղտնիքներով կիսվել»։
Լիդիա Գրիգորյանի մենախոսությունը Ծատուրյանի մտքում ծնվել է նրա ներկայացումը դիտելու ընթացքում, ու ըստ դրա կառուցվել են նաեւ մյուսների պատմությունները: Թեեւ դրանք իրար հետ առնչություն չունեն, բայց կապող օղակը հենց դերասանուհին է: «Մենախոսությունն իմ գլխում է տեղի ունենում. երեւակայական խաղ է, որը բոլորին կախարդում է: Իրականության ու երեւակայության սահմանն է, եւ չես հասկանում՝ նման դեպք եղել է, թե ոչ»,- բացատրել է Գրիգորյանը:
Պարերը բեմադրել է Արիկ Ասատուրյանը, իսկ Հայկ Գասպարյանը կատարել է արդեն ծանոթ երգերի լիովին նոր գործիքավորումները:
Դերասան, բեմադրիչ Գուրգեն Ծատուրյանը, որը պրեմիերայի օրը նշում էր իր ծննդյան տարեդարձը, առաջին անգամ է Հայաստանում բեմադրություն հեղինակել: Թեեւ նա տարիներ առաջ ավարտել է Երեւանի թատերական ինստիտուտն ու սովորել Նիկոլայ Ծատուրյանի արվեստանոցում, կայացել է Եվրոպայում, աշխատել Բելգիայում, Գերմանիայում, Ռուսաստանում, դերերով հանդես է եկել Ռոբեր Լեպաժի, Ռոբերտ Ուիլսոնի, Կիրիլ Սերեբրեննիկովի ու մյուսների ներկայացումներում:
«Ինձ համար հոգու պարտք էր Հայաստանում որեւէ բան բեմադրել: Շատ վաղուց էի ուզում, բայց երբեք առիթ չէր եղել: Սկզբում չէի պատկերացնում, թե ինչ է կարելի անել: Ես, սովորաբար, աշխատել եմ այնպիսի թատրոններում («Գոգոլ կենտրոն», Ազգերի թատրոն) ու դերասանների հետ (Չուլպան Խամատովա, Ինգեբորգա Դապկունայտե), որոնք երգել են: Դրամատիկականում դերասաններին լսելուց հետո զգացի, թե կատարման ընթացքում որքան որակական կորուստ են ունենում, քանի որ երգելը ծանր ֆիզիկական աշխատանք է: Դրա համար մտածեցի ուժեղացնել թույլ կողմն ու տեքստ ավելացնել, բայց հարց էր՝ ի՞նչ ընտրել: Թեեւ բոլորն էլ տարբեր լեզուներով սիրո մասին են երգում՝ ֆիլմից, ներկայացումից, մյուզիքլից, հայկական էստրադայից, բայց տեքստերը պետք է նույն ձեռագրի ու որակի լինեին։ Որեւէ դրամատուրգ չէր հասցնի այդքան կարճ ժամանակում աղջիկներին ճանաչել, դրա համար էլ ինքս գրեցի»,- պատմել է Ծատուրյանը:
Նրա համար ամենաուրախալին այն է, որ դերասանուհիները շատ անձնական պատմություններով են կիսվել, որոնց մասին շատերը չգիտեն: Համոզված է, որ մերօրյա թատրոնը կարող է հուզել միայն իր մարդկային կողմի շնորհիվ: Առանց այն էլ բոլորը բարդ ժամանակներ են ապրում ու կյանքի դժվար փուլերով անցնում: Կարծում է, որ հանդիսատեսը հույսի կարիք ուներ, ինչի մասին էլ գրել է մենախոսություններում:
«Յուրաքանչյուրի հաղթահարման պատմությունն ուժ է տալիս, որ դու էլ կանցնես քեզ բաժին հասած դժվարությունները: Ուղղակի կնոջ համար հաղթահարելն ավելի դժվար է, քան տղամարդու: Կնոջ ժամացույցն ավելի արագ է աշխատում. տղամարդը 67 տարեկանում կամուսնանա, 2 երեխա կունենա ու երջանիկ կյանքով կապրի, իսկ կինը ծննդաբերելու ժամկետ ունի: Դրա համար կնոջ համար ավելի դժվար է: Մի անգամ նավով շրջագայության էի, ու զբոսաշրջիկներից մեկը թողել էր «100 հայտնի կանայք ու տղամարդիկ» գիրքը: Կանանց շարքը սկսվում էր Մարիամ Մագդաղենացուց ու ավարտվում Ուիթնի Հյուսթոնով. բոլորն էլ անձնական կյանքում դժբախտ են եղել: Իսկ 80 տղամարդկանց կյանքը հաջող էր դասավորվել: Այդ ժամանակ հասկացա՝ եթե կնոջ երակներով շատ ուժեղ տաղանդ է հոսում, անպայման նրան այրում է, իսկ տղամարդը դիմանում է: Չնայած՝ կարճ ժամկետում կինն է ավելի դիմացկուն»,-անկեղծացել է բեմադրիչը։
Հայ դերասանուհիների հետ աշխատելը նրա համար հաճելի է եղել: Բացահայտել է, թե որքան անվախ են ու սովորելու քաղց ունեն: Ինքն էլ նրանից է շատ բան սովորել, բայց ամենաշատն ուրախ է, որ Դրամատիկական թատրոնին է կարեւոր փորձառություն փոխանցել:
«Հայաստանում քչերն են բարձրախոսով աշխատում, իսկ մենք արեցինք, ու դա առավելություն կլինի թատրոնի համար: Սովորաբար, դերասանները գոռալով են խոսում, որպեսզի անգամ ամենավերջին շարքում նստածները լսեն իրենց: Իսկ բարձրախոսներով շատ բնական են խաղում, ինչն այլ հուզականություն է բերում: Բացի այդ, դերասանուհիները միաժամանակ երգեցին, խոսեցին ու պարեցին, ինչը կարեւոր փորձ էր նրանց համար: Հուսամ՝ հետագայում թատրոնն այդ առավելությունները կպահի, անգամ եթե հանդիսատեսը ներկայացումը չհավանի»,- անկեղծացել է Ծատուրյանը:
Պատրաստեց՝ Հասմիկ Բաբայանը
Լուսանկարները՝ Դավիթ Ղահրամանյանի
BRAVO.am


×
2,009






