×


Լուսանկարը՝ Վլադիմիր Գեւորգյանի

Էլֆիք Զոհրաբյան․ «Մեր «սարկազմի յուղի մեջ փաթաթված նիհիլիստների մեծ ակումբը» հիվանդացնում է առողջ մթնոլորտը»

Դերասան, հեքիաթագիր, դրամատուրգ եւ թարգմանիչ, «Բյուրեղապակե մարդը» եւ «Փետրվարի 30» հեքիաթների հեղինակ Էլֆիք Զոհրաբյանի հետ BRAVO.am-ի նոր զրույցը Նիկոսիայի դրամատուրգիական մրցույթում հաղթանակի, Վանաձորի, սիրո,  բնականի ու արհեստականի բախման այս ժամանակաշրջանի եւ կյանքի մասին է:

- Ե՞րբ եք առաջին անգամ սիրահարվել։

- 4-րդ կամ 5-րդ դասարանում էի: Սիրահարվել էի մեկ տարով փոքր Լիլիթին՝ սեւ աչքերով, սեւ մազերով: Ու բոլոր դասամիջոցներին նրա դասասենյակի առաջ կանգնած էի՝ աշխարհից վերացած: Դուռը բացում ու աչքերով փնտրում էի նրան:

- Կոտրում եք այն կարծրատիպը, որ մարդը միայն մի գործում կարող է հաջողել: Այնուամենայնիվ, գրո՞ղ, թատրոնի եւ կինոյի արտի՞ստ, դասախո՞ս, թարգմանի՞չ, թե՞...

- Բոլորն էլ շատ սիրում եմ: Իրար հետ փոխկապակցված են, իրարից ժամանակ են խլում, բայց այս պահին, բացի վարչարարական գործը (ԵԹԿՊԻ Վանաձորի մասնաճյուղի տնօրենն է,-հեղ.), արվեստում առաջին պլանում գրականությունն ու թատրոնն են:

- Քանի՞ տարի է, ինչ բեմում եք։

- Սեպտեմբերին 31 տարին կլրանա: Ամեն անգամ բեմ մտնելիս մոռանում եմ տարիները. ամեն ինչ ասես նոր է սկսվում: Խաղացել եմ՝ սկսած մեր՝ Վանաձորի Աբելյանի անվան թատրոնից մինչեւ Թբիլիսիի կամ Պատանի հանդիսատեսի պետական թատրոնները։

Լուսանկարը՝ Վարդան Դոլմաջյանի


- Որտե՞ղ են Ձեր պիեսները, հեքիաթներն ու թարգմանությունները հաջողությունների հասել։ Հետաքրքիր է՝ որպես հեղինակ՝ գոհ մնացե՞լ եք բեմադրություններից: 

- Հեքիաթները տարածվել են թե՛ Հայաստանում, թե՛ Գերմանիայում: Այլ երկրներում դեռ չեն հայտնվել: Թարգմանությունները հիմնականում պիեսներ են, որոնցից մի քանիսը բեմադրվել են, մասնագիտական դաշտում էլ ինձ համար կարեւոր մարդիկ գնահատել են աշխատանքը: Հիմնականում գոհ եմ եղել արված բեմադրություններից, բայց հեղինակ-ռեժիսոր համագործակցությունը ոչ բոլոր թատրոններում է ընդունված: Ռեժիսորներ կան, որ մասնագիտական բարդույթներ ունեն հեղինակի հետ աշխատելու հարցում, բայց հեղինակն էլ պետք է ռեժիսորի շնչին չնստի: 

- Հարցազրույցն ընթացքի մեջ էր, երբ իմացանք, որ 180 ստեղծագործության շարքում Ձեր պիեսը հաղթող է ճանաչվել Նիկոսիայի դրամատուրգիական միջազգային մրցույթում, եւ Դուք միակ հայ հեղինակն եք։ Թատերական համայնքը գիտի՞ եւ ուրախանո՞ւմ է հայ հեղինակների միջազգային հաջողություններով:

- Հաճախ եմ ինքս ինձնից դժգոհում, բայց երբեմն էլ, ինքս ինձ ապացուցելու համար, համարձակվում եմ ուժերս փորձել դրսում: Դրամատուրգիական մրցույթները գալիս են դեռ անտիկ ժամանակներից: Պատահական տեսա հայտարարությունն ու չէի սպասում, որ հաղթողներից մեկը կդառնամ: Հետո էլեկտրոնային նամակ եկավ, որ 8 հաղթողներից մեկն իմ պիեսն է: Պլանավորում են այն բեմադրել 2027-ին՝ Նիկոսիայում:

Ինչ վերաբերում է հարցին՝ մենք ունենք մի հրաշալի, չգրանցված, բայց անխափան աշխատող կազմակերպություն՝ «Նիհիլիստների ակումբ»: Անդամավճար չկա, նիստերը՝ ամենօրյա, օրակարգը՝ ապացուցել, որ ուրիշի թռիչքը, փաստորեն, վայրէջք էր: Ես էլ եմ ակումբի պատվավոր անդամ, բայց միայն այն օրերին, երբ ինքս ինձնից եմ դժգոհ: Ասում ենք՝ արվեստի մարդը չպետք է այս բաներին ուշադրություն դարձնի. չի էլ դարձնում: Պարզապես երբեմն հաղթանակի բեռն ավելի ծանր է, քան պարտության:

- Թատերականի Վանաձորի մասնաճյուղում շնորհալիները շա՞տ են:

- Վերջին 2-3 տարում խիստ նվազել է դերասանական շնորհ ունեցողների քանակը: Ուսանողի պակաս չունենք, շնորհալիների պակաս ունենք: Բայց ես զգույշ եմ այս նախադասության հետ, որովհետեւ ամեն սերունդ իր հերթին լսել է, որ ինքն ավելի վատն է, քան նախորդը, եւ ամեն սերունդ հակառակն է ապացուցել: Այնպես որ չեմ ասի՝ «հոգի չկա», բայց հեռախոսը չի կարող փոխարինել գրքին: Հեռախոսից կառչած լինելը նոր եկողներին ոչնչով չի օգնում: 


– Ասում են, որ Ձեր որոշ դերերից ներշնչված՝ երկու, թե երեք աղջիկ մի շրջան հայտնվել են թատերական ասպարեզում, անգամ այն ներկայացումներում, որոնցում Դուք եք խաղում: 

– Հարգում եմ բոլորի անկեղծ զգացմունքները, բայց եթե արվեստ ոտք ես դնում արտաարվեստային նպատակով, երկար չի տեւում «արվեստասիրությունը»: Այդ պահին ինձ մի տեսակ մեղավոր եմ զգում չգործած մեղքերի համար (ծիծաղում է,-հեղ.): Ես բացառություն չեմ. շատ դերասաններ կան, որոնք ավելի շատ համակիրներ ունեն... «Խանումի արարքները» ներկայացումից հետո հաճախ էի անհայտ մի աղջկանից հաղորդագրություններ ստանում: Մի անգամ էլ իմ սիրելի խաղընկերուհի Ալլա Դարբինյանին խնդրեցի, որ այդ համարով զանգի, տեսնենք՝ ով է այսքան գրում ու գրում (ես որ զանգում էի, անջատում էր): Եվ այդ հարգելի հանդիսատեսի վերջին նամակն ուներ հետեւյալ բովանդակությունը. «Ես Ձեզ չէի սիրահարվել, այլ Ձեր ստեղծած Կոտեին: Իսկ հիմա Դուք կորցրիք երկրպագուհու»:

- Ձեր ամենահաջողված դերը, պիեսը, թարգմանությունը կամ հեքիաթը։

- Այդ հարցին թող պատասխանեն թատերագետներն ու գրականագետները: Ունենք հրաշալի մասնագետներ: Գիտեմ, որ կարող եմ ավելին անել, եթե իմ կողքին լինի նրբաչք ռեժիսոր:

- Ովքե՞ր են Ձեր ընթերցողներն ու հանդիսատեսը։

- Ամենատարբեր մարդիկ, բայց իմ համեստ արվեստն էժան զանգվածայնության ձգտում չունի:

- Ձեր դերերից կարող ենք առանձնացնել գերմանացու կերպարը «Գարգին Նժդեհ» ֆիլմում, հետաքննիչին՝ «Քավարան» սերիալում: Պարզեցինք, որ նկարահանվել եք նաեւ «Սուրբը 3»-ում՝ երկու սերիայում խաղալով հիվանդանոցի գլխավոր բժշկի դերը: 

- Սերիալներից միշտ հրաժարվել եմ պարզունակ սցենարների պատճառով: Բայց քանի որ հիմնականում դրական կարծիքներ էի լսում այս քրեական դրամայի մասին, համաձայնեցի: Ճիշտն ասած՝ չեմ դիտել ֆիլմաշարը: Մի զավեշտալի դեպք տեղի ունեցավ. նկարահանումը Երեւանի հիվանդանոցներից մեկում էր, եւ դերասաններին հատկացված սենյակ մտնելու փոխարեն պատահաբար մտա մի հիվանդասենյակ, որտեղ 3-4 պացիենտ կար: Մեկը հեռախոսով բարձր խոսում էր, ու հենց ներս մտա, ասաց. «Լա՛վ, բժիշկն եկավ, հետո կխոսենք» ու ոտքի կանգնեց: Շփոթված ժպտացի ու հասկացա, որ «վրաս» արդեն բժշկի էներգիան է: Շատ հարգելով եւ գլուխ խոնարհելով պրոֆեսիոնալ բժիշկների առջեւ՝ չեմ սիրում այդ նատուրալիստական մասնագիտությունը:

- Հայաստանյան գրական եւ թատերական աշխարհների առավելություններն ու թերացումները։

– Բազմաթիվ անգամ եղել եմ տարբեր երկրներում, մասնակցել միջազգային փառատոնների ու եկել այն եզրահանգման, որ մենք շնորհի առումով ոչ մեկից հետ չենք. ունենք միջազգային մակարդակի արվեստագետներ, գրականություն ու ներկայացումներ: Շատ չեն, բայց միանշանակ կան: Բայց ունենք գնահատման ոչ բավարար կուլտուրա, հաճախ՝ ինքնագնահատման ոչ հավասարակշիռ մակարդակ եւ ծայրահեղորեն անձնավորելու խնդիր. երեւույթը թողած՝ անցնում ենք անձական հարաբերությունների դաշտ: Այնքան հարցերում շնորհազարդ ենք, բայց մեր ներսի «սարկազմի յուղի մեջ փաթաթված նիհիլիստների մեծ ակումբը» հիվանդացնում է առողջ մթնոլորտը:


- Ի՞նչ խնդիրներ ունի Վանաձորի ստեղծագործական միջավայրը։

-  Վերջին տարիներին մեր սիրելի Վանաձորում մշակութային մթնոլորտի նվազում կա: Տարբեր արվեստների ներկայացուցիչների՝ միմյանց հետ ակտիվորեն շփվելու ավանդույթ կար, իսկ հիմա բոլորս վազքի մեջ ենք ու չենք հասցնում: Եթե չլինի մտավորական-արվեստագետների մի փոքր խումբը, Վանաձորը կարող է կանգնել արվեստի տիրույթում չափանիշներ կորցնելու վտանգի առաջ, քանի որ կան նախադրյալներ: Դիլետանտիզմը չի սիրում պրոֆեսիոնալիզմ եւ ագրեսիվորեն պայքարում է պրոֆեսիոնալների դեմ, բայց չմոռանանք, որ Լոռին տաղանդների բնօրրան է... Վանաձորն ունի քանդակագործ Բոգդան Հովհաննիսյանին, որով կարող է հպարտանալ, եւ ոչ միայն նրանով... Միջին սերնդի շնորհաշատ նկարիչներ ունենք՝ Վահան Շահբազյան, Սամվել Զոհրաբյան, Ստեփան Զորյանի տուն-թանգարանի հրաշալի աշխատակազմը եւ այլք:

- Մարդն ո՞ւր է գնում։

- Մարդը գիտատեխնիկական հզորագույն առաջընթացի հետ գնում է ռոբոտացման, ինչի մասին վաղուց էի գրել իմ հեքիաթներում: Արհեստական բանականության ձեռքին մարդը կդառնա խամաճիկ, եթե նրանից ուժեղ չգտնվի: Կգա բնականի ու արհեստականի մեծագույն բախման ժամանակաշրջանը:

- Սիրելի ֆիլմը։

 - Շատ են, բայց վերջերս էլի հաճույքով դիտում եմ «Ուրվականը» ֆիլմը եւ հիանում Վուպի Գոլդբերգի բնական խաղով: Էլ չեմ ասում Մերիլ Սթրիփի ֆիլմերը. այս դերասանուհին հանճարեղ է: Հիմնականում մրցանակակիր ֆիլմեր եմ դիտում:

- Ամփոփենք մեր զրույցը եւ…

- Եվ թող իրար հակառակվելիս հիշենք, որ բոլորս նույն ազգից ենք, հյուր ենք կյանքում, ու չարժե բարդացնել մի բան, որը հետո պետք է անես անվրդով:

Զրուցեց Մարինե Թաթոյանը
Լուսանկարները՝ Էլֆիք Զոհրաբյանի անձնական արխիվից

Կարդալ ավելին

Quality Sign BW