Դերասան Լեւոն Շարաֆյանի հետ զրուցել եմ Լոս Անջելես այցիս ընթացքում: Նա վատառողջ էր. նոր էր դուրս գրվել հիվանդանոցից եւ դեռ չէր կազդուրվել, սակայն BRAVO.am-ի հետ զրույցի առաջարկը չմերժեց։ Հայ հանդիսատեսի համար Լեւոն Շարաֆյանը մի ամբողջ դարաշրջան է. կարոտել են նրան բեմում եւ էկրանին: Մեր զրուցից եզրակացրինք, որ այդ կարոտը փոխադարձ է։
- Իհարկե, կարոտել եմ։ Պարզապես հիմա ի վիճակի չեմ բեմ բարձրանալ կամ նկարահանվել։ Դրա համար ֆիզիկական ուժ է պետք, որն այս պահին չունեմ։ Եթե պարզապես բեմ բարձրանամ՝ ինչ-որ բան ապացուցելու համար, դա սխալ կլինի։ Անկեղծ ասած՝ երկար կանգնել էլ չեմ կարողանում։ Բայց հույս ունեմ՝ կապաքինվեմ, որովհետեւ ծրագրերը շատ են։ Ասում են՝ արվեստագետին մի կյանքը քիչ է, եւ դա իսկապես այդպես է։
- Պարոն Շարաֆյան, վերադառնանք Ձեր մանկությո՞ւն, թե՞ պատանեկություն։ Ո՞ր տարիներին եք Ձեզ ավելի լավ զգացել:
- Գեղեցիկ մանկություն եմ ունեցել։ Հատկապես կարոտով եմ հիշում բակային խաղերը։ Կային օրեր, որոնք անմոռանալի էին։ Այն տարիներին ֆիլմերից ոգեւորված՝ բակում բեմադրություններ էինք անում, օրինակ` հնդկական «Թափառաշրջիկ», «Պարոն 420» ֆիլմերի հիման վրա։ Հետո ընդունվեցի Թատերական ինստիտուտ, եւ այդտեղից սկսվեց ամեն ինչ։ Սկզբում կարծում էինք՝ հանճարներ ենք, բայց սովորելու ընթացքում հասկացանք, որ ոչինչ էլ չգիտենք։ Ավարտելուց հետո արդեն պարզվեց, որ պետք է ամեն ինչ նորից՝ զրոյից սկսել։ Եվ ես ամենուր էի՝ թատրոնում, կինոյում, հեռուստատեսությունում։
Լեւոն Շարաֆյանը եւ Արմինե Գեւորգյանը
- Այդ երեքից ո՞րն էր Ձեզ ամենամոտը։
- Բոլորն էլ։ Շատ եռուն շրջան էր։ Հեռուստաթատրոն կար. տարվա ընթացքում մի քանի բեմադրությունում էի խաղում, ֆիլմերում էի նկարահանվում, իսկ թատրոնը միշտ առաջին տեղում էր։ Առավոտից մինչեւ ուշ երեկո աշխատանքի մեջ էի՝ ռադիո, թատրոն, հեռուստատեսություն... Վերջում հոգնած տուն էի հասնում, քնում, որ հաջորդ օրը նույնը կրկնվեր։ Եվ հենց այդ ամենի մեջ էր կյանքի գեղեցկությունը։
- Կա՞ դեր, որը Ձեր կյանքում վճռորոշ է եղել։
- Իհարկե, կա։ Օրինակ՝ «Ավտոբուս» ներկայացման մեջ կերպարն ինձնից շատ հեռու էր։ Եղել են դերեր, որոնցից սկզբում հրաժարվել եմ, բայց հետո դարձել են իմ ամենասիրելիները։ Այդպես եղավ «Չաո»-ում կամ «Մեծապատիվ մուրացկաններ»-ում Մանուկ աղայի դեպքում։ Ամեն դերի մեջ պետք է գտնես քո «երաժշտությունը»։ Եթե գտար՝ կստացվի, եթե ոչ՝ ոչ։ Դուրս ես գալիս բեմ եւ տեսնում՝ 500 տարբեր մարդ է նստած։ Պետք է կարողանաս նրանց բերել մի ընդհանուր տրամադրության։ Եթե վերջում դահլիճում միասնականության զգացողություն կա, ուրեմն ներկայացումը ստացվել է։
- Կարոտո՞ւմ եք Ձեր խաղընկերներին։
- Բոլորին եմ կարոտում՝ Լեւոն Թուխիկյանին, Իշխան Ղարիբյանին, Կիմ Երիցյանին... Անահիտ Թոփչյանին եմ կարոտում․ երբ նա բեմ էր դուրս գալիս, բեմը լցվում էր։
Լեւոն Շարաֆյանը՝ կնոջ հետ
- Պարն Շարաֆյան, Ձեր կինը հիմա հետեւում է մեր հարցազրույցին, բայց չեմ կարող չհարցնել. Դուք միշտ համարվել եք ցանկալի տղամարդ, օգտվո՞ւմ էիք այդ ուշադրությունից։
- (Ժպտում է,-հեղ.): Չէ, երբեք չեմ օգտվել։ Խանդի առիթներ չեմ տվել։ Ես ունեմ հրաշալի ընտանիք, որն ինձ համար ամենաթանկն է։
- Ի՞նչ կասեք Ձեր երիտասարդ «ես»-ի մասին այսօր։
- Այն, ինչ արել եմ, արել եմ ազնվորեն։ Ոչ մեկի վրայով չեմ անցել։ Ամեն ինչի հասել եմ իմ աշխատանքով։ Շատ ծանր օրեր ու անքուն գիշերներ եմ ունեցել։
- Երբեւէ ցանկացե՞լ եք թողնել թատրոնը։
- Շատ անգամ։ Ասել եմ՝ այլեւս չեմ գնա։ Բայց առավոտյան վեր եմ կացել ու գնացել եմ։ Թատրոնը քեզ կլանում է։ Դեկորների հոտը, կուլիսների փոշին... Դրանք դառնում են քո մի մասը։ Առանց դրանց ապրել հնարավոր չէ։ Մի խոսքով՝ մտնելով թատրոն, զգալով այդ մթնոլորտը՝ էլ չես կարողանում հետ վարժվես, պոկվես: Հարազատանում ես, միս ու արյուն է դառնում։ Ո՞նց կարող ես առանց դրանց ապրել: Ուղղակի հնարավոր չէ: Մի անգամ «Ատամնաբույժն արեւելյան» էինք խաղում, ես արագ իջա ու սայթաքեցի: Ոտքս դուրս ընկավ։ Այդ վիճակում ներկայացում եմ խաղացել. պարել եմ, թռչկոտել եմ, վազել: Վերջում չէի կարողանում այդ կոշիկը հանել ոտքիցս։ Տարան սնխչու մոտ, տեղը գցեցին, մի օր մնացի տանը, էն մյուս օրն էլի գնացի գործի: Այլ կերպ հնարավոր չէր։ Հանդիսատեսը տոմսն առել եկել է, որ ներկայացում նայի, նա չգիտի՝ ոտքդ ես կոտրել, հիվանդ ես, քեզ վատ ես քեզ, էսօր հավես չունես: Նա եկել է, որ ներկայացում նայի, ու դու պարտավոր ես դուրս գալ բեմ ու ծառայել հանդիսատեսին։ Միշտ ասում եմ՝ մարդը երեք տեղում է ծառայում՝ բանակում, եկեղեցում եւ թատրոնում։
- Պարոն Շարաֆյան, հիշեցինք Ձեր խաղընկերներին։ Ասում են՝ խաղընկերներից շատ մեծ բան է կախված: Կարելի է ասել՝ դերիդ հաջողության կեսը։
- Այո: Լավ խաղընկերը դերիդ հաջողության կեսն է։ Վլադիմիր Մսրյանի հետ էի ինձ շատ լավ զգում: Մի ներկայացում կար, որ մենք 106 անգամ խաղացինք, բայց այն ոչ մի անգամ չկրկնվեց։
Լեւոն Շարաֆյանը եւ Էվելինա Շահիրյանը
- Անսպասելի իրավիճակներ, բնականաբար, շատ են եղել։ Այս պահին ի՞նչ կհիշեք։
- Մի ներկայացում կար, որում Վովան ինձ քաշում էր, հարվածում, հետո քարշ տալիս ու գցում փոսը։ Հյուրախաղերի էինք Ռոստովում։ Երբ դրսում էինք խաղում այդ ներկայացումը, ես միշտ նախապես գնում էի ու ստուգում փոսը։ Այդ անգամ եւս գնացի, տեսա, որ բավական մեծ փոս է՝ մոտ երեք մետր խորությամբ։ Արկղեր էի բերել դրել, որ մի քիչ բարձր լինի: Ներկայացումը սկսվեց, ու արդեն վերջին մասում Վովան ինձ գցում է փոսը: Պարզվում է՝ արկղերը հանել են, եւ ես ընկնում եմ ներքեւ։ Գոռում եմ, բայց ոչ ոք չի լսում։ Մտածում եմ՝ ո՞նց դուրս գամ։ Մարդ չկա, նույնիսկ պահակ չկա։ Բայց պիտի դուրս գամ, որովհետեւ վերջում պետք է բեմ վերադառնամ։
Անցավ բավական ժամանակ, երբ լսում եմ Արմեն Խանդիկյանի ձայնը․ «Արա, Շարաֆը չկա, կարո՞ղ է բան է պատահել»։ Ամբողջ ուժով գոռում եմ. «Բացեք, ինձ հանեք: Այստեղ եմ»։ Վերջը մարդ են գտնում, գալիս է, հանում է ինձ փոսից, ու ես կիսաջարդ վիճակում հասնում եմ բեմ։
- Ձեզ որտե՞ղ եք ավելի շատ սիրում՝ թատրոնո՞ւմ, թե՞ կինոյում։
- Թատրոնում։ Թատրոնը դարբնոցն է, որտեղ սովորում ես ամեն ինչ։ Այդ դարբնոցից մասունքներ տալիս եմ կինոյին, հեռուստատեսությանը։ Բայց կինոյում ոչ բոլոր դերասաններին է բախտ վիճակվում Սմակտունովսկու պես խաղալ Համլետ, Լիր արքա կամ, ասենք թե, Պապանովի կերպարներից։
- Արվեստագետներ կան, որոնք երբեմն ասում են՝ ճանաչված լինելը կյանքում խանգարում է։ Ձեզ խանգարե՞լ է։
- Ոչ: Ընդհակառակը՝ հաճելի է։ Եթե խանգարում է, պետք է մասնագիտությունը փոխել. գուցե դա նրա տեղը չէ: Հաճելի է, երբ քեզ ճանաչում են։ Ես դա կապիկություն եմ համարում։ Ինձ ճանաչված լինելը չի խանգարում, ընդհակառակը՝ լավ եմ զգում, երբ գնում եմ մի տեղ, եւ ինձ ճանաչում, հարգում ու սիրում են։ Դա նշանակում է, որ ես իմ գործը ճիշտ եմ անում։
Լեւոն Շարաֆյանի ընտանիքը
- Պարոն Շարաֆյան, այս հարցը, հավանաբար, բազմիցս եք լսել։ Տարիներ առաջ շատ արվեստագետներ Հայաստանից տեղափոխվեցին Միացյալ Նահանգներ: Ոմանք՝ նեղացած, մյուսները՝ վիրավորված, շատերն էլ՝ բոլորովին այլ պատճառներով։ Դուք նեղացա՞ծ եք հայրենիքից։
- Գրին քարտ շահեցի եւ եկա իմ ստեղծագործական պիկի ժամանակ։ Ոչ մի բանից նեղացած չէի։ Տղաս՝ Միքայելը, 10 տարեկան էր, իսկ ես արդեն իմ կյանքի մի զգալի մասը, լավ թե վատ, փառք Աստծո, ապրել էի։ Իհարկե, կարիերայի ամենաբուռն շրջանում գալ ու դադար վերցնելը շատ դժվար էր։ Երբ եկանք, ամեն ինչ եմ արել՝ փոշեկուլ եմ վաճառել, աշխատել եմ մեծահասակների կենտրոնում... Հազար ու մի աշխատանք եմ արել, բայց դա ամոթ չէ։ Ամեն ինչ արել եմ ընտանիքս պահելու համար։
Այսօր տղաս կինոյում է. աշխատում է Հոլիվուդում։ Իսկ հայրենիքից պետք չէ նեղանալ։ Ո՞նց կարելի է նեղանալ հայրենիքից: Դա նույնն է, ինչ ծնողից նեղանալը։ Ծնողի հետ կարող ես վիճել, կռվել, բայց նրանից նեղանալն անիմաստ է։
- Պարոն Շարաֆյան, Դուք այն արվեստագետներից եք, որոնք միշտ արձագանքում են երկրում տիրող իրավիճակներին։ Սակայն կան նաեւ այնպիսիք, որոնք կարծում են՝ արվեստագետը չպետք է խառնվի քաղաքականությանը, եւ նախընտրում են կրավորական կեցվածք ընդունել։ Արվեստագետը պետք է խոսի՞, թե՞ լռի։ Եվ արդյո՞ք լռող արվեստագետը պատասխանատվությունից խուսափող է։
- Չեմ հասկանում լռողներին, կրավորական կեցվածք ընդունողներին։ Արվեստագետը պետք է իր դիրքորոշումն ունենա։ Ես առաջին օրվանից մանիպուլյացիաներին դեմ էի։ Գիտեի, որ սուտ է խոսում։ Այդ շրջանում նաեւ շատ քննադատություններ կային իմ հասցեին՝ թե հեռվից եմ խոսում, իրականությունից կտրված եմ։ Սակայն ես իմ մտահոգությունները միշտ արտահայտել եմ։ Արդյունքում եղավ պատերազմ, Եռաբլուրը մեծացավ, Արցախն էլ վաճառվեց։
- Իսկ Ձեր հայաստանյան շատ գործընկերներ լռում են։ Ո՞րն է պատճառը։
- Չգիտեմ: Ես իրենց հետ չեմ շփվել։ Գուցե ինչ-որ ակնկալիքներ ունեն։ Ուղղակի զարմանում եմ՝ ինչպես կարելի է նման բաներ տեսնել ու լռել։ Չգիտեմ՝ ինչը հանգեցրեց այդպիսի անտարբերության։ Անգամ ամոթ է այս մասին խոսելը։ Ավելի լավ է՝ անցնենք առաջ։
Լեւոն Շարաֆյանը՝ հարսի եւ թոռնուհու հետ
- Ի՞նչն է Ձեզ ուժ տալիս։
- Իմ ընտանիքը։ Երբ կոտրվում եմ, նրանք աջակցում են, կողքից անընդհատ «բզում» են, մինչեւ ուժ եմ հավաքում։ Դերասանը պետք է իր մեջ պահի երեխային եւ նրա նման անմիջական լինի բեմում։ Առանց դրա չի լինի։ Իսկ լավ արվեստագետ լինելու համար լավ ընտանիք է պետք:
- Փոքր հասակում երազանքներն անպակաս են։ Հետո դրանք դառնում են նպատակներ։ Ունե՞ք նպատակ, որն ուզում եք իրականանա։
- Ես ավելի շատ երազանքին եմ համաձայն։ Ճիշտն ասած՝ այլեւս մեծ երազանքներ չունեմ։ Մի դեր կար, որ շատ կուզեի խաղալ, բայց չխաղացի... Երեւի, էլ չեմ խաղա՝ «Լիր արքա»-ն։ Այն պետք է բեմադրեր Վահե Շահվերդյանը։ Մենք շատ էինք շփվում, խոսում էինք։ Ասում էր՝ կգամ ԱՄՆ, կսկսենք, բայց չեկավ... Գնաց ու մահացավ։ Նույնիսկ որոշ աշխատանքներ արդեն արել էինք։
- Պարոն Շարաֆյան, հաջորդ տարի Ձեր 80-ամյակն է։ Ի՞նչ ծրագրեր ունեք։
- Ոչ մի հատուկ ծրագիր։ Ընտանիքով կհավաքվենք, պարզ կնշենք:
- Ձեր թույլ կողմերը։
Լեւոն Շարաֆյանի ընտանիքը
- Մարդկանց շատ եմ հավատում։
- Ուժեղ կողմերը։
- Էլի մարդկանց հավատալը։
- Ի՞նչ իրադարձություն կուզեիք ջնջել Ձեր կյանքից։
- Մորս մահը։
- Ի՞նչի համար եք ափսոսում։
- Որ շատ բան չեմ հասցնի անել։ Կան ծրագրեր, բայց ֆիզիկապես չեմ հասցնի։
- Իսկ ինչի՞ համար եք զղջում։
- Երբ ակամա, չուզելով որեւէ մեկին վիրավորում եմ։
- Հարց, որը Ձեզ նյարդայնացնում է։
- Երբ հարցնում են՝ «Ինչպե՞ս ես», բայց այնպիսի տոնով, ասես ծաղրում են։
- Ինչի՞ն կամ ո՞ւմ եք հավատում։
- Աստծուն եւ նրա զորությանը։ Եթե Աստված չլիներ, ես վաղուց չէի լինի։ Ինֆարկտ, ինսուլտ եմ տարել. գնացի էն դուռը, պաչեցի, եկա... Աստված պահեց ինձ։ Դրա համար հավատում եմ նրա կամքին ու զորությանը։
Զրուցեց Արմինե Գեւորգյանը
Լուսանկարները՝ Լեւոն Շարֆյանի անձնական արխիվից
BRAVO.am


×
2,386







