Հակոբ Պարոնյանի անվան երաժշտական կոմեդիայի պետական թատրոնի դերասաններ Արթուր Կարապետյանն ու Սաթիկ Հախնազարյանը հուզիչ կերպով հարգել են ժողովրդական արտիստ Սվետլանա Գրիգորյանի հիշատակը:
«Ուղիղ 12 տարի առաջ հայ բեմի «Ծիծաղի թագուհին»` մեր սիրելի Սվետլանա Ռուբենի Գրիգորյանը, հրաժեշտ տվեց մեզ... Սա մի փոքրիկ հատված է մեր վերջին հեռախոսազրույցներից մեկից: Չգիտեմ՝ ինչ նախախնամություն ստիպեց ձայնագրել այն իրենից թաքուն, որ մի անգնահատելի ուղերձ է այսօր, ժամանակի խորքից, մեզ՝ թատրոնի իր կրտսեր գործընկերներին: Ու թող ներվի մեզ այդ հանդգնությունը»,- խոստովանել է Հախնազարյանը:
Ձայնագրությունում Սվետլանա Գրիգորյանը հիմնականում խոսում է թատրոնի կարեւորության մասին. «Այն պետք է պահել-պահպանել աչքի լույսի պես: Ես շատ վատ եմ լինում, երբ մեր թատրոնի հետ վարվում են ոնց ուզում են: Ես թատրոնով եմ ապրում, մինչեւ վերջ էլ թատրոնը՝ մեծ սերը, իմ սրտում կմեռնեմ, բալիկ ջան: Որովհետեւ ես փոքր հասակից եմ երազել թատրոնի մասին: Ես ինքս ինձ դերեր էի տալիս եւ ճիշտ էի դերաբաշխում անում…
Մեր տանը լիքը գրքեր էին. ինչեր ասես, բոլորս կարդում էինք: Մի խոսքով, բալիկ ջան, քիչ մը պարծեցա, բայց ուրախ եմ, որ այդպիսի թեկուզ փոքր անցյալ եմ ունեցել»:
Զրույցին միանում է Հախնազարյանն ու խոստովանում. «Սվետլանա Ոուբենովնա, Դուք այնպիսի հրաշալի ստեղծագործական կյանք ու անցյալ եք ունեցել ու հիմա էլ ներկա ունեք: Շատ շնորհակալ եմ, որ հիմա խոսում եք ու այդ ամենը պատմում: Թեեւ վատառոջ եք, էլի մտածում եք թատրոնի ու նրա ապագայի մասին: Հավատացեք, շատ հուզիչ է»:
Գրիգորյանն ավելացնում է, որ եթե մարդիկ որոշել են նվիրվել արվեստին, պետք է ամեն ինչ թողնեն ու միայն դրանով զբաղվեն. «Ճիշտ է՝ մեր գործը դժվար է, շատերը չեն կարող հասկանալ, բայց եթե մինչեւ վերջ չտրվես, բեմը քեզնից շուռ կգա. պետք է նրան հանձնվես: Ես բեմին ամեն ինչ ու ամեն բան եմ թողել, բեմին հանձնվել եմ:
Մեր թատրոնը պետք է գործի: Իսկական արվեստում կարկատաններ պետք չեն. ես գոնե այդ կարծիքին եմ: Եվ այդ ոսկե դարը, որ մենք ունեցանք, հենց այնպես չէր: Գիշերով ու ցրտին հերթեր էին կանգնում, խարույկներ վառում: Լավ, ազիզ ջան, շատ խոսեցի: Ես ձեզ համբուրում եմ: Ուզում էի զանգել ձեզ: Կարոտում եմ»:
BRAVO.am-ին տված հարցազրույցներից մեկում Արթուր Կարապետյանը խոսել էր իրենց ու Գրիգորյանի մտերմության մասին.
«Անբացատրելի, ֆենոմենալ անձնավորություն էր: Վերջին շրջանում վատառողջ էր ու թատրոն գալ չէր կարողանում ու շատ էր տառապում այդ մտքից, որովհետեւ թատրոնում էր անցկացրել ողջ կյանքն ու առանց նրա ապրել չէր կարողանում։ Բոլորս գիտեինք, որ ներկայացման ժամանակ իր առաջին մուտքին պետք էր դադար պահել, որովհետեւ գոնե 3-4 րոպե նրան ծափահարելու են։ Այ, տեսեք, սա եւս անբացատրելի հրաշք է: Մենք շատ մտերիմ էինք, կարող եմ ինձ թույլ տալ ու ասել, որ իրար սիրում էինք։ Կար փոխադարձ հարգանք եւ մղում դեպի մեկս մյուսը։ Երբ թատրոն գալ չէր կարողանում, գրեթե ամեն երեկո հեռախոսով երկար զրուցում էինք: Չգիտեմ էլ ոնց եղավ ու ինչ մղումով, մի օր միացրի բարձրախոսն ու ձայնագրեցի նրա խոսքերը: Չեք պատկերացնի՝ ինչքան եմ կարոտում մեր այդ զրույցները. այնքան անկեղծ էին: Ամեն մարդու հետ անկեղծ չէր լինում ու իրեն շատ մոտ չէր թողնում եւ ճիշտ էր անում։ Բայց ինձ ու Սաթիկին մի քիչ ավելի մոտ էր թողել։ Շատ էր կարոտում թատրոնը. մարդու համար, ում հանդիսատեսը ձեռքերի վրա էր պահում մշտապես, շատ դժվար է առանց թատրոնի: Մեծից փոքր սիրում էին Գրիգորյանին, դա էլ բացատրություն չունի, եւ ավելի լավ է չփորձենք բառեր որոնել: Իրենից շատ բան սովորեցի (լռություն,- հեղ.): Շատ ավելի լավ գիտեր թատրոնը, քան ես՝ հիմա»:
Զրույցն ամբողջությամբ կարող եք կարդալ այստեղ:


×
6,207






