×


Արթուր Կարապետյան. «Ամենավտանգավորը դժբախտություններից հոգնելն ու այլեւս չպայքարելն է»

Հայաստանի վաստակավոր արտիստ, թատրոնի եւ կինոյի դերասան Արթուր Կարապետյանի հետ զրուցելու ցանկություն վաղուց ունեի: «Մի կյանք, մի խոսք, մի ձայն» երեկոյի ժամանակ ծանոթանալուց հետո առիթը բաց չթողեցի, ու պայմանավորվեցինք մի օր հանդիպել: BRAVO.am-ի համար զրուցել ենք հայկական վերածննդի եւ Գրիգոր Նարեկացու, մեր բուժող ու հարուստ պոեզիայի, երկու թատրոնում խաղալու, Սաթիկ Հախնազարյանին սիրահարվելու եւ Սվետլանա Գրիգորյանի հետ յուրահատուկ ընկերության մասին:

- Մեր հանդիպումը մի քիչ հետաձգվեց, քանի որ Ձեզ համար շատ հագեցած շրջան է, ինչո՞վ եք այդքան զբաղված։

- Գարնան սկզբից մինչեւ ամռան առաջին ամսվա կեսը գրաֆիկս շատ խիտ է: Եթե անկեղծ, ապրելու եւ անձնական կյանքի համար նույնիսկ ժամանակ չկա, բայց չեմ բողոքում, լավ է, երբ աշխատանք կա։ Փորձում եմ ամեն ինչ հասցնել՝ նկարահանումներ, փորձեր, ներկայացումներ։ Երեկ ավարտեցինք ինձ համար մի շատ արժեքավոր՝ «Ոտքի կանգնելու կամքը» փաստագրական ֆիլմաշարի 3-րդ մասի նկարահանումները։ Առաջինը հենց այդպես էր կոչվում, 2-րդը «Ոտքի կանգնելու կամքը. ինքնաճանաչումն» էր, իսկ 3-րդը՝ «Ինքնահարգանքը»: Փորձում ենք ոտքի կանգնելու մեր պատկերացրած ճանապարհի մասին խոսել հանդիսատեսի հետ։

- Ո՞ր արժեքներն ու ասելիքներն եք հատկապես կարեւորում մարդկանց տեղ հասցնել:

- Ինքն իրեն չճանաչող ու սեփական պատմությունը չիմացող, անցյալն ու արմատները մոռացած մարդը նման է մանկուրտի եւ քամին նրան կարող է տանել ցանկացած ուղղությամբ: Պիտի ճանաչենք ինքներս մեզ ու հասկանանք, թե ով ենք։ 3-րդ ֆիլմը տեղեկատվական դաշտի աղբի մասին է, այն աղբի, որն ամեն վայրկյան սոցկայքերից ու մեդիադաշտից, ռադիոյից եւ հեռուստատեսությունից լցնում են մեր ուղեղներն ու փորձում համոզել, թե թույլ ենք, տկար, անկարող։ Խոսքի արժեքն ու ուժը մեծ է ու եթե հետամուտ ես լինում դրան, իրականությունդ դառնում է այդպիսին: Եթե ինքդ քեզ թույլ ես համարում, այդպիսին էլ լինելու ես։

Արթուր Կարապետյանը


- Ի՞նչն է մեզ ուժեղ դարձնում ու որտե՞ղ են մեր իրական ակունքները, որոնց մասին այդքան քիչ է խոսվում:

- Ամենավտանգավորն այն է, որ անդադար տեղի ունեցող դժբախտությունների արդյունքում մարդը հոգնում է եւ այլեւս չի ուզում պայքարել, մտածում է՝ Աստված իրեն մի փոքր կյանք է տվել ու այդ ամենից պետք է հեռու ապրել։ Մեզ տարանջատում ենք իրարից, ներփակվում ինքներս մեր մեջ, յուրաքանչյուրս փորձում է սեփական խնդիրներն առանձին լուծել, մինչդեռ մեր ուժը համախմբվածության մեջ է։ Որքան կուռ լինենք, այնքան ուժեղ կդառնանք: Եթե դրան ճիշտ գաղափար, տեսլական եւ ուղղություն գումարենք, ահռելի ուժ կկազմենք եւ ոչինչ, որ ամբողջ աշխարհում 10 միլիոն ենք: Կապ չունի, որ մեկ այլ երկիր 1 կամ 2 զրո ավելի ունի, իրենցից ոչնչով պակաս չենք: Եվրոպական Վերածնունդը 14-րդ դարում Դանթե Ալիգիերի «Աստվածային կատակերգություն»-ից սկսվեց, իսկ մեր հայկական Վերածնունդն ավելի շուտ էր եղել, գիտե՞ք, թե ինչով:

- Նարեկացու «Մատյան ողբերգությամբ»։

- Հրաշք... Ինչ լավ է, որ գիտեք։ 11-րդ դարում մարդը դարձավ տիեզերքի կենտրոնը եւ սկսեց խոսել Աստծո հետ։ Որպես մարդ սկսեց խոսել, ոչ թե որպես ստրուկ կամ ճորտ։  Մարդ հասկացությունն այսօր շատ կարեւոր է, մինչդեռ ամեն ինչ անում են, որ մարդու միջից հանեն «մարդուն»․ այսօրվա ինֆորմացիոն հեղեղը դրան է միտված։ Անընդհատ վատն ենք փնտրում, որովհետեւ դա են մատուցում, լավ նորություն լսելիս անգամ, սկսում ենք չհավատալ, այն հերձում ենք ու դարձյալ փորձում գտնել վատը: Անհավատ ենք դարձել, ու ֆիլմը նաեւ այդ ամենը փոխելու անհրաժեշտության մասին է: Խոսքով են մեզ փչացրել, խոսքով էլ պիտի բուժվենք։

- Այս պարագայում մեր մշակույթի եւ թատրոնի դերն ինչպիսի՞ն պիտի լինի եւ որտե՞ղ են թերանում։

- Տեսաք, նորից թերանում, բայց ինչո՞ւ այդպես։

- Որովհետեւ եթե չգտնենք ակունքները, բուժվելու ուղին էլ չենք տեսնի:

- Շատ բաներ արվեստագետների ու մտավորականների կողմից արվում են․ իրենք էլ հասկանում են, որ այսպես այլեւս հնարավոր չէ: Գործի մեջ լույս ու հույս պետք է լինի: Մեր ֆիլմը կոչվում է «Ոտքի կանգնելու կամքը», քանզի, առանց քո կամքի ու ցանկության ոչ ոք քեզ օգնել չի կարող։ Ոչ միայն թատրոնը, բոլոր արվեստագետներս պիտի հավաքվենք ու միասին մեկ ուղղությամբ առաջ շարժվենք։ Նաեւ մշակութային ճիշտ քաղաքականություն ու պետական նպատակային պատվեր է անհրաժեշտ:

- Իսկ եթե այն չի արվում, այդ դեպքում ի՞նչ անել ու ինչի՞ց սկսել:

- Ազգային խորհուրդ է պետք, որ «մեծերը» նստեն ու հասկանան՝ ինչ եւ ինչպես անել։ Թատրոնն էլ մեծ անելիք ունի մարդկանց այս կեղտից եւ աղբից մաքրելու գործում: Այլապես վաղ թե ուշ մեզ խաղողի հատիկների պես կառանձնացնեն, ու կմնա դատարկ ցողունը։ Իրավունք չունենք ձեռքներս ծալած նստելու եւ մեր ապագայի մասին չմտածելու։ Սերունդ է մեծանում, որը լսում է էժան, գոտկատեղից ներքեւ հումոր եւ ցանցառություն, որն ամենուր վխտում է։ Այսօրվա գործիքները՝ Տիկտոկը, Ինստագրամն ու մյուսները, ֆաստֆուդի նման են ու մեզ ստիպում են չմտածել։ Թմրանյութի պես կապում են իրենց՝ աղի ջրի նման. անդադար խմում ես ու չես հագենում, իսկ Նարեկացին մտածել է տալիս։ Մենք ֆանտաստիկ պոեզիա ունենք, որում շատ մարգարեություններ կան: Հովհաննես Գրիգորյանն այս տողերը գրել է ավելի վաղ, քան սկսվեց ծխելու դեմ պայքարը. «Տագնապալի խոսակցություն կծավալվի ծխելու վտանգավորության մասին այն մարդկանց առողջությունը պահպանելու մտահոգությամբ, որոնց պատրաստվում են գլխովին կոտորել  ընդամենը մի քանի օր հետո»։ Ինչը եւ տեղի է ունենում։ Կամ Ավետիք Իսահակյանի տողերը. «Ես ձեզ ասում եմ՝ կգա ոգու սով». ոգին ուրիշ բառով փոխարինել հնարավոր չէ։

- «Մի կյանք, մի խոսք, մի ձայն» երեկոյից հետո խոստովանեցիք, որ մենք մշակութային ահռելի գանձարան ու բուժիչ դեղահաբեր ունենք: Ինչպե՞ս կարող է այդ ամենը մարդկանց բուժել։

- Երբ նախագիծը նոր էինք սկսում, մի փոքր մտավախություն ունեի եւ ուզում էի հասկանալ՝ արդյոք կլինի հետաքրքրություն: Ու պարզվեց՝ կա: Միշտ ըմբոստանում եմ, երբ ասում են. «Դե, ժողովուրդը «դյուրամարս» բան է ուզում»: Չի ուզում, պարզապես ուրիշ բան չենք տալիս, եթե ավելին տանք, ավելին կվերցնեն։ Անորակ ու ֆաստֆուդային մշակույթը դեգրադացրեց մեր հասարակությունը։ Դպրոցների կողքով անցնելիս ցավով եմ տեսնում, թե երեխաներն ինչ սիթքոմներ ու հումորներ են նայում ու լսում: Մեր հումորիստներն այլեւս չգիտեն՝ ինչի շուրջ կատակել ու հասել են շրիշակին: Ուսումնասիրելու համար մեկ-մեկ նայում եմ՝ իրենցից գոհ ու երջանիկ շարունակում են որոմ լցնել ժողովրդի մտքի ու հոգու մեջ: Մեծերը գոնե որոմը ցորենից զատել ինչ-որ կերպ դեռ կարողանում են, բայց նոր սերունդը մեծ վտանգի մեջ է։ Մինչեւ ԽՍՀՄ-ի փլուզումը  հզոր մշակութային դաշտ էր ստեղծվել, եւ ոչ մի խորհրդային կայսրություն չկարողացավ ազգայինը մեր միջից հանել․ այն, ինչին այսօր ընթանում ենք սրընթաց քայլերով:

- Արարող ենք, ստեղծարար, տաղանդավոր, բայց դրա հետ մեկտեղ նաեւ սեփականը չգնահատող ու ուրիշին տուրք տվող։

- Հասկանում եմ՝ ինչ նկատի ունեք: Կասեմ այսպես՝ պարզապես, հետաքրքրասեր ենք, ամեն ինչ վերցնում ենք ու փորձում։ Բայց, ցավոք, քիչ լավին բաժին է ընկնում անհամեմատ շատ վատը։

Արթուր Կարապետյանը


- Եկեք նաեւ Ձեր ակունքներից խոսենք ու հասկանանք, թե «Գիքորը» ներկայացումն այդ ինչպիսի՞ տեղաշարժեր արեց Ձեր ներաշխարհում, որ որոշեցիք դերասան դառնալ:

- «Գիքորն» իմ կյանքի առաջին ներկայացումն էր: Հայաստան տատս շատ թոռներ ուներ, բայց ես ամենասիրելին էի ու 5 տարեկանում ձեռքս բռնած տարավ Պատանի հանդիսատեսի թատրոն: Չգիտեի՝ ով է «Գիքորն» ու ինչ էր թատրոնը, բայց տպավորություններս մինչեւ հիմա հիշում եմ. շատ-շատ էի հուզել։ Հետո ճակատագիրն այնպես դասավորվեց, որ առաջին քայլերս արեցի հենց նույն թատրոնում։ Լրիվ այլ նպատակներ ունեի, սովորում էի ճշգրիտ թեքումով դասարանում, բայց եկա թատրոն ու էլ չեմ ուզում դուրս գալ այստեղից: Բառերով անհնար է բացատրել: Ասում են՝ հերձումը ցույց տվեց, որ հիվանդը մահացել է հերձումից (ծիծաղում ենք,-հեղ.). եթե փորձեմ զգացողություններս բացել, շատ պարզունակ կթվան։ Բայց իսկական հրաշք էր: Թատրոնն ինձ համար նույնիսկ հոտ ունի։

- Եվ ինչպիսի՞ն է այն։

- Երբ առաջին անգամ ծառայողական մուտքից ներս մտա, զգացի սոսնձի, դեկորի, ներկի, կտորների միախառնված հոտը: Մինչեւ հիմա էլ թատրոն մտնելիս այն զգում եմ ու ինձ կանչում է: Տեսա՞ք, թե «Գիքոր»-ից ուր հասանք (ծիծաղում ենք,-հեղ.):

- Ինքներդ ե՞րբ եք հասկացել, որ լավ ու տարբերվող ձայն ունեք:

- Չգիտեմ՝ ձայնս լավն է, թե վատը, բայց քանի որ իմ հասակակիցներից բարձրահասակ էի, դպրոցում ինձ ամենավերջում էին նստեցրել, որ տեսադաշտը չփակեմ: Ինձ թվում էր՝ կամաց եմ խոսում, բայց դասատուն միշտ ասում էր. «Կարապետյան, լուռ» (ծիծաղում ենք,-հեղ.):

- Ովքե՞ր են Ձեզ համար ազդեցիկ ձայնով մարդիկ։

- Ձայնի տեմբրն էական չէ, կարեւորն ասելիքն է: Իմ կյանքում կան մարդիկ, ում հետ շփումը հաճելի է ու նրանցից սովորում եմ, եւ պարտադիր չէ, որ ինձնից մեծ լինեն: Երիտասարդների խոսքն էլ հաճույքով ընկալում եմ եւ հարստանում։

- Իսկ թատրոնի հիվանդությամբ վարակվելուց հետո ինչ դերո՞վ արեցիք առաջին քայլերը:

- Ստուդիայում փոքրիկ դերիկներ ունեինք, որոնցով մեզ ներգրավեցին թատրոնի զանգվածային տեսարաններում: Առաջին դերս շատ խորհրդանշական էր. լուսահոգի Մարատ Մարինոսյանի բեմադրած «Սկիզբ» ներկայացումն էր, խաղում էին ինձ համար շատ մեծեր, ու զգացողություններս անբացատրելի էին: Բեմում էին Արշավիր Ղազարյանը, Զարեհ Տեր-Կարապետյանը, Արմեն Սանթրոսյանը, Գոհարինե Տրդատյանը։

Արթուր Կարապետյանը եւ Հասմիկ Բաբայանը


- Ո՞ւմ եք համարում ուսուցիչներ, եւ ո՞ւմ համար եք Դուք այդպիսին դարձել:

- Երբ ընդունվեցի ինստիտուտ, առաջին ուսուցիչս Զավեն Տատինցյանն էր, ապա մեկ տարի անց մեկնեցի բանակ ու վերադառնալուց հետո Ալեքսանդր Քոչարյանի կուրսում շարունակեցի ուսումս։ Թատրոնում աշխատելու տարիներին էլ ինձ համար ուսուցիչ եղավ Երվանդ Ղազանչյանը. ոչ միայն բեմական արվեստի, այլ նաեւ մարդկային առումով նրանից շատ բան սովորեցի: Այդ երեքն են եղել իմ թատերական կրթության հիմնադիրները, երեքն էլ հրաշալի անձնավորություն էին ու նաեւ իմաստուն մարդիկ: Չգիտեմ, թե ինձ ով ուսուցիչ կհամարի, բայց հնարավորինս փորձում եմ գիտելիքներս փոխանցել կրտսեր գործընկերներիս, եթե դրա ցանկությունն ու կարիքը կա, չեմ սիրում որեւէ մեկին պարտադրել: Եթե վերցնելու մղում կա, սիրով փոխանցում եմ ու տալիս ինչ կարող եմ։ Երջանկություն ունեցա 3 տարի մասնակցել Սունդուկյանի անվան թատրոնում անցկացվող «Դասարան+ դասական» հետաքրքիր նախագծին: Բոլոր տարիների երեխաներն առանձին-առանձին գրում են, խորհուրդներ հարցնում եւ կիսվում հետս։ Կապը մնացել է, ու ինձ համար շատ հաճելի է, ուրեմն՝ կարողացել եմ որեւէ բան տալ: Նրանցից մի քանիսն ընդունվեցին թատերական ինստիտուտ, ինչն ինձ համար շատ ուրախալի էր։

- Հիմնականում խոսեցինք Պատանի հանդիսատեսի թատրոնից, բայց հանդիպել ենք Պարոնյանում, ինչպե՞ս եք այստեղ հայտնվել։

- 1997 թ.-ին Գոհարինե Տրդատյանն այստեղ բեմադրեց «Վեց սիրահարված խենթ» ներկայացումը։ Ես, իհարկե, գիտեմ, որ դա դավադրության պես մի բան էր (ծիծաղում է,-հեղ.), Երվանդ Ղազանչյանի հետ պայմանավորվել էին ինձ ու կնոջս՝ Սաթիկ Հախնազարյանին, այդ ներկայացման համար Պատանի հանդիսատեսի թատրոնից հրավիրել: Բայց հետո այնպես ստացվեց, որ մեզ հետ պայմանագիր կնքեցին, եւ մնացինք Պարոնյանի անվան թատրոնում. կինս միայն այստեղ է, իսկ ես արդեն 28 տարի կլինի՝ 2 թատրոնում էլ աշխատում եմ։ Ուրախ եմ, որ նման դավադրության շնորհիվ հայտնվեցինք Պարոնյանում, որը շատ եմ սիրում: Թատրոնի մթնոլորտը շատ լավն է, հարմարավետ է այստեղ աշխատել եւ հարաբերվել տարբեր սերունդների հետ: Երբ եկանք, շատ երիտասարդ էինք, մեզ հավասարը հավասարի պես դիմավորեցին, գիտեի, թե ուրիշ թատրոններում ինչ է կատարվում (ծիծաղում ենք,-հեղ.), բայց պարոն Ղազանչյանի շնորհիվ այնպիսի մթնոլորտ էր տիրում, որ ե՛ւ գառները ողջ մնան, ե՛ւ գայլերը կուշտ լինեն։

Արթուր Կարապետյանը եւ Սաթիկ Հախնազարյանը


- Մի քանի տարի առաջ Ելենա Վարդանյանը զրույցի ժամանակ պատմել է, որ Ձեր ու Սաթիկ Հախնազարյանի մասնակցությամբ «Ամեն տարի՝ նույն օրը»  ներկայացումը դիտելուց հետո է որոշել դերասանուհի դառնալ:

- Երբ 2022-ին երկուսս էլ «Արտավազդ» մրցանակի արժանացանք, ինձ էլ է պատմել այդ մասին։ Ներկայացումը շատ հետաքրքիր պատմություն ունի՝ նման էր երեխայի ծննդաբերության, բեմադրել է Աշոտ Ադամյանը, եւ մինչ խաղալը 6 ամիս աշխատել ենք: Խոսում էինք կին-տղամարդ փոխհարաբերությունների եւ ինչ-որ տեղ՝ արգելված սիրո մասին։ Երկուսն էլ ընտանիք ունեն, բայց 25 տարի շարունակ ամեն տարի նույն օրը հանդիպում են նույն տեղում: Տարվա մեջ միայն մեկ օր ամեն մեկն ունի տնից դուրս գալու իր պատճառը։ Ամուսիններ ենք ու մեզ համար շատ բարդ էր խաղալ, ինձ էլ հարց էին տալիս, թե ինչ կանեի, եթե հետս նման բան պատահեր, բայց իսկապես չգիտեմ: Ներկայացումը սիրո ու մաքրության մասին է, նրանք պարզապես խոսում էին ապրած մեկ տարվա մասին՝ մեկի տղան էր զոհվել, մյուսը մի երեխա ավելի էր ունեցել, ամուսինն էր հիվանդանոց ընկել։ Խնդիրների լուծումներն էին գտնում, լիցքավորվում ու շարունակում ապրել։ Մանրակրկիտ ենք աշխատել, դրա համար ընթացքը երկար տեւեց, Սաթիկն այդ դերի համար «Արտավազդ» ստացավ: Այն երկուսիս համար էլ եզակի ներկայացումներից էր, տոմսերը միանգամից էին սպառվում, շատերը մեկ անգամով չէին բավարարվում: Մարդ չկար, որ այդ ներկայացումը չսիրեր, ցավոք, էլ չենք խաղում: Ամեն ինչ այնքան մեծ սիրով էինք անում եւ առանց մեզ խնայելու, բայց շատ բարդ էր այն առումով, որ որեւէ բան չստացվելու դեպքում ո՛չ ես էի համարձակվում Սաթիկին ասել՝ ինքն է մեղավոր, ո՛չ էլ ինքն՝ ինձ (ծիծաղում է.-հե ղ.): Իմ կյանքի լավագույն կերպարներից ու ներկայացումներից մեկն էր:

Արթուր Կարապետյանը


- Մի քիչ էլ Ձեր կնոջն անդրադառնանք, որի սիրտը բավական երկար եք շահել: Ինչպե՞ս եք ծանոթացել ու հասկացել, որ անտարբեր չեք։

- Երբ բանակից վերադարձա, միացա Ալեքսանդր Գարեգինիչի կուրսին, որտեղ սովորում էր նաեւ Սաթիկը: Մի օր էլ արթնանում ես ու հասկանում, որ առանց իրեն ապրել չես կարող, ու լավ էր, որ այդ ամենը փոխադարձ էր։ Երկրորդ կուրսում հանդիպեցինք, չորրորդում՝ ամուսնացանք, եւ ունենք մի դուստր:  

- Ի՞նչն է Ձեզ իսկապես հոգեկան բավարարվածություն տալիս եւ որտե՞ղ եք խաղաղվում:

- Ես տունն եմ սիրում, իմ բազմոցը (ծիծաղում է,-հեղ.): Մշակութային դաշտում եմ հանգստանում, կենցաղն ինձ միշտ սպանել է ու հունից հանել։ Սիրում եմ լավ ֆիլմ դիտել, գիրք կարդալ, ներկայացում նայել, բայց ամենաշատը երաժշտություն լսել եմ նախընտրում: Հաճախ, երբ խնդիրների պատասխանը չեմ գտնում, միացնում եմ երաժշտություն եւ դնում ականջակալները։ Այն սկսում է աշխատել ենթագիտակցությանս հետ ու մեկ էլ քեզնից անկախ՝ լուծումներ է տալիս, որ ժամանակին չէիր գտնում։ Կամ որեւէ բան ես գրել եւ մի տող չի ստացվել: Այդ պակասող բառն ես գտնում, վերցնում թուղթն ու գրիչը եւ սկսում գրել։

- Այսինք նաեւ գրո՞ւմ եք։

- Միայն ինձ համար: Կուտակվում, կուտակվում է, եւ հանձնում եմ թղթին: Եթե դերասանը մտածող է, իր ուզած բառերն է փնտրում, որ բեմից խոսի։ Միշտ չէ, որ այդ խոսքը կա, եւ մտքերդ գրում ես, որ չծանրանան ու հետո չցավեցնեն: Գրելով հանգստանում ես:

- Ձեր ֆիլմերից քիչ խոսեցինք, բայց Դուք հիմա էլ նկարահանվում եք։

- Մոտ օրերս նոր գործ կսկսենք. երկու գեղարվեստական ֆիլմի առաջարկ եմ ստացել, երրորդն էլ կա: Հետաքրքիր նախագծեր են, որոնց մասին դեռ չեմ կարող խոսել, բայց հավանեցի ու համաձայնեցի, որովհետեւ մարդու եւ մարդկային հարաբերությունների մասին են ու այն ամենի, ինչը մարդուն մարդ է պահում, ոչ թե վերածում քառակուսի գլխով մարդակերպի:

Արթուր Կարապետյանը


- Իսկ ի՞նչն է մարդուն մարդ պահում։

- Այ, Ձեր ժպիտը․․․ Այնքան քիչ ենք ժպտում։

- Գիտենք, որ մտերիմ եք եղել ժողովրդական արտիստ Սվետլանա Գրիգորյանի հետ, եւ Ձեր ֆեյսբուքյան էջում նրա մասին հետաքրքիր գրառումներ կան: Կկիսվե՞ք նրա մասին հիշողություններով։

- Անբացատրելի, ֆենոմենալ անձնավորություն էր: Վերջին շրջանում վատառողջ էր ու թատրոն գալ չէր կարողանում ու շատ էր տառապում այդ մտքից,  որովհետեւ թատրոնում էր անցկացրել ողջ կյանքն ու առանց նրա ապրել չէր կարողանում։ Բոլորս գիտեինք, որ ներկայացման ժամանակ իր առաջին մուտքին պետք էր դադար պահել, որովհետեւ գոնե 3-4 րոպե նրան ծափահարելու են։ Այ, տեսեք, սա եւս անբացատրելի հրաշք է: Մենք շատ մտերիմ էինք, կարող եմ ինձ թույլ տալ ու ասել, որ իրար սիրում էինք։ Կար փոխադարձ հարգանք եւ մղում դեպի մեկս մյուսը։ Երբ թատրոն գալ չէր կարողանում, գրեթե ամեն երեկո հեռախոսով երկար զրուցում էինք: Չգիտեմ էլ ոնց եղավ ու ինչ մղումով, մի օր միացրի բարձրախոսն ու ձայնագրեցի նրա խոսքերը: Չեք պատկերացնի՝ ինչքան եմ կարոտում մեր այդ զրույցները. այնքան անկեղծ էին: Ամեն մարդու հետ անկեղծ չէր լինում ու իրեն շատ մոտ չէր թողնում եւ ճիշտ էր անում։ Բայց ինձ ու Սաթիկին մի քիչ ավելի մոտ էր թողել։ Շատ էր կարոտում թատրոնը. մարդու համար, ում հանդիսատեսը ձեռքերի վրա էր պահում մշտապես, շատ դժվար է առանց թատրոնի: Մեծից փոքր սիրում էին Գրիգորյանին, դա էլ բացատրություն չունի, եւ ավելի լավ է չփորձենք բառեր որոնել: Իրենից շատ բան սովորեցի (լռություն,- հեղ.): Շատ ավելի լավ գիտեր թատրոնը, քան ես՝ հիմա:

- Թատրոնը մարդկանց տալիս է այն հրաշքը, որի կարիքն ունեն, եւ փոխարենն իրենց սիրելիներին այդպես ձեռքերի՞ վրա են պահում:  

- Ինչո՞ւ է հանդիսատեսը գալիս թատրոն։

Արթուր Կարապետյանը


- Հարցերի պատասխաներ գտնելու, կիսելու, միասին լինելու, նույն բանը զգալու համար:

- Թատրոնը մարդու մասին է: Մեր մասնագիտությունը մարդուն ուսումնասիրելն ու նրան իր մասին պատմություն ներկայացնելն է։ Եթե ստացվում է հասնել նրա սրտին ու հուզող մտքերին, ուրեմն վերջում լինում են ծափեր: Երբեմն՝ բուռն: Բայց միայն ծափերի համար չէ, որ խաղում ենք:

- Պարզապես դրանով իրենց շնորհակալությունն են հայտնում: Պարոն Կարապետյան,  ո՞ւմ հետ կուզեք նստել ու զրուցել:

- Անկեղծ, չեմ մտածել այդ մասին, բայց ինքս ինձ հետ հաճախ եմ դա անում:

- Կա՞ մի գործ, որ կուզեիք արած լինել, բայց դեռ չեք հասցրել:

- Ինչքան ուզեք: Նախ կուզեի եւս մի երկու օտար լեզու սովորել, ինչպես նաեւ որեւէ երաժշտական գործիք նվագել իմանալ:

- Ի՞նչ է սերը Ձեզ համար:

- Սերը կյանքի շաղախն է։ Ամեն ինչի հիմքն ու դրական մեծ էներգիա, որ, ցավոք, այսօր պակասում է:

- Ինչի՞ն եք հավատում:

-Լավին:

- Ինչի՞ց եք վախենում:

-Վատից:

Արթուր Կարապետյանը


- Ինչի՞ համար եք ափսոսում:

-Ափսոսում եմ, որ անիմաստ ու անտեղի ժամանակ շատ եմ վատնել:

- Ի՞նչն է Ձեզ պակասում:

-Երեւի, միշտ գոհանում եմ նրանով, ինչ Աստված ինձ տալիս է։

- Իսկ ինչի՞ մասին է կյանքը:

- Ապրելու:

- Մեկ միտք, որ կուզեք հասնի մարդկանց:

- (Երկար լռություն,-հեղ.), կյանքն այնքան կարճ է, իսկապես կարճ, եկեք այդ կյանքը դժոխքի չվերածենք ու իրար հետ վարվենք ոսկե կանոնի համաձայն՝ վերաբերվենք մեկս մյուսիս այնպես, ինչպես կուզեինք դիմացինը դա աներ մեզ հետ։

Զրույցը՝ Հասմիկ Բաբայանի
Լուսանկարները՝ Էմին Արիստակեսյանի
BRAVO.am

Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:

Կարդալ ավելին

Quality Sign BW