Երեկոյան Վիեննայում տեղի ունեցած «Եվրատեսիլ» երգի միջազգային մրցույթի երկրորդ կիսաեզրափակչի հեռարձակման ժամանակ իսրայելական Kan 11 պետական հեռուստաալիքը Հայաստանը ներկայացրել է Ադրբեջանի դրոշի ներքո:
Ինչպես հայտնում է Sputnik Արմենիան, այդ մասին իրենց հայտնել է Պետախ Տիկվայի «Նաիրի» իսրայելահայերի միության նախագահ Արտյոմ Չերնամորյանը: Նա ընդգծել է, որ հայ համայնքը չափազանց դժգոհ է այդ միջադեպի պատճառով: Չերնամորյանը տեղի ունեցածը սխալի հետեւանք է համարում ու այդ ամենում միտումնավոր սադրանք չի տեսնում:
«Չեմ կարծում, թե սա կանխամտածված քայլ է, ավելի շուտ անփութության դրսեւորում է: Նման դեպքեր նախկինում էլ են եղել: Մտադիր եմ պաշտոնական նամակ ուղարկել՝ պահանջելով ներողություն խնդրել»,- լրատվական գործակալությանն ասել է նա:
Չերնամորյանը հիշեցրել է Kan 11-ի հետ կապված մեկ այլ սկանդալի մասին, որը տեղի էր ունեցել 2025 թվականին: Այն ժամանակ «Եվրատեսիլի» Հայաստանի մասնակցի ելույթից հետո հեռուստաալիքի մեկնաբանն ասել էր. «Չեմ հավատում, որ մենք նրանց Երուսաղեմում մի ամբողջ թաղամաս ենք տվել: Survivor («Վերապրածը»)՝ հենց այսպես ենք մեզ զգում այս երգը լսելուց հետո»:
Այդ միջադեպից հետո Հայաստանի Հանրային հեռուստաընկերությունը դիմել էր Իսրայելի հանրային հեռարձակողին՝ պարզաբանումների պահանջով: Ի պատասխան՝ հայկական կողմը պաշտոնական նամակ էր ստացել կորպորացիայի գլխավոր տնօրեն Գոլան Յոխպազից, որով վերջինս ներողություն էր խնդրում մեկնաբանի արտահայտությունների համար: Ավելի ուշ Իսրայելի հանրային հեռարձակող կորպորացիան հանդես էր եկել նաեւ հրապարակային ներողությամբ:


×
1,704






