×


«Տեքստը եւ երաժշտությունը միասին են եկել ինձ մոտ». Վան Եղիազարյանը՝ «Ես փնտրել եմ քեզ»-ի մասին

«Ես փնտրել եմ քեզ»-ը NEMRA խմբի համար առանձնահատուկ երգ է դարձել: Այն ծնվել է ինքնաբուխ եւ դարձել խմբի երկրորդ հեղինակային երգը հայերեն լեզվով։ BRAVO.am-ի հետ զրույցում խմբի վոկալիստ եւ կիթառահար Վան Եղիազարյանը կիսվել է երգի ստեղծման պատմությամբ։

- Ինչի՞ց է սկսվել «Ես փնտրել եմ քեզ» երգի պատմությունը։

- Ինչպես մեր հեղինակային մյուս երգերը, այս մեկն էլ նախապես պլանավորված չէր եւ ստեղծվեց էմոցիաների ազդեցությամբ։ Տեքստը եւ երաժշտությունը միասին են եկել ինձ մոտ։ Այս երգն առանձնահատուկ է, որովհետեւ հայերեն լեզվով է։ Մենք ունենք անգլերեն երեք հեղինակային ալբոմ, որոնցից յուրաքանչյուրը բաղկացած է 11 երգից, իսկ հայերեն երգերը հիմնականում ժողովրդական երգերի մեր մշակումներն են։

Եվ ունենք երկու հեղինակային երգ։ Առաջինը «Բացիր աչքերդ»-ն է, իսկ երկրորդը՝ «Ես փնտրել եմ քեզ»-ը, որը համալրեց մեր հեղինակային հայերեն երգերի շարքը եւ հենց դրանով էլ առանձնահատուկ է մեզ համար։ Երգն առաջին անգամ կատարեցինք Առաջին ալիքի եթերում, եւ քանի որ արձագանքները շատ էին, ձայնագրության թողարկումը չձգձգեցինք։



- Կա՞ անձնական որեւէ իրադարձություն կամ ապրում, որը Ձեզ մղել է գրել այս երգը։

- Բնականաբար, տարբեր տողեր իմ կյանքի որոշ հատվածներից են, պարզապես ավելի պոետիկ ու գունեղ են ներկայացված։ Բայց ընդհանուր առմամբ, ինչպես մեր մյուս երգերը, սա էլ մեր կյանքից քաղված հատվածների մասին է՝ պարզապես ավելի ճոխ ներկայացված։

- Ի՞նչ զգացողություններ եք ունեցել այն գրելու ընթացքում։

- Այս թեման թեթեւ ու ռոմանտիկ է, ոչ այնքան ցավոտ, ինչպես, օրինակ, մեր «Why» երգը, որը նվիրված է բնապահպանությանը։ Այդքան ծանր չէր, բայց, այնուամենայնիվ, գրելիս կար մի դառնաքաղցր զգացողություն։ Ինչպես մեր մյուս երգերի դեպքում, ամեն ինչ ասես թելադրանքով է գրվում՝ հենց այն պահին, երբ գալիս է «մուսան»։


- Տեսահոլովակի նկարահանումների ընթացքում դժվարություններ եղե՞լ են։ Սկզբից պատկերացնո՞ւմ էիք, որ արդյունքը հենց այսպիսին է լինելու։

- Ամենադժվարը տեսահոլովակի համար համապատասխան հերոսուհի գտնելն էր. կես տարուց ավելի փնտրեցինք՝ ուղիղ այնպես, ինչպես երգի վերնագրում է ասված։ Եվ երբ գտանք, դա կարծես շատ խորհրդանշական դարձավ․ «Ես փնտրել եմ քեզ» ու գտել եմ քեզ։ Լրիվ պատահաբար Ինստագրամի միջոցով գտանք։ Իսկ վայրը, որտեղ պետք է նկարեինք, վաղուց էինք պլանավորել եւ պատկերացնում էինք մթնոլորտը։ Կոնկրետ սյուժեից միշտ խուսափում ենք․ ավելի մետաֆորիկ լուծումներ ենք ընտրում, որպեսզի յուրաքանչյուրը դիտելիս յուրովի հասկանա։

- Մոտ ապագայում համերգներ անցկացնելու պլաններ ունե՞ք, եւ այս երգն էլ կհնչի՞ դրանց ընթացքում։

- Շուտով կունենանք ակուստիկ համերգ, եւ այս երգն էլ կհնչի ակուստիկ տարբերակով՝ հենց այնպես, ինչպես գրվել էր՝ մինչեւ գործիքավորումը: Երկու օրից կներկայացնենք այն այս տեսքով։ Կարծում եմ՝ մենք այս երգը կկատարենք հետագա բոլոր համերգների ընթացքում, որովհետեւ այն շատ են սիրել։

Տեքստը՝ Մերի Մելիքջանյանի/Bravo.am/
Լուսանկարները՝ NEMRA-ի

Կարդալ ավելին

Quality Sign BW