Ֆրանսիայում ամփոփել են Կաննի 79-րդ միջազգային կինոփառատոնի արդյունքները: Այս տարի ժյուրիի նախագահը հարավկորեացի ռեժիսոր Պակ Չան-ուկն էր: Գլխավոր մրցույթում մրցանակների է արժանացել 22 ֆիլմ։
Փառատոնի գլխավոր մրցանակը՝ «Ոսկե արմավենու ճյուղը», շնորհվել է ռումինացի ռեժիսոր Քրիստիան Մունջիուի «Ֆյորդ» սոցիալական դրամային։ Գրան պրին, որը երկրորդ ամենաբարձր մրցանակն է, ստացել է ռուս ռեժիսոր Անդրեյ Զվյագինցեւի «Մինոտավրոս» ֆիլմը: Ռեժիսորն իր ելույթի ժամանակ դիմել է Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինին ու կոչ արել դադարեցնել պատերազմը:
Լավագույն ռեժիսորական աշխատանքի մրցանակը կիսել են իսպանացիներ Խավիեր Ամբրոսսին ու Խավիեր Կալվոն՝ Պենելոպե Կրուսի մասնակցությամբ «Սեւ գնդակ» մելոդրամայի համար, եւ լեհ ռեժիսոր Պավել Պավլիկովսկին՝ «Հայրենիք»-ի համար։
«Լավագույն դերասան» անվանակարգում եւս 2 հաղթող է եղել. «Վախկոտը» ֆիլմում դերերի համար ստացել են ֆրանսիացի Վալենտեն Կամպանը եւ բելգիացի Էմանուել Մաչյան: Իսկ «Հանկարծակի» դրամայից Վիրժինի Էֆիրան ու Տաո Օկամոտոն «Լավագույն դերասանուհիներն» են:
Ավելի վաղ կինոյի զարգացման գործում ունեցած ներդրման համար պատվավոր «Ոսկե արմավենու ճյուղ» է շնորհվել ռեժիսոր Փիթեր Ջեքսոնին, դերասանուհի եւ երգչուհի Բարբրա Սթրեյզանդին ու դերասան Ջոն Տրավոլտային։
Կաննի կինոփառատոնի «Դասականներ» ծրագրում տեղի է ունեցել անվանի կինոռեժիսոր Արտավազդ Փելեշյանին նվիրված հատուկ ցուցադրություն։ Լեփ-լեցուն դահլիճում ցուցադրվել են ռեժիսորի «Մարդկանց երկիրը» (1966), «Սկիզբը» (1967), «Մենք» (1969), «Բնակիչներ» (1970) եւ «Տարվա եղանակները» (1975) վավերագրական ֆիլմերի վերջերս վերականգնված տարբերակները։
Լուսանկարը՝ facebook.com/CFARMENIA Արտավազդ Փելեշյանը եւ Շուշանիկ Միրզախանյանը
Ցուցադրությանը ներկա էր նաեւ Փելեշյանը, որին հանդիսատեսն ընդունել է բացառիկ ջերմությամբ ու երկար ծափահարություններով։
Մինչ փառատոնային 11 օրերի ընթացքում ժյուրիի անդամները դիտում էին բազմաթիվ ֆիլմեր ու ընտրում լավագույններին, ոչ մեկի աչքից չէին վրիպում կարմիր գորգին փայլող հյուրերը: Ժյուրիի կազմում ընդգրկված Դեմի Մուրն այս կարեւոր առիթի համար տարբեր ու շքեղ մի քանի զգեստ էր ընտրել:
Կաննում բազմաթիվ հայտնիներ էին հավաքել: Ոմանք ներկայացել էին իրենց ֆիլմերով՝ Վիրժինի Էֆիրան, Լեա Սեյդուն, Պենելոպե Կրուսը, Կատրին Դենյովը, Իզաբել Յուպպերը, Ռենատե Ռեինսվեն, Սանդրա Հյուլլերը, Մոնիկա Բելուչին, Մարիոն Կոտիարը:
Իսկ մյուսները՝ Ժուլիետ Բինոշը, Եվա Լոնգորիան, Ջուլիանա Մուրը, Զոի Սոլդանան, Թիլդա Սուինթոնը, Այշվարիա Ռայն ու էլի շատերն, իրենց ներկայությամբ ավելի մեծ հետաքրքրություն հաղորդեցին կինոփառատոնին:


×
2,162






