«Մշակույթի լեզվով հաշտեցնելու գաղափարի հեղինակն Արա Գեւորգյանն է, իսկ մշակույթի լեզուն չպետք է լռի: Երանի մի օր դադարենք իրար ատել ու փոխարենը դառնանք իրար օգնող ու հարգող մարդիկ»,- ասում է դերասանուհի Անահիտ Կիրակոսյանը, որը կոմպոզիտորի «Վերածնունդ» տեսահոլովակում մարմնավորում է մոր կերպարը։
Տեսահոլովակի ռեժիսորը Վահե Յանն է, գլխավոր օպերատորը՝ Արթուր Ղարայանը։ Կադրում հանդես են գալիս նաեւ Արմեն եւ Ասքանազ Բաբայանները, իսկ երաժշտական ձեւավորման վրա աշխատել են Վահան Նահապետյանն ու Դավիթ Գեւորգյանը։ Նախագծին մասնակցել են 1000-ից ավելի դհոլաար, Հայաստանի սահմանամերձ բնակավայրերը ներկայացնող «1000 վահան» նախաձեռնության պարային համույթները։
Ամենահուզիչ դրվագն ու նկարահանման բարդությունները
Պրեմիերայի ընթացքում Արա Գեւորգյանը խոստովանեց, որ տեսահոլովակում իր համար ամենահուզիչն Անահիտ Կիրակոսյանի մասնակցությամբ հատվածն է. «Կերպարն արցունք է բերում աչքերիս: Նրա բարկությունը, զարմանքը, հետո հաշտության ժպիտն ինձ համար ամենահուզիչ պահերից են»։
Նկարահանումները բավական բարդ են անցել, սակայն ստեղծագործական խումբն ու մասնակիցները մեկ մարդու պես մինչեւ վերջ կատարել են իրենց առջեւ դրված խնդիրը։ Կոմպոզիտորը նշեց, որ ցանկանում էր յուրաքանչյուր երեխայի ցույց տալ կադրում, ինչը, հասկանալի է, գրեթե անհնար էր. «1000 երեխա էր եկել արեւի տակ նկարահանման, եւ ես անընդհատ խնդրում էի, որ նրանց ավելի շատ ցույց տան, իսկ իմ կադրերն ամենաքիչն օգտագործեն»:
Ռեժիսոր Վահե Յանն իր հերթին խոստովանեց, որ նախագիծն իր համար ոչ միայն մասնագիտական, այլեւ անձնական մեծ փորձություն էր. «Քարը որ ուղղությամբ գցես, ռեժիսորի ճակատին կդիպչի: Շնորհակալ եմ վստահության համար։ Նկարահանումներն իրականում շատ դժվար էին։ Արա Գեւորգյանի հետ աշխատելով՝ սկսեցի ավելի լայն մտածել, խոշոր վրձնահարվածներով: Նույնիսկ կարողացա «ցատկ անել» իմ հնարավորությունների վրայով»։
Գաղափարակիր տարածք եւ աստվածաշնչյան ուղերձ
Երեկոյի ընթացքում բազմիցս ընդգծվեց, որ «Վերածնունդը» պարզապես երաժշտական տեսահոլովակ չէ, այլ հասարակական ուղերձ՝ ուղղված միասնությանը, հանդուրժողականությանն ու փոխադարձ հարգանքին։ Ընտրված տարածքն էլ սոսկ նկարահանման վայր չէր, այլ ասելիք ունեցող միջավայր: Երբ նկարահանման վայրը դադարում է լինել պարզապես «դեկոր» եւ դառնում է գաղափարակիր, դա լավագույնս ընդգծում է ստեղծագործության ազդեցիկությունը։
Նախագծի նախնական գաղափարը ծնվել է Խ. Աբովյանի անվան մանկավարժական համալսարանի Կուլտուրայի ֆակուլտետի երաժշտության ամբիոնում։ «Ընթացիկ քննության ժամանակ մի ուսանող ներս մտավ, դհոլ նվագեց ու դուրս եկավ։ Քիչ անց նորից ներս մտավ։ Ասացի՝ «Տղա՛ս, դու արդեն հանձնեցիր»։ Պատասխանեց՝ «Չէ, եղբայրս էր»։ Նրանք երկվորյակներ էին՝ իրար նման, ինչպես խնձորի երկու կես։ Հենց այդտեղից էլ ծնվեց գաղափարը: Փորձում ենք մարդկանց մեջ սեր սերմանել ու հաշտեցնել «սեւերին ու սպիտակներին»»,- պատմեց Արա Գեւորգյանը:
Կոմպոզիտորի խոսքով՝ այսօր աշխարհն ապրում է պատմության ամենաբարդ ժամանակաշրջաններից մեկը, եւ այս նախագծով իրենք մարդկանց միավորվելու կոչ են անում։ Տեսահոլովակի հիմքում Աբելի ու Կայենի մենամարտն է, որոնց հաշտեցնում է մայրը։
Արա Գեւորգյանի խոսքով՝ սյուժետային գաղափարը ռեժիսոր Վահե Յանինն է. «Որոշ գաղափարական տարաձայնություններ ունեցանք, բայց ի վերջո համաձայնեցի Վահեի առաջարկին, որովհետեւ թեման աստվածաշնչյան է, ինչն ինձ ավելի հոգեհարազատ թվաց։ Բացի այդ, նկարահանման վայրը հրաշալի էր․ մի կողմում Արարատն էր, մյուսում՝ Արագածը, հետեւում՝ Արա լեռը, ձախում՝ Հատիսը։ Ամեն ինչ ծաղկած էր ու չնաշխարհիկ»։
Կառուցվածքն ու սիմվոլիզմը
Նախագծի երաժշտական ու դրամատուրգիական կառուցվածքը կոմպոզիտորը ներկայացրեց այսպես. «Սկզբում հնչում է վոկալիզը, հետո դհոլների մուտքն է, որը խորհրդանշում է զորքերի բախումը։ Դրան հաջորդում է համախմբման կոչը, ապա՝ «Տեր, ողորմեա»-ն։ Այնուհետեւ զուռնաների ուղեկցությամբ սկսվում է քոչարին։ Կարողացանք կյանքի կոչել այս բարդ աշխատանքը»։
Տեսահոլովակի ավարտին միասնական ռիթմով 1000 դհոլներն են հնչում՝ վերեւից պատկերելով եւ աշխարհին տարածելով ամենակարեւոր պատգամը՝ «ՍԵՐ»:
Տեքստը՝ Արմինե Գեւորգյանի
Լուսանկարները՝ Էմին Արիստակեսյանի
BRAVO.am


×
5,528






