Մեր օրերում ապրող կանանց խնդիրների, սեքսի, հնարավորությունների եւ ընտրության մասին պատմող «Սե Լա Վի» 10 մասանոց սերիալի վերջին երկու մասը ստեղծագործական թիմը երեկ կինոթատրոնում ներկայացրեց ընկերներին ու հյուրերին: Փակ ցուցադրությունից հետո ոմանք հուզված էին, մյուսները՝ զարմացած, բայց մի բան նկատեցին բոլորը՝ դրվեց երեք կետ, այլ ոչ՝ վերջակետ։
Իննա Խոջամիրյանը
Գաղափարի հեղինակ եւ պրոդյուսեր Իննա Խոջամիրյանը BRAVO.am-ի հետ զրույցում նշեց, որ պատմությունն իր համար չի ավարտվել. «Սերիաներն ունեն ենթավերնագրեր, եւ ինչպես վերջին սերիայի ենթավերնագիրն է հուշում՝ պատմությունները հենց այնպես չեն ավարտվում։ Եթե հենց այնպես ավարտվեն, ապա դրանք դեռ կիսատ են, վստահաբար։ Այսօր հակասական հույզեր ունեի: Վերջին տեսարանի ժամանակ, որը թեեւ այդքան դիտել էի, նորից հուզվեցի»։
Խոջամիրյանն ինքն իրեն դեր չէր հատկացրել այս սերիալում: Նրա հրավերով նկարահանվել էին Ռոզի Ավետիսովան (Վիկա), Մարիամ Ադամյանը (Կիմա), Մանե Մխոյանը (Սերինե), Տաթեւ Հովակիմյանը (Լանա) եւ այլք։ Իննան Թայլանդից է զանգահարել սցենարիստ Անի Մաղաքյանին ու ասել, որ վերադառնալուն պես սկսելու են այս նախագծի սցենարը գրել։
«Անկախ նրանից, որ չեմ խաղում, իմ հանդիսատեսն արդեն գիտի, որ ես եմ պատմում իրենց այս պատմությունը։ Ավելորդ անգամ կադրում լինելը, վստահեցնում եմ, ոչինչ չի փոխելու։ Ներկայացնում ենք կնոջ հավաքական կերպարը՝ կյանքի տարբեր տարիքային փուլերում։ Ամենաբարդն այս կյանքում այն է, որ հասկանանք՝ ով է կինը։ Բնության մեջ կինը բացառիկ երեւույթ է, որին հնարավորություն է տրվել նոր կյանք ծնել, եւ պետք է սկսենք կնոջը վերաբերվել շատ ավելի այլ կերպ։ Մենք դրա մասին ենք խոսում»,- ասաց պրոդյուսերը:
Սերիալն իր բարձրացրած թեմաներով դարձել է քննարկումների առիթ։ Ոմանց համար դրանք շատ ազատ են ու մեր իրականությունից կտրված։ Անդրադառնալով մեկնաբանություններին՝ Իննան նշեց, որ իրենք պատրաստվել էին շատ ավելի վատին:
«Արձագանքը, որ ստացանք, մեր մեծագույն ոգեւորությունն էր, քանի որ մեր պատկերացրածն ավելի քաոտիկ էր։ Չեկան մեր հետեւից, մեզ չտարան ու չվառեցին խարույկի վրա (ծիծաղում է,- հեղ.): Ձվի կարծր կճեպից պետք է դուրս գանք վերջապես։ Մեր ներկայացրածը հազար անգամ ֆիլտրել ենք, որ լինի նուրբ: Ուզել ենք, որ վախեցնի, կպչի սրտին, բայց շատ չցավեցնի։ Մենք մտածելու տեղիք ենք տալիս, ոչնչի քարոզ չենք անում։ «Սե Լա Վի»-ն կյանքն է՝ ինչպես կա»,- պատմեց պրոդյուսերը:
Տեքստը՝ Արմինե Բրսոյանի
Լուսանկարները՝ Էմին Արիստակեսյանի
BRAVO.am


×
2,860






